• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԻՐԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ներքին իրավիճակ) 27.09.2016

ԻՐԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ներքին իրավիճակ)

Հրաչյա Հակոբյան
ԵՊՀ մագիստրոս

Ամսվա սկզբին ԻԻՀ նախագահ Հ.Ռոհանիի վարած քաղաքականությունն ընկել էր մի շարք ազդեցիկ հոգևորականների խիստ քննադատության տակ: ԻԻՀ հոգևոր առաջնորդի Խորասան և Թեհրան նահանգների ներկայացուցիչներ Սեյեդ Էլմալհադին և Քազեմ Սադիղին, Բանիմացների խորհրդի անդամ Ահմադ Խաթեմին, աստվածաբան և «Իսլամական հեղափոխություն» ամսագրի տնօրեն Համիդ Ռոհանին հանդես են եկել սուր, ընդհուպ վիրավորական հայտարարություններով: Հոգևորականները Հ.Ռոհանիին հիմնականում մեղադրել են անհեռատես քաղաքականության, «միջուկային համաձայնագրի» անհետևողականության, ԱՄՆ-ի հանդեպ ունեցած «լավ տրամադրվածության» և «արկածախնդրության» մեջ: Նախագահի իրավական գծով տեղակալ Մաջիդ Անսարին այս քննադատությունները որակել է որպես «վիրավորանք» և նշել, որ կառավարությունը հոգևորականների այս հայտարարությունների մասով հայց է պատրաստելու: «Վիրավորանքներին» դեմ են արտահայտվել բարեփոխական ճամբարի մի շարք քաղաքական գործիչներ, մասնավորապես «Հույսի ցուցակի» ղեկավար Մ.Արեֆը սուր հայտարարությամբ կոչ է արել «իսլամական արժեքներին համապատասխան հարգել ուրիշների պատիվը և հետևողականորեն վարույթ տալ միջադեպին»: Բավական սուր հայտարարությամբ հանդես է եկել նաև խորհրդարանի խոսնակ, չափավոր պահպանողական Ալի Լարիջանին՝ այս քննադատությունները որակելով «չմտածված»: Առաջին անգամ չէ, որ Հ.Ռոհանիի ղեկավարած կառավարությունն ընկնում է քննադատությունների ալիքի տակ: Հ.Ռոհանիի վարկանիշային հիմնական առավելությունը, ինչպես նաև քննադատությունների հիմնական աղբյուրը կապված են «միջուկային համաձայնագրի արդյունավետության» հետ: Նախագահի քաղաքականությանն ընդդիմադիր ճամբարը վստահ է, որ միջուկային համաձայնության կետերն Արևմուտքի կողմից չեն կատարվում, և Իրանը տանուլ է տվել այս խնդրում: Մի քանի քաղաքական գործիչների կողմից կասկածի տակ էր դրվել նաև կառավարության ներկայացրած տնտեսական աճի 4.4% ցուցանիշը: Որոշ շրջանակներ էլ կարծում են, թե գոյության դեպքում անգամ այդ աճը չի անդրադարձել քաղաքացիների բարեկեցության բարձրացման վրա: Այս քննադատություններն իրականում չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է մի բան, որ հարցին, թե «ակնհայտ ձեռքբերումներից բացի, ի՞նչ է կորցրել Իրանը միջուկային համաձայնությամբ», ընդդիմադիր կողմը «բարոյական վնասներ», «Արևմուտքի հանդեպ լավ վերաբերմունքի աճ» և նման պատասխանների շրջանակից դուրս այլ պատասխան ուղղակի չի կարող տալ: Տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ քննադատություններին անդրադառնալով՝ իրանցի հայտնի տնտեսագետ, լրագրող, ԻԻՀ 5-րդ նախագահ Մոհամադ Խաթամիի խորհրդական Սեյեդ Լայլազը դրանք որակել է որպես «սուտ և անշնորհակալ գործ»: Ս.Լայլազը բավական դիպուկ նշել է, որ պետք չէ մեծ մասնագետ լինել արտադրության և արտահանման ցուցանիշները համեմատելու համար, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս կառավարության վերջին 3.5 տարվա տնտեսական ձեռքբերումները: Դիտարկելով այդ ցուցանիշները՝ կարծում ենք, բավական է միայն նշել նավթի արդյունահանման և արտահանման ծավալների կրկնապատկումը և վերջին եռամյակի ոչ նավթային ապրանքների արտահանման $142.5 մլրդ արժողությամբ ցուցանիշը, ինչն Իրանի Իսլամական Հանրապետության պատմության ամենաբարձր ցուցանիշն է: Այս ամենի հետ մեկտեղ` ԻԻՀ 11-րդ կառավարության, թերևս, ամենամեծ ձեռքբերումը տնտեսական աճի աննախադեպ կայունացումն է: Ստորև ներկայացված դիագրամում1 ԻԻՀ տնտեսության տարբեր բաժինների վերջին տասնամյակի համեմատությունն է՝ ըստ աճի ցուցանիշի: Հիշեցնենք, որ Հ.Ռոհանիի ղեկավարած կառավարությունն աշխատանքի է անցել 2013թ. հունիսից:

Տնտեսություն, պաշտպանական ձեռքբերումներ: Իրանի տնտեսական ընթացիկ աճը կազմում է 4.4%: Արդյունաբերության ոլորտում տարբեր ընկերությունների հետ ստորագրվել է 82 պայմանագիր: Վերջին տարվա ընթացքում երկիր է այցելել 350 տնտեսական և 160 քաղաքական պատվիրակություն: Պետական ծրագրերի և բյուջեի կազմակերպությունը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ տարեսկզբից (իր.-2016թ.մարտի 20) պետությունը գյուղացիներից 10.151 մլն տոննա հացահատիկ է գնել, ընդհանուր՝ $12 մլրդ արժողությամբ, որից $6.5 մլրդ-ն արդեն վճարվել է: Գյուղատնտեսության այս ոլորտն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 35,9% աճ է գրանցել: Իրանի ներկա տնտեսական գծի հիմնական առաջնահերթություններից է հացահատիկային ոլորտում ինքնաբավության հասնելը: Իրանի Ազգային զարգացման հիմնադրամից տարեկան $3 մլրդ է հատկացվում հացահատիկի ձեռքբերման և պահպանման համար:

ԻԻՀ ինֆլյացիայի ցուցանիշը նվազել է 0.8%-ով՝ 9.5%-ից իջնելով 8.7%-ի: Ինֆլյացիայի նվազեցումը նախագահ Հասան Ռոհանիի նախընտրական հիմնական խոստումներից էր: Նախորդ կառավարության ժամանակ այս ցուցանիշը հասնում էր 44%-ի:

ԻԻՀ արտաքին առևտուրը տարվա առաջին կիսամյակում գրանցել է $3.443 մլրդ դրական սալդո2 (նավթի արտահանումն այս ցուցանիշում չի հաշվվում): Արտահանվել են ընդհանուր $16.308 մլրդ արժողությամբ ապրանքներ, ներմուծումը՝ $12.865 մլրդ: Արտահանման հիմնական ապրանքներից է եղել նավթաքիմիական արտադրանքը, որի արտադրման զարգացումը «դիմադրողական տնտեսական կուրսի» առաջնահերթություններից է և, ելնելով արտահանման արդյունքներից, բավական հաջող իրականացվում է: Իրանն անցած տարի ներմուծման և արտահանման չափերի տարբերության դրական ցուցանիշ էր գրանցել: Նավթաքիմիական արտադրության խթանումն այս տարի ևս ԻԻՀ տնտեսությանն առևտրային դրական ցուցանիշ է խոստանում:

Իրանի մաքսային ծառայությունը ոչնչացրել է 400 տոննա մաքսանենգ ապրանք, ընդհանուր՝ $4,989 մլն արժողությամբ: Հիմնականում ոչնչացվել են պահպանման կարճ ժամկետ ունեցող ապրանքներ՝ օծանելիք, կաթի փոշի, ատամի մածուկներ, հագուստ և այլն: Մաքսանենգության խնդիրը շարունակում է սպառնալ ԻԻՀ տնտեսությանը, համարյա թե միշտ մաքսանենգ ապրանքները մեծ շրջանառություն ունեցող առաջին սպառման ապրանքներ են, ինչը կաթվածահար է անում երկրի շուկան:

Իրանում պաշտպանական արտադրության ձեռքբերումների ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է հակաօդային պաշտպանության իրանական Bavar-373 զենիթահրթիռային համակարգը: Bavar-373 համակարգը նախատեսված է միջին և հեռու տարածությունների վրա աերոդինամիկ թիրախների և բալիստիկ հրթիռների ոչնչացման համար: Այն տեղակայված է Zafar ծանր բեռնատարի վրա, օգտագործվում է Meraj-4 տեսակի ռադարային համակարգ, որը գործում է մինչև 450 կմ հեռավորության վրա: Փորձարկումների հաջող ավարտի դեպքում այն մինչև այս տարվա վերջ կհանձնվի իրանական զինուժի շահագործմանը: ԻԻՀ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ իրանական այս համակարգերը վերջերս ստացված ռուսական С-300 հակաօդային հրթիռների հետ լիովին ապահովելու են ԻԻՀ օդային անվտանգությունը, և երկիրը հակաօդային այլ սպառազինության կարիք այլևս չունի:

Պայքար ահաբեկչության դեմ: Իրանի Քուրդիստան նահանգում «Թոհիդ վա ջիհադ» («միաստվածություն և ջիհադ») խմբավորման ահաբեկիչներ են մահապատժի ենթարկվել: Մի շարք ծանր հանցագործությունների համար 6 տարի տևած դատավարությունն ի վերջո որոշել է կիրառել պատժի առավելագույն տեսակը: Ամսվա սկզբին ԻԻՀ հետախուզության նախարարությունը հայտարարություն էր տարածել նշված խմբի 102 անդամի ձերբակալման մասին, ավելի ուշ ինքնակամ ևս 17 հոգի է հանձնվել: ճգնաժամային իրավիճակն Իրաքում այս նահանգում ծայրահեղական խմբերի ի հայտ գալու հիմնական պատճառն է: Իրանն ահաբեկչական խմբավորումների հետապնդումների գործում բազմիցս գործողություններ է իրականացրել նաև Իրաքյան Քուրդիստանի տարածքում, իսկ անվտանգության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանին վերջերս զգուշացրել է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարար և Քրդական դեմոկրատական կուսակցության անդամ Քարիմ Սանջարիին, որ սահմանային անվտանգությունն ԻԻՀ գլխավոր առաջնահերթությունն է, և անհանգստություն է հայտնել, որ Իրան ներթափանցող ահաբեկչական խմբավորումներն աջակցություն են ստանում տարածաշրջանային հատուկ ծառայությունների կողմից: Ա.Շամխանին հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ նշել է, որ Իրանը Քուրդիստանի ինքնավարությունը ճանաչում է բացառապես Իրաքի կազմում: Այս հայտարարությունն, ըստ ամենայնի, նպատակ ունի զգուշացնելու, որ Իրանն անհրաժեշտության դեպքում սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու համար շարունակելու է գործողություններ ծավալել Իրաքի տարածքում ևս:

Սոցիալական: Թեհրանի Hamshahri թերթի տվյալներով՝ Իրանում ակտիվ քննարկումներ են ընթանում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության մրցույթի պայմանների փոփոխման համար: Իրանում բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների 50%-ը ներկայում գործազուրկ է: Խորհրդարանի խոսնակ Ա.Լարիջանին առաջարկել է փոփոխել ընդունելության մրցույթի ձևաչափը՝ ավելի դժվարացնելով և վերածելով այն ուղղորդված մասնագիտությունների ընտրության, ինչը թույլ կտա նվազեցնել այս ցուցանիշը: ԻԻՀ կրթության և գիտության նախարար Ալի Ասղար Ֆանին ևս կողմ է արտահայտվել ընդունելության ձևաչափի անհապաղ փոփոխությանը և հույս հայտնել, որ իսլամական խորհրդարանը կօգնի այս խնդրի կարգավորման հարցում:

Իրանում կրկին օրակարգային է անօթևանության բարձր ցուցանիշը: Սպորտի և երիտասարդության նախարարությունը տվյալներ է ներկայացրել, ըստ որոնց՝ երկրում 11 մլն անօթևան կա, որոնցից 3 մլն-ը երիտասարդներ են: Այս խնդիրը կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ: Երկրի բնակչությունը 1981թ. 40 մլն-ից այսօր կրկնապատկվել է՝ հասնելով 80 մլն-ի: Այս խնդիրը իրանական կառավարությունը, բնակչության աճի հետ մեկտեղ, իրավացիորեն կապում է երկրում ուրբանիզացիայի ահագնացող չափերի հետ: Վերը նշված նույն ժամանակահատվածում Իրանի քաղաքների բնակչությունը հնգապատկվել է: Թեհրանի քաղաքապետարանի ներկայացրած տվյալներով՝ մայրաքաղաքը բնական աճի բացասական ցուցանիշ ունի, սակայն երկրի այլ շրջաններից բնակչության 4.7% աճ է ապահովում, ինչի արդյունքում բուն քաղաքի շուրջը բազմամիլիոնանոց քաղաքներ են ձևավորվել: Հեշտ վաստակի փնտրտուքով շատ իրանցիներ ուղղվում են Թեհրան և այլ մեծ քաղաքներ, ինչն էլ հանգեցրել է այս վիճակին: Բարեկեցության նախարարությունը նշում է, որ այդ մարդկանց բարեկեցության ապահովման համար քաղաքներից շատերում այլևս անհնար կամ ոչ նպատակահարմար է գործարանների կառուցումը, իսկ նրանց նախնական բնակության վայրեր վերադարձը՝ քիչ հավանական: Ազգային զարգացման հիմնադրամը, Սպորտի և երիտասարդության նախարարությունը, նպատակ հետապնդելով կանխել այս ցուցանիշի հետագա զարգացումը, մի շարք ծրագրեր են իրականացնում իրենց բնակության վայրերում հատկապես երիտասարդների զբաղվածության ապահովման ուղղությամբ:

1 Տվյալները վերցված են Իրանում լույս տեսնող Donyaye Eghtesad (Տնտեսության աշխարհ) ամսագրից:

2 Բացատրությունը տե՛ս http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14719


Возврат к списку



 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре