• am
  • ru
  • en
Версия для печати
10.02.2015

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

   

Տիգրան Ղանալանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Ամերիկյան աշխարհամասում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Կանադայում, գործում են մոտ չորս տասնյակ հայագիտական կենտրոններ։ 20-րդ դ. երկրորդ կեսին և 21-րդ դ. սկզբին ստեղծված այս կենտրոններից շատերը ծավալում են ակտիվ գիտահետազոտական և կրթական գործունեություն։ Դրանց մի մասին արդեն հաջողվել է ձևավորել որոշակի ավանդույթներ, իսկ նորաստեղծ մի քանի կենտրոններ էլ փորձում են ուրույն մոտեցում ցուցաբերել հայագիտության ուսումնասիրման մեթոդներին՝ դրանով հարստացնելով առկա ներկապնակը։

Ամերիկյան հայագիտական կենտրոններն ունեն մեծ ներուժ ընդհանրապես հայագիտության զարգացման, առավել ևս՝ նրա նվաճումներին աշխարհին հաղորդակից դարձնելու գործում։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ում, Կանադայում և լատինաամերիկյան երկրներում առկա հայագիտական ներուժը, դրա կազմակերպված միավորներն ունեն լուրջ խնդիրներ հայագիտության արդի մարտահրավերներին պատասխանելու տեսանկյունից։ Ներկայում հայագիտության զարգացման կենտրոնը, բնականաբար, Հայաստանն է, որն իր ուշադրության կենտրոնում պետք է պահի արտերկրի հայագիտական կենտրոնների ծավալած գործունեությունը, նախաձեռնի համագործակցություն հնարավոր բոլոր միավորների հետ։ Այս առումով դեռ շատ անելիքներ կան։

Համագործակցության ծավալման համար անհրաժեշտ նախապայման են փոխճանաչումը, արտերկրում գործող այս կամ այն կենտրոնի առանձնահատկությունների դիտարկումը, դրանց գործունեության արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը։ Միաժամանակ, նախընտրելի կլիներ այս համագործակցությունում տեղի համայնքային կառույցների ներառումը։ Նշվածը վերաբերում է բոլոր այն երկրներին, որտեղ առկա են հայկական հոծ համայնքներ։ Կարծում ենք, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ մյուս՝ հայերի թվաքանակով էապես ավելի սակավաթիվ երեք պետություններում կան նախապայմաններ համայնքային տարբեր կառույցների հետ համագործությունը մեծացնելու համար։

Ամերիկյան հայագիտական կենտրոններն ունեն մի շարք խնդիրներ, որոնց լուծման մեջ կարևոր դեր կարող են ունենալ ինչպես տեղի համայնքային կառույցները, այնպես էլ ՀՀ-ն։ Առաջին հերթին կարևոր ենք համարում արտերկրի հայագիտական կենտրոնների ծանոթացումը Հայաստանում հայագիտական նվաճումներին։ Առաջնակարգ նշանակություն ունի Հայաստանում հրատարակվող հայագիտական մենագրությունների, պարբերականների և այլ հրատարակությունների առաքումն այդ հայագիտական կենտրոններին։ Այս խնդիրը կարող է լուծվել նաև համացանցում դրանց թվային տարբերակների զետեղմամբ, որը դեռևս մասնակիորեն է իրականացվում։ Չնայած հայագիտական կենտրոններում ուսանող և աշխատող գիտնականներից բնական է ակնկալել հայոց լեզվի տիրապետում, այնուամենայնիվ, իրական վիճակը պատկերացնելով, ինչպես նաև այդ ուսումնասիրությունները լայն շրջանակներին (այդ թվում՝ ոչ հայկական) ծանոթացնելու նպատակով առաջնային նշանակություն ունի հայագիտական սկզբնաղբյուրների և գիտական գրականության թարգմանությունն անգլերեն։ Հաճախ այս կամ այն հարցի մասին թերի պատկերացումներն ամերիկյան հայագետների աշխատանքներում կարող է պայմանավորված լինել նրանով, որ այդ թեմաների վերաբերյալ գրականությունն անմատչելի է նրանց համար։

Առկա տարաձայնությունների հարթման և իրական գիտական նվաճումների հասնելու նախապայման կարող է լինել ներդաշնակ փոխտեղեկացումը։ Ընդ որում, ոչ միայն հայաստանցի հայագետները պետք է ծանոթանան ԱՄՆ-ում հրատարակվող անգլերեն լեզվով հրատարակված աշխատանքներին, այլև ամերիկյան հայագիտության ներկայացուցիչները՝ իրենց հետազոտած խնդրի շուրջ Հայաստանում կատարված աշխատանքներին։

Կարևորագույն նշանակություն ունի հայագիտական աշխատանքների և առաջին հերթին հայկական սկզբնաղբյուրների թարգմանությունն անգլերեն։

ԱՄՆ հայագիտական կենտրոնների առջև ծառացած մարտահրավերների թվում պետք է նշել պայքարը թուրքական պատմակեղծարարության դեմ։ Այն պետք է կրի գիտական բնույթ, միաժամանակ հայկական համայնքային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցաբար կարող է ունենալ նաև էական քարոզչական դերակատարություն։ Այս խնդիրը գիտակցում են նաև հենց կենտրոնների ներկայացուցիչները1։

Հայագիտական կադրերի պատրաստման տեսանկյունից դրական դեր կունենար ամերիկյան հայագիտական կենտրոնների սաների, մասնավորապես՝ ասպիրանտների գործնական աշխատանքների կազմակերպումը Հայաստանում, որտեղ նրանք կկարողանային աշխատել Մատենադարանում և ակադեմիական ու բուհական հաստատություններում, Հայաստանի ազգային արխիվում և այլուր։ Սա կնպաստեր նաև հայոց լեզվի տիրապետմանը՝ այստեղ լեզվի կատարելագործման դասընթացների կազմակերպմամբ։ Միաժամանակ, պրակտիկայի շրջանակներում հնարավորություն կընձեռվեր շփումներ և խորհրդակցություններ ունենալ հայաստանյան հայագետների հետ։

Ամերիկյան հայագիտական կենտրոնների հետագա զարգացման և արդյունավետ գործունեության ծավալման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցության ապահովում։ Այստեղ կարելի է առանձնացնել նպատակային ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Արդիական և կարևոր թեմաներով հետազոտությունների կատարմանը կարող էր նպաստել նաև դրամաշնորհների տնօրինման մարմնի (որևէ ձևաչափով) ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեին նաև հայաստանյան հայագետներ։ Դրա շնորհիվ հնարավոր կլիներ ավելի արդյունավետ օգտագործել նաև բազմաթիվ ամերիկահայերի նվիրատվությունները։

ԱՄՆ հայագիտական կենտրոնների համեմատ Արգենտինայի և Բրազիլիայի համապատասխան կառույցներին, թերևս, ավելի մեծ չափով կարելի էր ֆինանսավորում հատկացնել Հայաստանի կողմից, կամ հայաստանյան որևէ կառույց կարող էր համակարգել նրանց ֆինանսական խնդիրների լուծումը։ Օրինակ՝ վերջին շրջանում հիմնադրված կենտրոններից Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտական ամբիոնը սկսել է ակտիվ գործունեություն ծավալել՝ համագործակցելով տեղի ներուժի հետ։ Այսպիսի կենտրոններն օգնում են ոչ միայն գիտական, այլև տեղեկատվական ասպարեզում աշխատանքների կատարմանը, և նման կառույցներին ֆինանսական աջակցության տրամադրումը կարող է բավական արդյունավետ լինել2։

Արդյունավետ կարող է լինել նաև անկախ հայագիտական կենտրոնների հիմնումը, որոնք ամբողջությամբ կգործեն հայկական համայնքի և Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում և ենթակա չեն լինի որևէ այլ կառույցի։ Դրանք կարող են կատարել հայ համայնքի և Հայաստանի համար կարևոր հետազոտություններ3։ Նման կենտրոնի ստեղծումն առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ին, որտեղ է գտնվում աշխարհի ամենահզոր հայկական համայնքներից մեկը։

Անհրաժեշտ է, որ հայաստանցի հայագետներն իրենց ուշադրության կենտրոնում պահեն ամերիկյան հայագիտության արդյունքները։ Այդ աշխատանքները պետք է ուղարկվեն Հայաստան, ինչպես նաև խրախուսելի լինի դրանց վերաբերյալ գրախոսությունների հրապարակումը հայաստանյան հայագիտական դպրոցի ներկայացուցիչների կողմից4։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հայագիտական կենտրոնների հետ գրքերի փոխանակման տեսանկյունից օրինակելի պետք է համարել Դիրբոռնի Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, որը նաև խիստ պատրաստակամ է համագործակցության այլ ձևաչափերի հանդեպ5։

Արտասահմանի հայագիտական կենտրոնների գործունեության լուսաբանման, արդյունավետության բարձրացման, Հայաստանի գիտակրթական կառույցների հետ համագործակցության ընդլայնման տեսանկյունից առաջնային նշանակություն ունի դրանց ներկայացվածությունը համացանցում։ Պետք է նշել, որ ամերիկյան հայագիտական կենտրոններն ընդհանուր առմամբ բավարար չափով են ներկայացված համացանցում։ Այնուամենայնիվ, այս ուղղությամբ շատ անելիքներ կան։ Մասնավորապես, կան առանձին միավորներ, որոնք ոչ միայն ներկայացված չեն առանձին կայքով, այլև նույնիսկ իրենց մասին բաժին չունեն այն մեծ կառույցի, օրինակ՝ համալսարանի կայքում, որի մաս են հանդիսանում։

Այսպիսով, ամերիկյան հայագիտական կենտրոնները ներկայացնում են զանազան կառուցվածքային տեսակների համադրություն։ Այստեղ արդեն ձևավորվել են հայագիտական որոշակի ավանդույթներ։ Ներուժի տեսանկյունից միանշանակ առաջատարի դերում են ԱՄՆ հայագիտական կենտրոնները, որոնք ունեն որոշակի կշիռ ընդհանրապես հայագիտական աշխատանքներում, դրանով բարձրանում է նրանց պատասխանատվությունը յուրաքանչյուր ծրագիր իրագործելիս։ Մյուս երկրների հայագիտական ներուժը շատ ավելի համեստ է, որն ունի իր տրամաբանական պատճառները։ Նկատվում է հայագիտական ուսումնասիրությունների նկատմամբ հետաքրքրության ավելացում՝ ի դեմս նոր կենտրոնների ստեղծման։ Միաժամանակ, որոշ կառույցների աշխատանքում նկատվում է անկում։ Կարող ենք ասել, որ Հայաստանի և Սփյուռքի հայագիտական կենտրոնների համագործակցության ակտիվացման խնդիրը խիստ արդիական է:

1 Տե՛ս Papazian D., The role of organizations, institutions and research centers in Armenian studies in the United States, «Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» միջազգային համաժողովի զեկուցումների ժողովածու, Երևան, 2004, էջ 307։

2 Կենտրոնի գործունեության և առկա խնդիրների մասին 2014թ. սեպտեմբերի 30-ին մեզ հաղորդել է Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ Սաբրինա Դեմիրճյանը։

3 Տե՛ս Հովհաննիսյան Ռ., Հայագիտությունը խաչմերուկում, «Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» միջազգային համաժողովի զեկուցումների ժողովածու, Երևան, 2004, էջ 95։

4 Հայաստանյան հայագիտական մամուլում տարբեր տարիների հրատարակվել են այդպիսի մի շարք գրախոսություններ (տե՛ս, օրինակ, Տեր-Ղևոնդյան Ա., Գրախոսություն։ Agathangelos, History of the Armenians, translation and commentary by R.W. Thomson, Albany, State University of New York Press, 1976, 527р., Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, թարգմանություն և ծանոթագրություններ՝ Ռ.Թոմսոնի, Ալբանի, Նյու Յորքի պետական համալսարան, 1976, 527 էջ, «Պատմա-բանասիրական հանդես», 1977, թիվ 4, էջ 240-242, Դանիելյան Է.Լ., Գրախոսություն։ Journal of the Society for Armenian Studies (JSAS). Vol. 3, 1987, p. 192. University of California, Los Angeles, «Պատմա-բանասիրական հանդես», 1989, թիվ 1, էջ 235-238 և այլն)։

5 Կենտրոնի վերաբերյալ տեղեկություններ մեզ 2014թ. մայիսի 27-ին հաղորդել է Դիրբոռնի Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի վարիչ Արա Սանջյանը։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2015

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր