• am
  • ru
  • en
Версия для печати
08.05.2009

ՀԱՅԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ (ՖՐԵԶՆՈՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

   

Տիգրան Ղանալանյան

hay-usa.jpg (medium)Հայերը ԱՄՆ-ում հայտնվել են դեռևս 17-րդ դարի առաջին կեսին, սակայն ԱՄՆ հայ համայնքը ձևավորվել է 19-րդ դ. 70-ական թթ. վերջին։ Հայերը զանգվածաբար ԱՄՆ են գաղթել 1890-ական թթ. Օսմանյան կայսրությունից սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կազմակերպած հայկական կոտորածների հետևանքով։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918թթ.) ԱՄՆ-ում բնակվում էր 60 հազ. հայ, 1915թ. Մեծ եղեռնից հետո (1920-1924թթ.) ԱՄՆ է գաղթել շուրջ 21 հազ. հայ, ներգաղթի նոր ալիք է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945թթ.) հետո, ապա՝ 1950-ական թթ., որը մեծ ընդմիջումներով շարունակվում է ցայսօր։ 1994թ. ԱՄՆ հայերի թիվը հասել է 1 միլիոն մարդու, 2003թ.՝ 1.200.000, 2006թ.՝ 1.270.0001։ Աշխարհի ամենահայաշատ երկրների թվում ԱՄՆ-ը զբաղեցնում է (2003թ. տվյալներով) 3-րդ տեղը՝ զիջելով միայն Հայաստանի Հանրապետությանը (3,1 մլն) և Ռուսաստանի Դաշնությանը (2,8 մլն)2։ Ամերիկահայ համայնքի ձևավորումից ի վեր ազգային կյանքը կազմակերպելու, նաև հայրենակիցներին համախմբելու և օգնելու նպատակով ստեղծվել են հայրենակցական, բարեգործական, բարեսիրական ընկերություններ։ 19-րդ դ. վերջին – 20-րդ դ. սկզբին ստեղծված քղեցիների, արաբկիրցիների, խարբերդցիների, սեբաստացիների, մալաթիացիների, վասպուրականցիների, պոլսահայերի և այլոց հայրենակցական միություններին ավելացել են նաև իրանահայերի, լիբանանահայերի միությունները։ Նյու Յորքում է գտնվում ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը։ ՀԲԸՄ մասնաճյուղերը գործում են գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում։ Կարևոր դեր են կատարում 1972թ. Վաշինգտոնում հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը, Հայ դատի հանձնախումբը։ Համայնքում գործում են ազգային կուսակցությունները՝ մամուլի իրենց օրգաններով, պարբերականներով, ԱՄՆ տարբեր քաղաքներում մասնաճյուղեր ունեն Թեքեյան, Համազգային, Նոր սերունդ մշակութային միությունները՝ իրենց գեղարվեստական խմբերով, ակումբներով, դպրոցներով։ Գործում են նաև կանանց, երիտասարդական, մշակութային, մարզական, մասնագիտական միություններ և կազմակերպություններ՝ ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, Ամերիկայի հայ մշակութային ընկերակցություն, Հայկական կրթական բարեսիրական միություն, Հայ կրթական հիմնարկություն, Հայ ուսանողների միություն և այլն3։

ԱՄՆ մի շարք համալսարաններում՝ Կալիֆորնիայի (Լոս Անջելես, Ֆրեզնո), Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի, Փենսիլվանիայի և այլն, գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ։ Հայագիտական կարևոր կենտրոններից են Կալիֆորնիայի պետական համալսարանի Ֆրեզնոյի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, Հայագիտական համազգային ընկերությունը (NASSR), Հայագիտական ուսումնասիրությունների և վավերագրերի Զորյան ինստիտուտը (երկուսն էլ Քեմբրիջում), Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը (Դիրբորն), Հայագիտական ընկերակցությունը (SAS) Բոստոնում և այլն։

Ֆրեզնոն աշխարհի ամենահայաշատ քաղաքների թվում տոկոսային ցուցանիշներով զբաղեցնում է 24-րդ տեղը (չհաշված ՀՀ քաղաքները)4։ Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների ընկերությունը հիմնադրվել է 1974թ. Կալիֆորնիայի, Կոլումբիայի և Հարվարդի համալսարանների մի խումբ ուսանողների կողմից։ Հիմնադիրներից են եղել Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը, Տիգրան Կույումջյանը, Նինա Գարոսյանը, Ավետիս Սանջյանը և Ռոբերտ Թոմսոնը5։ Այժմ հայկական ուսումնասիրությունների կենտրոնը ներառում է Սահաթջյան հայկական ուսումնական գրադարանը, Ավետյանի անվան հայակական կրթական արխիվները, «Հայ շարժում» թերթը, Հայկական կրթական կազմակերպությունը և Հայ արվեստի ցուցիչը6։

Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագիրն ունի համացանցային կայքէջ (armenianstudies.csufresno.edu): Դրանում, բացի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի բազմաբնույթ գործունեությանը վերաբերող տեղեկություններից, մանրամասն ներկայացված են հայոց արվեստը՝ ճարտարապետությունը, մանրանկարչությունը, քանդակագործությունը, կերամիկան, մետաղագործությունը, դրամահատությունը, զարդագործությունը, գորգագործությունը, ասեղնագործությունը, երաժշտությունը, գրքի արվեստը։ Կայքէջը պարունակում է ճարտարապետական կոթողների և արվեստի այլ գործերին վերաբերող հարուստ նյութեր ու լուսանկարներ, ինչն օգնում է ավելի ամբողջական պատկերացում կազմել արվեստի կոթողների վերաբերյալ7։

Հայկական ուսումնական ծրագիր. Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի շրջանակներում դասավանդվում են Հայոց պատմություն, գրականություն, արվեստ, ճարտարապետություն և կինո։ Հայկական կրթական ամբիոնի դասընթացները՝ հայոց լեզու, գրականություն, պատմություն, դասավանդվում են արտասահմանյան լեզուների ու գրականության և պատմության բաժիններում։ Դասընթացները բաղկացած են 2 մասից՝ հայոց լեզու և հայկական գիտություն։

Կրթաթոշակները. յուրաքանչյուր տարի Կալիֆորնիայի պետական համլսարանի (Ֆրեզնո) Հայկական ուսումնասիրությունների կենտրոնն ավելի քան $60.000-ի կրթաթոշակներ և դրամաշնորհեր է տրամադրում համալսարանին՝ Հայաստանով և հայերով հետաքրքրվող ուսանողներին աջակցելու համար։ Կրթաթոշակները ոչ միայն հայկական ծագում ունեցող ուսանողների, այլև բոլոր նրանց համար, ովքեր անցնում են Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի դասընթացները։ Կրթաթոշակներից բացի, Հայկական ուսումնասիրությունների կենտրոնն իր վրա է վերցնում ուսումնական բոլոր ծախսերը։ Բացի այդ, առանձին «Հետազոտական դրամաշնորհներ» հանձնվում են Հայկական ուսումնասիրությունների ծրագրի այն ուսանողներին, որոնք ունեն միջինից բարձր գնահատական, հետաքրքրվում են Հայոց պատմության, արվեստի կամ գրականության հետազոտություններով։

Հայկական ռադիոծրագրեր. Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Բոստոնում, Փրովիդենսում, Մաութֆիլդում, Նորդվիլում գործում են հայկական ռադիոհեռուստատեսային ծրագրեր՝ հայերեն և անգլերեն8։ «Ամեն ինչ հայերեն» ռադիոծրագիրը շաբաթական մեկ անգամ մեկ ժամ տևողությամբ պատրաստվում է Կալիֆորնիայի պետական համալսարանի, Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի կողմից։ «Հայ ուժ» ռադիոծրագիրը հեռարձակվում է՝ սկսած 1991 թվականից։ Այն ներառում է հայ երաժշտության բոլոր տեսակները՝ դասական, ժամանակակից, ժողովրդական և այլն։ Կատարվում է կարևոր աշխատանք հայկական երաժշտությունն ամեն շաբաթ հեռարձակման պատրաստելու համար։ «Հայ ուժ» ռադիոծրագիրը հեռարձակվում է ամեն շաբաթ։

Հայկական ուսումնասիրությունների ծրագրի դասընթացները Երևանում. Կալիֆորնիայի պետական համալսարանի, Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների ծրագիրը կազմակերպում է դասընթացներ Հայաստանում՝ նվիրված հայոց լեզվին, պատմությանը, արվեստին և ժամանակակից իրադարձություններին։ Ծրագիրը բաղկացած է հինգ դասընթացներից. հայոց լեզու, հայ արվեստ և ճարտարապետություն, Հայաստանն այսօր, հայագիտություն, անկախության շրջան։ Դասընթացների ծրագիրը կազմված է Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի կողմից9։

Կալիֆորնիայի պետական համալսարանի Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը նպաստում է ԱՄՆ հայկական համայնքի և, մասնավորապես, Կալիֆորնիայի գաղթօջախների բնականոն զարգացմանը։ Այս կենտրոնի գործունեության շնորհիվ առաջ է ընթանում հայագիտության զարգացումը ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Բացի գիտական գործունեության նշանակությունից՝ Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը նպաստում է ամերիկաբնակ հայության կրթության-լուսավորության գործին։ Ի վերջո, կենտրոնը նպաստում է ոչ միայն գիտության զարգացմանը, այլև իր լուման է ներդնում ԱՄՆ հայկական համայնքի հայապահպանության գործում։ Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը հայագիտության հայրենիքից դուրս, օտար աշխարհում զարգացման մի յուրօրինակ կազմակերպություն է։ Այսօրվա գլոբալացվող աշխարհում սփյուռքի հայկական գաղթօջախներում հայապահպանության հարցը դարձել է չափազանց արդիական, որի լուծմանն են ուղված Հայաստանում և սփյուռքում գործող բազմաթիվ կազմակերպություններ, միություններ, կենտրոններ։ Այդ կազմակերպությունների շարքում ուրույն տեղ է գրավում Կալիֆորնիայի պետական համալսարանի Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը՝ իր կառույցներով։

1Մալխասյան Մ., Հայերն աշխարհում, Երևան, 2007, էջ 94։

2Նույն տեղում, էջ 27, 93։

3Հայերն աշխարհում, հանրագիտական համառոտ բառարան, Երևան, 1995, էջ 22։

4Մալխասյան Մ., Հայերն աշխարհում, Երևան, 2007, էջ 21։

5armenianstudies.csufresno.edu

6armenianstudies.csufresno.edu/

7 armenianstudies.csufresno.edu

8Հայերն աշխարհում, հանրագիտական համառոտ բառարան, Երևան, 1995, էջ 23։

9armenianstudies.csufresno.edu

 


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր