• am
  • ru
  • en
Версия для печати
29.09.2008

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   

Ռուբեն Սաֆրաստյան

image (original) Օգոստոսյան հնգօրյա պատերազմը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հանգեցրեց Հարավային Կովկասում կարեւոր տեղաշարժերի: Դրանց վերջնական արդյունքի մասին դեռեւս վաղ է խոսել, սակայն արդեն ակնհայտ է հիմնական միտումը` Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերի ուժեղացում տարածաշրջանում: Ցուցաբերելով քաղաքական կամք ու վճռականություն եւ հեշտությամբ հաղթանակ տանելով այդ պատերազմում` Ռուսաստանը վերահաստատեց իր դերակատարումը Հարավային Կովկասում` որպես ուժի գլխավոր կենտրոն, որը նա կորցրել էր անցյալ դարի վերջին տասնամյակի ընթացքում: Նրան ոչ միայն հաջողվեց նպաստել տարածաշրջանում երկու նոր պետության` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի առաջացմանը, այլ նաեւ «օրինականացնել» իր զինված ուժերի տեղակայումը նրանց տարածքում: Վրաստանը, որ Մ.Սահակաշվիլու նախագահության շրջանում դարձել էր Արեւմուտքի, գլխավորապես ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը տարածաշրջանում, ոչ միայն ունեցավ տարածքային անդառնալի կորուստներ, այլեւ կորցրեց իր զինված ուժերի մարտունակությունը, ռազմական ենթակառուցվածքների գործունակությունը:

Հարավային Կովկասի անմիջական հարեւան պետություններից Թուրքիան առաջինն էր, որն արագ կողմնորոշվելով տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական բնույթի փոփոխությունների մեջ` արձագանքեց դրանց: Այդ արձագանքն ի հայտ եկավ Հարավային Կովկասում Կայունության ու համագործակցության պլատֆորմի (ԿՀՊ) ստեղծման վերաբերյալ նախաձեռնության տեսքով: Այդ նախաձեռնության հեղինակն է Արդարություն ու զարգացում կուսակցության կառավարման շրջանի երկրի արտաքին քաղաքական կուրսի գլխավոր ճարտարապետ, Ռ.Թ. Էրդողանի մերձավոր խորհրդական, պրոֆեսոր Ահմետ Դավուդօղլուն, որը համարվում է Թուրքիայի առաջատար աշխարհաքաղաքագետներից եւ ռազմավարներից մեկը: Մասնավորապես, նա հեղինակն է «Թուրքիայի ռազմավարական խորությունը» անվանումը կրող ինքնատիպ աշխարհաքաղաքական հայեցակարգի, որի նպատակն է տեսականորեն հիմնավորել Թուրքիայի շուրջ ազդեցության ոլորտներ ստեղծելուն ուղղված աշխարհառազմավարության անհրաժեշտությունը` այդպիսով վերահաստատելով նրա բացառիկ բարենպաստ աշխարհաքաղաքական դիրքից եւ կայսերական փառահեղ անցյալից բխող առավելություններն իր հարեւան պետությունների նկատմամբ:

Թուրքիայի առաջարկը սկզբնական փուլում նախատեսում էր այդ նոր կառույցի մեջ, բացի երեք հարավկովկասյան պետություններից, Թուրքիայից ու Ռուսաստանից, ընդգրկել նաեւ ԱՄՆ-ին, սակայն հետագայում, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ Մոսկվայում տեղի ունեցած քննարկումների արդյունքում, ընտրվեց 3+2 բանաձեւը` Ադրբեջան, Հայաստան, Վրաստան եւ Ռուսաստան ու Թուրքիա:

Նմանատիպ առաջարկով, հիմնված 3+3 բանաձեւի վրա (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան+Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ) Թուրքիան հանդես էր եկել դեռեւս 1999 թվականին, սակայն ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ը նրան չօժանդակեցին, եւ այդ առաջարկը հետագա ընթացք չունեցավ:

Այս անգամ իրադրությունն այլ է. Թուրքիան ստացել է դրական արձագանք պլատֆորմի բոլոր հավանական մասնակիցներից, բացի Վրաստանից: Վերջինս հրաժարվում է մասնակցել Ռուսաստանի հետ համատեղ որեւիցե նախաձեռնության, քանի դեռ իր տարածքում գտնվում են ռուսական զորքեր, ինչը քաղաքական առումով միանգամայն հասկանալի է: Ուշագրավ է, որ Ադրբեջանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ նմանատիպ առարկություններով պաշտոնապես հանդես չի եկել: Հասկանալի է, որ դա արդյունք է Թուրքիայի ուժեղ ճնշման:

Սակայն աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ ավելի կարեւոր է, որ Թուրքիայի նախաձեռնությանն աջակցում է Ռուսաստանը: Այս հանգամանքը պայմանավորված է, ըստ էության, ԱՄՆ-ին Պլատֆորմի մասնակիցների թվից դուրս թողնելու Թուրքիայի պատրաստակամությամբ: Կարծում ենք, որ Ռուսաստանի դրական մոտեցումը ԿՀՊ-ի նկատմամբ կրում է միայն մարտավարական բնույթ, քանի որ դժվար է պատկերացնել, թե այդ պետության աշխարհառազմավարական հեռանկարը պարունակում է Հարավային Կովկասում մեկ այլ ակտիվ դերակատարի, բացի իրենից: Այս հանգամանքը հնարավորություն է տալիս բնութագրել ԿՀՊ-ի գաղափարը որպես դժվար իրականանալի:

Կարծում ենք, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը, շատ լավ հասկանալով այդ հանգամանքը, այնուամենայնիվ, ակտիվորեն առաջ են տանում ԿՀՊ-ի ստեղծման նախապատրաստական աշխատանքները` նպատակ ունենալով ծառայեցնել այդ գործընթացը իրենց մարտավարական շահերի իրականացմանը: Թուրքիան փորձում է մեկ անգամ եւս հավաստիացնել իր հարեւաններին եւ աշխարհին, որ վարում է ակտիվ ու բազմաբեւեռ աշխարհակարգային ընկալումների վրա հիմնված արտաքին քաղաքականություն, ինչպես դա վայել է աշխարհաքաղաքական առավելություններ ունեցող եւ Օսմանյան կայսրության հետնորդը հանդիսացող պետությանը: Միաժամանակ, ԿՀՊ-ի գործընթացը հնարավորություն է տալիս Թուրքիային «առավելություն» արձանագրել իր տարածաշրջանային ու պատմական մրցակից Իրանի հետ դարեր շարունակ մղվող պայքարում` թուլացնելով նրա դիրքերը Հարավային Կովկասում: Ռուսաստանի նպատակն է ամեն կերպ խոչընդոտել ԱՄՆ-ի ներթափանցմանը Հարավային Կովկաս:

Մեր պարագայում, կարծում ենք, ներգրավվածությունը ԿՀՊ-ի գործընթացի մեջ կբարձրացնի Հայաստանի աշխարհաքաղաքական «արժեքը» տարածաշրջանում: Համապատասխանաբար, աճում է նաեւ Թուրքիայի շահագրգռվածությունը` կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը կհանգեցնի նրա կողմից իրականացվող «հարկադրման» քաղաքականության որոշ մեղմացմանը: Ինչպես հայտնի է, այդ «հարկադրման» քաղաքականության արտահայտումն են Հայաստանին ուղղված երեք նախապայմանները, որոնց կատարումով է Թուրքիան պայմանավորում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը: Ի դեպ, Թուրքիայի նախագահի այցը Երեւան ստեղծեց բարենպաստ հնարավորություն` հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ երկխոսություն ծավալելու ուղղությամբ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր