• am
  • ru
  • en
Версия для печати
24.11.2016

ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ Կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Հոկտեմբերը չափազանց կարևոր և վճռական էր Վրաստանի ներքաղաքական կյանքում գալիք չորս տարիների կտրվածքով։ 2012թ. հոկտեմբերից հետո վրացական դեմոկրատիայի ամրության հերթական ստուգումը դարձան երկրի խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի ունեցան երկու փուլով, հոկտեմբերի 8-ին և 30-ին։ Ինչպես և սպասվում էր, հաղթանակեց կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը, որը ստացավ նաև Վրաստանի օրենսդիր ժողովի իններորդ գումարման (2016-2020) սահմանադրական մեծամասնությունը։

Ընտրությունների առաջին և երկրորդ փուլերը. Ինչպես ավելի վաղ հաստատվել էր Վրաստանի ԿԸՀ-ի կողմից, աննախադեպ ընտրարշավից հետո, որը տևեց չորս ամիս, հոկտեմբերի 8-ին տեղի ունեցան երկրի իններորդ գումարման խորհրդարանի ընտրությունները։ Վրաստանի բնակչության ողջ թվաքանակից, որն Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվությամբ՝ կազմում է մոտ 3,7 մլն մարդ, պոտենցիալ ընտրող էր հանդիսանում 3,513 մլն մարդ։ Ավանդաբար, Վրաստանում ընտրություններն անցնում են խառը ընտրակարգով. 150 պատգամավորից 77-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, իսկ մնացած 73-ը՝ մեծամասնական միամանդատ ընտրատեղամասերից։ Այսպես, ընտրությունների օրը, առավոտյան ժամը 8։00-ից մինչև 20։00-ն ողջ Վրաստանում և նրա սահմաններից դուրս բացվել է 3702 ընտրատեղամաս. 3645-ը՝ Վրաստանի տարածքում, 55-ը՝ արտասահմանում Վրաստանի դիվանագիտական առաքելություններին կից (աշխարհի 40 երկրների 47 քաղաքներում) և 2 հատուկ տեղամաս։ Չնայած, ըստ վրացական օրենսդրության՝ ընտրությունները լեգիտիմ են համարվում ցանկացած մասնակցության պարագայում, այնուամենայնիվ, ԿԸՀ տեղեկատվությամբ՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 51,63%։

Օրվա վերջին, ընտրատեղամասերի փակվելուց հետո, ժամը 20։00-ին հայտնի դարձան երկու զուգահեռ Exitpoll-երի արդյունքները, որոնցից մեկն անցկացրել էր GfK ամերիկյան ընկերությունը վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով, իսկ երկրորդը՝ TNS ամերիկյան ընկերությունը՝ «Իմեդի», «Մաեստրո», GDS հեռուստաընկերությունների և Վրաստանի հանրային հեռարձակողի պատվերով։ Այսպիսով, համաձայն երկու Exitpoll-երի տվյալների՝ կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել մեծամասնական ընտրակարգով (GfK տվյալները՝ 39,9% և TNS տվյալները՝ 53,8%)։ Երկրորդ տեղում ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումն» է (GfK տվյալներ՝ 32,74% և TNS տվյալներ՝ 19,5%)։ Սակայն ավելի ուշ, արդեն բոլոր ընտրատեղամասերում (3702) ձայների հաշվարկի արդյունքներով, Վրաստանի ԿԸՀ-ն տեղեկացրեց «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության հաղթանակի մասին, որը մեծամասնական համակարգով ստացել էր 48,65% (856762 ձայն)։ Բացի այդ կուսակցությունից, Վրաստանի խորհրդարան է անցել ևս երկու քաղաքական ուժ՝ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը» (27,12%, 477596 ձայն) և «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի - Վրաստանի հայրենասերների դաշինք, Միավորված ընդդիմություն» արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական դաշինքը՝ անցումային 5,01%-ով (88 109 ձայն)։ Մնացած 16 կուսակցությունից և ոչ մեկը չկարողացավ հաղթահարել ընտրաշեմը, ներառյալ՝ «Ազատ դեմոկրատները» (4,62%), «Նինո Բուրջանաձե – Դեմոկրատական շարժում» դաշինքը՝ 3,53%, «Պաատա Բուրչուլաձե – Պետությունը ժողովրդի համար» դաշինքը՝ 3,45%, «Շալվա Նաթելաշվիլի – Լեյբորիստական կուսակցությունը»՝ 3,13%, Հանրապետական կուսակցությունը՝ 1,55% և այլն։

Մեծամասնական ընտրակարգով նույնպես «Վրացական երազանքը» առաջատար դիրք գրավեց, բայց, չնայած 73 մեծամասնական միամանդատ ընտրատարածքներից 23-ում կառավարող կուսակցության թեկնածուների հաղթանակին, մնացած 23-ում (որոնցից 18-ը՝ Թբիլիսիում) Վրաստանի ԿԸՀ-ն երկրորդ փուլ հայտարարեց, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել ձայների 50%-ից ավելին։

Այսպիսով, կարելի է նշել, որ ընտրությունների առաջին փուլի արդյունքներով կառավարող կուսակցությունն արդեն մոտ 67 մանդատ ուներ (44 մանդատ համամասնական համակարգով և 23՝ մեծամասնական) խորհրդարանական մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ 76-ից։ Ինչ վերաբերում է մյուս քաղաքական կուսակցություններին, ապա «Միասնական ազգային շարժումը» ստացավ 27 մանդատ, իսկ «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի – Վրաստանի հայրենասերների դաշինք, Միավորված ընդդիմություն» դաշինքը՝ 6 մանդատ։

Քանի որ Վրաստանի օրենքով քվեարկության երկրորդ փուլը պետք է անցկացվեր համընդհանուր ընտրություններից ոչ ուշ, քան 25 օր հետո, Վրաստանի ԿԸՀ-ն երկրորդ փուլը նշանակեց հոկտեմբերի 30-ին։ Չնայած մեծամասնական ընտրակարգով պատգամավորների թեկնածուները քիչ չէին, բայց և այնպես, հիմնական պայքարն ընթացավ կառավարող «Վրացական երազանքի» և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» միջև։ Արդեն ակտիվ պայքարի արդյունքներով՝ 50 օկրուգներից 48-ում նույնպես հաղթեցին «Վրացական երազանքի» թեկնածուները։ Մնացած երկու օկրուգում հաղթեցին անկախ թեկնածու, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության անդամ, պաշտոնաթող գեներալ-մայոր Սիմոն Նոզաձեն։

Այսպիսով, պարզ խորհրդարանական մեծամասնության փոխարեն, ինչպես և Միխայիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության ժամանակ էր (2008թ. մայիսի 21, 120 տեղ 150-ից), «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը ստացավ սահմանադրական մեծամասնություն Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանում (115 150-ից)։

Աջարիայի ԳԽ ընտրությունները. Համազգային ընտրություններին զուգահեռ՝ տեղի ունեցան նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի (21 հոգի) ընտրությունները։ Ինչպես և ողջ Վրաստանում, Աջարիայում նույնպես ընտրություններն անցան խառը ընտրակարգով. 21 պատգամավորից 15-ը ընտրվում է համամասնական ընտրակարգով, 6-ը՝ մեծամասնական միամանդատ ընտրատարածքներում։ Ընտրություններին մասնակցեցին 11 կուսակցություն և 4 ընտրական դաշինք։

Համամասնական ընտրակարգով Աջարիայի խորհրդարան անցան «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը՝ 44,91%, «Միասնական ազգային շարժումը»՝ 29,63%, «Նինո Բուրջանաձե – Դեմոկրատական շարժում» դաշինքը՝ 6,08% և «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի – Վրաստանի հայրենասերների դաշինք, Միավորված ընդդիմություն» դաշինքը՝ 5,71%։ Ի տարբերություն համազգային ընտրությունների, Աջարիայում քվեարկության առաջին փուլում մեծամասնական թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հաղթել և հավաքել ձայների 50%-ից ավելին, և ծագեց երկրորդ փուլի անհրաժեշտությունը։ Արդեն երկրորդ փուլում բոլոր 6 ընտրատարածքներում նույնպես հաղթեցին «Վրացական երազանքի» թեկնածուները։

ՏԻՄ ընտրություններ. Բացի վերը նշված ընտրություններից, երկրի որոշ քաղաքներում և շրջաններում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ։ Այդ ժամանակ էլ ընտրվեցին Ախալցխայի քաղաքապետը, Բոլնիսի, Չիատուրի, Ծալենջիխի, Զուգդիդի և Խարագաուլի շրջանային վարչական մարմինների ղեկավարները։ Տեղի ունեցան նաև Թբիլիսիի, Ծալկայի, Չիատուրի, Աբաշի և Զուգդիդի խորհրդակցական մարմինների պատգամավորների ընտրությունները։

Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ, մեկ քաղաքում և հինգ մունիցիպալիտետներում քաղաքապետի և գեմգեբելիաների արտահերթ ընտրությունների առաջին իսկ փուլում հաջողվեց ընտրել երկու (Չիատուրի և Ծալենջիխի մունիցիպալիտետներ) գամգեբելայի («Վրացական երազանքի» թեկնածուներ), իսկ մյուս չորս ընտրատարածքներում, այդ թվում և այն երկու վայրերում (Ախալցխայի քաղաքապետի և Զուգդիդի գամգեբելայի ընտրություններ), որոնցում առաջատարն էին «Միասնական ազգային շարժման» թեկնածուները, տեղի ունեցավ քվեարկության երկրորդ փուլ։

Ընտրությունների արդյունքները և դրանց հետևանքները. Նշենք, որ անցած խորհրդարանական ընտրությունների ինտրիգը բնավ այն չէր՝ տեղի կունենա՞ արդյոք հեղափոխություն, թե՞ իշխանափոխություն դեմոկրատական ճանապարհով, այլ, ընդհակառակը, բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ մոլի ընդդիմադիրները, պատրաստ էին նրան, որ, չնայած ցածր վարկանիշներին և ֆինանսատնտեսական ճգնաժամին, կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթելու է։ Ամենակարևոր հարցն այն էր, թե ինչպես է ձևակերպվելու այդ հաղթանակը. խորհրդարանական մեծամասնություն ստանալո՞վ (76 մանդատ), խորհրդարանական տեղերի 2/3-ն ունենալո՞վ (101 մանդատ), թե՞ սահմանադրական մեծամասնությամբ (113 մանդատ)։ Բայց կառավարող թիմը 100 տոկոսանոց էր աշխատել և հետագա բարեփոխումների քարթ-բլանշ ստացավ, այդ թվում և սահմանադրական՝ ունենալով 115 տեղանոց սահմանադրական մեծամասնություն։

Մեկնաբանելով ընտրությունների արդյունքները՝ խորհրդարանի հեռացող նախագահ և խորհրդարան չանցած Հանրապետական կուսակցության առաջնորդներից Դավիթ Ուսուպաշվիլին մտահոգություն հայտնեց ավելի փոքր կուսակցությունների՝ խորհրդարանում չհայտնվելու առիթով և կառավարող կուսակցության իր գործընկերներին հիշեցրեց, որ սահմանադրական մեծամասնություն ստանալը պատգամավորներից մեծ պատասխանատվություն է պահանջում, քանի որ «սխալներ թույլ տալը հեշտ է»։

Համաձայնելով, որ «Վրացական երազանքն» ունի սահմանադրական մեծամասնություն ստանալու հնարավորություններ, փորձագետներն, այնուամենայնիվ, դրանում ավելի շատ բացասական, քան թե դրական պահ տեսան։ Սահմանադրական մեծամասնության կողմնակիցները համոզված էին, որ եթե «Վրացական երազանքը» իններորդ գումարման խորհրդարանում ստանա սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ քանակությամբ մանդատներ, ապա նրանք անպայման մի քանի լուրջ փոփոխություններ կմտցնեն Սահմանադրության մեջ։ Ամենասպասվող փոփոխությունների մեջ են Քութայիսից Վրաստանի խորհրդարանի տեղափոխումը կրկին Թբիլիսի, Սահմանադրության մեջ միասեռ ամուսնությունների արգելանք մտցնելը և նախագահի ընտրությունների ընտրակարգի փոփոխությունը։

Ինչևէ, հոկտեմբերին ընդդիմադիր ՄԱՇ-ը նույնպես վերափոխման մի ինչ-որ փուլ անցավ. ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի միջև ընկած ժամանակահատվածում նկատվեց մինչ այդ թաքցվող ներքին պայքար կուսակցության ներսում։ Պառակտումը վերաբերում էր նախկին նախագահ Սաակաշվիլու (որն Ուկրաինայում պատվավոր արտաքսման մեջ էր գտնվում) կողմնակիցներին, ինչպես նաև շատ ավելի մեծաթիվ մի խմբի, որը ղեկավարում էր Վրաստանի ԱԽ նախկին քարտուղար Գիգա Բոկերիան։ Բանն այն էր, որ ընտրությունների առաջին փուլի տանուլ տրված արդյունքներից ելնելով՝ Միխայիլ Սաակաշվիլին իր կողմնակիցներին հանձնարարել էր բոյկոտել խորհրդարանի աշխատանքը և չգնալ երկրորդ փուլ։ Բայց 60 հոգուց կազմված քաղխորհրդի նիստի արդյունքները ցույց տվեցին կուսակցության ներսում տիրող իսկական իրավիճակը։ Նիստի ժամանակ, օրինակ, խորհրդի 49 անդամից 33-ը դեմ արտահայտվեց Վրաստանի երրորդ նախագահի ցանկությանը, և ընդամենը 9 հոգի պաշտպանեց նրան (այդ թվում և նրա կինը՝ Սանդրա Ռուլոֆսը)։

Անցած ընտրությունների հետ կապված ևս մեկ հետաքրքիր դրվագ էր երկու հիմնական արևմտամետ քաղաքական ուժերի՝ Ազատ դեմոկրատների և Հանրապետական կուսակցության ընտրարշավի ձախողումը, որոնց ներկայացուցիչները 2012-ից գլխավորում էին Վրաստանի արտաքին և պաշտպանական քաղաքական ուղղությունները։ Այս փաստը մասնագետները բացատրում են ընտրողների ցածր ակտիվությամբ, ինչի պատճառով ձայների մեծամասնությունը միմյանց միջև կիսեցին «Վրացական երազանքը» և «Միասնական ազգային շարժումը»։ Այս ամենը և ընտրությունների արդյունքները լրջորեն ազդեցին Վրաստանի քաղաքական իրադրության վրա և հանգեցրին դրա վերաձևափոխման։

Այս առնչությամբ հարկ է նշել, որ նախօրեին «Ազատ դեմոկրատներ»-ից հեռացավ նրա հիմնադիրը՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան։ Չհաստատված տեղեկություններով՝ կուսակցությունից հեռացավ ևս չորս բարձրաստիճան ղեկավար։ Լուրեր էին պտտվում, թե քաղաքականությունից կարող է հեռանալ էլի մեկ ընդդիմադիր գործիչ՝ հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն։ Բացի այդ, Հանրապետականնների կուսակցությունից հեռացավ նրա նախկին նախագահը և առաջնորդներից մեկը՝ Դավիթ Ուսուպաշվիլին։ Նրան հետևեց նրա տիկինը՝ Թինաթին Խիդաշելին։

Այսպիսով, խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայեցին, որ նվազագույն թվով կուսակցություններ են մտել խորհրդարան, ինչպես եղել է 1995, 1999 և 2003/2004թթ., երբ ընտրաշեմը հաղթահարել էր 3 քաղաքական ուժ։ Եթե անցած ընտրությունների ժամանակ այս ամենը նշանակություն չուներ, ապա 2016թ. ընտրություններն անցկացվում էին արդեն Վրաստանի փոփոխված Սահմանադրության պայմաններում, որի համաձայն՝ երկիրը խորհրդարանական հանրապետություն է հանդիսանում։ Բայց ավելացնենք նաև, որ «Վրացական երազանքի» նախընտրական խոստումների համաձայն՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով։

Զուգահեռներ անցկացնելով՝ կարելի է ասել, որ 2016թ. ընտրությունների ժամանակ գրեթե կրկնվեցին 2008թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները, երբ այդ պահին կառավարող «Միասնական ազգային շարժումը» ստացավ 120 տեղ 150-ից՝ իր համար ապահովելով սահմանադրական մեծամասնությունը (այն ժամանակ խորհրդարան էր մտել ևս 3 քաղաքական ուժ)։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր