• am
  • ru
  • en
Версия для печати
26.07.2016

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)

Руский

   


Ջոնի Մելիքյան

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Անցած ամիս տեղի են ունեցել վրացական կառավարության անդամների արդյունավետ այցելություններ՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու գլխավորությամբ, ինչպես նաև Թբիլիսի են այցելել օտարերկրյա պատվիրակություններ, ինչը նոր թափ է հաղորդել Վրաստանի իշխանությունների արտաքին քաղաքական և տնտեսական գործունեությանը։ Առանձին նշենք Վրաստանի ԱԳՆ և էկոնոմիկայի նախարարության համատեղ նախաձեռնության մասին. միջպետական առևտրի զարգացման և արտահանումը խթանելու համար երկրի կառավարությունն անցում է կատարելու արտասահմանյան դեսպանատներում առևտրային կցորդներ նշանակելու պրակտիկային։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն բիզնես-ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որտեղ ներկայացրել է նաև իր գերատեսչության մշակած 2016-2017թթ. տնտեսական դիվանագիտության գործողությունների պլանը։

Վրաստանի արտաքին քաղաքական իմիջի համար կարևոր եղավ Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային գիտության և հետևանքների կառավարման համաշխարհային կոնգրեսի (World Congress on CBRNe Science & Consequence Management) անցկացումը Թբիլիսիում (մայիսի 30-հունիսի 2)։ Կոնգրեսին մասնակցում էին աշխարհի 30 երկրների գիտնականներ, փորձագետներ, պաշտոնական անձինք և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվել են միջուկային և ռադիոլոգիական անվտանգության, զանգվածային ոչնչացման զենքի նյութերի չտարածման հարցեր, կենսապաշտպանվածության և կենսանվտանգության հիմնախնդիրներ, ինչպես նաև քիմիական անվտանգության ասպեկտները։ Թեման խիստ հրատապ է ինչպես Հարավային Կովկասի (որը տարանցիկ տարածաշրջան է հանդիսանում), այնպես էլ Վրաստանի համար, որտեղ միայն 2015թ. օգոստոսից Անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կասեցվել է միջուկային նյութերի ապօրինի շրջանառության չորս փաստ, կալանվել է 19 մարդ։

Վրաստանի արտաքին քաղաքականության առավել կարևոր ուղղությունների, ինչպես նաև նշանակալի արտաքին քաղաքական այցելությունների թվում արժե նշել հետևյալները. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն (հունիսի 2); վրացական կառավարական պատվիրակությունների պաշտոնական այցերը Գերմանիա (հունիսի 15-16) և Շվեյցարիա (հունիսի 27-28)՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու գլխավորությամբ, և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու այցը Բրյուսել (հունիսի 8)։ Բացի այդ, անցած ամիս տեղի է ունեցել Վրաստանի և ԵՄ վիզային ազատականացման գործընթացի արգելակում, ինչն անդրադարձել է երկրի արտաքին քաղաքական վեկտորի վրա և խթանել է վրաց քաղաքական գործիչների և նախարարների շփումներն ու այցելությունները Բրյուսել։

Վրաստան-Չինաստան. Վրաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրատլանտյան վեկտորներին զուգահեռ՝ պոտենցիալ է հավաքում նաև ասիական, մասնավորապես՝ չինական ուղղությունը։ Անցած ամսվա սկզբին ՉԺՀ կառավարական պատվիրակությունը՝ երկրի Պետական խորհրդի վարչապետ Չժան Գաոլիի գլխավորությամբ, առաջին պաշտոնական այցով ժամանեց Վրաստան։ Վրաստանի կառավարության աշխատակազմ կատարած այցի ընթացքում Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին և ՉԺՀ առևտրի փոխնախարար, միջազգային առևտրային բանակցություններում երկիրը ներկայացնող Չժուն Շանը ստորագրեցին համաձայնագիր «Վրաստանի կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին», որի շրջանակներում չինական կողմը պարտավորվեց Վրաստանին հատկացնել անհատույց օգնություն՝ 60 մլն յուանի (մոտ $9,1 մլն) չափով, Վրաստանի բնակչության առողջական վիճակը բարելավելու նպատակով։ Ստորագրվեց նաև փոխըմբռնման հուշագիր Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի և ՉԺՀ առևտրի նախարարության միջև։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ հունիսի 2-ին Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Չժան Գաոլին քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերը, նոր «Մետաքսի ճանապարհի» հնարավորությունները (տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր), ինչպես նաև դիտարկել են Վրաստանի տարանցման պոտենցիալի զարգացման հեռանկարները։ Քաղաքական գործիչները նշել են, որ զարգացումը բարձրացնում է երկու երկրների համագործակցության նշանակությունը։ Հանդիպման ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրը հսկայական նշանակություն է տալիս Չինաստանի հետ գործընկերությանը և բաց է «չինացի ժողովրդի, չինական ներդրումների և նորարարական գաղափարների» համար։

Չինական ներդրումների ներգրավման և առևտրի զարգացման նպատակով, համաձայն Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլու, Չինաստանում և Վրաստանում ստեղծվելու են առևտրային և ներդրումային խորհուրդներ։ Ըստ նրա՝ Վրաստանում համաձայնագրի իրականացնողներն են լինելու էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, իսկ Չինաստանում՝ առևտրի նախարարությունը։ Այցի կարևորությունն ընդգծվում է նաև նրանով, որ ներկայում Վրաստանում և Չինաստանում երկու երկրների միջև ազատ առևտրի շուրջ բանակցություններ են վարվում։ Կողմերի կարծիքով՝ երկխոսությունն անցնում է բավական կառուցողական, նախատեսվում է այն ավարտել գալիք ձմռանը։ Բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա Թբիլիսիում հուլիսին։

Տնտեսական ցուցանիշները նույնպես վկայում են պաշտոնական Թբիլիսիի՝ արտաքին առևտուրը դիվերսիֆիկացնելու փորձի մասին՝ ամրապնդելով դիրքերն Ասիայում առհասարակ և Չինաստանում՝ մասնավորաբար։ ՉԺՀ-ն Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների հնգյակում է։ Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան $225 մլն (արտաքին առևտրային շրջանառության 6,8%-ը)։ Չինաստան են տարվում պղնձի հանքաքար և խտանյութեր, պղնձի ջարդոն, ոգելից խմիչքներ և, առաջին հերթին, վրացական գինի1 (Վրաստանի չորրորդ արտահանական շուկան է Ռուսաստանից, Ուկրաինայից և Ղազախստանից հետո)։

Վրաստան-Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (ԱԱԵԱ) երկրներ. Եվրոպական վեկտորի զարգացման շրջանակում հունիսին կարևոր է եղել Իսլանդիայի արդյունաբերության և առևտրի նախարար Ռագնհեիդուր Էլին Արնադոտիրի (Ragnheiour Elin Arnadottir) այցը Վրաստան։ Նա հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլու հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերը և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (EFTA, Իսլանդիան այս ասոցիացիայի անդամ է) հետ ազատ առևտրի մասին բանակցությունների առաջընթացը։ Նշենք, որ բանակցությունների մեկնարկը տրվել էր 2014թ. նոյեմբերին ասոցիացիայի երկրների նախարարների հանդիպման ժամանակ։ Իսլանդիայից բացի այս ասոցիացիայի անդամ է եվրոպական ևս երեք երկիր, որոնք ԵՄ անդամ չեն՝ Շվեյցարիան, Նորվեգիան և Լիխտենշտեյնը, որոնց բնակչության ընդհանուր թիվը 14 մլն է։

Այսպիսով, արդեն ամսվա վերջին Բեռնում (Շվեյցարիա), EFTA-ի նախարարների հերթական հանդիպման ժամանակ, Վրաստանի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի երկրների էկոնոմիկայի նախարարների կողմից ստորագրվել է Համաձայնագիր EFTA-ի հետ Վրաստանի ազատ առևտրի մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է Դմիտրի Կումսիշվիլու կողմից՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն էր առևտրի ոլորտում, որը Վրաստանը կնքել է Նորվեգիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի հետ։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի բոլոր կողմերի վավերացումից հետո, այն ենթադրում է, որ ցանկացած արդյունաբերական արտադրանք Վրաստանից այս չորս երկրներ կմտնի առանց հավելյալ մաքսահարկերի։ Բացի այդ, վրացական գյուղտնտարտադրանքի նկատմամբ կգործի զրոյական սակագին։ Որոշակի արտադրանքների համար սակագները կրճատվել են գրեթե կրկնակի և հասցվել են նվազագույնի, ինչը շատ կարևոր է այն բանի համար, որպեսզի վրացական արտադրանքը մրցունակ դառնա EFTA շուկայում։

Մեկնաբանելով այցի արդյունքները՝ Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանն արդեն կնքել է Համաձայնագիր խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին (DCFTA) Եվրամիության հետ, այն ազատ առևտուր ունի Թուրքիայի և ԱՊՀ երկրների հետ, գործում է ԱՄՆ-ից, Կանադայից և Ճապոնիայից արտոնյալ արտահանման ռեժիմը, իսկ մինչև տարեվերջ պաշտոնական Թբիլիսին սպասում է Չինաստանի հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքմանը։ «Դա նշանակում է, որ Վրաստանը մոտ ապագայում կունենա ազատ առևտրի մասին համաձայնագրերի ցանց, որը նրան հնարավորություն կտա ապահովել ավելի քան 2 մլրդ սպառողների»,- ասել է Գ.Կվիրիկաշվիլին Բեռնում։

Վրաստան-ԵՄ. Չնայած Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի (VLAP) իրագործման մեջ ձեռք բերված առաջընթացին, ինչպես նաև Եվրախորհրդարանին Եվրահանձնաժողովի ներկայացրած առաջարկությանը Վրաստանի հետ 2016թ. մարտի 9-ից վիզային ռեժիմը հանելու2 մասին, անցած ամիսը, ինչպես և մայիսը, կարելի է համարել բացասական Վրաստանի եվրոպական արտաքին քաղաքական վեկտորի և շտապ անվիզա ռեժիմ ստանալու համար։

Մայիսի սկզբին գերմանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Եվրամիության արդարադատության և ներքին գործերի նախարարները չեն համաձայնի անվիզա ռեժիմ մտցնել Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի հետ, քանի դեռ ուժի մեջ չի մտել այսպես կոչված «զսպման մեխանիզմը» (դրա առկայությամբ ԵՄ անդամ ցանկացած երկիր իրավունք կունենա անհատապես և իր նախաձեռնությամբ գործի դնել անվիզա ռեժիմի կանգնեցման մեխանիզմը)։ Մայիսի 20-ին Բրյուսելում տեղի ունեցած նիստում Եվրամիության անդամ երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարները պայմանավորվեցին, որ Վրաստանի համար վիզային ազատականացման հարցը կդրվի Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի (COREPER) նիստում։ Սակայն, չնայած մայիսի 24-ին սույն հարցը ներառվել էր COREPER–ի նիստի օրակարգում, Եվրամիության անդամ երկրների դեսպաններն այդպես էլ չկարողացան պայմանավորվել այս հարցի շուրջ։

Չնայած եվրոպական առաջնորդների, այդ թվում և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի (մայիսի 31-ին Բորդոյում Վրաստանի վարչապետի հետ հանդիպման արդյունքներով) և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի (հունիսի 8-ին Վրաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքներով) աջակցության վերաբերյալ դրական հավաստիացումներին՝ հունիսի 1-ին և 7-8-ին Բրյուսելի հերթական նիստերում COREPER-ի անդամները նորից չկարողացան ընդունել որոշում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը հանելու վերաբերյալ։ Այնուհետև, Գերմանիան և Եվրամիության մի շարք այլ անդամ երկրներ կանգնեցրին Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման մասին բանաձի ընդունումը, իսկ քվեարկությունը, որը նախատեսված էր հունիսի 10-ին, հանվեց ԵՄ արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդիպման օրակարգից։ DW գործակալության տեղեկատվությամբ՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման դեմ են հանդես եկել Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան և Իտալիան։ Այս քայլի հակառակորդները զգուշանում են, որ վիզաները հանելուց հետո ԵՄ-ում կավելանա Վրաստանից հանցավոր աշխարհի ներկայացուցիչների թիվը։

ԵՄ ամենաազդեցիկ երկրի՝ Գերմանիայի աջակցությունն ստանալու համար Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին հունիսի 15-16-ին իր առաջին պաշտոնական այցն է կատարել ԳԴՀ, որտեղ հանդիպել է կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ։ Սրան զուգահեռ՝ ԵՄ հինգ անդամ պետությունների (Բուլղարիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Ռումինիա) արտաքին և ներքին գործերի նախարարները դիմել են եվրոպական կառույցներին՝ պահանջելով, որպեսզի որքան հնարավոր է արագ սահմանվի անվիզա ռեժիմ Վրաստանի համար։

Այսպիսով, ԵՄ-ի հետ Վրաստանի անվիզա ռեժիմ մտցնելու հարցի հերթական քննարկումը տեղի է ունեցել հունիսի 20-ին, Լյուքսեմբուրգում, ԵՄ արտասահմանյան գործերով խորհրդի նիստում։ Կապված այն բանի հետ, որ արդյունքները դրական էին Վրաստանի համար, պաշտոնական Թբիլիսին գոհունակություն է հայտնել ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների՝ այս հարցում ունեցած դիրքորոշման համար։ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանում Վրաստանի հետ անվիզա ռեժիմի հարցի վերաբերյալ զեկուցող Մարիա Գաբրիելը (Mariya Gabriel) հրապարակել է հաշվետվություն, որում երաշխավորել է հարցին կողմ քվեարկել LIBE (ԵՄ քաղաքացիական ազատությունների հարցերով, արդարադատության և ներքին գործերի կոմիտե) առաջին լսման ժամանակ։ Հանդիպման ադրյունքների վերաբերյալ ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Եվրամիության բոլոր 28 անդամ երկրներն ընդունում են, որ Վրաստանը կատարել է վիզային ռեժիմը հանելուն անհրաժեշտ բոլոր պայմանները, և հավելել է, որ այդ հարցը կդրվի COREPER նիստի օրակարգում։ Ըստ բանակցություններին մոտ կանգնած տեղեկատվական աղբյուրների՝ ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմը կարող է քվեարկության դրվել սեպտեմբերի սկզբին։

1 2016թ. սկզբից ՉԺՀ է արտահանվել ավելի քան 779,4 հազար շիշ, ինչը 58%-ով ավելին է, քան 2015թ. նույն ժամանակամիջոցում։

2 ԵՄ-ի հետ վիզային ազատականացումը Վրաստանի՝ կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտա կարճատև այցելություններ (90-օրյա այցելություն ցանկացած 180 օրվա ընթացքում) կատարել Շենգենյան գոտու տարածք, որն ընդգրկում է ԵՄ 22 անդամ երկիր, ԵՄ ոչ անդամ 4 երկիր և Շենգենյան գոտի մտնելու թեկնածու 4 երկիր։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր