• am
  • ru
  • en
Версия для печати
20.12.2007

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Ռուբեն Սաֆրաստյան

Նոր տարածաշրջանային քաղաքականություն

Դեռեւս 1990-ական թթ. Թուրքիան փորձեց իրականացնել Հարավային Կովկասում իր գերիշխանության հաստատմանը նպատակաուղղված քաղաքականություն: Նա չափազանց ակտիվ էր մեր տարածաշրջանում: Սակայն գործադրած ջանքերը հիմնականում ապարդյուն անցան, թուրքական դիվանագիտությանը չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքների: Նա փաստորեն կրեց ծանր պարտություն Կենտրոնական Ասիայում եւ արձանագրեց միայն սահմանափակ ձեռքբերումներ Կովկասում: 1990-ականների վերջին շատ թուրք մասնագետների ու քաղաքական գործիչների համար պարզ դարձավ, որ Թուրքիան չի հասել տարածաշրջանում ղեկավար դեր ստանձնելու իր գլխավոր ռազմավարական նպատակին: Սկսվեցին նոր քաղաքական գծի որոնումները: Այդ իրավիճակից ելք առաջարկեց հայտնի աշխարհաքաղաքագետ, պրոֆ. Ահմեթ Դավուդօղլուն` 2001թ. առաջ քաշելով Թուրքիային անմիջականորեն հարող տարածաշրջաններում, առաջին հերթին, իհարկե, Հարավային Կովկասում «Ռազմավարական խորք» ստեղծելու հայեցակարգը, համաձայն որի` Թուրքիան հարեւան պետություններից պիտի փորձի ստեղծել տարբեր դաշինքներ, բնականաբար, իր ղեկավարության ներքո: Ստանձնելով հետագայում վարչապետ Էրդողանի խորհրդականի պաշտոնը եւ դառնալով նրա մերձավոր դաշնակիցը` Դավուդօղլուն հնարավորություն ստացավ իրականացնելու իր տեսական, աշխարհաքաղաքական դրույթները գործնական քաղաքականության ոլորտում: Դրանց թվին է պատկանում Հարավա-յին Կովկասում Թուրքիայի վարած նոր` պառակտողական քաղաքական գիծը:

2007թ. ողջ ընթացքում Թուրքիան փորձեց իրագործել Հարավային Կովկասը պառակտելու իր նոր քաղաքականությունը: Դրա նպատակը մի դաշինքի ստեղծումն է, որը սկզբում կլինի տնտեսական, հետո փորձ կարվի այն վերածել ռազմաքաղաքականի: Այն պետք է ներառի Վրաստանը եւ Ադրբեջանը, որոնք պետք է լինեն Թուրքիայի կրտսեր դաշնակիցները: Սա աննախադեպ երեւույթ է Հարավային Կովկասում: Թուրքիան մինչեւ վերջին մեկ տարին չէր համարձակվում դա անել, սակայն քաղաքական վերափոխումների արդյունքում արդեն անցավ ակտիվ գործողությունների: Թե որքանով կհաջողվի Թուրքիային դա իրագործել, այլ հարց է: Ռուսաստանը, որը Հարավային Կովկասում ունի իր ակնհայտ շահերը, հանգիստ չի ընդունի Թուրքիայի այս նոր քաղաքականությունը, եւ վերջինս լուրջ դժվարությունների կհանդիպի իր այդ նոր ռազմավարական նպատակներն իրագործելիս:

Թուրքիան նվազեցրել է ԵՄ-ին ինտեգրվելու ջանքերը

Վերջին շրջանում Թուրքիան ոչ միայն մխրճվում է մերձավորարեւելյան քաղաքականության մեջ, այլեւ այնտեղ է սկսել գտնել իր դիրքերն ուժեղացնելու հիմքերը: Թուրքիայի եվրոպական դիվանագիտությունը վերջին շրջանում թուլացել է, քիչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, եւ այս առումով ԵՄ դիրքորոշումը Թուրքիայի համար այն նշանակությունը չունի, ինչ նախկինում: Դրա պատճառներից է նաեւ Թուրքիայի անդամակցության վերաբերյալ եվրոպական ընտանիքի, մասնավորապես, Ֆրանսիայի դիրքորոշման կոշտացումը:

Հյուսիսային Իրաք

Թուրքիան 100.000-անոց զորք է պահում Իրաքի հետ սահմանի վրա, բայց Հյուսիսային Իրաք մեծ ուժերով չի մտնի: Նա արդեն դիմել է եւ հետագայում էլ կդիմի Իրաքի տարածքում փոքրաքանակ անձնակազմով թուրքական հատուկ ջոկատների գործողությունների, որոնք կստանան աջակցություն թուրքական ռազմաօդային ուժերի կողմից: Լայնածավալ ռազմական գործողություններ չսկսելու համար Թուրքիան մի քանի պատճառ ունի: Նախ` ընտրություններից հետո խորհրդարանում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների մոտ մեկ երրորդը ծագումով քուրդ է, ինչը քուրդ ընտրողների ձայները ներգրավելու քաղաքականության արդյունք է, եւ կուսակցությունը չի ցանկանա քրդաբնակ տարածքներում ձայներ կորցնել: Բացի դրանից, Իրաքի հյուսիսում ստեղծված քրդական տարածաշրջանային կառավարության հետ Թուրքիան տարեկան մոտ 2.7 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ունի, որը նույնպես չարժե կորցնել: Կան նաեւ տվյալներ, որ Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջանների հետ առեւտրա-տնտեսական հարաբերություններում զբաղված են մոտ 200 հազար հոգի: Պատերազմը կհանգեցնի նրանց աշխատանքի կորցնելուն եւ կսրի սոցիալական հարցերը Թուրքիայի այդ թույլ զարգացած շրջաններում:

Եվ ամենակարեւորը: Ըստ մեզ, Թուրքիան օգտագործում է լայնածավալ պատերազմ սկսելու սպառնալիքը` որոշակի քաղաքական նպատակների հասնելու, տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու եւ ցույց տալու, որ ինքն ուժի կենտրոն է:

106-րդ բանաձեւ

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 106-րդ բանաձեւի ընդունումը ցույց տվեց հայկական գործոնի դերն աշխարհում: Հայկական գործոնն աշխարհում ունի իր տեղը, եւ Թուրքիան միայն Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքը կիրառելով կարողացավ դանդաղեցնել Կոնգրեսի լիագումար նիստում այդ բանաձեւի ընդունման գործընթացը: Այդուհանդերձ, բանաձեւի ընդունումը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կշարունակվի եւ ավելի լայնածավալ կլինի։

Հասկանալի է, որ ԱՄՆ-ի նման պետությունը չի կարող որեւէ քաղաքական գիծ մշակել, որը չի բխում սեփական շահերից։ 106-րդ բանաձեւի ընդունումը, բնականաբար, բխում էր ամերիկյան շահերից. բանաձեւին կողմ քվեարկող կոնգրեսականները պաշտպանում են ԱՄՆ շահերը` որպես ժողովրդավարության կարեւորագույն ջատագովի, դեմ արտահայտվողները կրկին հանդես են գալիս իրենց երկրի շահերից` աշխարհաքաղաքական, տարածաշրջանային առումներով։ Միաժամանակ, ամերիկյան եւ եվրոպական հասարակական կարծիքը քաջ գիտակցում է, որ եթե չդատապարտվեն նախկինում կատարված ոճիրները, հնարավոր չի լինի ապագայում դրանք կանխել։

Հայ-թուրքական հարաբերություններ

Հայաստանը հանդես է գալիս Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օգտին, ինչպես դա ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի դրույթներում: Թուրքիայի նկատմամբ Հայաստանի որդեգրած քաղաքականությունը լիովին բխում է ժամանակակից միջազգային իրավունքի աշխարհընկալման սկզբունքներից, ինչպես նաեւ Հայաստանի շահերից: Սակայն Թուրքիան վարում է Հարավային Կովկասը պառակտելու եւ Հայաստանը մեկուսացնելու քաղաքականություն: Նա հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել հայ-թուրքական սահմանը` պայմանավորելով դա մի շարք նախապայմաններով: Այդ քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես Հայաստանի նկատմամբ բացահայտ ճնշման կամ հարկադրման քաղաքականություն:

Այս տարիների ընթացքում Թուրքիայում ոչ մի քաղաքական ուժ չի ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների` երկրի պաշտոնական մոտեցմանը այլընտրանքային առաջարկ: Թերեւս, արժե միայն հիշատակել, որ ներկայումս կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները միակն էին, որոնք ժամանակին աննախադեպ հայտարարություն էին արել, որը տարբերվում էր Հայաստանի նկատմամբ պաշտոնական դիրքորոշումից. 2002-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցության երրորդ դեմքը` Ալի Բաբաջանը, որը ներկայումս զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը, հայտարարել էր, թե Հայաստանի հետ հարաբերություններում պետք է մի կողմ թողնել քաղաքականությունը եւ հենվել տնտեսական շահերի վրա: Սա կարող էր Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ճանապարհ դառնալ, բայց իշխանության գալուց հետո նրանք հրաժարվեցին այս հայտարարության տրամաբանությունից:

Թուրքիայի նման մոտեցումը վերջերս դատապարտվեց Եվրամիության կողմից (հիշեցնենք, որ ԵՄ անդամության ճանապարհին Թուրքիան վերցրել է հարեւանների հետ հարաբերությունները նորմալացնելու պարտավորություն): Այս առումով, ի դեպ, մեզ համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվում հնարավոր դաշնակիցների հետ լայն երկխոսություն ծավալել Թուրքիայի` Հարավային Կովկասում պառակտողական եւ Հայաստանի նկատմամբ մեկուսացման ու հարկադրման քաղաքականությանը հակազդելու նպատակով:

Մեկ այլ հանգամանք եւս: Մենք այսօր պատրաստ ենք թուրքերի հետ բաց հասարակական երկխոսության, քանի որ, պարզ լեզվով ասած` ճշմարտությունը մեր կողմն է: Թուրքական հասարակությունը նույնպես աստիճանաբար փոփոխության է ենթարկվում. նվազում է պաշտոնական քաղաքականության ազդեցությունը, առաջանում են ակտիվ եւ առողջ հասարակական խմբավորումներ: Ուստի, եթե մենք կարողանանք նրանց հետ շփման եզրեր գտնել, երկու հասարակությունների միջեւ առողջ երկխոսություն սկսել, ապա, թերեւս, հնարավոր կլինի համատեղ ջանքերով հասնել նորմալ հարաբերությունների հաստատմանը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր