• am
  • ru
  • en
Версия для печати
27.07.2006

Ռուս-թուրքական համագործակցության արդի փուլը

Руский

   

Արտակ Շաքարյան

Վերջին ժամանակներս Միջին Ասիայի ու Կովկասի համար իրար հետ ավանդաբար մրցակցող Ռուսաստանն ու Թուրքիան այդ տարածաշրջաններում համագործակցության ուղիներ են փնտրում։

Այս շրջանակներում արվող փոխադարձ այցերի շարանին ավելացավ եւս մեկը. Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեդ Սեզերն ու ԱԳ նախարար Աբդուլահ Գյուլը հունիսի 29-ին Մոսկվայում հանդիպում ունեցան Վլադիմիր Պուտինի հետ։ Նույն օրը Ա.Ն.Սեզերը շարունակեց իր մոսկովյան հանդիպումներն ու երկկողմանի հարաբերությունները քննարկեց Դումայի խոսնակ Բորիս Գրիզլովի հետ։

Նախքան թուրք բարձրաստիճան պաշտոնյաների այցը` երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ թուրքական «Զաման» օրաթերթին հարցազրույց տված Ռուսաստանի Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Նատալյա Ուլչենկոն, մասնավորապես, նշել էր, թե «Մոսկվան հատկապես վերջին տարիներին ազատվել է Միջին Ասիայի հետ կապված Թուրքիայի վերաբերյալ երկյուղներից»։ Ռուս մասնագետն ընդգծել էր, որ շատ ու շատ հարցերում Անկարայի ու Մոսկվայի տեսակետները համընկնում են, իսկ երկու երկրների միջեւ քաղաքական համագործակցությունը գտնվում է «բավարար մակարդակի» վրա։ Համաձայն Ուլչենկոյի` «Երկնագույն հոսք» սեւծովյան գազատարի գործարկումն ու Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարից առաջին նավթի ստացումը նշանավորում են տարածաշրջանում նոր` էներգետիկ դարաշրջանի սկիզբ, եւ երկու երկրները, շնորհիվ իրենց զարգացած հարաբերությունների, կարող են ստեղծել նոր ձգողության կենտրոն` նախաձեռնելով գիտության ու բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ընդհանուր նախագծեր։ «Երկնագույն հոսք» գազատարի հետ կապված` հիշեցնենք, որ Ռուսաստանը պնդում է, թե պետք է այն երկարացվի մինչեւ Հունաստան, Իտալիա եւ Իսրայել, ինչին դեմ են Միացյալ Նահանգները։ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Ռուսաստանի էներգետիկ մենիշխանության հաստատման գործում Անկարան ունենա իր թեկուզեւ համեստ դերակատարումը։ Սակայն Անկարան չի կարող այդքան հեշտությամբ դուրս գալ խաղից։ Թուրքիային նույնպես ձեռնտու է դառնալ որքան հնարավոր է շատ էներգետիկ ուղիների հանգուցային միջանցիկ կենտրոն եւ ինքն, իր հերթին, բազում առաջարկներ ունի։ Դրանցից է, մասնավորապես, սեւծովյան Սամսուն քաղաքից միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ տարվելիք նավթամուղի նախագիծը։

Մոսկվայում Թուրքիայի դեսպան Քուրթուլուշ Թաշքենթը Սեզերի այցից առաջ տված հարցազրույցում նույնպես ընդգծեց, որ ռուս-թուրքական հարաբերություններն այսօր գտնվում են «ամենից բարձր մակարդակի վրա»։ Նա եւս նշեց, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ չկա տարաձայնություն միջազգային կամ տարածաշրջանային հնչողություն ունեցող ոչ մի հարցում` մասնավորապես, շեշտելով Մոսկվայի ու Անկարայի միանման մոտեցումներն Իրանի, Իրաքի ու Պաղեստինի հարցերում։

* * *

Անցած մեկ տարվա ընթացքում նախագահ Պուտինն ու վարչապետ Էրդողանը տարբեր առիթներով հանդիպել են 4 անգամ, ինչը նշում է հարաբերությունների վերին աստիճանի զարգացած ու ռազմավարական լինելու մասին։

Երկու երկրների միջեւ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ փոխադարձ այցերի թիվը քանակային ցուցիչ է, որը ցույց է տալիս միջպետական հարաբերությունների որակական կողմը։ Դեռ 1999թ. Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը չընդունեց Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթին, սակայն երբ ուսումնասիրում ենք դրան հաջորդած տարիներին տեղի ունեցած Մոսկվա–Անկարա երթեւեկությունը, ապա համոզվում ենք, որ անցած 6 տարիների ընթացքում ռուս-թուրքական հարաբերությունները կրել են որակական տեղաշարժ։

Սեպտեմբերի 11-ը մեծ փոփոխություններ մտցրեց թե՛ ամբողջ աշխարհի, թե՛ տարածաշրջանի ուժային հաշվեկշռի մեջ, ինչն, անշուշտ, չէր կարող չանդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Շրջադարձային այդ իրադարձությունից հետո ռուս-թուրքական առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2002թ. սեպտեմբերին, Նյու Յորքում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեդ Սեզերն այդ քաղաքում մասնակցում էին «Հազարամյակի գագաթաժողովին»։ Հանդիպման ընթացքում Սեզերն իր ռուս գործընկերոջը հրավիրեց Թուրքիա. 2004թ. դեկտեմբերին թուրք-ռուսական հարաբերություններում գրանցվեց շրջադարձային իրադարձություն` Անկարա պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ռուս-թուրքական հարաբերությունների ողջ պատմության ընթացքում սա ռուս ղեկավարի առաջին այցն էր, եթե հաշվի չառնենք 1972թ. Անկարա այցելած ԽՍՀՄ ԳԽ նախագահ Նիկոլայ Պոդգորնիին։

Վ.Պուտինի այցին անմիջապես հաջորդեց Թուրքիայի վարչապետ Ռ.Թ.Էրդողանի այցը Մոսկվա։ Դրանից հետո Էրդողանն ու Պուտինը եւս մեկ անգամ հանդիպեցին Սոչիում, Պուտինը եւս մեկ անգամ այցելեց Թուրքիա 2005թ. վերջին, երբ սեւծովյան Սամսուն քաղաքում պաշտոնապես բացվեց «Երկնագույն հոսք» գազատարը։ Պուտինի ու Էրդողանի միջեւ հաստատվեց նույնիսկ ուղիղ հեռախոսակապ` առավել հրատապ խնդիրները քննարկելու համար։

2006թ. մայիսին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հրավերքով եռօրյա աշխատանքային այցով Մոսկվա ժամանեց նրա թուրք գործընկեր` Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Յիղիթ Ալփոգանը։ Դրանից հետո` 2006թ. մայիսին Անկարա այցելեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեդ Սեզերի պաշտոնական վերջին այցը Մոսկվա այս այցերի տրամաբանական շարունակությունն էր։ Ի դեպ, նշենք, որ նախապատրաստվում է նաեւ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Արընչի այցը Ռուսաստան։

* * *

Ի՞նչ սպասումներ ուներ Անկարան իր նախագահի այցից։ Ռուս-թուրքական հարաբերությունների մի շարք մասնագետներ նշում են, որ այսօր Անկարան սերտորեն կապված է Մոսկվայի հետ ու մեծ ռազմավարական աջակցություն է ցույց տալիս նրան, ինչի համար, ըստ թուրք վերլուծաբանների, ժամանակն է, որ Կրեմլը փոխադարձ քայլեր անի։

Այսպես, սեւծովյան նեղուցների հարցում Թուրքիան Ռուսաստանին համահունչ քաղաքական դիրք բռնեց եւ ներկայումս թույլ չի տալիս, որ Միացյալ Նահանգները մուտք գործի Սեւ ծով։ Այս առումով, ռուսները պետք է որ շատ գոհ լինեն թուրքերից։

Դրանից բացի, թուրք վերլուծաբանները նշում են, որ Իրանի ու Իրաքի հարցերում Անկարան միանշանակորեն համաձայն չէ Վաշինգտոնի մոտեցումներին, ինչով ավելի մոտ է կանգնած Մոսկվային։ Թուրքիան նաեւ աջակցել է Ռուսաստանին` Իսլամական կոնֆերանս կազմակերպության հետ կապված հարցերում։

Սակայն ամենամեծ նշանակությունն ունի Թուրքիայի աջակցությունը ռուսական գազային քաղաքականությանը։ Դիմադրելով ԱՄՆ ճնշումներին` Թուրքիան իր տարածքն է տրամադրում Ռուսաստանին` խողովակաշարերը դեպի Հարավային Եվրոպա ու Իսրայել ուղղելու համար։

Էական նշանակություն ունեն նաեւ թուրք-ռուսական տնտեսա-առեւտրային հարաբերությունները: Համաձայն ռուսական վիճակագրության` 2005թ. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմել է 12,6 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ թուրքական տվյալներով` 15,3 մլրդ։ Ռուսաստանում թուրքական ներդրումների ծավալը հասնում է 2 մլրդ ԱՄՆ դոլարի։ Թուրք-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի մասին է վկայում նաեւ այն, որ Ռուսաստանը, Անարայում դեսպանատնից բացի, հյուպատոսարաններ ունի Ստամբուլում ու Անթալիայում, իսկ Թուրքիան պատրաստվում է հյուպատոսարան բացել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում։

Այս ամենի փոխարեն Անկարան սպասում է, որ Ռուսաստանը բարեկամական ժեստեր անի հետեւյալ կետերի շուրջ.

Կիպրոս. Ռուսաստանը` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնական անդամ, կարող է մեծ դեր խաղալ հարցի թուրքամետ լուծման խնդրում, սակայն մինչեւ այժմ նա բռնել է հունամետ դիրքորոշում։ Ռուսաստանը ոչ միայն չի ճանաչում ինքնահռչակ Հյուս. Կիպրոսի թուրքական հանրապետությունը, այլեւ չի դադարեցնում էմբարգոն ու տնտեսական ոչ մի հարաբերություն չունի նրա հետ։ Անկարան սպասում է, որ Մոսկվան ավելի ակտիվորեն կաջակցի Կիպրոսի հարցում։

Հայերի ցեղասպանություն. Թուրք վերլուծաբանները Ռուսաստանում ցեղասպանության վերաբերյալ որոշումներ ընդունելու խնդիրը կապում են այդ երկրում ավելի քան 2 մլն հայ ապրելու ու մեծ լոբբի ունենալու հանգամանքի հետ։ Սակայն վերջերս նրանք նկատում են այս հարցում ռուսական քաղաքականությունում թուրքամետ մոտեցումներ։ Մասնավորապես, ընդամենը մեկ ամիս առաջ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե «որքան էլ ցեղասպանության խնդիրը կարեւոր լինի հայերի համար, այն չի կարող որոշիչ դեր ունենալ ռուս-թուրքական հարաբերություններում. դա պատմաբանների գործն է, ու չպետք է այն դարձնել քաղաքական գործիչների գործիք», ինչը համահունչ է պաշտոնական Անկարայի մոտեցումներին։ Թուրքիան Ռուսաստանից այս հարցում ավելի հստակ մոտեցումներ է պահանջում։

Քրդստանի բանվորական կուսակցություն. Ռուսաստանը դեռ այս կազմակերպությունը չի մտցրել ահաբեկչական կազմակերպությունների իր ցանկ, ինչպես դա պնդում է Անկարան։ Թուրքերը հավատացած են, որ ահաբեկչությունից մեծ կորուստներ կրած Մոսկվան վերջիվերջո դա կանի, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը քրդական խաղաքարտը կպահի այնքան ժամանակ, որքան Անկարան` չեչենականը։

ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամակցություն. Թուրքիան ցանկություն ունի 2009–2010թթ. դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, իսկ Ռուսաստանը` որպես նույն խորհրդի մշտական անդամ, մեծ դերակատարում կարող է ունենալ այս հարցում։ Լավրովն իր այցի ժամանակ խոստացել է օգնել։

Սամսուն–Ջեյհան. Անկարայի սպասումների հիմնական ցանկը եզրափակում է էներգետիկան: Այսօր ակտիվորեն քննարկվում է «Երկնագույն հոսք-2» նոր գազատարի շինարարության հարցը, իսկ Անկարան Մոսկվային առաջարկում է ընդգրկվել սեւծովյան Սամսուն քաղաքից միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ նավթատարի կառուցման նախագծում. այն կթեթեւացնի սեւծովյան նեղուցների երթեւեկությունն ու դեպի Արեւմուտք գնացող ռուսական նավթի մայրուղի կհանդիսանա։ Ռուսական կողմն, իր հերթին, նախապատվություն է տալիս Բալկաններով տարվելիք նավթամուղի նախագծերին։ Անկարան Սեզերի այցով փորձեց տարհամոզել ռուսներին։

* * *

Ռուսաստանն, իր հերթին, գազային փոխադրումների եւ ապրանքաշրջանառության ծավալի աճից բացի, հետաքրքրված է Թուրքիայում միջուկային էլեկտրակայանի շինարարությամբ, ինչպես նաեւ Տ-300 հրթիռների` Թուրքիայում համատեղ արտադրության հեռանկարով։ Թուրքիայի միջուկային ծրագրերի շուրջ Ռուսաստանի մեծ հետաքրքրության մասին հայտարարել էր նաեւ երկրի էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն Ստամբուլում անցկացվող առեւտրատնտեսական համագործակցության թուրք-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Ատոմային էներգետիկայից բացի, ռուսական կողմը ծրագրում է մասնակցել նաեւ հիդրո եւ ջերմաէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին։

Հունիսյան հանդիպման ժամանակ Պուտինը Սեզերին առաջարկեց համագործակցել միջուկային ոլորտում։ Նա ընդգծեց, որ պետք է ոչ միայն ձգտել աջակցել ապրանքաշրջանառության աճի միտմանը, այլեւ «կենտրոնացնել ուշադրությունը ներդրումային ծրագրերի շարունակականության վրա եւ ձեռնարկել նորերը»։ Պուտինն իր խոսքում նախանշեց ռուս-թուրքական համագործակցության առաջնային ոլորտները` դրանց շարքում տեսնելով նաեւ ատոմային էներգետիկան։

Այսպիսով, ռուս-թուրքական հարաբերությունները թեւակոխել են մի փուլ, որը կարելի է անվանել գործընկերային։ Ի՞նչ ազդեցություն կունենա թուրք-ռուսական գործընկերությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա. այս հարցը հայ հասարակության շրջանակներում բնական մտահոգության տեղիք է տալիս:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր