• am
  • ru
  • en
Версия для печати
22.09.2016

ԻՐԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (ներքին իրավիճակ)

   

Հրաչյա Հակոբյան
ԵՊՀ մագիստրոս

2017թ. ԻԻՀ 12-րդ նախագահական ընտրություններն անցկացնելու օրերի հետ կապված՝ Իրանում թեժացել են հնարավոր թեկնածուների մասին խոսակցությունները: Օրակարգային է, թե արդյոք նախկին նախագահ Մ.Ահմադինեժադը մասնակցելու է ընտրություններինմ և մասնակցության դեպքում պահպանողական թևն աջակցելո՞ւ է վերջինի ընտրապայքարին: Այս հարցին պահպանողական թևի մի շարք ներկայացուցիչներ տվել են «միանշանակ ոչ» պատասխանը և համարել, որ նախկին նախագահն իր ներուժը պահպանողական քաղաքական ճամբարում սպառել է, և նրա վերադարձը «մեծ քաղաքականություն» հնարավոր է միայն ինքնաառաջադրմամբ կամ այլ թեկնածուի սատարմամբ: Ելնելով վերջին շրջանում նախկին նախագահի ծավալած ակտիվ քաղաքական շրջայցերից՝ կարելի է ենթադրել, որ Մ.Ահմադինեժադը դժվար թե այլ թեկնածուի սատարման գնա: Պահպանողական թևի այս հայտարարությունները, իհարկե, դեռ չեն խոսում իրական որոշման մասին, մանավանդ, երբ հակառակ՝ բարեփոխիչ ճամբարում կան նաև հզոր քաղաքական անհատներ (Հ.Ռոհանի, Մ.Արեֆ), ինչը հիմնաքարային գործոն է նախագահական ընտրություններում: Անդրադառնալով բարեփոխիչ-չափավորական «Հույսի ճամբարին»՝ պետք է նշել, որ նրանց կարծես թե հաստատուն դիրքերը ևս խարխլվել են. քննադատությունների ալիքն այս դեպքում կապված է «միջուկային համաձայնագրի խոստացված աննախադեպ առաջընթացի բացակայության հետ»: Բարեփոխիչների ճամբարին մեղադրում են աշխատաշուկայի չփոփոխված ճգնաժամի և «միջուկային համաձայնագրի» կետերի չիրականացման մեջ: Գնահատելով քաղաքական ճամբարների առկա հնարավորությունները՝ նշենք, որ այնուամենայնիվ, գործող նախագահին սատարող բարեփոխիչների ճամբարը «ժողովրդական հաստատման» տեսանկյունից ներկայումս ակնհայտ առավելություն ունի պահպանողականների հանդեպ:

Նշանակումներ: ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ա.Խամենեին հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադիի փոխարեն ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին, նրա տեղակալ է նշանակվել գեներալ Ա.Մուսավին, իսկ ԻՀՊԿ հրամանատարներից բրիգադային գեներալ Ա.Աբդոլահին նշանակվել է շտաբի մարտական գծով տեղակալ: Ռազմական բարձրաստիճան այս պաշտոնների փոփոխությունն, ըստ ամենայնի, կապված է վերջին շրջանում սահմանային ահաբեկչությունների թվի աճի հետ և նպատակ ունի զարգացնել երկրի սահմանային անվտանգությունը, որը կկանխի սահմանակից ճգնաժամային վիճակի մեջ գտնվող մի շարք շրջաններից տարատեսակ զինված խմբավորումների և անջատողական խմբերի ներթափանցումն Իրանի տարածք:

Այաթոլա Ա.Խամենեին 6 տարի ժամկետով Սահմանադրության պահապանների խորհրդի1 անդամներ է նշանակել Ահմադ Ջաննաթիին, Մահդի Շաբզանդեդարին և Մոհամադ-Ռեզա Յազդիին: Այստեղ հետաքրքրական է Ա.Ջաննաթիի նշանակումը, որը վերջերս էր ընտրվել Բանիմացների խորհրդի նախագահ: Ա.Ջաննաթին այաթոլա Ա.Խամենեիի բացառիկ մտերիմ մարդկանցից մեկն է, Իրանում շատ ազդեցիկ հոգևորական և, անշուշտ, ազդեցություն է ունենալու ԻԻՀ հաջորդ հոգևոր առաջնորդի ընտրության խնդրում2։

Փարվանեհ Սալահշուրին ձայների մեծամասնությամբ ընտրվել է ԻԻՀ խորհրդարանի կանանց խմբակցության ղեկավար: Խմբակցության ղեկավարի առաջին և երկրորդ տեղակալներ են ընտրվել Թայեբեհ Սիավաշին և Նահիդ Թաժեդինը համապատասխանաբար: Կին պատգամավորների խմբակցությունը ձևավորվել է խորհրդարանում «կանանց և ընտանիքի գործերի պաշտպանության» համար: Փետրվարին և ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների երկու փուլերում ընտրվել էր 17 կին պատգամավոր, ինչն աննախադեպ է, որոնք էլ կազմել են այս խմբակցությունը:

Միջադեպեր: Հունիսի վերջին Իրանի հոգևոր առաջնորդ Ա.Խամենեիի հրահանգով կառավարությունը սկսել էր բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային եկամուտների ստուգումները, որոնց արդյունքում հուլիսի 1-ին նախագահ Հ.Ռոհանիի ցուցումով տնտեսության և ֆինանսների նախարար Ա.Թայեբնիան զբաղեցրած պաշտոններից հեռացրել է պետական 4 խոշոր բանկերի՝ Refah Kargaran, Mellat, Saderat և Qarzol-Hasane Mehr-ի կառավարիչներին: Mellat բանկի3 կառավարիչ Ալի Ռասթգարը ձերբակալվել է: Վերջինը հայտարարել էր, որ իրեն անհիմն են ազատել պաշտոնից, սակայն հաստատված փաստաթղթեր են ի հայտ եկել, ըստ որոնց՝ Ա.Ռասթգարը $11 հազ. աշխատավարձ է ստացել, ավելին՝ տարեկան մոտ $120 հազ. անհայտ գումարներ է ստացել արևմտյան ընկերություններից: Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ պետական այս բանկերի կառավարիչներն իրենց $10-18 հազ. աշխատավարձ էին սահմանել: Սա՝ այն դեպքում, երբ երկրում միայն Թեհրանում է միջին աշխատավարձը $550-600, մնացած տեղերում այս ցուցանիշը $300-$400 է: Նույն ստուգումների շրջանակում կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել պաշտոնանկ անել Զարգացման ազգային հիմնադրամի նախագահ Ս.Հոսեյնիին և խորհրդի բոլոր 5 անդամներին: Զարգացման ազգային հիմնադրամը ստեղծվել է 2001թ՝, որպես Նավթի կայունացման հիմնադրամի օժանդակ կառույց: 2010-2015թթ. համար ընդունված հնգամյա տնտեսական պլանի համաձայն՝ նրա գործառույթն է նավթահումքի և գազային կոնդենսատի վաճառքից ստացված եկամուտները վերածել արդյունավետ ներդրումների: Ըստ ամենայնի, իրանցի այս պաշտոնյաներն «արդյունավետ ներդրում» էին համարել նաև սեփական բարեկեցությունը, քանի որ Fars News Agency-ի տվյալներով՝ միայն Զարգացման ազգային հիմնադրամի արդեն նախկին նախագահ Ս.Հոսեյնիի աշխատավարձը կազմել էր ամսական $16,4 հազ.:

Իրանի ահաբեկչության բարձր ռիսկայնության հարավարևելյան և հյուսիսարևմտյան գոտիներում հուլիսին ևս գրանցվել են միջադեպեր: Սիստան և Բելուջիստան նահանգում` Իրան-Պակիստան սահմանին, ահաբեկչական Jaish al-adal («արդարության բանակ») խմբավորման հետ բախման արդյունքում զոհվել է Իրանի սահմանապահ զորքերի 4 զինծառայող: Նահանգի Խաշ քաղաքում հայտնաբերվել է ստորգետնյա թունել, որով ահաբեկիչները ծրագրել են պայթեցնել իրանական 2 ռազմական հաստատություն, ահաբեկչության հետ կապի մեղադրանքով ձերբակալվել է 40 հոգի: Հունիսին այս խմբավորման և ոստիկանական զորքերի բախման արդյունքում սպանվել էին 5 ահաբեկիչ և 1 ոստիկան: Ամենայն հավանականությամբ, այս ամենը կապված է նշված բախման հետ և կազմակերպվել է որպես «պատասխան գործողություն»:

Իրաքին սահմանակից մեկ այլ՝ Քերմանշահ նահանգում հարձակում է իրականացվել իրանական կառավարական մեքենայի վրա, ինչի արդյունքում 2 պաշտոնյա է զոհվել: Մեքենայի մեջ է եղել նաև խորհրդարանի պատգամավոր Հ.Ֆալահաթփիշեն, որը չի վնասվել: Հարձակումը որակվել է որպես ահաբեկչություն: Իրանի մի շարք պաշտոնական աղբյուրներ հարձակման մեջ մեղադրում են Իրաքին սահմանակից նահանգներում գործող PJAK (Party of Free Life of Kurdistan) քրդական ահաբեկչական կառույցին, որը հայտնի է բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների դեմ կազմակերպված մի շարք հարձակումներով:

Պարսից ծոցի հյուսիսային ափի Հորմոզգան նավահանգստում առգրավվել է Իրանում 1979թ. իսլամական հեղափոխությունից ի վեր ամենամեծ ծավալի մաքսանենգ ապրանքը՝ 210 կոնտեյներ, ընդհանուր $61.415 մլն արժողությամբ: Մաքսանենգ կոնտեյներները հիմնականում լցված են եղել կենցաղային տեխնիկայով և ավտոպահեստամասերով: Մաքսանենգությունն Իրանի տնտեսությանն ահռելի վնասներ է հասցնում, քանի որ ուղղակի վերացնում է տեղի արտադրության ապրանքների մրցունակությունը շուկայում՝ այդպիսով խախտելով երկրի ներքին առևտրաշրջանառության համաչափությունը: Մաքսանենգ ապրանքները խթանում են նաև գործազրկության աճը, տարբեր տվյալներով՝ ներմուծված ամեն $1 մլրդ-ի մաքսանենգ ապրանքի դիմաց երկիրը կորցնում է մոտավորապես 100 հազ. աշխատատեղ, իսկ Իրանի խորհրդարանի խոսնակ Ա.Լարիջանիի՝ մայիսին ներկայացրած տվյալների համաձայն՝ մաքսանենգ ապրանքների ծավալը տարեկան $20 մլրդ-ի է հասնում:

Նավթարդյունաբերություն: ՕՊԵԿ-ը հրապարակել է արտահանման զամբյուղի ընդհանուր գինը, որը կազմում է $46.27: Այս զամբյուղի մեջ է մտնում նաև իրանական Iran Heavy տեսակի նավթը: Սա իրանական նավթի գնի աննախադեպ աճ է, անցած տարի գինը մեկ բարելի համար $34.5 էր: Սպահանում գործարկված նոր նավթավերամշակման համալիրի հետ բենզինի արտադրությունը ևս հասել է աննախադեպ ցուցանիշի. երկրում օրական 25 մլն լիտր Euro-4 ստանդարտի բենզին է արտադրվում: Նավթավերամշակման գործարաններ են կառուցվում մի շարք նահանգներում, վերազինվում են հները: Ներկայիս տնտեսական պլանով նավթավերամշակման ծավալը 2020թ. ծրագրվում է առկա օրական 1,85 մլն բարելից հասցնել օրական 3.2 մլն բարելի:

Իրանի նավթի արտահանումը հասել է օրական 2 մլն 100 հազ. բարելի, ընդ որում՝ արտահանման մեծ մասն ուղղված է դեպի ասիական երկրներ, այս ցուցանիշից միայն 600 հազ. բարելն է ուղևորվում Եվրոպա: Հունիսի տվյալներով՝ նավթի արդյունահանման չափն օրական 3.66 մլն բարել է: Նավթի փոխնախարար և Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) նոր տնօրեն Ա.Քարդորի կանխատեսմամբ4 սեպտեմբերին երկիրը կհասնի նախասանկցիոն օրական 4 մլն բարել ցուցանիշին:

1 Սահմանադրության պահապանների խորհուրդը պետական հատուկ մարմին է, որն իրականացնում է սահմանադրական վերահսկման, բարձրաստիճան պաշտոնների (խորհրդարանի պատգամավոր, Բանիմացների խորհրդի անդամ, երկրի նախագահ) հաստատման գործառույթ: Առանց խորհրդի հաստատման խորհրդարանի որոշումներն անվավեր են, այն կարող է չեղարկել խորհրդարանի ընդունած ցանկացած որոշում, եթե համարի, որ դա դեմ է սահմանադրությանը կամ շարիաթին (իսլամական օրենքներին): Պահապանների խորհուրդն ունի 12 անդամ՝ 6 բարձրաստիճան հոգևորական և 6 իրավաբան: Հոգևորականներին նշանակում է ԻԻՀ հոգևոր առաջնորդը, իրավաբաններին ընտրում է խորհրդարանը: Անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով, սակայն 3 տարին մեկ փոփոխվում է երկու խմբերի կազմի կեսը, ինչով էլ պայմանավորված են վերը նշված նշանակումները:

2 77-ամյա հոգևոր առաջնորդ Ա.Խամենեին բավական լուրջ առողջական խնդիրներ ունի: Իրանական փորձագիտական շրջանակներում արդեն նշվում են ԻԻՀ հոգևոր առաջնորդի հնարավոր թեկնածուները (Է.Ռաիսի, Հ.Շահռուդի, Ղ.Էժեի: Միանշանակ է, որ Ա.Խամենեին ներկայում դիտարկում է բոլորի թեկնածությունները և նախքան հեռանալը որոշիչ դերակատարում է ունենալու գալիք հոգևոր առաջնորդի ընտրության մեջ:

3 Mellat բանկը մասնաճյուղ ունի Հայաստանում:

4 Իրանի ազգային նավթային ընկերության նախկին տնօրեն Ռ.Ջավադին ապրիլին (տե՛ս http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14807&sphrase_id=54896) նախատեսել էր, որ հունիսին են հասնելու նավթի արդյունահանման նախասանկցիոն ծավալին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր