• am
  • ru
  • en
Версия для печати
06.05.2016

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԻԴԵՈԼՈԳԵՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ

   

Մարիամ Խալաթյան, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների
կենտրոնի փորձագետ։
Դիանա Գալստյան, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների
կենտրոնի ղեկավարի տեղակալ։


Լրատվամիջոցների կողմից տարածվող արժեքների, իդեոլոգեմների1 բացահայտման նպատակով 2011թ. սկսած՝ մենք իրականացրել ենք ՀՀ տեղեկատվական դաշտի բովանդակության ուսումնասիրություններ։ Մեդիայի մատուցած իդեոլոգեմները հետագայում կարող են դառնալ հանրության գիտակցության բաղադրիչը և այդպիսով էապես ազդել Հայաստանում ընթացող հասարակական զարգացումների վրա։ Ուստի, մեր հետազոտության նախնական նպատակն էր ՀՀ տեղեկատվական տարածքի արժեքային բովանդակության, գերակայող արժեքների և իդեոլոգեմների ցուցանիշների ուսումնասիրությունը, իսկ վերջին (2015թ.) ուսումնասիրության նպատակն էր դրանցում հնարավոր փոխակերպումների բացահայտումը։

Այս հոդվածում կանդրադառնանք «Հայաստան» իդեոլոգեմի որակական բնութագրիչներին, լրատվամիջոցների կողմից դրանց իմաստավորման համատեքստերին, հուզական երանգավորման կշիռներին և առանձնահատկություններին։ «Հայաստան» բառն ամենից հաճախ հանդիպող կոնցեպտներից է հայկական մեդիատիրույթում։ Սակայն հետազոտական տեսանկյունից այն հետաքրքիր է ոչ միայն քանակական ներկայացվածության, այլև իր, այսպես կոչված, «սովորականության» պատճառով։ Ասել է թե՝ մենք հաճախ չենք անդրադառնում, թե ինչ և ինչպես ենք խոսում այնպիսի առօրյա դարձած գաղափարի մասին, ինչպիսին «Հայաստանն» է։ Եվ հենց այս պատճառով հետաքրքիր է կանգ առնել «Հայաստան» գաղափարի մեդիակիրառության դեպքերի վրա՝ դիտարկելու դրա շուրջ իմաստների ձևավորման գործընթացի առանձնահատկությունները։ Մենք այդպիսի դիտարկում ենք իրականացրել 2015թ. Հայաստանի մեդիադիսկուրսի իդեոլոգեմների ուսումնասիրության շրջանակում2, որտեղ որպես իդեոլոգեմ՝ գաղափարական-արժեքային ծանրաբեռնվածություն և տարբեր իմաստավորումներ կրող կոնստրուկտ ենք դիտարկել նաև «Հայաստան» գաղափարը։ Քանի որ նույն մեթոդաբանությամբ հետազոտություն իրականացվել է նաև 2011թ.՝ որոշ դեպքերում մենք համեմատություններ կանցկացնենք նաև այդ տվյալների հետ՝ հասկանալու, թե ինչ փոփոխություններ կամ միտումներ են նկատվել։

Եթե, օրինակ, փորձենք համեմատել այս երկու ժամանակահատվածների ուսումնասիրություններում «Հայաստան» կոնցեպտի բնորոշումները, որոնք նախապես առանձնացվել են դրական և բացասական խմբավորումներով, ապա կարող ենք տեսնել, որ «Հայաստանը» 2011թ. մեդիադիսկուրսում3 դրական բնորոշումներով ավելի շատ է հանդես եկել, մասնավորապես՝ «հզոր Հայաստան», «անկախ Հայաստան», «Միացյալ Հայաստան», «գիտելիքների վրա խարսխված Հայաստան», իսկ 2015թ. ուսումնասիրության տվյալներով՝ այն դրական ներկայացվել է այլ պետությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ համեմատության դիտակետից (տե՛ս Աղյուսակ1).

Դեռևս 2011թ. հետազոտական տվյալներից մենք եզրակացրել էինք, որ «Հայաստան» կոնստրուկտը մեդիադիսկուրսում հանդես էր եկել բավական տարանջատված երեք իմաստային ենթատիպերով՝ «Հայաստան–պետություն», «Հայաստան–հայրենիք» և «Ապագա Հայաստան»4։ Այդ պատճառով վերլուծելիս նպատակահարմար էինք համարել «Հայաստանը» դիտարկել իբրև մետաիդեոլոգեմ, իսկ վերոնշյալ երեք իմաստային միավորները՝ իբրև առանձին իդեոլոգեմներ։ Պետք է նկատենք, սակայն, որ «Հայաստան–հայրենիքը» և «Ապագա Հայաստանը» ավելի հաճախ հանդիպել են հեռուստատեսային մեդիատեքստերում, իսկ մամուլն ու առցանց լրատվամիջոցները ավելի հաճախ քննարկել են «Հայաստան–պետություն» իդեոլոգեմը։

2015թ. հետազոտության ընտրանքը ներառում էր միայն առցանց լրատվամիջոցներ և թերթերի ինտերնետային էջեր, այնուհանդերձ, դիտարկել ենք «Հայաստան» մետաիդեոլոգեմի իմաստային բոլոր ենթատիպերը։ Այս հետազոտության դաշտային տվյալները ևս հաստատեցին «Հայաստանի» դրսևորման այս երեք հիմնական շրջանակները, սակայն «Ապագա Հայաստան» իդեոլոգեմն այս անգամ վիճակագրորեն նշանակալի կշիռ չունեցավ՝ հանդես գալով եզակի դեպքերում և դիտարկվելով որպես կրթված երիտասարդների կողմից կառուցվող երկիր, որը պետք է շարունակաբար զարգացնի իր կրթական ոլորտը:

Ինչ վերաբերում է «Հայաստան-հայրենիք» իդեոլոգեմին, ապա 2011թ. ուսումնասիրության համեմատ այն ևս 2015թ. տեղական մեդիաքննարկումներում թե՛ կշռով, թե՛ բնութագրիչներով առավել քիչ է հանդես եկել։ «Հայաստան» մետաիդեոլոգեմի մյուս տարրերի հետ հարաբերակցության մեջ իր ծավալով «Հայաստան-հայրենիքը» երկրորդ տեղում է հանդես գալիս՝ 5.3% (տե՛ս Աղյուսակ 2).

«Հայաստան-հայրենիք» իդեոլոգեմը դրական երանգավորմամբ քննարկվում է հայրենիքը սիրելու տեսանկյունից, և հետաքրքիր է նկատել, որ որպես տեղեկատվության աղբյուր հանդես են գալիս հայ գործարարները: Բացասական երանգավորմամբ «Հայաստան-հայրենիք» իդեոլոգեմը քննարկվել է «Առավոտ»-ի և «Հայկական ժամանակ»-ի հոդվածներում: («Հայրենիքը համառ բան է, փող շատ է սիրում, մեկ անգամ նրան ծառայություն մատուցեցիր՝ անվերջ նորանոր ծառայություններ է ակնկալում», «Առավոտ», «Ինչո՞ւ պետք է մարդը իր գրպանից մուծի այլոց հաշիվները», «Հայկական ժամանակ», 02.10.2015): Ինչպես կարող ենք տեսնել Աղյուսակ 3-ի տվյալներից, «Հայաստան-հայրենիք» իդեոլոգեմը մեծ մասամբ մտահոգության երանգավորում ունի՝ 50%, առավել հաճախ՝ «Առավոտ»-ի, «ՀՀ»-ի «Azatutyun.am»-ի մեդիատեքտերում, մասնավորապես՝ այն համատեքստով, որ հայրենիքի տերը ժողովուրդն է, որը պետք է պայքարող լինի, լրացուցիչ սադրանքների չենթարկվի (հետազոտության ընտրանքային օրերը համընկնում էին սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետ, և այս միտքն առնչվում է այդ համատեքստին): Նկատենք նաև, որ խիստ բացասական երանգավորումները բացակայում են ինչպես 2011, այնպես էլ 2015թթ. մեդիադիսկուրսում։ Դրա փոխարեն ի հայտ են եկել բացասական տրամադրությունները, կա մտահոգության աճ, առհասարակ զրոյացել են խիստ դրականն ու հավասարակշռվածը։

Ինչպես տեսանք Աղյուսակ 1-ում, «Հայաստան–պետությունը» անդրադարձի հաճախությամբ առաջատար է «Հայաստան–հայրենիք» և «Ապագա Հայաստան» իդեոլոգեմների համեմատ: Այն հանդես է եկել մի քանի հիմնական համատեքստերում, որոնք առանձնացրել ենք ստորև։

Հայաստան-ՌԴ հարաբերությունների համատեքստ: Եթե 2011թ. հետազոտության տվյալներով Հայաստանը գտնվում էր երկընտրանքի մեջ արտաքին քաղաքական վեկտորների հարցում5, ապա 2015թ. հետազոտության արդյունքները թույլ են տալիս փաստել, որ մեդիադիսկուրսում Հայաստանը ներկայացվում է որպես Ռուսաստանից քաղաքականապես և տնտեսապես միակողմանի կախվածության մեջ գտնվող երկիր: «…Ռուսաստանի ազդեցությունը միշտ նշանակում է միջազգային մեկուսացում, սոցիալ-տնտեսական ու մշակութային-տեխնոլոգիական հետամնացություն և ինքնիշխանության կորուստ» («Lragir.am», «Մոսկվան մտադիր է երկու ամիս հետո զորք մտցնել Ղարաբաղ», 01.10.2015)։

Մեդիատեքստերում Հայաստանը ներկայացված է որպես սեփական ինքնիշխանությունը, սեփական խնդիրները Ռուսաստանի շահի համատեքստում կորցրած պետություն: «Միևնույն ժամանակ արդյո՞ք Երևանի առաջարկը ԵԱՀԿ-ին նպատակ ունի աշխուժացնել միջազգային դիմադրությունը այդ հարցում, քանի որ Հայաստանն ինքն ի զորու չէ դիմակայել Ռուսաստանի հնարավոր ճնշումներին» («Lragir.am», «Էդվարդ Նալբանդյանը խաղաղապահնե՞ր է կանչում», 02.10.2015)։ Քննարկվում է նաև այն տեսակետը, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի շահագործումը և թերագնահատումը միջազգային հարթակում ևս Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունքի ձևավորման հիմք են հանդիսանում:

Սահմանադրական փոփոխությունների համատեքստ։ Հաշվի առնելով հետազոտության անցկացման ժամանակահատվածը՝ զգալի է «Հայաստան-հայրենիք» իդեոլոգեմի՝ հենց սահմանադրական փոփոխությունների համատեքստում ներկայացվածության ծավալը: Մեդիադիսկուրսում քննարկվում են դրանց բացասական հետևանքները, որի կարիքն այժմ երկիրը չունի: Սահմանադրական փոփոխությունները չեն լուծելու այն խնդիրները, որոնք երկիրն ունի: «Եթե ժողովուրդը քվեարկի սահմանադրական փոփոխությունների օգտին, ապա դա կլինի ժողովրդի վերջին ընտրությունը: Երկիրը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը չունի, չի՛ կարելի գնալ արկածի» («Առավոտ», «Եթե ժողովուրդը քվեարկի սահմանադրական փոփոխությունների օգտին, դա կլինի վերջին ընտրությունը», 02.10.2015)։

Մեդիատեքստերում այդ իդեոլոգեմի առնչությամբ քննարկվում է այն տեսակետը, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պետք է կազմակերպված պայքարել: «Այսօր Հայաստանը ոչ թե «ոչ» ասելու, այլ «ոչ»-ը կազմակերպելու կարիք ունի: Եթե ճիշտ, խելոք կազմակերպվեն բոլոր այն «ոչ»-երը, որոնք Հայաստանում կան, տակը ուրիշ բան չի մնա, «այո» չի մնա» («Azatutyun.am», «Ընդդիմադիր ուժերը կրկին միասնական հանրահավաք կանցկացնեն», 01.10.2015)։

ԼՂ հակամարտության համատեքստ։ Տեղական մեդիադիսկուրսում Հայաստան-ԼՂՀ-ն դիտարկվում է որպես հայկական երկու կողմ: Հայաստանը հանդես է գալիս որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, որը պատրաստ է ցանկացած պահի պայքարել և պատժիչ գործողություններ իրականացնել:

Այս համատեքստում քննարկումն ընթանում է երկու երկրների (Հայաստան-Ադրբեջան) պոտենցիալի համեմատության շուրջ, որի արդյունքում Հայաստանը ներկայացվում է առավելություն ունեցող երկրի կերպարով. «…անգամ զգալի ֆինանսական կորուստների պարագայում Ադրբեջանի նավթն ու գազը նրան տալիս են Հայաստանից ավելի մեծ տնտեսական ռեսուրսների հնարավորություն: Մյուս կողմից, սակայն, Հայաստանն իր հերթին ունի անհամեմատ ավելի նշանակալի ռեսուրսային առավելություն՝ մարդկային ստեղծագործական պոտենցիալը, ինժեներատեխնիկական միտքը, տեխնոլոգիական ռեսուրսը» («Lragir.am», «Հայաստան, որ կծածկի ադրբեջանական նավթն ու գազը», 01.10.2015)։

Համեմատելով 2011թ. հետազոտության տվյալների հետ՝ կարող ենք նկատել, որ մեդիաքննարկումներում «Հայաստան-պետություն» իդեոլոգեմի նկատմամբ այժմ առավել մեծ կշիռ են կազմում մտահոգ քննարկումները (տե՛ս Աղյուսակ 4), ինչն էլ պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների և Ռուսաստանից Հայաստանի ուղղակի կախվածության ընկալումների գործոնով:

Լրատվամիջոցների վերլուծությունից նկատելի է, որ «Հայաստան-պետություն» իդեոլոգեմին դրական երանգավորմամբ անդրադարձել են «ՀՀ»-ն՝ 66.6%, «Panarmenian.net»-ը՝ 37.5%, «Azatutyun.am»-ը՝ 33.3%, երանգավորման ծայրահեղ դրսևորումներով աչքի է ընկնում «Panarmenian.net»-ը՝ խիստ դրական 12.5%-ով, խիստ բացասական՝ 12.5%: Բացասական երանգավորման մեծ կշիռ նկատվել է «Առավոտ»-ի նյութերում՝ 21.1% (տե՛ս Աղյուսակ 5).

1 Իդեոլոգեմը կարելի է սահմանել որպես գաղափարախոսական ուղերձ կրող միավոր, որը ճանաչելի է որպես ամրագրված բառ, արտահայտություն, ունի հուզաարժեքային ասպեկտ, հանդես է գալիս բնորոշ համատեքստում կամ ասոցիատիվ կերպով առաջ է բերում անհրաժեշտ համատեքստը: Այսպիսով, այն խտացնում է որոշակի ասելիք և վերջինիս «կարճ անվանումն» է հանդիսանում, http://www.noravank.am/upload/pdf/Idelogeme.pdf

2 Մեր դիտարկումները հիմնվում են 2011-2015թթ. տարբեր ժամանակահատվածների մեդիաբովանդակության հետազոտությունների վրա։ Հոդվածում տեղ են գտել 2015թ. հոկտեմբերին իրականացված մոնիթորինգի տվյալները, որոնք դուրս են բերվել հայկական 4 թերթերի կայքերի («Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայաստանի Հանրապետություն», «Голос Армении») և 5 առցանց լրատվամիջոցների («1in.am», «Azatutyun.am», «Panarmenian.net», «ilur.am», «Lragir.am») շուրջ 500 հոդվածի բովանդակային վերլուծության միջոցով։

3 Մանրամասները կարելի է տեսնել «Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում», 2013թ., 180-181 էջեր։

4 Մանրամասն տե՛ս «Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում», «Նորավանք» ԳԿՀ, 2013թ.։

5 Նույն տեղում, էջ 184։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր