Կիպրոսի խնդիրը Թուրքիա–Եվրամիություն հարաբերություններում


Կիպրոսի խնդիրն ամենալուրջ արգելքներից է Թուրքիայի՝ Եվրամիությանը լիիրավ անդամակցելու գործընթացում. գործընթաց, որին իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի բնակչության մոտ երեք քառորդը։
Կիպրոսի վերոհիշյալ խնդիրն սկսվեց 1974թ., երբ կղզու հյուսիսային մասը զավթվեց թուրքական բանակի կողմից։ 1983թ. թուրքերն այդ տարածքում հիմնեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», ինչն ավելի ամրապնդեց բաժանումը։ Վերջինս պաշտոնապես ճանաչված է միայն Անկարայի կողմից, մինչդեռ կղզու հարավային մասում գտնվող Կիպրոսի Հանրապետությունը ոչ միայն ճանաչվեց, Թուրքիայից բացի` աշխարհի մնացած բոլոր երկրների կողմից, այլև 2004թ. մայիսին դարձավ Եվրամիության անդամ։
Ավելի քան 30 տարի Կիպրոսի խնդիրը Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում գրավում է առաջին տեղը։ Անկարայի մեծագույն խնդիրներից է Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչումը, սակայն դա չի արվում նույնիսկ «եղբայրական հանրապետություն» Ադրբեջանի կողմից։ Վերջինս բավարարվեց միայն դեպի կղզու թուրքական մաս ուղիղ չվերթ բացելով, ինչի արդյունքում, մասնավորապես, առժամանակ կասեցվեց Եվրամիության «Նոր հարևաններ» քաղաքականության շրջանակում` Ադրբեջանի հետ գործողության ծրագրի քննարկումը։
Անկարային կիպրական խնդրում մեծ աջակցություն է ցուցաբերում Վաշինգտոնը՝ նույնիսկ իրաքյան երկրորդ պատերազմի ընթացքում փոքր-ինչ սառած թուրք-ամերիկյան հարաբերությունների պայմաններում։ Սա, թերևս, բխում է ընդհանուր առմամբ Կիպրոս կղզու ռազմավարական մեծ նշանակությունից։ Կիպրոսը կարևոր է ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքի երկրների ու ընդհանրապես Միջերկրական ծովի արևելյան մասի հանդեպ իր ունեցած գերակա դիրքի շնորհիվ։ ԱՄՆ-ին ձեռնտու է կղզու երկատված մնալը` հունական ու թուրքական մասերի, քանի որ մեծանում է Կիպրոսի խնդրում ներգրավված մասնակիցների կառավարելիության աստիճանը։ Հունական մասը, դառնալով ԵՄ լիիրավ անդամ, գրեթե ամբողջապես մտավ եվրոպական ազդեցության գոտի, ինչը չես ասի կղզու թուրքական մասի վերաբերյալ։
Սառը պատերազմի ժամանակաշրջանում Վաշինգտոնը կղզում թուրքական զորքերի գտնվելը դիտում էր որպես Խորհրդային Միության ու նրա դաշնակիցների վրա ազդեցության հավելյալ լծակ։ Սրանով էր բացատրվում այս խնդրում ԱՄՆ աջակցությունը Թուրքիային։
Սակայն հետխորհրդային ժամանակաշրջանում իրավիճակն արմատապես փոխվեց։ Թուրքիան կորցրեց իր նշանակությունը որպես ՆԱՏՕ առաջին գիծ հակախորհրդային ճակատում։ Նույնը որոշ առումով վերաբերվեց նաև Կիպրոսին։
Թուրքիայի ու Կիպրոսի աշխարհառազմավարական դիրքերը կրկին կարևորվեցին հակաահաբեկչական պատերազմի շրջանակներում, երբ ուշադրությունը կենտրոնացվեց Մերձավոր Արևելքի վրա։ Բացի այդ, Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղի շինարարությունն ու գործարկումն ավելացրին Կիպրոսի ու հատկապես նրա հյուսիսային մասի նշանակությունը՝ այս անգամ որպես նավթային պաշարների տեղափոխման ուղիների անվտանգության ապահովման համակարգում կարևորագույն տարրերից մեկը։
Հունաստանն այս ընթացքում ամենևին անգործ չէր։ Դեռ 1995թ., երբ Թուրքիան դիմեց ԵՄ Մաքսային միությանն անդամակցության համար, Հունաստանը կարող էր օգտվել վետոյի իր իրավունքից ու արգելակել Անկարայի առաջխաղացումը, սակայն Աթենքը դա չարեց՝ փոխարենն ստանալով ԵՄ անդամների համաձայնությունը Կիպրոսի Հանրապետության հետ ԵՄ լիիրավ անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ։ Սա բերեց նրան, որ Կիպրոսի հունական մասը մտավ այն երկրների շարքը, որոնք 2004թ. մայիսին դառնալու էին ԵՄ լիիրավ անդամ։ Այսպիսով, Կիպրոսի Հանրապետությունն առաջ անցավ Թուրքիայից ու, ի հավելումն Հունաստանի, Եվրամիությունում այլևս տեսականորեն կարող էր արգելակել Անկարային վերաբերող յուրաքանչյուր խնդիր։
Իրավիճակը փոքր-ինչ մեղմելու համար Թուրքիան անցավ դիվանագիտական հակահարձակման։ ԱՄՆ գործուն աջակցությամբ 2002թ. ՄԱԿ գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կողմից միջազգային հանրությանը ներկայացվեց Կիպրոսի խնդրի հանգուցալուծման մի ծրագիր։ Թե՛ հունական, թե՛ թուրքական կողմերի վրա ճնշումներից ու երկարատև բանակցություններից հետո որոշում կայացվեց 2004թ. ապրիլի 24-ին՝ Կիպրոսի ԵՄ լիիրավ անդամակցության օրվանից մեկ շաբաթ առաջ, անցկացնել հանրաքվե կղզու երկու մասերում։
Հունական կողմին, ըստ էության, Անանի ծրագիրը ոչ մի բան չէր տալիս։ Մեկ շաբաթ անց իրենք դառնում էին ԵՄ լիիրավ անդամ և ընդ որում` կղզին ամբողջությամբ համարվում էր Կիպրոսի Հանրապետության տարածք։ Այս դեպքում կղզու հյուսիսային մասում գտնվող թուրքական զորքերը համարվելու էին «Եվրամիության տարածքը զավթած ուժեր»։ Բացի այդ, Անանի ծրագիրը նախատեսում էր կղզու երկատում հունական ու թուրքական մասերի՝ երկու իրավահավասար պետությունների, որոնք ձևականորեն միավորված էին լինելու մեկ ընդհանուր դաշնության հովանու ներքո։ Ակնհայտորեն ծրագիրը ձեռնտու էր թուրքական կողմին։ Ուստի, զարմանալի չէր, որ հանրաքվեի արդյունքում հունական կողմը ձայների մեծամասնությամբ մերժեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի ծրագիրը, իսկ թուրքական կողմը՝ ընդունեց։ Սա կարելի է համարել Անկարայի դիվանագիտական հաղթանակը, քանի որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ թուրքական կողմն արտաքուստ հանդես եկավ որպես Կիպրոսի խնդրի խաղաղ լուծման կողմնակից, իսկ հունական կողմը՝ անհաշտ։ Դե-յուրե ողջ կղզին, իսկ փաստացի` կղզու միայն հունական մասը դարձավ ԵՄ լիիրավ անդամ:
* * *
Անկասկած, Անկարան չէր կարող հեշտությամբ մարսել Կիպրոսի ԵՄ լիիրավ անդամակցությունը։ Թուրքիայի ամեն մի նշանակալի քայլի ժամանակ խնդրի չլուծված լինելն իրեն հիշեցնել է տալիս։ Արդեն 2004թ. դեկտեմբերի 17-ին Բրյուսելի գագաթաժողովում Կիպրոսը պահանջեց, որ Թուրքիան ճանաչի իր ինքնիշխանությունը։ Թուրքիան, հանդիսանալով ԵՄ Մաքսային միության անդամ, պետք է ստորագրեր նոր անդամների հետ հավելյալ արձանագրություն, ինչը նշանակում էր կղզու հունական մասի փաստական ճանաչում։ Երկարատև բանակցություններից հետո Անկարան հասավ պայմանավորվածության, որ իր ստորագրությունը չի նշանակի փաստացի ճանաչում։ Հարցն առժամանակ հետաձգվեց:
2005թ. հոկտեմբերի 3-ին սկսվեցին Թուրքիայի հետ ԵՄ լիիրավ անդամակցության բանակցությունները։ Կիպրոսն այս անգամ չօգտագործեց վետոյի իր իրավունքը՝ իրավացիորեն համոզված լինելով, որ նախ՝ դա կարող է անել հետագայում, ապա՝ որ Թուրքիայի վրա ավելի հեշտությամբ կարելի կլինի ճնշումներ գործադրել, երբ նա արդեն մտած լինի բանակցային փուլ, այսինքն` երբ կորցնելու բան կունենա։
Ինչպես և կանխատեսվում էր, Կիպրոսի ճանաչման խնդիրը կրկին սրվեց 2006թ. հունվար ամսին` «Ապրանքների ազատ տեղափոխման» վերաբերյալ թուրք-եվրոպական բանակցությունների ժամանակ, քանի որ մինչև այժմ Թուրքիայի նավահանգիստները փակ են Կիպրոսի հույների առջև, ինչն անընդունելի է։
Թուրքիան հենց հունվար ամսին անցավ դիվանագիտական հարձակման։ Թուրքիայի համար շատ կարևոր է ստեղծել հարցի շուտափույթ լուծման կողմնակցի պատկեր, որպեսզի ճնշումները թեթևանան։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա.Գյուլը հունվարի 20-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Քոֆի Անանին ներկայացրեց խնդրի լուծման մի ծրագիր, որտեղ նույնիսկ կան գործողությունների իրականացման ամսաթվեր։ Անկարայի առաջարկն իր մեջ ավելի շատ փոխզիջման պահանջ է ներկայացնում՝ Թուրքիան պատրաստ է բացել իր նավահանգիստները Կիպրոսի հույների առջև, միայն եթե վերացվի «Հյուսիսային Կիպրոսի» շրջափակումը։
Թուրքական առաջարկը ոչ մի նորություն չի պարունակում։ Հարավային Կիպրոսի արտաքին գործերի նախարար Յորգո Յակովուն այն անվանել է «հին ուտեստ, որը տաքացրել են»։ Իրոք, սա 2005թ. մայիսի 30-ին ներկայացված գործողությունների ծրագրի փոքր-ինչ հստակեցված տարբերակն է։
Հիմնականում այս քայլի նպատակը ժամանակ շահելն էր, ինչին և Անկարան հաջողությամբ հասավ։ Ինչո՞ւ է պետք Թուրքիային այս մի քանի ամիս ժամանակը, որ նա շահեց։ Գարնանը սպասվում է Եվրամիության զեկույցը Թուրքիայի հետ ներկա բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Եթե Կիպրոսի հարցում այս քայլը չարվեր, ապա զեկույցում այս կետը մեծապես կվնասեր Անկարային, իսկ այժմ Թուրքիան խուսանավելու տեղ ունի, մատնանշելով հարցի` ՄԱԿ-ում գտնվելը։ Բացի այդ, Թուրքիայի նպատակն է Կիպրոսի հարցը ԵՄ իրավասության շրջանակից հանել ու տեղափոխել ՄԱԿ լիազորությունների դաշտ, որտեղ Կիպրոսը փոքր-ինչ կդադարի Թուրքիայի լիիրավ անդամակցության ուղու վրա արգելք լինելուց, ինչպես նաև ՄԱԿ-ում կզգացվի Թուրքիայի հանդեպ ԱՄՆ բացահայտ աջակցության ազդեցությունը։
ԱՄՆ աջակցության մասին է խոսում 2005թ. հոկտեմբեր ամսին «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» նախագահ Թալաթի պաշտոնական այցը ԱՄՆ, որտեղ նրան ընդունեց ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը։ Ի դեպ, վերջինս, 2006թ. փետրվար ամսին այցելելու է Անկարա, և օրակարգում Կիպրոսի հարցը տեղ է գրավում կարևորագույն նշանակության խնդիրների ցանկում։ Ակնհայտ է ամերիկյան ու անգլիական բացահայտ աջակցությունը Անկարայի այս ծրագրին։ Բավական է միայն հիշատակել ավանդապես խնդրի կարգավորման գործում մեծ դեր ունեցող Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեք Սթրոուի այցը կղզի, որտեղ նա նախ հանդիպում ունեցավ «Հյուսիսային Կիպրոսի» նախագահի հետ, հայտնեց իր միանշանակ աջակցությունը Անկարայի նոր նախաձեռնությանը, ինչից հետո նրան հրաժարվեց ընդունել Հարավային Կիպրոսի նախագահ Պապադոպուլոսը։
* * *
Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ թուրք-եվրոպական հարաբերություններում Կիպրոսի հարցը լինելու է այն ականը, որ պայթելու է Անկարայի սխալ քայլերի դեպքում։ Այս առումով, Թուրքիան կփորձի առավելագույնս զգոն լինել Հունաստանի ու Կիպրոսի Հանրապետության ձեռնարկումների հանդեպ։ Ակնհայտ է, որ Անկարան ձգտելու է որքան հնարավոր է ձգձգել Կիպրոսի հարցի համապարփակ լուծումը, սակայն նաև, ամենայն հավանականությամբ, գնալու է զիջումների որոշ հարցերում, որոնք, թերևս, այդքան էլ սկզբունքային չեն լինի։
Պետք է նաև հիշել, որ Կիպրոսի խնդրում յուրաքանչյուր շարժ շատ սուր է ընդունվում Թուրքիայի ներքաղաքական դաշտում, իսկ Անկարան արդեն սկսել է պատրաստվել խորհրդարանական ընտրությունների։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- Ռուս-թուրքական համագործակցության արդի փուլը[27.07.2006]
- Թուրք մեսխեթցիները՝ տարածաշրջանային գործոն[13.06.2006]
- Թուրքիայի ժողովրդավարացման ապագան[11.05.2006]
- Թուրքիայի միջուկային ծրագրերի շուրջ[06.04.2006]
- Թուրքիա–Եվրամիություն հարաբերությունների շուրջ[09.02.2006]
- Ասիական խաղացողները էներգակիրների շուկայում. հայացք ապագային[22.12.2005]
- Թուրք-սիրիական հարաբերություններ[06.10.2005]
- Թուրքիայի դերը «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծում[19.07.2005]
- Թուրք-իրանական հարաբերություններ[20.06.2005]