• am
  • ru
  • en
Версия для печати
06.11.2018

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2018


Վահրամ Հովյան

«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

Թուրքիայի հայ համայնքը ներկայում կանգնած է մի շարք լրջագույն մարտահրավերների առջև։ Տասնամյակներ շարունակ հոգևոր և ֆիզիկական անվտանգությանը սպառնացող վտանգները հանգեցրել են այդ երկրում հայության թվաքանակի աղետալի նվազմանը։ Այս երևույթը, առհասարակ բնորոշ լինելով Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներին, ուղղակիորեն հանգեցնում է վերջիններիս թուլացմանն ու կազմալուծմանը։ Եթե 1960-ական թթ. Թուրքիայի հայության թվաքանակը կազմում էր մոտ 200 հազար մարդ, ապա 21-րդ դարի սկզբին այն հաշվվում է մոտ 80 հազար։ Համայնքի սպառման գործընթացը, ցավոք, շարունակվում է և չկանգնելու դեպքում կհանգեցնի վերջինիս իսպառ վերացմանը։ Իսկ դա իր բացասական հետևանքները կունենա բովանդակ հայության համար՝ նվազագույնը երկու առումով։ Նախ՝ ծանր հարված կհասցվի արևմտահայ քաղաքակրթությանը, քանի որ առկա բոլոր խնդիրներով հանդերձ, Թուրքիայի հայությունը, մասնավորապես՝ Կ.Պոլսի հայ համայնքը, եղել և մնում է արևմտահայ մշակութաստեղծ հանրույթ.

- այստեղ լույս են տեսնում երեք հայալեզու թերթեր («Ժամանակ», «Նոր Մարմարա», «Ակոս»), որոնց էջերում ոչ միայն պահպանվում, այլև զարգանում է արևմտահայերենը։ Այնտեղ, բացի լուրերից, հրատարակվում են նաև հրապարակախոսական, գրական և այլ ժանրի նյութեր;

- Կ.Պոլսում, չնայած բազմաթիվ դժվարություններին, շարունակում է ծաղկել արևմտահայ գրականությունը։ Անցյալի գրողների ստեղծագործությունների հետ մեկտեղ հրատարակվում են նաև ժամանակակից պոլսահայ գրողների երկերը, ինչը նշանակում է, որ առկա է կենսունակ գրական հայ համայնք, որին էլ պատկանում է ներկա բարդ ժամանակներում արևմտահայ գրականության զարգացման առաքելությունը;

- Կ.Պոլսում արևմտահայերենով հրատարակվում է նաև հայագիտական գրականություն, ինչը վկայում է այն մասին, որ այնտեղ առկա է ոչ միայն մշակութային, հրապարակախոսական, գրական, այլև գիտական հայ կյանք;

Թուրքիայում շարունակում է կենսունակ մնալ նաև հայկական մշակույթը։ Գործում են արվեստի և մշակույթի բազմաթիվ ստեղծագործական խմբեր, որոնք ապահովում են այդ երկրի հայության մշակութային կյանքը։

Առհասարակ, Կ.Պոլիսը, նախքան ցեղասպանությունը, եղել է արևմտահայ հասարակական-քաղաքական, մշակութային կյանքի կենտրոնը։ Ներկայում էլ այն, թերևս՝ իներցիայի ուժով, շարունակում է այդ ավանդույթները։ Պատահական չէ, որ քաղաքում գործում է «Արաս» հայկական տպարանը, ինչը ևս մեկ անգամ վկայում է այնտեղ հայ գրչության առկայության մասին։

Մի խոսքով, չնայած թվաքանակի նվազմանը՝ գրական, գիտական, մշակութային կյանքը Թուրքիայի հայ համայնքում շարունակվում է և դրանով իսկ շարունակում է սնուցել արևմտահայ (նաև հայկական՝ առհասարակ) քաղաքակրթությունը։ Մինչդեռ համայնքի սպառումը սպառնում է վերջ տալ նաև այդ կյանքին, ինչը լրջագույն հարված կլինի թե՛ Սփյուռքին և թե՛ հայությանն ընդհանրապես։

Երկրորդ խնդիրը, որը կապված է Թուրքիայի հայության սպառման հետ, Կ.Պոլսի հայոց պատրիարքության ճակատագիրն է։ Նման սցենարի դեպքում Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը կհայտնվի «առանց հոտի մնացած հովվի» կարգավիճակում։ Թուրքիան հայության վիճակի տեսակետից կնմանվի Հնդկաստանին, որտեղ կան հայկական եկեղեցիներ, կալվածքներ, սակայն չկա համայնք։

Տնտեսական դժվարությունները և դրանց հետևանքները

Թուրքիայի հայ համայնքին ընդհանուր առմամբ բնորոշ են Սփյուռքի, մասնավորապես, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների առջև ծառացած մարտահրավերները։ Այնուամենայնիվ, հայությունն այստեղ ունի նաև տեղական առանձնահատկություններից բխող խնդիրներ։ Դրանց մի մասն ունի, օրինակ, կազմակերպչական բնույթ, ինչպիսիք են ներկա պահին նոր պատրիարքի ընտրության անհնարինությունը, Կ.Պոլսի թաղային խորհուրդների ընտրության անհնարինությունը, հոգևոր կրթություն ստանալու անհնարինությունը։

Հայ համայնքի դիմագրաված դժվարությունների շարքում կարևոր տեղ ունեն նյութական (ֆինանսական) խնդիրները։ Վերջիններս բացասաբար են անդրադառնում հատկապես կրթական հաստատությունների գործունեության վրա, որոնք պարբերաբար կանգնում են բյուջեի սղության (երբ ծախսերը գերազանցում են առկա հնարավորությունները) խնդրի առջև՝ ստիպված լինելով բացը լրացնել հանգանակությունների միջոցով։

Չնայած վերջին շրջանում Թուրքիայի դիմագրաված տնտեսական դժվարություններին, սույն խնդիրը մեծ հաշվով պայմանավորված է համայնքային գույքի օգտագործման սահմանափակ հնարավորություններով։ Բացի այն, որ եկեղեցական գույքի մեծ մասը շարունակում է բռնագրավված մնալ պետության կողմից, կան նաև առարկայական և ենթակայական խոչընդոտներ համայնքի տրամադրության տակ եղած կալվածքների շահագործման առումով։ Մինչդեռ դրանց օգտագործումը (հիմնականում՝ վարձակալության հանձնումը) մեծ եկամուտների աղբյուր է համայնքային կառույցների համար։

Վերջերս նման խնդրի առջև է կանգնել Կ.Պոլսի Սամաթիայի Թաղային խորհուրդը։ Վագըֆների տնօրինության կողմից այն որպես նվիրատվություն ստացել է ընդարձակ հողատարածք։ Սակայն այն հայտարարված է կանաչ գոտի, որտեղ արգելվում է որևէ շինարարություն իրականացնել։ Մինչդեռ այդ հողատարածքի վրա կառուցված շենքերի վարձակալության հանձնումը կարող էր նշանակալի եկամուտներ բերել խորհրդին։ Ստացվում է, որ, մի կողմից, նվիրաբերելով ընդարձակ հողատարածք Սամաթիայի Թաղային խորհրդին, պետությունը, մյուս կողմից, թույլ չի տալիս դրա միջոցով եկամուտներ ապահովել։ Թուրքական դատական համակարգի բոլոր ատյաններով անցնելուց հետո Թաղային խորհուրդը ներկայում խնդիրը վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում1։

Վերջին շրջանում որոշ արդյունքներ նկատվում են բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձման հարցում։ Նախորդ հոդվածում խոսվել է Թուրքիայի Վճռաբեկ դատարանի կողմից Սանասարյան տան շենքի նկատմամբ Կ.Պոլսի Հայոց պատրիարքության սեփականության իրավունքը ճանաչելու մասին2։ Վերջերս գրանցված մեկ այլ հաղթանակ է վեցամյա դժվարին պայքարից հետո Օրթագյուղի Թաղային խորհրդի կողմից ընդարձակ հողատարածքի՝ դատական կարգով հետ ստացումը Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ Մեկ թաղամասի չափ տարածք ընդգրկող այդ հողամասը Թաղային խորհուրդը նպատակադրվել է կառուցապատել, այնուհետև՝ շենքերի վարձակալության միջոցով եկամուտներ ապահովել համայնքի համար3։

Չնայած հայ համայնքային կառույցներին հաջողվում է վերադարձնել բռնագրավված համայնքային գույքի որոշ մասը, սակայն այս հարցում իրավիճակը հեռու է բավարար լինելուց։ Նախ՝ հսկայական թվով կալվածքներ, ինչպես վերը նշվեց, դեռևս շարունակում են մնալ բռնագրավված, դրանց վերադարձի հեռանկարներն անորոշ են։ Բացի այդ, ինչպես ցույց են տալիս գույքի վերադարձման սակավաթիվ օրինակները, վերադարձման գործընթացը տևական է և դժվարին, իսկ ավելի ճիշտ՝ տանջալից։ Դատական քաշքշուկները ձգվում են տարիներով։ Պատահական չէ, որ խնդիրները լուծում են ստանում դատական համակարգի ամենավերին ատյաններում՝ վճռաբեկ դատարանում կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Նախորդ հրապարակումներում մատնանշվել են թուրքական պետության կողմից եկեղեցական գույքի վերադարձման հարցում համակարգված կերպով հարուցվող խոչընդոտները, որոնցից մեկն էլ բարդ ու տևական դատական գործընթացներն են4։ Եթե Թուրքիայի իշխանություններն անկեղծ են հայ համայնքին իրենից բռնագրաված գույքը վերադարձնելու հարցում, ապա դրա համար կան շատ ավելի դյուրին իրավական ուղիներ, օրինակ՝ նվիրատվությունը կամ խորհրդանշական գներով վաճառքը։ Այս իրավական ուղիների անտեսումն ու խնդրի լուծման երկարաձգումը տևական դատական և բյուրոկրատական քաշքշուկների միջոցով վկայում են այն մասին, որ թուրքական իշխանությունների կողմից հռչակված հայկական (և ընդհանրապես՝ քրիստոնեական) եկեղեցական գույքի վերադարձման քաղաքականությունը շարունակում է կրել հիմնականում ձևական բնույթ՝ նպատակ հետապնդելով աշխարհին ցույց տալ Թուրքիայի՝ իբրև «ժողովրդավարական» և իր (կրոնական) փոքրամասնությունների մասին «հոգ տանող» պետության նկարագիրը։

Ինչևէ, նյութական դժվարությունները լրացուցիչ պառակտման աղբյուր են հանդիսանում Թուրքիայի հայության համար։ Առաջանում է սոցիալական բևեռացում Կ.Պոլսի հայկական համայնքների միջև։ Հարուստ թաղամասերը կարողանում են լուծել իրենց խնդիրները և որոշ չափով օգնել նաև աղքատներին։ Մինչդեռ աղքատ թաղամասերը շարունակաբար տառապում են նյութական անբավարարությամբ։

Սույն խնդիրը հաղթահարելու համար պոլսահայության շրջանում առաջ է քաշվել միասնական բյուջե ունենալու գաղափարը, որն ընդհանուր առմամբ հանգում է հետևյալին. բոլոր հայկական թաղային խորհուրդների եկամուտները պետք է ի մի բերվեն և տնօրինվեն պատրիարքարանի կողմից, որպեսզի վերջինս կարողանա բավարարել բոլոր համայնքային կառույցների կարիքները։

Այս գաղափարը, սակայն, շահերի բախում է առաջացնում հարուստ և աղքատ թաղային խորհուրդների միջև։ Աղքատներին ձեռնտու է օգտվել ընդհանուր բյուջեի հնարավորություններից։ Մինչդեռ հարուստները չեն ցանկանում կիսել իրենց եկամուտները աղքատ թաղամասերի հետ և զրկվել դրանք սեփական հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից։ Այս հակասությունը ցայտուն կերպով դրսևորվում է 10 տարի առաջ Կ.Պոլսում հիմնված Համայնքային կառույցները միավորող խորհրդի աշխատանքներում։ Վերջինս, համակարգված աշխատանքի հարթակ լինելու փոխարեն, ավելի շատ հանդես է գալիս որպես անառողջ բանավեճերի ակումբ՝ այն աստիճան, որ կասկածի տակ է դրվում անգամ նրա գոյության անհրաժեշտությունը։

1 Սամաթիա այս կիրակի կը բանա մատաղօրհնութիւններու եղանակը, Նոր Մարմարա, հոկտեմբերի 26։

2 Տե՛ս Հովյան Վ., Թուրքիայի հայ համայնքի ներկա դրության շուրջ, «Գլոբուս», 2018, թիվ 7:

3 Տե՛ս Օրթագիւղի Թաղային Խորհուրդի երէկուան մամլոյ ասուլիսը, Նոր Մարմարա, սեպտեմբերի 26, 2018թ.։

4 Տե՛ս Հովյան Վ., Եկեղեցական գույքի վերադարձման խնդիրը՝ որպես հայոց պահանջատիրության բաղադրիչ, Հայկազեան հայագիտական հանդես, 2015, թիվ 35։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր