• am
  • ru
  • en
Версия для печати
12.12.2013

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏԻ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ. ՊԱՏԿԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ

EnglishРуский

   

Տիգրան Ղանալանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Սփյուռքի տարբեր համայնքներում հայերն ունեցել են գործիչներ, որոնք ընդգրկված են եղել տվյալ երկրի գիտության ու մշակույթի բնագավառներում: Սա, թերևս, բնութագրական է մեր ցրված համայնքների բազմադարյա պատմության համար: Այսօր նույնպես սփյուռքահայերից շատերն ընդգրկված են իրենց բնակության երկրների մտավորականների շարքերում: Աշխարհի տարբեր երկրներում առկա է նաև մեզ հետաքրքրող հումանիտար ոլորտի գիտավերլուծական հանրություն, որի ընդհանուր պատկերը կփորձենք պարզել սույն հոդվածում:

Այս հանրությանը դժվար է բնորոշել ընդհանրական ձևակերպումներով ու գնահատականներով, քանի որ յուրաքանչյուր պարագայում առկա են մի շարք յուրահատկություններ: Թերևս, առաջին հարցը, որը պետք է հուզի մեզ, տվյալ անձի՝ հայկական իրականությանը հաղորդակից լինելն է: Այս խնդրում կողմնորոշվելու համար որոշիչ են դառնում անհատական, տվյալ համայնքի պատմական, աշխարհագրական, քաղաքական, մշակութային մի շարք գործոններ: Օրինակ, ակնհայտ է, որ հայության խնդիրների ընկալման և լուծման ուղղությամբ ջանքերի գործադրման առումով միանգամայն տարբեր կարող են լինել լիբանանաբնակ հայը, որն աշխատում է տեղի հայկական կրթօջախում կամ մամուլում, վերջին շրջանում Ռուսաստան տեղափոխված գիտության թեկնածուն և Լիբանանից Կանադա գաղթած ընտանիքի զավակը, որն այժմ պրոֆեսոր է տեղի բուհերից մեկի հումանիտար ֆակուլտետում: Ինչպես Սփյուռքին վերաբերող ցանկացած հիմնախնդրի դեպքում` գիտավերլուծական հանրության հետ աշխատանքի համար ևս դժվար է նախանշել մեկ հստակ բանաձև, որը կիրառական կլինի բոլոր պարագաներում: Ցանկացած անհատի կողմից հայրենիքի ընկալման ու պատկերացումների, դրանցում Հայաստանի և տեղի համայնքի ազդեցության չափաբաժինը կարող է որոշիչ դեր կատարել նրա հետ համագործակցության ձևերի մշակման գործում:

Ինչպես հայտնի է, հայկական զգալի ներկայություն կա տասնյակ երկրներում, դրանցից երկուսը՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, առանձնանում են ինչպես հայերի, այնպես էլ առկա գիտավերլուծական հանրության ակնհայտ ստվարաթվությամբ: Այդ երկու պետություններում առկա գիտավերլուծական հանրությանը հարկ է առանձին անդրադառնալ, իսկ այստեղ կանդրադառնանք Սփյուռքի մյուս համայնքներում առկա ներուժին: Այս հետազոտության արդյունքում հավաքված գիտնականների ու փորձագետների բազայի հիման վրա կարող ենք առանձնացնել մի քանի տարածաշրջաններ, որոնք պատկերված են աղյուսակում.

Արդյունքում ունենում ենք չորս աշխարհագրական խմբերի բաժանված 27 երկրներ: Այդ չորս խմբերից ամենամեծը Եվրոպան է, ինչը տրամաբանական է, քանի որ այս բաժանման դեպքում, նաև ընդհանրապես հայ բնակչության թվաքանակով, այն գերազանցում է մյուս խմբերին: Պետք է հիշել, որ այս բաժանումը կատարված է առկա ուսումնասիրության հիման վրա և ամենևին չի հավակնում ընդգրկել հայության ողջ գիտավերլուծական հանրությանը, ինչի պարագայում կարող էին լինել որոշ փոփոխություններ խմբերի կառուցվածքում: Սակայն միաժամանակ ակնհայտ է, որ այս բաժանումն արտացոլում է առկա իրողությունները և որոշակիորեն ուրվագծում իրական պատկերը:

Շարունակելով այն միտքը, որ հնարավոր չէ միասնական վերջնական բանաձևեր առաջարկել բոլոր համայնքների համար, հարկ է նշել, որ անգամ այս խմբերի կազմում գտնվում են առանձին յուրահատկություններ ունեցող համայնքներ, և դժվար է նույնիսկ միասնական հայեցակարգեր ստեղծել ըստ խմբերի: Այստեղ նորակազմ փոքրաթիվ համայնքները, ինչպես, օրինակ, ԱՄԷ-ն կամ Շվեդիան, չեն կարող լիովին նույնական մեխանիզմներ ունենալ համապատասխանաբար՝ Լիբանանի և Ֆրանսիայի համեմատ: Ավելին, առկա են առանձնահատկություններ մեկ երկրի ներսում, օրինակ՝ ավանդական համայնքի և վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանից արտագաղթածների շրջանում տարվելիք աշխատանքի մեխանիզմների առումով:

Ըստ մեր պայմանական բաժանման՝ առաջին խմբում ընդգրկված Մերձավոր Արևելքի երկրները բաժանվում են երկու խմբի՝ ավանդական համայնքներ ունեցողներ և նորաստեղծ հայ համայնքներ: Առաջին խմբում են գտնվում Թուրքիան, Իրանը, Լիբանանը, Կիպրոսը և Սիրիան, իսկ երկրորդում՝ ԱՄԷ-ն և Քուվեյթը: Բացի համայնքի պատմական ավանդույթներից, պետք է նշել, որ Թուրքիայի, Իրանի, Լիբանանի և Սիրիայի պարագայում առկա է նաև թվաքանակի էական գերազանցություն մյուսների նկատմամբ: Չնայած դրան, ընդհանրություններ ունեցող տարածաշրջանում կարելի է կիրառել նաև կուտակված փորձը: Օրինակ, ԱՄԷ-ում և Քուվեյթում արդյունավետ կարող է լինել լիբանանյան փորձը, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այստեղի բնակչության զգալի մասը հենց Լիբանանից և տարածաշրջանի այլ ավանդական համայնքներ ունեցող երկրներից է տեղափոխվել և հաստատվել տնտեսական առաջընթաց ապրող այս պետություններում: Վերոնշյալ երկրների թվում առանձնանում են Իրանը, Լիբանանը և Սիրիան, որոնք ունեն համայնքային կառույցների զարգացած համակարգ: Բացի հայկական դպրոցներից, որոնք բնորոշ են տարածաշրջանի հայկական համայնքներին, Լիբանանում է գտնվում Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը` Բեյրութի Հայկազյան համալսարանը1:

Անհրաժեշտ է ընդգծել, որ Հայկազյան համալսարանը, չնայած ունի հայագիտական ամբիոն, այնուամենայնիվ, այստեղի բազմաթիվ հայազգի դասախոսներ հումանիտար և հասարակական տարբեր գիտությունների մասնագետներ են: Հետևաբար, Հայկազյան համալսարանը ոչ միայն հայագիտական, այլև, ընդհանրապես, սփյուռքահայ գիտավերլուծական հանրության համախմբման օրինակ է: Միաժամանակ պետք է նշել, որ ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների զգալի մասը հայեր չեն, ինչի հետևանքով առավել դյուրին է տեղական կրթական համակարգում ինչպես համալսարանի, այնպես էլ նրա անհատ դասախոսների ինտեգրման խնդրի լուծումը:

Կարևոր նշանակություն ունի Հայկազյան համալսարանի և սփյուռքահայ տարբեր կրթօջախների փոխհարաբերությունների զարգացումը, ինչը կարող է նպաստել ոչ միայն տվյալ կրթական հաստատությունների, այլև միջհամայնքային կապերի սերտացմանը: Բնականաբար, դժվար կլինի գերագնահատել համալսարանի ակտիվ համագործակցության հաստատումը հայաստանյան կրթական ու գիտական հաստատությունների հետ: Ի դեպ, վերջին շրջանում տեղի են ունեցել գործնական քայլեր, մասնավորապես՝ կազմակերպվել են համատեղ գիտաժողովներ և՛ Բեյրութում, և՛ Երևանում: Հայկազյան համալսարանի կուտակած փորձը կարող է օգտակար լինել ինչպես սփյուռքահայ տարբեր համայնքներում կրթական գործի կազմակերպման, այնպես էլ հայաստանյան կրթական համակարգի զարգացման տեսանկյունից: Չնայած Լիբանանի հայկական համայնքի աստիճանական թուլացմանն ու նվազմանը, Հայկազյան համալսարանն այսօր էլ ունի թե՛ կրթական, թե՛ հետազոտական ուղղություններով զարգացման ներուժ2:

Դիտարկելով Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները՝ պետք է նշել, որ մերձավորարևելյան տարածաշրջանի հայ փորձագետներին բնորոշ է տեղի համայնքային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը: Հետևաբար, այստեղի գիտավերլուծական հանրության հետ համագործակցության ժամանակ հնարավոր է օգտագործել տեղի արդեն փորձառու հայկական կառույցները, որոնք կարող են կապող օղակ դառնալ անհատ մասնագետների և հայրենի պետության միջև:

Բազմադարյա պատմություն ունի նաև Եվրոպայում մտավոր աշխատանքի ոլորտներում հայերի ընդգրկվածությունը: Անշուշտ, այստեղ էլ կան թե́ արդեն հարուստ փորձ կուտակած կառույցներ, ինչպես, օրինակ, Մխիթարյան միաբանությունը, թե́ զուտ տեղական զանազան հիմնարկներում աշխատող փորձագետներ: Օրինակ, Իտալիայում կան հայագիտության զարգացած ավանդույթներ, իսկ Շվեդիայում գործում են առանձին անհատներ, որոնց աշխատանքը պայմանավորված է տեղի հաստատությունների առաջադրած պահանջներով:

Եվրոպական երկրներից աչքի է ընկնում Ֆրանսիան, որտեղ առկա է բավական մեծաթիվ փորձագիտական հանրություն: Այստեղ էական դերակատարություն ունեն ինչպես տեղի հայության կուտակած փորձն ու ստեղծած կառույցները, այնպես էլ հայ համայնքի մեծաթվությունը: Անհամեմատ ավելի փոքր հայկական համայնք ունեցող Մեծ Բրիտանիայում հայերը ևս ընդգրկված են զանազան գիտակրթական հաստատություններում: Այստեղ ակնառու է դառնում նաև տվյալ պետության վարած գիտակրթական քաղաքականության, դրանում օտարերկրացիների առավել դյուրին ինտեգրվելու հնարավորությունների կարևորությունը: Դրա հետևանքով Եվրոպայի մի շարք հարուստ պատմություն ունեցող համայնքներում չկա այնպիսի հայկական գիտավերլուծական հանրություն, ինչպես վերջին շրջանում կազմավորված կամ ստվարաթիվ դարձած որոշ համայնքներում:

Եվրոպայում առկա են այնպիսի երկրներ, որոնցում գիտավերլուծական հանրության զարգացումը պայմանավորված է յուրահատուկ ազդակներով: Այսպես, օրինակ, Պորտուգալիայում այն զգալի չափով պայմանավորված է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեությամբ:

Եվրոպայում արդեն կան հայկական կառույցներ, որոնց գործունեությունը միտված է հայազգի գիտավերլուծական հանրության համախմբմանը: Այսպես, 1981թ. Փարիզում ստեղծված Ֆրանսահայ միջմասնագիտական խմբավորումը համախմբում է տարբեր բնագավառների մասնագետների: Խմբավորման նպատակն է մասնակցել Հայաստանի վերակառուցմանը, համագործակցել գիտատեխնիկական, արդյունաբերական, առևտրի և այլ ասպարեզներում: Այն կատարում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև մասնագետների փոխանակում: Այս ընկերությունը, իհարկե, գործունեության շատ ավելի մեծ շրջանակ ունի, քան մեր ուսումնասիրության ոլորտն է, բայց այս փորձը կարող է օգտակար լինել նաև ավելի նեղ մասնագիտական ուղղվածության համագործակցության ձևաչափերի մշակման համար: Մեկ այլ կառույց` Բոխումում 2001թ. հիմնադրված Հայ ակադեմիականների միություն – 1860-ը կազմակերպում է ուսումնամշակութային միջոցառումներ, ձգտում միավորել գաղութահայ կյանքից կտրված նախկին հայաստանաբնակներին, նպաստել Գերմանիայի և Հայաստանի գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը: Պետք է հիշատակել նաև Փարիզում 1986թ. հիմնադրված «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիան, որը համախմբում է հայ գիտնականների Հայաստանից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Ամերիկայից: Ակադեմիայի նպատակն է Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացումը, Հայաստանի գիտական և մշակութային հաստատությունների օժանդակումը, աջակցությունը Հայ դատին: Ակադեմիան ունի 26 բաժանմունք՝ ըստ մասնագիտությունների3: Մեզ հետաքրքրող գործունեությամբ է զբաղվում Փարիզի Չոբանյան ինստիտուտը, որն աշխարհաքաղաքական և ռազմավարական ուսումնասիրությունների անկախ հետազոտական կենտրոն է: Այն զբաղվում է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի խնդիրների ուսումնասիրությամբ:

Ուշագրավ է հետխորհրդային հանրապետություններում ձևավորված գիտավերլուծական հանրությունը: Անշուշտ, այստեղ կարևոր դերակատարություն ունեն Ռուսաստանի հայերը: Սակայն առկա են օրինաչափություններ, որոնք բնութագրական են ոչ միայն այս խմբի բոլոր պետությունների, այլև Հայաստանի համար: Բնականաբար, առաջնային նշանակություն ունի երկար ժամանակ մեկ պետության կազմում գտնվելը: Այս հանրապետություններում գործել է միասնական գիտական և կրթական համակարգ, ուստի առկա են ինչպես խնդիրներ, այնպես էլ հաճախ դրանց լուծման ընդհանուր մեխանիզմներ: Չնայած այս պետություններն անկախացումից հետո ընտրեցին զարգացման ուրույն ուղիներ, միևնույն է, այստեղի գիտակրթական համակարգերի և մեզ հետաքրքրող` դրանցում ընդգրկված հայերի հետ համագործակցության առումով գոյություն ունեն որոշակի նախադրյալներ:

Վերոշարադրյալի համատեքստում կարելի է ենթադրել, որ այս խմբում ընդգրկված երկրներում գործող հայ փորձագետները կարող են օգտակար լինել Հայաստանում առկա՝ հետխորհրդային երկրներին բնորոշ խնդիրների լուծման փորձի փոխանցման տեսանկյունից:

Չորրորդ պայմանական խումբն ընդգրկում է ամերիկյան աշխարհամասի երկրներում գործող հայ փորձագետներին ու գիտնականներին: Ինչպես նախորդ խմբում, ընդգծված առաջատարը ՌԴ-ն է, այստեղ էլ նման դիրք է զբաղեցնում ԱՄՆ-ը: Չնայած դրան, այլ երկրներում էլ նկատելի է հայկական փորձագիտական մտքի առկայություն, որը նույնպես օգտակար կարող է լինել Հայաստանին: Այս խմբի պարագայում առկա է աշխարհագրական մեծ հեռավորության խնդիրը, ինչն անմիջական շփումների համար խոչընդոտող հանգամանք է: Սակայն այսպիսի դեպքերում և ընդհանրապես սփյուռքահայ գիտավերլուծական հանրության հետ համագործակցության տեսանկյունից՝ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներին վիճակված է կատարելու հսկայական օժանդակող դերակատարություն: Այս երկրների փորձագետների հետ համագործակցությունը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների նորովի վերանայման և արդյունավետ մեխանիզմների ձևավորման: Կանադայի և լատինաամերիկյան երկրների հայ համայնքներում հիմնական կառույցները ձևավորվել են վերջին հարյուրամյակում, և հիմնական շեշտը, թերևս, պետք է դնել անհատական համագործակցության վրա՝ փորձելով միաժամանակ ընդգրկել համայնքային կառույցները:

Այստեղ նույնպես առկա են առանձին կազմակերպություններ, որոնք մասամբ համախմբում են տեղի մտավոր ներուժը: Այդպիսի կառույց է Արգենտինայի «Հայ պրոֆեսիոնալների միությունը», որը միավորում է բարձրագույն կրթություն ստացած հայերին: Միության նպատակն է բարձր մասնագիտական մակարդակով քննարկել արդի շրջանում հայությանը հուզող քաղաքական և գիտական խնդիրները, ներկայացնել ազգային մշակույթը4:

Այսպիսով, սփյուռքահայ համայնքներում առկա է հումանիտար ոլորտի զգալի գիտավերլուծական հանրություն: Այն ունի համայնքային և անհատական բնույթի բազմաթիվ յուրահատկություններ: Նկատելի են Հայաստանի հետ համագործակցության առանձին դեպքեր, սակայն հստակ մշակված ռազմավարություն և քաղաքականություն գոյություն չունեն: Վերոնշյալն առավելապես վերաբերում է վերլուծական աշխատանքով զբաղվողներին, քանի որ ակադեմիական շրջանակներն ունեն համագործակցության արդեն ձևավորված մեխանիզմներ, այլ հարց է, թե որքանով են դրանք արդյունավետ: Հետևաբար, հաշվի առնելով սփյուռքահայ գիտավերլուծական հանրության բավական բարդ կառուցվածքը, առկա յուրահատկությունները՝ անհրաժեշտ է համակարգված հունի մեջ դնել այդ համագործակցությունը, ինչը հիմնականում պետք է նախաձեռնվի հայաստանյան կողմի ջանքերով: Դա էլ կնպաստի համագործակցության հայաստանակենտրոն ձևաչափի սահմանմանը:

1Մանրամասն տե́ս Ղանալանյան Տ., Բեյրութի Հայկազյան համալսարանը, «Գլոբուս», թիվ 2, 2013,էջ 42-51:

2Նույն տեղում, էջ 50-51:

3Տե́ս «Հայ Սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003, էջ 645, 145:

4Նույն տեղում, էջ 106:

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր