ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ
Բազմաբեւեռ աշխարհակարգի առանցքային հիմնախնդիրներից են Միացյալ Նահանգներ–Չինաստան հարաբերությունները։ Դրանց ուղղվածությունը եւ բովանդակությունը, ակնհայտորեն, էապես ազդելու են գլոբալ քաղաքակրթական, ռազմաքաղաքական եւ տնտեսական զարգացումների վրա։ Մինչդեռ այն հարցում, թե ինչպիսի բնույթ են կրելու այդ հարաբերությունները, փորձագիտական մոտեցումները երբեմն տրամագծորեն տարբերվում են միմյանցից։
Քաղաքակրթական հակամարտություն. Ոմանք (գլխավորապես տնտեսագետ վերլուծաբանները) հակված են այն մտքին, թե ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն ֆինանսատնտեսական ոլորտում այնքան են սերտաճել (արդեն այսօր ամերիկյան ներկրումների ծավալի 10%-ը պատկանում է Չինաստանին), որ ապագայում տնտեսապես ինտեգրվելու եւ մի ամբողջություն են կազմելու։ Ամերիկյան ականավոր տնտեսագետ Նայել Ֆերգյուսոնը այդ ամբողջությունը դիպուկ անվանել է "Չիմերիկա" (China–America բառակապակցությունից)։ Այլ կարծիքի են աշխարհաքաղաքական մտածելակերպ ունեցող փորձագետները. նրանք համոզված են, որ ԱՄՆ–ՉԺՀ մրցակցությունը սուր, անգամ` ռազմական բախումների տեսք է ընդունելու։
Այս ամենի առիթով նկատենք, որ գլոբալացվող աշխարհում խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների համար տնտեսական որոշ շահերի համընկնումը, դրանց այս կամ այն չափով ընդհանրականությունը գրեթե անխուսափելի են։ Մասնավորապես, դրա մասին են վկայում ներկայիս ճգնաժամը հաղթահարելու նպատակով առաջատար երկրների ջանքերի համատեղման փորձերը։ Միեւնույն ժամանակ, բնավ չանտեսելով նյութականի կարեւորությունը` կան առավել կարեւոր եւ առաջնային գործոններ։
Չինաստանի վերաբերյալ արեւմտյան խորքային հետազոտություններում հատուկ ընդգծվում են չինացիների արժեքային համակարգի ուրույնությունն ու գաղափարախոսական ճկունությունը, ինչը եւ, համաձայն հետազոտողների, այդ տերության ազգային անվտանգության հիմնական գրավականն է։ Տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ–ՉԺՀ հարաբերություններում ամենակարեւորն է համարվում հոգեւոր (գաղափարախոսական) եւ մտավոր ոլորտներում ընթացող մրցակցությունը։ Հատկանշական է, որ ամերիկյան որոշ հետազոտական կենտրոնների փորձագետների առավել անհանգստացնում է ոչ այնքան Չինաստանի տնտեսական աճը, որքան այն, որ 2040թ. ԱՄՆ եւ ՉԺՀ գիտատեխնիկական զարգացածության ցուցանիշները հավասարվելու են։ Համաձայն վերջերս մահկանացուն կնքած Սեմյուել Հանտինգտոնի մոտեցումների` այդ երկու գերտերությունների միջեւ հակասությունները քաղաքակրթական հակամարտության դասական օրինակ են հանդիսանում։ Սակայն հայտնի է նաեւ, որ գաղափարախոսական մրցակցությունը ռազմական բախումների կարեւորագույն նախապայմաններից է։
Ռազմական բախման սցենարներ. Վերոնշյալի համատեքստում` հետաքրքիր է անդրադառնալ Ռենդ կորպորացիայի եւ ամերիկյան այլ «ուղեղային կենտրոնների» կողմից մշակված «Ասիա - 2025» եւ «Միացյալ տեսլական - 2020» սցենարներից մեկին, որի անվանումն է «Չինաստանը գործում է»։ Համաձայն այդ մշակման, 2015թ. Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում աճում են ազգայնական տրամադրությունները, սկսվում է երկու Կորեաների միացման գործընթացը։ Այդ երկրների բնակչության բողոքի, ինչպես նաեւ ամերիկացիների դեմ ուղղված առանձին ահաբեկչական գործողությունների հետեւանքով, ԱՄՆ-ը ստիպված դուրս է բերում իր ռազմակայաններն այդ երկրներից։ Իր հերթին, Չինաստանն ակտիվացնում է իր ռազմածովային ուժերը, որի հետեւանքով տեղի է ունենում չինական եւ ամերիկյան ռազմանավերի լոկալ զինված բախում։ Քաղաքական տեսանկյունից թուլացած ԱՄՆ-ը ընկրկում է։ Ստեղծված նոր իրողությունում Հնդկաստանը եւ Ճապոնիան վերիմաստավորում են իրենց քաղաքական հայեցակարգերը. նրանք ավելի են «հեռանում» Միացյալ Նահանգներից եւ ռազմավարական առումով կողմնորոշվում դեպի Չինաստան: Այդպիսով, Չինաստանը եւ նրա «կրտսեր» գործընկերներ Հնդկաստանն ու Ճապոնիան ռազմաքաղաքական գերակայություն են հաստատում Հարավասիական եւ Ասիա – Խաղաղօվկիանոսյան հսկայական տարածաշրջաններում` այնտեղից դուրս մղելով ԱՄՆ-ին։ Բնորոշ է, որ նման միտումներ են արտահայտում նաեւ Սինգապուրում անցկացված (ճապոնացի փորձագետների մասնակցությամբ) մի սցենարային խաղի արդյունքները, համաձայն որոնց` ԱՄՆ նահանջի պարագայում տարածաշրջանում ձեւավորվում է այսպես կոչված «Ասիական ՆԱՏՕ», որի կորիզն են կազմում Չինաստանը, Ճապոնիան եւ Միացյալ Կորեան։
Պատերազմական գործողությունների տեսանկյունից` այսօր հրատապ է նաեւ (գուցե եւ` առաջին հերթին) Թայվանի շուրջ ձեւավորված իրավիճակը։ Այդ համատեքստում ուշադրության է արժանի այդ երկրի («Չինական հանրապետություն») ռազմական գերատեսչությունում 2006թ. կազմակերպված «Խան Կուանգ» անվանումը կրող համակարգչային զինավարժությունը, որի ընթացքում մոդելավորվել է ՉԺՀ հարձակումը կղզու վրա։ Համաձայն այդ շտաբային խաղի` ՉԺՀ զինված ուժերը կարողանում են խաթարել թայվանական բանակի կապի աշխատանքը եւ անսպասելի դեսանտ են իջեցնում կղզու հյուսիսում։ Ռազմական գործողությունների արդեն չորրորդ օրը հարձակվողները սրընթաց առաջխաղացումով գրավում են Թայբեյ մայրաքաղաքը եւ հայտարարում իրենց հաղթանակի մասին։
Այս սցենարի կապակցությամբ նկատենք հետեւյալը։ Այն, որ ՉԺՀ-ն ի զորու է հաշված օրերի ընթացքում գրավել Թայվանը, իհարկե, կասկած չի հարուցում։ Սակայն դա առ այսօր տեղի չի ունեցել բացառապես կղզուն տրված ամերիկյան երաշխիքների եւ, գլխավորը, Թայվանյան նեղուցում պարեկություն իրագործող ԱՄՆ նավատորմի շնորհիվ։ Մինչդեռ իրենց շտաբական խաղում թայվանյան զինվորականները կարծես թե համակերպվել են այն մտքի հետ, որ ԱՄՆ-ը հանուն Թայվանի լուրջ ռազմական քայլերի դիմելու պատրաստ չէ եւ հոգեբանորեն արդեն զիջել է կղզին մայրցամաքային Չինաստանին։
«Սառը պատերազմ». Ռազմաքաղաքական սցենարների եւ շտաբային խաղերի մշակումը պարտադիր ենթադրում է ամենածայրահեղ տարբերակների դիտարկումը. դա թույլ է տալիս պատկերացնել հնարավոր զարգացումների ողջ տիրույթը եւ կազմակերպիչների մեջ ամբողջական պատկերացումներ ձեւավորել հետազոտվող խնդրի վերաբերյալ։ Անշուշտ, ԱՄՆ-ՉԺՀ հարաբերություններում չի կարելի բացառել ռազմական զարգացումների հնարավորությունը։ Սակայն միջուկային դարաշրջանում գերտերությունների միջեւ անմիջական ռազմական բախումը կարող է հանգեցնել փաստացի «պատմության ավարտին»։ Այդ հանգամանքը, իհարկե, մրցակիցները գիտակցում են, եւ այդ իսկ պատճառով «տաք» պատերազմը կողմերի միջեւ գրեթե բացառվում է։
Այլ խնդիր է «սառը պատերազմը», որտեղ օգտագործվում են բոլոր միջոցները, բացի միջուկայինից։ Բնորոշ է, որ դեռեւս 1992թ. Դեն Սյաոպինը հրապարակավ հայտարարեց, թե Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ «սառը պատերազմն» արդեն սկսվել է։ Կարծում ենք, որ «իմաստուն Դենը» այդպիսով ոչ այնքան փաստում էր իրողությունը, քանի որ այդ տարիներին Չինաստանը դեռեւս հեռու էր գլոբալ համակարգում ուժային բեւեռ լինելուց, որքան շեշտում էր այն հանգամանքը, թե «սովետների» փլուզումից հետո Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցը հենց իր երկիրն է լինելու։
Այսօր Չինաստանն իրոք ձեռք է բերել երկրորդ ուժի կենտրոնի կարգավիճակ եւ վարում է իր ավանդական ռազմավարությունը` համադրելով ունեցած ռեսուրսները, քաղաքական իրողությունները եւ իր առջեւ դրված նպատակները, ձգտելով դրանց հասնել «փափուկ ուժի» միջոցով։ Օրինակ, նույն Թայվանի խնդիրն այսօր կարծես շատ հեռու չէ քաղաքական միջոցներով լուծում գտնելուց. այդ կղզում 2008թ. նախագահական ընտրություններում զգալի առավելությամբ հաղթեց ընդդիմության ներկայացուցիչ Մա Ինցզյուն։ Նա երկու երկրների խաղաղ ինտեգրման կողմնակից է, ծագումով` մայրցամաքային Չինաստանից, եւ համաձայն հատուկ ծառայությունների ոլորտի փորձագետների` հանդիսանում է «Պեկինի մարդը»։ Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ այդ նախագահական ընտրություններում առկա էին «գունավոր հեղափոխություններին» բնորոշ տարրեր, այսինքն` Պեկինը լավագույնս յուրացրել է արեւմտյան այդ «տեխնոլոգիան» եւ հաջողությամբ կիրառում է այն իր մրցակցի նկատմամբ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]