• am
  • ru
  • en
Версия для печати
13.12.2016

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ 21-ՐԴ ԴԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈՒԺ

   

Մհեր Սահակյան
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ

Արդյո՞ք Չինաստանը կարելի է դիտարկել որպես պատասխանատու ուժ (responsible power), և ինչպե՞ս է արտացոլվում այդ հանգամանքը ժամանակակից միջազգային հարաբերություններում: Որո՞նք են չինական արտաքին քաղաքականության դրական կողմերը, որոնք նպաստում են միջազգային հանրությանը հուզող հիմնախնդիրների լուծմանը:

Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում պատասխանատու ուժ հասկացությունը ժամանակակից միջազգային հարաբերություններում, ո՞ր երկրները կարող են հավակնել այս անվանմանը համաշխարհային քաղաքականության թատերաբեմում: Արդի միջազգային հարաբերություններում պատասխանատու ուժ կոչվում են այն պետությունները, որոնք, օգտագործելով սեփական միջոցներն ու լծակները, նպաստում են միջազգային հանրությանը հուզող հիմնախնդիրների լուծմանը: Որպես այդպիսիք կարելի է հիշատակել միջուկայնացման, ահաբեկչության, ծովահենության դեմ պայքարը, ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը, համաշխարհային տնտեսական համակարգի առողջացմանը նպաստելը և այլն:

Ինչպե՞ս և ինչո՞ւ Չինաստանը դարձավ պատասխանատու ուժ

1978 թվականից սկսած՝ տնտեսական բարեփոխումների շնորհիվ Չինաստանը դարձավ տարածաշրջանային կարևոր խաղացող, իսկ 21-րդ դարում այն արդեն աշխարհի երկրորդ տնտեսությունն է, ակտիվորեն ներգրավվել է համաշխարհային քաղաքականության հորձանուտում և վերածվել է գերտերության:

Դեռևս 1995թ.՝ ՄԱԿ 50-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ողջունում է Չինաստանին գերտերությունների սեղանակիցը դառնալու առթիվ, նշելով նաև, որ գերտերություններն ունեն նաև մեծ պատասխանատվություններ1։

Այնուամենայնիվ, համաշխարհային քաղաքական դաշտում գերտերություն լինելը դեռևս իրավունք չի տալիս կրել պատասխանատու ուժ տիտղոսը: Հարց է ծագում՝ արդյո՞ք Չինաստանը պատասխանատու ուժ է, թե՞ միայն նորաթուխ գերտերություն:

Քննարկենք մի շարք պատճառներ, որոնց շնորհիվ Չինաստանը կարող է համարվել պատասխանատու ուժ: Պաշտոնական Պեկինն ակտիվորեն մասնակցում է միջուկայնացման դեմ պայքարին, այն բանակցող կողմ է Իրանի և Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության2 (ԿԺԺՀ) միջուկային ծրագրերի շուրջ ծավալված բանակցություններում, մեծացնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ խաղաղապահ առաքելություններում, «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու (ՄՃՏԳ), «Ծովային մետաքսի ճանապարհ» (ԾՄՃ) ծրագրերի միջոցով փորձում է տնտեսական կայունություն մտցնել Ասիայից Եվրոպա և Աֆրիկա ընկած տարածաշրջաններում:

Չինաստանը զսպում է. պայքար միջուկայնացման դեմ

Միջուկայնացման դեմ պայքարը կարևորվում է Չինաստանում, որն ընդգծվում է Սի Ծինփինի արտահայտած հետևյալ մտքում. «Ինչքան մենք ամրապնում ենք միջուկային անվտանգությունը, այնքան ավելի ենք փոքրացնում ահաբեկիչների հնարավորությունները»3։

Չինաստանը դեմ է թե՛ Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերմանը, թե՛ ԿԺԺՀ միջուկային զինանոցին: Պեկինը Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդում (ՄԱԿ ԱԽ) կողմ քվեարկեց Իրանի և ԿԺԺՀ-ի դեմ ուղղված բանաձևերին, որոնք մամլիչի տակ դրեցին վերջիններիս տնտեսական, ռազմական և միջուկային համակարգերը: Կարելի է փաստել, որ չնայած Չինաստանը տնտեսական և քաղաքական լավ հարաբերություններ ուներ Իրանի և ԿԺԺՀ-ի հետ, բայց և այնպես հանդես եկավ որպես պատասխանատու ուժ՝ պաշտպանելով միջազգային հանրության շահերը, որի շնորհիվ ամրապնդվեց Միջուկային զենքերի չտարածման ռեժիմը: Միևնույն ժամանակ, ՄԱԿ ԱԽ բանաձևերը քննարկելու ընթացքում Պեկինը բանակցությունների միջոցով հնարավորինս թուլացրեց պատժամիջոցները՝ թույլ չտալով ԱՄՆ-ին տնտեսական և քաղաքական ավելի խիստ պատժամիջոցներով վերջնական կործանման տանել Թեհրանի և Փհենյանի քաղաքական համակարգերը: Չինաստանին ԵՄ-ի, Ռուսաստանի հետ հաջողվեց թե՛ Իրանի, թե՛ ԿԺԺՀ-ի հարցում բացառել ռազմական գործողությունների անհրաժեշտությունը, որոնք Իրանի պարագայում հնչում էին ԱՄՆ-ի4 և Իսրայելի, իսկ ԿԺԺՀ-ի դեպքում՝ ԱՄՆ-ի կողմից:

Խաղաղապահ Չինաստան

21-րդ դարում Չինաստանը մեծացրեց ներգրավվածությունը ՄԱԿ խաղաղապահ առաքելություններում: Մինչև 2011թ. չինացի խաղաղապահները կառուցել են 7300 կմ ճանապարհ, 200 կամուրջ, բժշկական օգնություն են ցուցաբերել ավելի քան 28 հազար հիվանդի և վնասազերծել են 7500 պայթուցիկ5։ Չինաստանի խաղաղապահ առաքելությունների անձնակազմի թիվը 2013թ. հասավ 22 հազարի: Չինական ստորաբաժանումներն ընդգրկված են եղել ՄԱԿ 23 խաղաղապահ առաքելություններում: Կարևոր է նշել նաև, որ Չինաստանը ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից ամենաստվարաթիվ անձնակազմ տրամադրողն է: Այն նաև խաղաղապահ առաքելություններում մասնակցող 115 երկրների մեջ ամենաշատ բժշկական, ինժեներական բեռնափոխադրման ստորաբաժանումներն է տրամադրում6։

Չինաստանը 2013-2015թթ. տրամադրել է ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների բյուջեի 6,64%-ը7։

Եթե մինչև 2013թ. Չինաստանը դեմ էր մարտական ստորաբաժանումներ տրամադրելուն, ապա 2014թ. չինական առաջին մարտական ջոկատը գործուղվեց Սուդան: Սա ազդանշան էր միջազգային հանրությանը, որ Չինաստանը հետզհետե մեծացնելու է իր պատասխանատվության բաժինը ՄԱԿ խաղաղապահ առաքելություններում մարտական գործողությունների միջոցով խաղաղության հաստատման գործում:

Ներկայում ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների զգալի մասն անցնում է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Սառը պատերազմից հետո Չինաստանը զգալի ֆինանսական ներդրումներ է կատարում Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, հատկապես էներգակիրների ոլորտում, այս պատճառով Չինաստանը հետաքրքրված է Աֆրիկան և Մերձավոր Արևելքը կայուն և անվտանգ տեսնելու հարցով: Չինաստանի տնտեսության զարգացումը հնարավոր է երաշխավորել միայն էներգակիրների ներկրումների ծավալների պահպանման դեպքում, իսկ էներգակիրների զգալի հատվածը ներկրում է հենց աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից: Ինչպես նշել է Շանհայի Ֆուդան համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Շեն Դինլին, «Չինաստանը մեծացնում է իր դերը խաղաղապահ գործողություններում, որպեսզի դրանց միջոցով ևս ապահովի իր կատարած ներդրումների, բեռնափոխադրումների անվտանգությունը»8։

ՄԱԿ ղեկավարությունը ևս շահագրգռված է, որպեսզի Չինաստանը մեծացնի իր ներգրավվածությունը խաղաղապահության բնագավառում, քանի որ արևմտյան երկրները տարեցտարի փոքրացնում են խաղաղապահ առաքելություններում ներգրավված իրենց ստորաբաժանումների քանակը, իսկ Չինաստանն այն երկիրն է, որը կարող է տրամադրել թե՛ քանակ, թե՛ որակ:

Տնտեսական գործոնը որպես պատասխանատու ուժի գործառույթ

2013թ. Սի Ծինփինն առաջ քաշեց ՄՃՏԳ և ԾՄՃ հավակնոտ ծրագրերը: Դրանց հիմնական նպատակն է իրար կապել Ասիայից Եվրոպա ընկած տարածաշրջանները՝ նպաստելով Հեռավոր Արևելքի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի մասնակից երկրների տնտեսությունների զարգացմանը և այս ահռելի տարածքում անվտանգության ամրապնդմանը: Անկասկած, վերոհիշյալ տարածաշրջաններում կմեծանա Չինաստանի ազդեցությունը, քանի որ վերջինս իր վրա է վերցրել մեծածավալ ներդրումներ կատարելու պարտականությունը:

Պատժամիջոցների պատճառով ծանր դրության մեջ հայտնված ռուսական տնտեսության համայնապատկերում՝ չինական ներդրումները մասնավորապես Կենտրոնական Ասիայում Չինաստանին հնարավորություն կտան հետզհետե Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից:

Վերոշարադրյալի վերաբերյալ Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների գործադիր տնօրեն Անդրեյ Կորտունովը հետևյալ կարծիքը հայտնեց. «Չինացիները հավաստիացնում են, որ ՄՃՏԳ ծրագիրն ինտեգրացիոն չէ, ուստի այն չի կարող հակադրվել, բայց կարող է փոխլրացնել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), որի շնորհիվ ծրագիրը կարող է դառնալ տնտեսությունների զարգացման կարևոր գոտի»: Այնուամենայնիվ, Կորտունովն ավելացրեց. «Իրականում ԵՏՄ-ից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները, եթե ԵՏՄ-ն դանդաղ զարգանա, ապա «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին ավելի կարևոր կդառնա, և վտանգ կա, որ չինական տնտեսությունը կուլ կտա այս գոտում ընկած տնտեսությունները»9։ Իր հերթին, չինագետ Ռաիսա Եպիխինան կարծում է, որ չինացիները նախաձեռնել են ՄՃՏԳ-ն, որպեսզի նոր լիցք հաղորդեն չինական տնտեսությանը, որի աճը դանդաղելու միտումներ է գրանցում: Ներդրումներ կատարելով մերձավոր և հեռավոր երկրների արդյունաբերություններում և ենթակառուցվածքներում՝ չինացիներն իրենց ապրանքների համար ճանապարհ են հարթում դեպի այդ երկրներ10։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Դոնալդ Ֆուլերը, անդրադառնալով Չինաստանի տնտեսական ծրագրերին, ասաց, որ քանի որ նվազել է չինական արտադրանքի հանդեպ պահանջարկը, Չինաստանը պետք է նոր ուղիներ գտնի տնտեսությունը զարգացնելու համար: Իրականում Չինաստանն աշխատատեղերի պահանջարկ ունի, այլ ոչ թե ռազմական արկածախնդրությունների, ինչպես և ԱՄՆ-ը: Կարևոր է, որ Չինաստանում ռազմական գործողությունների փոխարեն նախապատվությունը տալիս են առևտրին: Այս համատեքստում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնումն օգտակար կլինի բոլորի համար11։

Չինաստանը ՄՃՏԳ-ում և ԾՄՃ-ում միլիարդավոր ներդրումներ է նախատեսում, ինչը կամրապնդի նրա քաղաքական և տնտեսական ազդեցությունը երկու ծրագրերին մասնակցող երկրներում: Կարևոր է նշել նաև, որ Չինաստանն իր այս քայլով կնպաստի նաև համաշխարհային տնտեսության կայունացմանը և զարգացմանը, ինչն, անխոս, պատասխանատու ուժի գործելաոճ է:

Չինաստանը և BRICS-ում (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) նրա գործընկերները, լինելով ոչ արևմտյան, հասկանում են, որ Արևմուտքի կողմից վերահսկվող ֆինանսատնտեսական համակարգը հավասարակշռող ևս մեկ՝ ոչ արևմտյան երկրների կողմից վերահսկվող համակարգ է պետք ստեղծել։ Այս նպատակին հասնելու համար BRICS-ը ստեղծեց «BRICS զարգացման նոր բանկը», որի կենտրոնը գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքում, ունի սեփական արժութային պահուստներ և ապահովելու է BRICS երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը12։ Բանկի նախնական հայտարարագրված կապիտալը $100 մլրդ է, կնքվել է նաև պայմանագիր ընդհանուր արտարժութային պահուստներ ստեղծելու մասին, նախնականը՝ $100 մլրդ-ի չափով13։ Այսպիսով, Չինաստանը Ռուսաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի հետ փորձում է նաև ստեղծել ևս մեկ ֆինանսական համակարգ, որի շնորհիվ ոչ արևմտյան երկրները կկարողանան փոքրացնել իրենց կախումն Արևմուտքի կողմից թելադրվող խաղի կանոններով գործող ֆինանսական աշխարհից։

Ամփոփենք արդյունքները

Չինաստանը որպես պատասխանատու ուժ իր մասնակցությունն է բերում միջուկային զենքերի չտարածման գործում, պայքարում է ծովահենության14, ահաբեկչության15 դեմ, մեծացնում է ներգրավվածությունը ՄԱԿ խաղաղապահ առաքելություններում, մասնակցում է համաշխարհային տնտեսության առողջացման գործընթացին, կրթաթոշակներ է տրամադրում արտասահմանցի ուսանողներին16 և այլն:

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ կարելի է փաստել, որ Չինաստանը երրորդ աշխարհից ծագած առաջին պատասխանատու ուժն է, որը կարևոր դերակատարում ունի արդի միջազգային հարաբերություններում: Կարևոր է նշել, որ Չինաստանն, ի տարբերություն «դասական» պատասխանատու ուժի տիտղոսը կրող մյուս գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի, նպատակ չունի զբաղվել ժողովրդավարության, մարդու իրավունքերի սեփական մոդելների տարածմամբ:

Փետրվար, 2016թ.

1Yong Deng, “China: The Post-Responsible Power,” The Washington Quarterly, Winterer 2015, p. 129.

2 Մհեր Սահակյան, «Չինաստան-ԿԺԴՀ տնտեսական հարաբերությունները ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների համատեքստում», Գլոբուս, #11-12, 2014, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13069

3 Xi Jinping, The Governance of China, Beijing, Foreign Language Press, 2014, p. 281.

4 Mher Sahakyan, “The USA Policy on Iranian Nuclear Issue (2000-2014),” 21st Century, #2 (16), 2014, p. 51, from http://noravank.am/upload/pdf/3.Mher_Sahakyan_21_CENTURY_02_2014.pdf

5 UNGA, “Position Paper of the People's Republic of China,” from http://gd.china-embassy.org/eng/zyxw/t858193.htm

6 Ministry of National Defense the People’s Republic of China, “Safeguarding World Peace and Regional Stability,” in White Papers(白皮书), from http://eng.mod.gov.cn/Database/WhitePapers/2013-04/19/content_4443470.htm

7 UNGA, “Scale of Assessments for the Apportionment of the Expenses of the United Nations Peacekeeping Operations,” from http://www.un.org/en/ga/search/view_doc.asp?symbol=A/67/224/Add.1

8Հարցազրույց Շանհայի Ֆուդան համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Շեն Դինլիի հետ, Չինաստան, 2016թ. հունվարի 6:

9Հարցազրույց Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների խորհրդի գործադիր տնօրեն Անդրեյ Կորտունովի հետ, Մոսկվա, 2015թ. ապրիլի 16:

10Հարցազրույց Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի հետազոտող Ռաիսա Եպիխինայի հետ, Մոսկվա, 2015թ. ապրիլի 18:

11Հարցազրույց Հայաստանում Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Դոնալդ Ֆուլերի հետ, 2015թ. հունիսի 29:

12Մհեր Սահակյան, «Ո՞ւր է տանում Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի կառուցած ձևաչափը», Գլոբուս # 8-9: http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13854&sphrase_id=51461

13Г.Д. Толорая, Зачем России БРИКС? Россия в глобальной политике, #2. Январь-февраль, 2015. http://www.globalaffairs.ru/number/Zachem-Rossii-BRIKS-17309

14CCTV, “Chinese Navy Soldiers Celebrate 1st Anniversary of Fleet's Escort Mission in Gulf of Aden,” from http://english.cctv.com/program/chinatoday/20091227/100762.shtml

15Yitzhak Shichor, Ethno-Diplomacy: The Uyghur hitch in Sino-Turkish relations, East-West Center, Honolulu, 2009.

16Տե’ս, 中国政府奖学金生 (Չինաստանի պետական կրթաթոշակ), from http://www.csc.edu.cn/News/1987a3fe91914d75bffa318358eb9c75.shtml


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր