• am
  • ru
  • en
Версия для печати
16.09.2016

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)

Руский

   


Ջոնի Մելիքյան

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Վրաստանի արտաքին քաղաքական իրադարձությունները հուլիսին կարելի է համարել խիստ կարևոր հարավկովկասյան այս երկրի միջազգային հարաբերությունների առումով։ Ընդ որում՝ սա կարելի է ասել Վրաստանի արտաքին քաղաքականության բոլոր հիմնական ուղղությունների (եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման, պաշտոնական Թբիլիսիի հիմնական դաշնակից ԱՄՆ-ի հետ ռազմավարական փոխհարաբերությունների և վրաց-թուրքական հարաբերությունների) վերաբերյալ։ Վրաստանի ղեկավարության արտասահմանյան այցելությունների շարքում հարկ է նշել վրացական պատվիրակության մասնակցությունը ՆԱՏՕ Վարշավայի գագաթաժողովին՝ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու գլխավորությամբ (հուլիսի 8-9), ինչպես նաև նրա պաշտոնական այցը Սլովենիա (հուլիսի 18-19). սա վրացական պետության ղեկավարի առաջին այցելությունն էր անկախ Վրաստանի պատմության մեջ։ Հուլիսի 19-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով մեկնեց Անկարա՝ դառնալով առաջին օտարերկրյա կառավարական պատվիրակության ղեկավարը, որն այցելել է Թուրքիա չհաջողված ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Հուլիսը նշանավորվեց նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Թբիլիսի կատարած այցելությամբ (հուլիսի 6)։

Վրաստան-Թուրքիա. Հուլիսը կարևոր էր վրաց-թուրքական փոխհարաբերությունների և նրանց ռազմավարական համագործակցության հետագա խորացման համար։ Ամսվա կեսը հատկանշվեց նրանով, որ Թուրքիայում բարձրաստիճան զինվորականների կողմից պետական հեղաշրջման փորձի (հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը) մասին ստացված լուրը տագնապով ընդունվեց հարևան Վրաստանում։

Անկարայի իրադարձությունների մասին լուրն առնելուց անմիջապես հետո տեղի ունեցավ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, իսկ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին դատապարտեցին ռազմական հեղաշրջման փորձը և աջակցություն հայտնեցին երկրի դեմոկրատական ճանապարհով ընտրված ղեկավարությանը։ Վրաստանի արտգործնախարարությունը նաև հայտարարություն տարածեց, որում մտահոգություն էր հայտնվում Թուրքիայում իրավիճակի հետ կապված, ինչպես նաև վրաց քաղաքացիներին կոչ էր արվում «հանգստություն պահպանել և չխառնվել տեղի ունեցող դեպքերին»։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, Վրաստանի ԱԱԽ որոշմամբ, «երկրի քաղաքացների անվտանգության նպատակներով», ուժեղացվել էր պետական սահմանների հսկողությունը, մտցվել էին սահմանափակումներ Թուրքաիայի հետ Վրաստանի սահմանային անցակետերում. Թուրքիայի տարածք մտնելը թույլատրվում էր միայն թուրք քաղաքացիներին։ Արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 16-ին, Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն, բոլոր սահմանափակումները հանվեցին։

Երկու օր անց՝ հուլիսի 18-ին, Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը տեղեկացրեց թուրք գործընկերոջ՝ Բինալի Յըլդըրըմի հետ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում վրաց վարչապետը հերթական անգամ պաշտոնական Թբիլիսիի աջակցությունն էր հայտնել Թուրքիայի դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարությանը։ Հայտարարվեց նաև Վրաստանի վարչապետի Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի մասին, որի շրջանակներում նախատեսվում էր անցկացնել Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը՝ բարձր մակարդակով։

Վեց նախարարից բաղկացած վրացական կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Գ.Կվիրիկաշվիլու գլխավորությամբ, հուլիսի 19-ին մեկնեց Թուրքիա՝ դառնալով առաջին օտարերկրյա պատվիրակությունը, որը ռազմական հեղաշրջման փորձից հետո պաշտոնապես այցելեց Թուրքիայի Հանրապետություն։ Վրացական պատվիրակության (պատվիրակության մեջ էին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին, արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան, պատժի կատարման հարցերի նախարար Կախա Կախիշվիլին, մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն, շրջակա միջավայրի պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին, ինչպես նաև արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Վրացական երազանքի» պատգամավոր Թեդո Ջափարիձեն) օրակարգում նախատեսված էին հանդիպումներ թուրքական կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ։

Այցի ընթացքում տեղի ունեցավ նաև վրաց-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին՝ հիմնադիր նիստը, որի ստեղծման գաղափարը հնչեցվել էր ս.թ. փետրվարին երկու երկրների վարչապետների կողմից, Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Հետագայում միջպետական հարաբերությունների նման ձևաչափ ստեղծելու ցանկություն էր հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն 2016թ. փետրվարի 17-19-ին Վրաստան կատարած առաջին այցելության ընթացքում։

Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվությամբ1՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները «քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր»։ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծումը «Վրաստանի և Թուրքիայի միջև հատուկ հարաբերությունների ևս մեկ հստակ արտահայտությունն է», և հույս է հայտնել, որ Անկարայում տեղի ունեցած հանդիպումները «լրացուցիչ խթան կհաղորդեն» երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացմանը։ Թուրքիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, թե Գեորգի Կվիրիկաշվիլու այցն այն պոտենցիալի ցուցիչն է, որը կա երկու երկրների հարաբերություններում, և շնորհակալություն է հայտնել վրաց պաշտոնակցին Թուրքիային և թուրք ժողովրդին աջակցության համար։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցությունը «նպաստում է տարածաշրջանային կայունությանը»։

Բանակցությունների արդյունքների հիման վրա Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների ղեկավարները և անդամները ստորագրեցին վեց փաստաթուղթ. բարձր մակարդակով Ռազմավարական համագործակցության խորհրդի կազմավորման մասին համաձայնագիր, պայմանագիր երկաթուղով ուղևորա- և բեռնափոխադրումների զարգացման մասին, պայմանագիր աշխատանքի ոլորտում համագործակցության մասին, պայմանագիր սոցիալական պաշտպանության մասին, պայմանագիր ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին և պայմանագիր պատիժների կատարման ոլորտում համագործակցության մասին։ Ըստ Թուրքիայի վարչապետ Բ.Յըլդըրըմի՝ ստորագրված համաձայնագրերը վրաց-թուրքական հարաբերությունները «մեկ աստիճանով վեր են բարձրացրել»։

Ռազմավարական գործընկերության խորհրդի գործունեությունն սկսելու մասին համատեղ հայտարարությունում Թուրքիան և Վրաստանը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնել ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Շատ կարևոր է, որ չնայած տեղեկատվության բացակայությանը, տեղի է ունեցել նաև վարչապետ Կվիրիկաշվիլու չնախատեսված հանդիպումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը «շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին Թուրքիային ցուցաբերած ամուր աջակցության համար և գոհունակություն է հայտնել այցի արդյունավետության հետ կապված»։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ «խոսակցությունը վերաբերել է երկու երկրների ռազմավարական գործընկերության հարցերին և Վրաստանի ու Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության խորհրդի հիմնադրման կարևորությանը, կողմերը հայտարարել են նաև այցի ընթացքում ձեռք բերված համաձայնագրերի՝ ժամանակին ուժի մեջ մտնելու անհրաժեշտության մասին։

Վրաստան-ԱՄՆ. Վրաց-ամերիկյան հարաբերությունների կարևոր իրադարձություն դարձավ հուլիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցելությունը Վրաստան, որը հանդիպեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու, ինչպես նաև ընդդիմադիր (Միասնական ազգային շարժում և Ազատ դեմոկրատներ) կուսակցությունների առաջնորդների, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների հետ։

Այցի նախօրեին՝ հունիսի 21-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ Դեմոկրատիայի և լավ կառավարման հարցերի գծով աշխատանքային խմբի 9-րդ նիստը, որը գործում է «ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում։ Ամերիկյան պատվիրակությունը, որի կազմի մեջ էին պետդեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության (USAID) և արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ընդգծեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների և բռնությունից զերծ ընտրարշավի, ինչպես նաև «ԶԼՄ ազատության և դրանց բազմազանության» նշանակությունը։ Մինչև ԱՄՆ և Վրաստանի աշխատանքային խմբի նիստը՝ հունիսի 20-ին, ԱՄՆ պատվիրակությունը հանդիպել էր Վրաստանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Նշված հանդիպումների շրջանակներում քննարկվել են նաև հարցեր՝ կապված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Վրաստան կատարելիք այցի ամսաթվի հետ։

Եվ այսպես, հուլիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղարը ժամանեց Վրաստան։ Այցի շրջանակներում ամերիկյան դիվանագիտության ղեկավարին ընդունեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որն իր խորհրդականների և ամերիկյան պատվիրակության անդամների ներկայությամբ վրաց ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ պետքարտուղարին այցելության և «Վրաստանի ու նրա դեմոկրատական զարգացմանն աջակցության համար»։

Ջոն Քերին Վրաստանի վարչապետի հետ միասին համանախագահեց ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում գործող հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվեցին այն բոլոր գերակա ոլորտները, որոնք արտացոլված են 2009թ. ստորագրված խարտիայում, ներառյալ՝ պաշտպանության և անվտանգության, դեմոկրատիայի, առևտրի և էներգետիկայի հարցերը, ինչպես նաև հարաբերությունները ժողովուրդների միջև և մշակութային փոխանակումը։

Կարևոր էր նաև հուլիսի 6-ին Վրաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի ստորագրած հուշագիրը երկու երկրների միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին։ Հուշագրի շրջանակներում ԱՄՆ-ը կրկին օգնություն է ցուցաբերելու Վրաստանին մի շարք ուղղություններով՝ սկսած պաշտպանական բնույթի գնումներից մինչև տեղեկատվության լայն փոխանակումը։

Պետդեպարտամենտի տեղեկատվությամբ2՝ ԱՄՆ-ը և Վրաստանը ծրագրում են ընդլայնել տեղեկատվության փոխանակումը մի շարք միջոցառումների օգնությամբ, որոնց թվում են՝ այն համակարգերի պահպանումը, որոնք օժանդակում են «թշնամական գործողությունների կամ ԱՄՆ-ի և Վրաստանի, կամ Վրաստանի անվտանգության և տարածաշրջանային կայունության հանդեպ կոնկրետ սպառնալիքների, մասին» տեղեկատվության փոխանակմանը; համագործակցությունը նման սպառնալիքների վերլուծման գործում; սպառնալիքների համատեղ գնահատումը, ինչն ընդգրկում է նաև Վրաստանի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները, ակտիվները, անձնակազմը; տեխնոլոգիական հնարավորությունների բարելավումը, ինչը կապահովի տեղեկատվության փոխանակման անվտանգությունն ու պաշտպանությունը; ռազմավարական հաղորդակցության ընդլայնումը՝ «ավելի լավ հաղթահարելու համար այն սպառնալիքները, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը»։

Մեկնաբանելով այս փաստաթուղթը՝ Ջոն Քերին ասել է, որ հուշագիրը նշում է «գործընկերությունն անվտանգության ոլորտում և Վրաստանի պաշտպանական հնարավորությունների ճկունության ուժեղացմանն ուղղված քայլերը», այն «նպաստելու է պաշտպանական վերազինմանը՝ վրացական ուժերի համատեղելիության, ամրության և տեղակայման բարելավման նպատակով», որպեսզի նրանք «կարողանան աշխատել և համագործակցել ՆԱՏՕ այլ ուժերի հետ» (օպերատիվ և տակտիկական անձնակազմի փոխանակում, կրթություն, վարժանքներ և համատեղ ու կոմբինացված զորավարժությունների անցկացում)։

Վարչապետ Կվիրիկաշվիլին նշել է, որ այս համաձայնագիրը «շրջանակներ է ստեղծում նոր համագործակցության համար, որն ուղղված է Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը, և որը Վրաստանին նոր հնարավորություններ է ընձեռում պաշտպանական զենք և սպառազինություն ձեռք բերելու համար, ինչը թույլ կտա Վրաստանին ավելի մեծ ուշադրություն դարձնել պաշտպանունակության ամրապնդմանը»։ Ըստ նրա՝ «պետքարտուղարի այցը կոնկրետ արդյունքներ է բերել երկկողմանի համագործակցության ոլորտում»։

Ամփոփելով արդյունքները՝ կարելի է նշել, որ ԱՄՆ պետքարտուղարի Վրաստան այցելության գլխավոր ուղերձները հետևյալն են. 1. աջակցություն պաշտոնական Թբիլիսիին եվրատլանտյան նպատակներն իրագործելու ճանապարհին, ՆԱՏՕ վարշավյան գագաթաժողովի նախաշեմին, 2. հետաքրքրվածություն Վրաստանում ընտրությունների դեմոկրատական արդյունքներով՝ որպես վրացական դեմոկրատիայի և Վրաստանի եվրոպական ու եվրատլանտյան նկրտումների վրա ազդեցության «լակմուսի թուղթ», 3. աջակցություն Վրաստանի պաշտպանական հնարավորությունների բարելավման և նրա տնտեսական բարեփոխումների գործում, 4. աջակցություն տնտեսական բարեփոխումների իրականացման գործում (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ծրագրում է իրականացնել $15 մլն-ի հնգամյա տնտեսական ծրագիր, որի նպատակն է օգնության ցուցաբերումը վրաց գործարարներին և ֆերմերներին)։

Շարունակելով ռազմական համագործակցության թեման՝ հարկ է նշել Պաշտպանության և անվտանգության գծով աշխատող խմբի՝ հուլիսի 18-19-ին Վաշինգտոնում կայացած աշխատանքային հանդիպումը ԱՄՆ և Վրաստանի ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում, որտեղ քննարկվեցին ծրագրի իրականացման պլանի մշակման կոնկրետ հարցեր։ Նախատեսվում է, որ պլանի վրա աշխատանքը կսկսվի սեպտեմբերին, երբ Վրաստան կայցելի ամերիկյան փորձագետների մի խումբ, իսկ դրա իրագործումը կսկսվի 2017-ից։

Վերը նշված բոլոր հանդիպումները և պայմանավորվածություններն իրենց հերթին վկայում են Վրաստանի հանդեպ Սպիտակ տան քաղաքականության վերանայում. այդ քաղաքականությունը սառել էր Բարաք Օբամայի նախագահության շրջանում (ավելի վաղ նման այցով Վրաստանում եղել էր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, բայց 2012թ.)։ Նշված պայմանավորվածությունների լիարժեք իրագործումն ապագայում, ԱՄՆ նոր նախագահի օրոք, կարող է ակտիվություն մտցնել Վրաստան-ԱՄՆ շփումներում, իսկ ավելի լայն իմաստով՝ հնարավոր է Վաշինգտոնի վերադարձ Հարավային Կովկաս տարածաշրջանը Սպիտակ տան նոր ղեկավարության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների ցուցակում ներառելու միջոցով։

1 Վրաստանի կառավարության կայք, http://gov.ge/index.php?lang_id=GEO&sec_id=435&info_id=56872:

2 ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը, http://www.state.gov/r/pa/prs/ps/2016/07/259364.htm:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր