• am
  • ru
  • en
Версия для печати
26.01.2015

ԱՄՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

Տիգրան Ղանալանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Ձևավորման պատմությունը

Մինչև 20-րդ դարի կեսերը հայագիտության զարգացումն Ամերիկայում իրականացնում էին առանձին անհատներ, և այդ ոլորտում գործող մարմիններ գոյություն չունեին: Չնայած դրան, կատարվել են որոշ աշխատանքներ, որոնք հող են նախապատրաստել ապագայում հայագիտական կենտրոնների ձևավորման համար1: Դրանց ձևավորումը հիմնականում պայմանավորված էր 1950-ական թթ. ամերիկահայ գործիչների կողմից հայոց լեզվի, պատմության ու մշակույթի վերաբերյալ գիտական կառույցներ ստեղծելու անհրաժեշտության գիտակցմամբ: Հատկապես կարևոր նշանակություն ունեցավ 1955թ. Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ընկերակցության (The National Association for Armenian Studies and Research, NAASR) հիմնումը: NAASR-ը ձևավորվեց 60 ամերիկահայերի և Հարվարդի դասախոսների տեսլականով, որոնք ցանկանում էին առաջ մղել հայագիտական ուսումնասիրություններն ԱՄՆ-ում։ Կառույցի առջև խնդիր դրվեց դառնալ շահույթ չհետապնդող, ապաքաղաքական, միավորող կազմակերպություն, որը կհասներ լուրջ արդյունքների հայագիտական ուսումնասիրություններին և պարբերական հրատարակություններին գիտական և օբյեկտիվ հիմքերի վրա աջակցելու գործում2: Դրանից յոթ տարի առաջ արդեն հիմնվել էր մինչ օրս գործող Ամերիկայի առաջին հայագիտական հանդեսը՝ «Armenian Review»-ն: 1950-1960-ական թթ. NAASR-ի կատարած աշխատանքների արդյունքում հայագիտական ամբիոններ հիմնվեցին Հարվարդի և Լոս Անջելեսի Կալիֆորնիա համալսարաններում: Չնայած հետագայում այլ համալսարաններում էլ տարվեցին աշխատանքներ, որոնցից կարելի է հիշատակել Ֆրեզնոյի Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ծրագիրը, այնուամենայնիվ, հայագիտական կենտրոնների հիմնումը նոր ծավալներ ստացավ 1980-ական թթ.: Հենց այս ժամանակ հիմնվեցին Միջիգան-Էնն Արբոր համալսարանի երկու հայագիտական ամբիոնները, Զորյան ինստիտուտը և այլն: Պետք է նշել, որ նոր կենտրոններ են հիմնվում նաև վերջին տարիներին:

Այսպիսով, կարող ենք խիստ պայմանականորեն հայագիտական կենտրոնների հիմնումն ԱՄՆ-ում բաժանել երեք հիմնական փուլի։ 1-ին փուլը ներառում է 1950-1970-ական թթ.։ Այս ժամանակ, երբ հիմնվեցին առաջին ամբիոնները, չափազանց կարևոր նշանակություն ուներ NAASR-ը: Այս շրջանում, երբ Խորհրդային Հայաստանը գտնվում էր ԱՄՆ-ին հակադիր քաղաքական ճամբարում, հայագիտական ուսումնասիրությունները (մանավանդ ժամանակակից խնդիրների վերաբերյալ) որոշ չափով ԽՍՀՄ ուսումնասիրությունների մաս էին կազմում։ 2-րդ փուլն ընդգրկում է 1980-ական թթ.: Այս ժամանակ ամենաշատ թվով հայագիտական կենտրոնները հիմնվեցին: Դա պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, որոնց թվում էր այն, որ ԱՄՆ-ը արդեն ուներ Սփյուռքի ամենամեծ հայկական համայնքը և առաջ էին եկել մի շարք մարտահրավերներ: Այս շրջանում մեծացավ հայ համայնքի հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը: Բացի այդ, թերևս, խթանող հանգամանքներ դարձան Հայաստանի անկախացման գործընթացն ու Արցախյան շարժումը, որոնք նոր կարևորություն հաղորդեցին հայագիտական, մասնավորապես՝ արդի խնդիրները շոշափող ուսումնասիրություններին: 3-րդ պայմանական փուլը կարելի է համարել 2000-ական թվականներից մինչև մեր օրերը: Այս շրջանում, չնայած որոշ նախկին կենտրոնների գործունեությունն աստիճանական կամ հարաբերական անկում ապրեց, այնուամենայնիվ, հիմնվեցին նաև նոր կենտրոններ, օրինակ՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանի Քոթսըն հնագիտության ինստիտուտի Հայ հնագիտության և ազգագրության հետազոտական ծրագիրը և այլն: Այս շրջանում նկատվում է հայագիտական ուսումնասիրությունների շրջանակի լայնացում գիտակարգային առումով, քանի որ այսօր ամերիկյան հայագիտությունն ընդգրկում է ոչ միայն լեզուն, պատմությունը, մշակույթը, այլև ազգագրությունը, հնագիտությունը, սոցիոլոգիան և այլն:

Երկրորդ և երրորդ փուլերի համար բնութագրական պետք է համարել հայրենիքի հետ կապերի էական ակտիվացումն առաջին փուլի համեմատ։ Այնուամենայնիվ, ներկայումս ամերիկյան հայագիտական կենտրոնների համագործակցությունը Հայաստանի համապատասխան գիտակրթական կառույցների հետ դեռևս բավարար մակարդակի չի հասել:

Կրթական գործունեություն

Ուսումնասիրված երեք տասնյակ միավորների մեծ մասը զբաղվում է կրթական գործունեությամբ, դրանց մի զգալի մասը սահմանափակվում է դրանով: Մասնավորապես, զուտ կրթական ոլորտում են գործում բաժիններ ու ծրագրեր, ինչպես, օրինակ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանի Մերձավորարևելյան լեզուների և մշակույթների բաժանմունքի Հայագիտության բակալավրի ծրագիրը, Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի Նոր ու դասական լեզուների և գրականության բաժանմունքի Հայկական բաժինը, Չիկագոյի համալսարանի Մերձավորարևելյան լեզուների և քաղաքակրթությունների բաժանմունքի Հայոց լեզվի ուսուցման ծրագիրը։ Բնականաբար, կրթական գործունեություն է նաև առանձին հայագիտական առարկաների դասավանդումը. Թաֆթսի համալսարանի Արվեստի և արվեստի պատմության բաժանմունքում Քրիստինա Մարանչին դասավանդում է «Art of the Armenian Manuscript» առարկան:

Ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր գործառույթ են ստանձնում տարբեր համալսարաններում գործող հայագիտական ամբիոնները, որոնցից են Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայոց նոր պատմության ամբիոնը, Քլարկի համալսարանի Հայոց նոր պատմության և Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնը և այլն: Դրանք, անշուշտ, չեն սահմանափակվում ուսումնական գործընթացի կազմակերպմամբ և ունեն հետազոտական գործառույթ:

Կրթական գործառույթները հետազոտականի հետ համադրում են նաև մի շարք համալսարաններում գործող հայագիտական ծրագրերը, որոնց թվում են Ֆրեզնոյի Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների ծրագիրը, Միչիգան-Էնն Արբոր համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագիրը, Բերքլիի Կալիֆորնիայի պետական համալսարանի Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտի Հայագիտական ուսումնասիրությունների ծրագիրը և այլն:

Կրթական գործառույթները որոշակի տեղ ունեն նաև ինստիտուտներում և հետազոտական կենտրոններում: Անշուշտ, այս հարցում նշանակալի դերակատարում ունեն նաև հայագիտական ընկերակցությունները, որոնց համար կրթական գործառույթը պակաս կարևորություն չունի, քան հետազոտականը:

Դասավանդվող առարկաների թվում են հայոց լեզուն (և՛ արևմտահայերենը, և՛ արևելահայերենը), հայոց պատմությունը, մշակույթը և այլն: Հայոց պատմության շրջանակներում դասավանդվում են հետևյալ առարկաները. Հայոց պատմություն (հին ժամանակներից մինչև արդի շրջան), Հայոց բանավոր պատմության ներածություն, Կովկասը ռուսական և խորհրդային իշխանության տակ, Սփյուռքը, Հայոց ցեղասպանությունը և այլն: Հայոց լեզվի շրջանակներում անցկացվում են գրաբարի, արևմտահայերենի և արևելահայերենի տարբեր մակարդակի (տարրական, միջին, բարձր) դասընթացներ: Հայ գրականությանը վերաբերող դասընթացներից են Արվեստը, քաղաքականությունը և ազգայնականությունն արդի հայ գրականությունում, Հայ գրականությունը 19-20-րդ դդ., Ամերիկահայ գրականությունը և մշակույթը: Իսկ, օրինակ, Ֆրեզնոյի հայագիտական ծրագրի շրջանակներում առաջարկվում են հայ արվեստի, մասնավորապես նկարչության, ճարտարապետության և կինոյի վերաբերյալ դասընթացներ: Քոնեկթիկուտի համալսարանի Նորյան հայագիտական ծրագրերի շրջանակներում կազմակերպվում են հնագիտական դաշտային աշխատանքներ Հայաստանում՝ «Հայոց նախապատմության հնագիտական դաշտային դպրոց» խորագրով:

Մի շարք դասընթացներ է առաջարկում Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանի Մերձավորարևելյան լեզուների և մշակույթների բաժանմունքի Հայագիտության բակալավրի ծրագիրը: Տարբեր լեզուների ուսուցման շարքում հայոց լեզվի դասընթաց է առաջարկում Արիզոնայի պետական համալսարանի «Մելիքյան» կենտրոնը, որը, բացի տեղում հայոց լեզվի ուսուցման կազմակերպումից, առաջարկում է երկամսյա դասընթաց Երևանում:

Հետազոտական գործունեություն

Խոսելով ամերիկյան հայագիտության հետազոտական ոլորտի մասին՝ առաջին հերթին պետք է նշենք այստեղ գործող ինստիտուտներն ու հետազոտական կենտրոնները, որոնց թվում են Հայկական ազգային ինստիտուտը (Վաշինգտոն), Դիրբոռնում Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը և այլն: Հետազոտական գործունեությունը կարևոր տեղ ունի հայագիտական ամբիոնների և ծրագրերի գործունեության մեջ։ Գիտահետազոտական աշխատանքներով են զբաղվում նախագծերն ու խմբերը, օրինակ՝ Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը, Մինեսոթայի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի Հայագիտական հետազոտական նախագիծը:

Գիտահետազոտական բնագավառում կարևոր դեր ունի «Armenian Review» գիտական պարբերականը, որը հարթակ է ապահովում հայագիտության զանազան խնդիրների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների հրատարակման համար:

Հետազոտական աշխատանքների մասին խոսելիս, անշուշտ, ուշագրավ է, թե որ թեմաներն են առաջնային համարվում ամերիկյան հայագիտական կենտրոնների համար։ Այս հարցում կարևոր դերակատարություն ունեն անձնական հանգամանքները, օրինակ, թե տվյալ պահին ամբիոնի վարիչ նշանակվող անձն ինչ գիտական հետաքրքրություններ ունի։ Նույնիսկ հնարավոր է, որ ամբիոնի թեմատիկ գործունեությունը պայմանավորվի հարմար նկատվող պրոֆեսորի հետաքրքրություններով և ոչ հակառակը, երբ ամբիոնը հիմնելիս որոշվի, թե ինչ թեմատիկ ուղղվածություն այն պետք է ունենա և ըստ դրա ընտրվեն անհատները։ Այս իրողությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մանավանդ սկզբնական շրջանում չկար պրոֆեսորադասախոսական կազմի մեծ ընտրություն։

Քանի որ հայագիտական կենտրոնները հիմնականում ստեղծվել են հայկական համայնքի և նրա առանձին ներկայացուցիչների նվիրատվությունների շնորհիվ, ուստի բնական է, որ նրանց հետաքրքրեն այնպիսի հարցեր, որոնք կարևոր նշանակություն ունեն հայության և համայնքի ներկայացուցիչների համար։ Դրանց թվում պետք է առանձնացնել հայոց լեզվի ուսումնասիրությունը, ինչպես նաև հետազոտական աշխատանքը հայոց պատմության զանազան, բայց առանձնապես՝ Հայոց ցեղասպանության խնդիրների վերաբերյալ։

Առաջին փուլում ուսումնասիրողների ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր հայոց պատմության հին և մանավանդ միջնադարյան շրջանի վրա3, որն արդյունք էր վերոնշյալ հանգամանքի՝ դրանց ղեկավարների գիտական հետաքրքրությունների։ Հետագայում հանդես եկած հայագետները սկսեցին զբաղվել նաև ավելի արդիական՝ Ցեղասպանության, Սփյուռքի պատմության, ինչպես նաև հայագիտության այլ խնդիրներով։ Այսօր ամերիկյան որոշ հայագիտական կենտրոնների գործունեությունն ուղղված է բացառապես կամ գլխավորապես Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը։ Դրանց թվում կարելի է նշել Հայկական ազգային ինստիտուտը (Վաշինգտոն), Քլարկի համալսարանի Հայոց նոր պատմության և Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնը, Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը (Վաշինգտոն) և այլն։ ԱՄՆ հայագիտական կենտրոնները ցեղասպանության խնդրում երբեմն կատարում են նաև լոբբիստական գործունեություն4։

Աստիճանաբար ի հայտ եկան նաև արդի խնդիրներով, մասնավորապես՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներով զբաղվող կենտրոններ։ Եթե սկզբնական շրջանում դրանք ուսումնասիրում էին Հայաստանը որպես Խորհրդային Միության մի մաս՝ գտնվելով քաղաքական հակառակ բևեռում, ապա հետագայում Հայաստանի անկախացումը մեծացրեց տեղի հայկական համայնքների հետաքրքրությունն առ հայրենիք։

Հայագիտական հետազոտությունները կարևորվում են նաև մերձավորարևելյան տարածաշրջանի վերաբերյալ պատմա-բանասիրական ուսումնասիրությունների համատեքստում։ Մի քանի կենտրոններ իրենց հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են լեզվաբանական և գրականագիտական ուսումնասիրությունների վրա։ Դրանցից են Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայոց լեզվի և մշակույթի Գրիգոր Նարեկացու անվան ամբիոնը, Միչիգան-Էնն Արբոր համալսարանի Հայոց լեզվի և գրականության Մարի Մանուկյանի անվան ամբիոնը և այլն։

Վերջին շրջանում ի հայտ եկան ծրագրեր, որոնց գործունեության մեջ հիմնական տեղը հատկացվեց հնագիտության ուսումնասիրությանը։ Դրանք են Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանի Քոսթըն հնագիտության ինստիտուտի Հայ հնագիտության և ազգագրության հետազոտական ծրագիրը, ինչպես նաև Քոնեկթիկուտի համալսարանի Հայոց նախապատմության հնագիտական դաշտային դպրոցը։

1 Մինչև հայագիտական կենտրոնների հանդես գալը Ամերիկայում հայագիտության մասին տե՛ս Աբգարյան Գ., Հայագիտությունը Ամերիկայում, «Սովետական Հայաստան», 1987, թիվ 3, էջ 16-21:

2 Տե՛ս National Association for Armenian Studies and Research: History, http://www.naasr.org/index.php/about-us-site-map-menu-93/history-site-map-menu-123

3 Տե՛ս Гарсоян Н., Арменоведение в США, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1971, թիվ 10, էջ 23-34:

4 Հայկական հարցի խնդրում ունեցած դերակատարության մասին տե՛ս Մարուքյան Ա., Սփյուռքի ջանքերը միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևերը ընդունելու գործում, «Սփյուռքագիտություն» տարեգիրք, Երևան, 2013, էջ 40։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11-12, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր