• am
  • ru
  • en
Версия для печати
06.06.2018

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Руский

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

Հայրենադարձների ինտեգրումն ունի երկու հիմնական հարթություն՝ սոցիալ-տնտեսական և հոգևոր-քաղաքակրթական։ Քանի որ սփյուռքը բազմաշերտ հանրություն է, նրա տարբեր շերտեր ներկայացնող հայրենադարձների խմբերի պարագայում ինտեգրման խնդիրների առաջնահերթությունները նույնպես կարող են տարբեր լինել։ Այլ կերպ ասած՝ գերակայությունն այդ հարցում կարող է պատկանել հիշյալ հարթություններից մեկին։

Հայրենադարձների ինտեգրման խնդիրը դիտարկելիս կարևորություն է ստանում սփյուռքի համայնքների շերտավորումը կամ դասակարգումը հատկապես հետևյալ երկու չափանիշներով՝ ազգային ինքնության պահպանման աստիճանը և սփյուռքում հայտնվելու ժամանակը։ Առաջին չափանիշով սփյուռքը դասակարգվում է երկու հիմնական շերտի՝ ա) ինքնության պահպանման համեմատաբար բարձր մակարդակում գտնվող համայնքներ, որոնք կազմում են հիմնականում Մերձավոր և Միջին Արևելքի հայկական սփյուռքը և բ) ինքնության պահպանման համեմատաբար ցածր մակարդակ ունեցող (ավելի շատ ձուլման ենթարկված) համայնքներ, որոնք հիմնականում կազմում են Արևմտյան աշխարհի (Ամերիկա, Արևմտյան Եվրոպա) հայկական սփյուռքը։

Երկրորդ չափանիշով դասակարգելու պարագայում սփյուռքը կրկին բաժանվում է երկու շերտի՝ ա) ավանդական սփյուռք, որը ձևավորվել է հիմնականում ցեղասպանության հետևանքով և որի ներկայացուցիչները ներկայում հանդիսանում են սփյուռքի չորրորդ և հինգերորդ սերունդները, բ) ժամանակակից սփյուռք, որը կազմում են հետխորհրդային շրջանում Հայաստանից արտագաղթածները։ Ավանդական սփյուռքի պարագայում ինքնության պահպանման խնդիրն ավելի սուր է հատկապես այն հատվածում, որը գտնվում է Արևմտյան աշխարհում։ Չորրորդ-հինգերորդ սերնդի ամերիկահայերի կամ ֆրանսահայերի պարագայում ձուլման ծավալները և աստիճանն անհամեմատ ավելի մեծ են։ Ինչ վերաբերում է ժամանակակից սփյուռքին, ապա, չնայած այս շերտի պարագայում էլ ձուլման (հատկապես՝ լեզվի կորստի) տեմպերն ահագնացող են, այնուամենայնիվ, քանի որ վերջինիս ներկայացուցիչները կազմում են այս հատվածի առաջին կամ երկրորդ սերունդը, ապա նրանց մեջ, կարելի է ասել, դեռևս բարձր է հայկականության պահպանման աստիճանը։

Դիտարկելով վերոհիշյալ շերտերը՝ կարող ենք տալ վերջիններիս ավելի ամբողջական (ինտեգրալ) դասակարգումը՝ հիմնվելով մեկ այլ չափանիշի՝ հայրենադարձության հավանականության վրա, այն է՝ որոշել, թե այդ հատվածներից յուրաքանչյուրի պարագայում որքան իրատեսական է հայրենադարձությունը։ Այսպես, հայրենադարձության հավանականությունը պայմանականորեն կարող է ունենալ երեք աստիճան.

1. Բարձր։ Այս աստիճանն ունեն սփյուռքի այն համայնքները, որոնք գտնվում են անկայուն և պատերազմական գոտիներում և, հետևաբար, կանգնած են ֆիզիկական գոյության պահպանման մարտահրավերների առջև։ Հայկական սփյուռքի պարագայում դրանք հիմնականում Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն են։ Ինչպես ցույց է տվել Լիբանանի քաղաքացիական պատերազմի (1975-1990թթ), Ծոցի երկրորդ պատերազմի (2003), սիրիական ճգնաժամի (2011-ից ի վեր) փորձը, այս տարածաշրջանի սփյուռքում տարերային հայրենադարձության հավանականությունը բարձր է։

2. Միջին։ Այս շերտը կազմում են հիմնականում ժամանակակից սփյուռքի ներկայացուցիչները, որոնցից շատերը, Հայաստանից արտագաղթելով (դեպի Ռուսաստան, հետխորհրդային այլ երկրներ, Եվրոպա, ԱՄՆ և այլն), շարունակում են պահպանել իրենց քաղաքացիությունը, շարժական և անշարժ գույքը, ունեն հարազատներ և բարեկամներ հայրենիքում և պահպանում են կապերը նրանց հետ։ Քանի որ հետխորհրդային շրջանում արտագաղթի պատճառներ են ցածր կենսամակարդակն ու գործազրկությունը, հանրապետությունում սոցիալ-տնտեսական ցուցանիշների հնարավոր բարելավումը ենթադրաբար կարող է հանգեցնել սփյուռքի այս հատվածի գոնե մի մասի հայրենադարձությանը։

3. Ցածր։ Հայրենադարձության հավանականությունը ցածր է հիմնականում Արևմտյան աշխարհի ավանդական սփյուռքի ներկայացուցիչների մեջ, որոնք գլխավորապես ունեն բարձր կյանքի որակ և ապրում են բարեկեցիկ։ Այս շերտի սահմանափակ քանակությամբ ներկայացուցիչներ, ելնելով հայրենասիրական ռոմանտիզմից, կարող են բռնել հայրենադարձության ճամփան։

Քանի որ հայրենադարձության հավանականությունն ամենաբարձրն է գնահատվում Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների պարագայում, ինտեգրման խնդիրներն էլ առայժմ նպատակահարմար է դիտարկել այդ շերտի օրինակով։ Այս տարածաշրջանից հայրենադարձների պարագայում ինտեգրման խնդիրներն ունեն հիմնականում սոցիալ-տնտեսական և սկզբնական շրջանում՝ որոշակիորեն կենցաղային բնույթ։ Քաղաքակրթական խնդիրներ, կարելի է ասել, գրեթե չկան։ Հոգևոր-մշակութային առումով անհամատեղելի կամ օտար հանրույթների՝ միմյանց հարմարեցման խնդիր չէ հայ հասարակության մեջ հայրենադարձների ինտեգրումը։ Որքան էլ տարբեր, այնուամենայնիվ, թե՛ տեղի հայությունը և թե՛ հայրենադարձները, միևնույն՝ հայկական քաղաքակրթության կրողներն են, ունեն միևնույն հոգևոր-մշակութային արժեհամակարգը։

Հայրենադարձների ինտեգրման հարցում որոշակի խոչընդոտներ կային խորհրդային տարիներին, որոնք բխում էին վարչակարգի առանձնահատկություններից։ Խորհրդային երկրում տիրում էին այլ կարգեր և պետական քաղաքականություն, քան այն երկրներում, որտեղից գալիս էին հայրենադարձները, ինչի արդյունքում գոնե սկզբնական շրջանում որոշակի աններդաշնակության կամ խորթության զգացում կար վերջիններիս մեջ։ Այդ ժամանակահատվածում սփյուռքահայերի ինտեգրման հարցում բարդություններ առաջացնող գործոններն էին.

Պետական մակարդակով հռչակված կոմունիզմի գաղափարախոսությունը և դրա պարտադրման քաղաքականությունը։ Խորհրդային երկիրը վարում էր իր քաղաքացիների մեջ համայնավարական արժեքների արմատավորման քաղաքականություն, որից զերծ չէին մնում նաև հայրենադարձները։ «Այդ նպատակով կազմակերպվում էին քաղպարապմունքներ, հատուկ դասընթացներ՝ նորեկներին կոմունիստական ոգով դաստիարակելու և մարքսիզմ-լենինիզմի ուսմունքին ծանոթացնելու»1։ Վերջիններս, որոնց համար խորթ էր այդ գաղափարախոսությունը, իսկ դրա ուսուցումը՝ անհասկանալի, հաճախ խուսափում էին այդ պարապմունքներից, որի համար էլ արժանանում էին պատիժների։ Խորհրդային համայնավարությունը որոշակիորեն խորթ էր նաև այն հայրենադարձների համար, որոնք նույնպես սփյուռքում եղել էին համայնավար։ Վերջիններիս պատկերացրած համայնավարությունը տարբերվում էր Խորհրդային Հայաստանում եղածից։ Մի համայնավար հայրենադարձի բնորոշմամբ. «Մեր գիտցած կոմունիստը բոլորովին տարբեր է...»2։

Կրոնի գործոնը։ Խորհրդային Միությունը կրոնի հարցում պաշտոնապես վարում էր աթեիզմի քաղաքականություն։ Մինչդեռ հայրենադարձներն աչքի էին ընկնում խոր քրիստոնեական հավատով։ Նրանք կիրակի օրերին եկեղեցի էին գնում, ինչը «...ներկայացվում էր որպես տգիտության դրսևորում»3։ Պաշտոնական աթեիզմն իր բացասական հետևանքներն էր թողնում նաև ազգային ավանդույթների և ծեսերի վրա, որոնք կապված էին հատկապես եկեղեցու հետ։ Հայրենադարձները, որոնք սփյուռքում ամուր կառչած էին ազգային սովորույթներին, «զարմանում էին, թե ինչպես կարելի է առանց եկեղեցու ամուսնանալ, առանց քահանայի հանգուցյալին հուղարկավորել կամ երեխային չմկրտել»4։ Իսկ տեսնելով Մարքսի, Էնգելսի, Լենինի և Ստալինի նկարները հիմնարկ-գրասենյակների պատերին՝ երկյուղով հարց էին տալիս. «Մեղա՜, ասոնք ալ տեղացիներո՞ւն սուրբերն են»5։

Ցեղասպանության հիշողության գործոնը։ Խորհրդային Հայաստանում մինչև 1960-ական թվականները ցեղասպանության խնդիրը հիմնականում համարվում էր փակ թեմա։ Այդ հարցի լայն արծարծումը չէր խրախուսվում, ինչը նույնպես որոշակի աններդաշնակության զգացում էր առաջացնում հայրենադարձների շրջանում, քանի որ նրանց «...հոգևոր արժեքներում կարևոր տեղ ուներ ցեղասպանության հիշողությունը...»6։

Հետխորհրդային շրջանում վերոհիշյալ խոչընդոտները հաղթահարված են, ինչն ավելի լայն դուռ է բացում հայաստանյան հասարակության և հայրենադարձների հոգևոր-մշակութային փոխներթափանցման համար։ Բացի ընդհանուր ծագումից և պատմությունից, Հայաստանի հայության և սփյուռքի հայության միասնական քաղաքակրթական հենքի ապահովմանը տասնամյակներ շարունակ (ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային տարիներին) նպաստել և նպաստում է այդ ուղղությամբ Հայաստանի վարած պետական քաղաքականությունը։ Վերջինիս կարևոր գործիքներից են.

Հայաստանի դպրոցական կրթական համակարգը։ Հայաստանյան դպրոցներում աշակերտները «Հայ գրականություն» առարկայի շրջանակներում հաղորդակցվում են նաև արևմտահայ, ինչպես նաև սփյուռքահայ գրականությանը։ Ասել է թե՝ ուսումնական հաստատություններում հաղորդակցվելով արևմտահայ և սփյուռքահայ քաղաքակրթությանն ու մշակույթին՝ հայաստանաբնակ հայությունը յուրացնում է այն, ինչը լուրջ նախադրյալ է սփյուռքահայության հետ հարաբերություններում միասնական քաղաքակրթական և մշակութային հենքի ապահովման համար։

Հրատարակությունները։ Հայաստանում հրատարակվել և հրատարակվում են ինչպես արևմտահայ, այնպես էլ սփյուռքահայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները, որի արդյունքում արևմտահայերենը և դրանով ստեղծված գրականությունը դառնում են հայաստանյան հասարակության սեփականությունը՝ գոնե ընթերցող շրջանակների համար։ Այս տեսակետից կարելի է առանձնացնել ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի կողմից հրատարակվող «Գրական սփյուռք» տարեգիրքը, որտեղ տպագրվում են ժամանակակից սփյուռքահայ գրողների ստեղծագործությունները։

Ակադեմիական հաստատությունների գործունեությունը։ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում և ակադեմիական կառույցներում նույնպես ուսումնասիրվում և դասավանդվում են արևմտահայերենը և արևմտահայ գրականությունը։

Արվեստը և մշակույթը։ Արևմտահայերեն թատրոնը, ֆիլմերը և այլն զգալիորեն նպաստում են արևմտահայ և արևելահայ քաղաքակրթությունների փոխներթափանցմանը։

Օրենսդրությունը լեզվի բնագավառում։ Լեզվի մասին ՀՀ օրենքը, արձանագրելով, որ ՀՀ-ում պետական լեզուն գրական հայերենն է, «...չի սահմանազատում պատմական ճակատագրով երկփեղկված մեր ժողովրդի գրական երկու լեզուները, և հավասար արտոնություններ է ընձեռում և՛ արևելահայերենին, և՛ արևմտահայերենին»7։

Սփյուռքահայությունն իր հերթին, հատկապես Մերձավոր և Միջին Արևելքի հայությունը, ինչպես վերը նշվեց, որքան էլ ենթարկված լինի օտար քաղաքակրթական և մշակութային ազդեցություններին, այնուամենայնիվ, մեծ մասամբ պահպանում է իր հայկական ինքնությունն ու քաղաքակրթական և մշակութային բնութագիրը։ Հետևաբար, այն նույնպես գտնվում է ընդհանուր հայկական քաղաքակրթական և մշակութային դաշտում։ Ի տարբերություն, օրինակ, հրեական սփյուռքի, որի ներկայացուցիչները գրեթե կորցրել էին իրենց ազգային ինքնությունը նախքան Պաղեստին ներգաղթը և, հետևաբար, խնդիր կար գրեթե ուծացած, օտարացած, այլ ինքնություն ունեցող անձին վերադարձնել հրեական ինքնությանը, այն է՝ կերտել նոր ինքնություն՝ իր բաղադրիչներով հանդերձ։ Հայկական սփյուռքի ներկայացուցիչները մեծ հաշվով չունեն այդ խնդիրը։ Սփյուռքի հայությունը հայաստանաբնակ հայության հետ միասին կազմում են մեկ միասնական ազգային քաղաքակրթական ամբողջություն։ Մասնագիտական առարկայական բնորոշմամբ՝ «Արևելահայերիս համար այսօր էլ առանձնաբար դժվարություն չկա կարդալու և հասկանալու Վարուժան կամ Համաստեղ, իսկ սփյուռքի հայը արևմտահայերենով լիարժեք հաղորդակցվում է արևելահայի հետ»8։ Վատագույն դեպքում սփյուռքը կարելի է համարել հայկական ազգային-քաղաքակրթական ինքնության մի ենթաշերտ կամ ենթամշակույթ։

Ինչ վերաբերում է հաճախ շահարկվող իբրև թե նվաստացուցիչ պիտակավորումներին, ապա, նախ՝ այդպիսիք կենցաղային մակարդակից երբեք վեր չեն բարձրացել, և երկրորդ՝ նման պիտակավորումներ արվում են հայության այլ ենթամշակույթների կամ ենթաշերտերի նկատմամբ նույնպես, ինչը ամենևին չի վկայում վերջիններիս օտարվածության մասին։ Մի բան ակնհայտ է. պետական քաղաքականության մակարդակով երբեք որևէ խտրականություն չի եղել սփյուռքահայերի նկատմամբ։

Ինչ վերաբերում է խորհրդային տարիներին բռնաճնշումների ենթարկված հայրենադարձներին, ապա դա էլ պայմանավորված էր վարչակարգի էությամբ, այլ ոչ թե հայրենադարձների նկատմամբ պետական իշխանությունների հատուկ վերաբերմունքով։ Բռնաճնշումների տարիներին հայրենադարձներից ոչ պակաս տուժել են նաև հայ (նաև խորհրդային) հասարակության այլ շերտեր։

Վերջապես, ի՞նչը կարող է լինել հայ հասարակության մեջ սոցիալ-քաղաքակրթական առումով սփյուռքահայ հայրենադարձների ինտեգրման՝ տեղի հասարակության և հայրենադարձների միջև որևէ պատնեշի բացակայության ավելի մեծ ապացույց, քան բազմաթիվ հայրենադարձների տպավորիչ հաջողությունները գործունեության ամենատարբեր բնագավառներում (քաղաքականություն, գիտություն, մշակույթ և այլն)։ Չէ՞ որ մեծ թվով հայրենադարձներ են բարձր դիրքերի ու ճանաչման հասել իրենց բնագավառներում։

Այսպիսով, Մերձավոր և Միջին Արևելքից հայրենադարձների ինտեգրման հարցում քաղաքակրթական խնդիրներ գրեթե չկան։ Հետևաբար, առավել նպատակահարմար է շեշտադրումը կատարել ինտեգրման սոցիալ-տնտեսական տեսանկյունների վրա9։

1 Ստեփանյան Ա., 1946-1948թթ. հայրենադարձության ինտեգրման և ադապտացման խնդիրները, «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., Լիմուշ, 2009, էջ 157-158։

2 Բազարյան Մ., Նամակներ «սովետական դրախտից», Եր., 1989, էջ 47։ Հղումը՝ ըստ Ստեփանյան Ա., նշվ. աշխ., էջ 158։

3 Մեսրոպյան Հ., Հայրենադարձությունը և լեզվական փոխըմբռնման խնդիրը, «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., Լիմուշ, 2009, էջ 181։

4 Ստեփանյան Ա., նշվ. աշխ., էջ 160։

5 Նույն տեղում։

6 Նույն տեղում։

7 Մեսրոպյան Հ., նշվ. աշխ., էջ 178։

8 Ավետիսյան Յու., Հայրենադարձությունը և արևելահայերենի ու արևմտահայերենի մերձեցման ուղիները, «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., Լիմուշ, 2009, էջ 175։

9 Մանրամասն տե՛ս Հովյան Վ., Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն արդի փուլում. հայրենադարձության խնդիրը, 21-րդ ԴԱՐ, թիվ 4, 2017, էջ 102-112։



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր