• am
  • ru
  • en
Версия для печати
05.06.2014

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

   

Մհեր Սահակյան
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ

1978 թվականից Չինաստանի տնտեսական բարեփոխումներն արտասահմանցի գործարարներին հնարավորություն տվեցին լայնածավալ գործունեություն ծավալել աշխարհի ամենամեծ շուկայում:

Հետագա տարիներին Չինաստան ժամանած միլիոնավոր արտասահմանցի գործարարների թվում էին նաև փոքրաթիվ հայեր:

Հայերի թիվը Չինաստանում սկսեց աճել 2000-ականներից: Որոշ տվյալներով, 2013-ին հայերի թիվը հասնում էր 800-900-ի: Սկզբնական շրջանում հայերը միավորվում էին քաղաքների, նահանգների մակարդակով: Օրինակ՝ Շանհայում հայերին միավորելու գործում մեծ ներդրում ունեցավ Վաչե Պետրոսյանի ղեկավարած Շանհայի հայկական ակումբը: Պեկինի հայերը միմյանց հետ ծանոթանում էին ՀՀ դեսպանատան կազմակերպած միջոցառումների շրջանակներում: Հայկական համայնքները հատկապես ակտիվ էին Չինաստանի հարավում՝ Հոնկոնգ, Գուանջոու, Շենջեն քաղաքներում:

Սակայն այս քաղաքների համայնքները միավորված չէին, հանդիպում էին տոնից տոն, չկային ընդհանուր նպատակ և քաղաքականություն: Իրավիճակը փոխվեց, երբ 2006թ. Շենջենում բնակվող ֆրանսահայ Միհրան Փափազյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Չինահայ համացանցային-սոցիալական հարթակը1:

Հարթակի շրջանակներում ստեղծվեց Չինահայ (http://www.chinahay.com) կայքը, Չինահայ անվամբ էջեր բացվեցին սոցիալական ցանցերում, որոնք հնարավորություն տվեցին համախմբել Չինաստանի հայությանը: 2006-ից սկսած՝ Չինահայ համացանցային կայքի միջոցով հայերը հավաքվում և նշում են հայկական տոները, կազմակերպում միջոցառումներ: 2006-2013թթ. բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին հայաշատ քաղաքներում՝ Հոնկոնգում, Գուանգջոում, Շանհայում, Շենջենում, Նանջինգում և Պեկինում:

2013-ը կարևոր էր համայնքի վերջնական կազմավորման գործում: Հայաշատ քաղաքների մի շարք անդամներ՝ Հենրի Արսլանյանի գլխավորությամբ, ձեռնամուխ եղան համայնքի ղեկավար մարմնի և իրավաբանական կազմակերպության ստեղծման գործին: Համայնքի կայացմանը մեծ լիցք հաղորդեց բարերարներ Ջեք և Ջուլի Մաքսյանների նվիրատվությամբ ստեղծված Հոնկոնգի Հայկական կենտրոնը: Հայկական կենտրոնի բացմանը մասնակցեց և իր օրհնությունը բերեց ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին նաև Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, տարբեր երկրների հայկական համայնքների ղեկավարներ:

Չինաստանի հայկական համայնքի Գործադիր մարմին. կառուցվածքն ու գործունեությունը

2013թ. ստեղծվեց համայնքի Գործադիր մարմինը, որի նախագահ ընտրվեց Հենրի Արսլանյանը: Կազմված է 13 անդամից: Ներկայացնում են Չինաստանի հայաշատ քաղաքների՝ Հոնկոնգի, Գուանջոուի, Նանջինգի, Շանհայի, Պեկինի, Շենջենի հայերի շահերը: Գործադիր մարմինն ամեն ամիս հեռաձայնային ժողով է անցկացնում, որի ընթացքում որոշում և կազմում է տվյալ ամսվա գործունության պլանները: Համայնքի գործունեության կշիռն ու կազմակերպվածությունը բարձրացնելու համար Հոնկոնգում գրանցվեց «Հոնկոնգի և Չինաստանի հայկական համայնք» կազմակերպությունը, որի տնօրենների խորհրդում ընդգրկվեցին Գործադիր մարմնի անդամները: Համայնքն ունի Խորհրդականների խորհուրդ, որտեղ ընդգրկված են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Հոնկոնգի հայկական համայնքների ղեկավար կազմից հայտնի մարդիկ: Խորհրդականների խորհրդի անդամ է նաև Չինաստանում ՀՀ դեսպանը:

Համայնքի կյանքն ու ծրագրերը

2014թ. մարտին լույս տեսավ Չինաստանի հայկական համայնքի առաջին տեղեկագիրը: Այն երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Տեղեկագիրը պատմում է համայնքի կյանքի և ծրագրերի մասին, սփռվում է թե՛ Չինաստանի, թե՛ այլ հայկական համայնքներում:

Գործադիր մարմինը ներկայումս խնդիր է դրել ստեղծել նոր, հզոր համացանցային կայք, որը կհամապատասխանի և կնպաստի համայնքի գործունեությանն արդի շրջանում:

Համայնքը սերտորեն համագործակցում է Հայկական վիրտուալ քոլեջի հետ: Համայնքի անդամները հնարավորություն ունեն Ջեք և Ջուլի Մաքսյանների անվան հայկական կենտրոնում մասնակցել հայերեն լեզվի դասընթացներին: Դասընթացներն անցկացվում են համացանցի միջոցով, որը հնարավորություն է տալիս մասնակցել նաև տարբեր քաղաքներում բնակվող հայերին: Ներկայումս համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը բանակցում է եվրոպական առաջատար ֆոնդերի հետ, որպեսզի ասպիրանտական կրթաթոշակներ հատկացվեն Չինաստանի հայկական համայնքի պատմությունը վաղ ժամանակներից ուսումնասիրելու համար: Այս բնագավառում առաջին հաջողությունը գրանցվեց 2014թ. ապրիլին, երբ Գյուլբենկյան հիմնադրամը Չինաստանում Հայկական համայնքի պատմությունն ուսումնասիրելու համար 6-ամսյա կրթաթոշակ հատկացրեց, որի նպատակն է լինելու ուսումնասիրել Չինաստանում հայերի ներկայությունը 20-րդ դարում2:

Չինաստանի հայկական համայնքը փորձում է միավորել նաև Հեռավոր Արևելքի՝ Սինգապուրի, Թաիլանդի, Մալայզիայի, Վիետնամի հայերին: Այն իր օժանդակությունն է բերում Մյանմարի, Բանգլադեշի հայկական եկեղեցիների պահպանման գործում: 2014թ. հայկական համայնքի շրջանակներում ստեղծվեց Չինաստանի հայկական ուսանողական միությունը, որի նպատակն է համախմբել Չինաստանում գտնվող հայ ուսանողներին, օգնել միմյանց, փոխանակվել գիտաժողովների, կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվությամբ, նպաստել հայ-չինական բարեկամությանը: Ուսանողական միությունն ունի 50 անդամ, որոնք Չինաստան են եկել թե՛ ՀՀ-ից, թե՛ Սփյուռքից: Տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողները մշտական կապի մեջ են wechat սոցիալական ցանցի միջոցով:

Վերջաբանի փոխարեն

Չինաստանում հայկական համայնքը ձևավորվել և կայացել է Ֆրանսիայից, Կանադայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից եկած հայերի շնորհիվ:

Կարծում եմ, որ հզորացող Չինաստանում կարևոր է ունենալ միավորված և կարող հայկական համայնք, որը կնպաստի Հայկական աշխարհ-Չինաստան կապերի ամրապնդմանը: Փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ հայկական համայնքները կազմակերպված են՝ ՀՀ և Հայության շահերն ավելի լավ են ներկայացված: Թեև Չինաստանում հայկական համայնքը մեծ չէ, բայց ունի կիրթ և լավ կազմակերպված մարդկային ռեսուրս: Չինաստանը, յուրահատուկ զարգացող երկիր լինելով, արտասահմանից մեծ մասամբ աշխատանքի է հրավիրում արևմտյան լավագույն բուհերի շրջանավարտներին կամ նրանց, ովքեր պատրաստ են մեծ ֆինանսական ներդրումներ կատարել: Լեզվի իմացությունն էլ է սահմանափակում Չինաստանում աշխատանք գտնելու հնարավորությունները, քանի որ Չինաստանում կարելի է աշխատանք գտնել կամ չինարենի, կամ անգլերենի գերազանց իմացությամբ: Համայնքը համալրում են կամ բարձր որակավորում ունեցող սփյուռքահայ մասնագետներն ու ներդրողները, կամ հայաստանցի ուսանողները, ովքեր սովորել են Չինաստանում: Նրանցից շատերն ուսումն ավարտելուց հետո վերադառնում են ՀՀ, աշխատանք չեն գտնում և նորից մեկնում են Չինաստան: Նրանց մեծամասնությունը տիրապետում է չինարենին, անգլերենին կամ ռուսերենին, նրանք ունեն չինական դիպլոմներ և հեշտությամբ աշխատանք են գտնում, հարմարվում տեղի կյանքին:

Այսպիսով, Չինաստանի հայկական համայնքը, լինելով համեմատաբար երիտասարդ ու կրթված, արագ կազմակերպվում է, ինչպես նաև փորձում է միավորել ու առաջնորդել թե՛ Չինաստանի, թե՛ Հեռավոր Արևելքի հայկական մյուս համայնքները: Հայկական համայնքը Խորհրդականների խորհրդի միջոցով կապված է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Լիբանանի, Ավստրալիայի հայկական համայնքների հետ: Տարբեր երկրներից եկած համայնքի անդամները ևս օգնում են հարաբերություններ ստեղծել Արևելքից Արևմուտք ցրված հայկական համայնքների միջև: Կարևոր է նշել, որ համացանցի զարգացումը նպաստում է աշխարհով մեկ ցրված հայության միավորման գործին:

1 What is ChinaHay?, http://www.chinahay.com/about/

2 The Galust Gulbenkian foundation. Research opportunity on the Armenian community of China (Six month) Available at: http://www.gulbenkian.pt/Institucional/en/Activities/ArmenianCommunities?a=4845

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր