• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ 09.12.2013

ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ

«Հայաստանի էներգետիկ շուկայում ռուսական մենաշնորհ կա միայն մասնակիորեն: Ռուսական գազի ոլորտն ամբողջությամբ ռուսական մենաշնորհ է, սակայն էլեկտրաէներգիայի ոլորտը դիվերսիֆիկացված է»,- այս մասին անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում էներգետիկ ոլորտում ձեռք բերված հայ-ռուսական պայմանավորվածություններին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, փորձագետ Սևակ Սարուխանյանը:

Նրա խոսքով, էլեկտրաէներգիայի ոլորտում գործող հզորություններից միայն Հրազդանի 5-րդ էներգաբլոկն է պատկանում ռուսներին, իսկ Սևանի կասկադը դեռ արդիականացված չէ և ներկայում փաստացի չի մտնում Հայաստանի էներգետիկ համակարգի մեջ: Փորձագետի համոզմամբ՝ ռուսական կողմին պատկանող Հրազդանի չորս էներգաբլոկների մասին հիշատակելը անիմաստ է, որովհետև դրանք հնացած հզորություններ են և արտադրում են շատ թանկ էլեկտրաէներգիա:

«Էլեկտրաէներգիայի ոլորտը բավական դիվերսիֆիկացված է, մանավանդ ամերիկացիների կողմից Որոտանի ՀԷԿ-ի գնումից հետո կկարողանանք ասել, որ կա միջազգային ներկայություն: Բավական հզոր Երևանի ՋԷԿ-ը Հայաստանի սեփականությունն է, Հրազդանի 5–րդ էներգաբլոկը՝ ռուսական կողմին է պատկանում, գրեթե նույն հզորության Որոտանի ՀԷԿ-ը արդիականացվելուց հետո կլինի ամերիկյան: Եվ հաշվի առնելով Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հեռանկարները, ապա Իրանն էլ կարող է որոշակիորեն ներգրավվել ՀՀ էներգետիկ համակարգում»,- ասաց Ս. Սարուխանյանը:

Անդրադառնալով ՀՀ կառավարությանը պատկանող «ՀայՌուսգազարդի» 20% մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցելուն՝ փորձագետը նշեց, որ դրանում ո՛չ դրական և ո՛չ էլ բացասական բան չի տեսնում, քանի որ 80% ռուսական մասնաբաժնի դեպքում որոշումների ընդունումը գտնվում էր ռուսական կողմի հայեցողության ներքո:

«Թյուրըմբռնում է ասելը, որ մեր 20%-ը հնարավորություն էր տալիս ներսից ազդեցություն ունենալ, այդ հնարավորությունը տրված չէր: Մյուս կողմից վերջնական սպառողի համար գազի սակագինը սահմանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հանձնաժողովը հայկական պետական հանձնաժողով է, որը, բնականաբար, գործում է առանց ռուսական մասնաբաժնի, բացի դա Հայաստանի կառավարությունն ունի մենաշնորհների վերահսկման գործառույթներ»,- ընդգծեց Ս. Սարուխանյանը:

Պատասխանելով հարցին, թե շատ է խոսվում ռուսական գազը իրանականով փոխելու մասին, արդյոք իրանական գազը կարո՞ղ է այլընտրանք լինել ռուսականին, փորձագետը փաստեց, որ բնական գազի ներմուծման համար իրանական գազը ցանկացած պահի կարող է լինել այլընտրանք, երբ լինի ֆորս-մաժորային իրավիճակ:

«Սակայն 1000 խմ համար 189 ԱՄՆ դոլար ռուսական գազի գնի դեպքում իրանական գազը մրցունակ չէ Հայաստանում: Ավելի թանկ է: Շատ են ասում, որ իրանական գազը կարելի է ավել էժան ձեռք բերել: Նման կերպ կարելի է ասել, որ, օրինակ Վենեսուալայից նավթը կարելի է ավելի էժան ձեռք բերել՝ առանց իմանալու, թե Վենեսուելան նավթը ինչ գնով է վաճառում, ինչ պայմաններով: Իրանական կողմը երբեք հայտարարություն չի արել, որ պատրաստ է առաջարկել ավելի ցածր գին, քան Ռուսաստանն է առաջարկում»,- նշեց նա:

Փորձագետը, սակայն, հավելեց, որ եթե անգամ իրանական կողմից լինի նման առաջարկ, «ՀայՌուսգազարդի» պատկանելիությունը ռուսական կողմին չի նշանակում, որ «ՀայՌուսգազարդը» պետք է մեխանիկորեն մերժի այդ առաջարկը, քանի որ, ըստ նրա, խնդիրը զուտ շուկայական մրցունակության մեջ է:

«Իրանական գազը սահմանի վրա չի կարող վաճառվել 189 ԱՄՆ դոլարից ավելի ցածր գնով, քանի որ այն թանկ է վաճառվում Թուրքիային, ապագայում՝ Պակիստանին և Հնդկաստանին, ինչպես նաև Նախիջևանին»,- ասաց Սևակ Սարուխանյանը:


Возврат к списку



 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре