• am
  • ru
  • en
Версия для печати
28.02.2025

«ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»

   

Ըստ ամերիկյան Bloomberg պարբերականի՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ բանակցությունները «կարող են ճանապարհ հարթել» երկու նախագահների հանդիպման համար։ Ի դեպ, բանակցություններին ներկա ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն արդեն իսկ հայտնել է, որ պատվիրակությունները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն երկու նախագահների հնարավոր հանդիպումը: «Գլխավորը մեր և Վաշինգտոնի միջև հարաբերությունների իրական նորմալացում սկսելն է»,- նշել է նա: Հիշեցնենք, որ ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկին նախորդել էր Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը, ինչի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ, հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ կարելի է սպասել հեռախոսազրույցից հետո՝ Պուտին-Թրամփ հնարավոր, հանդիպումից՝ թե՛ տարածաշրջանի, թե՛ աշխարհաքաղաքական առումով:

v Դա թերևս ամենակարևոր և, միևնույն ժամանակ, նաև հրատապ հարցերից մեկն է համաշխարհային տեղեկատվական դաշտում։ Ես կարող եմ ասել, որ հեռախոսազրույցն արդեն իսկ քայլ էր՝ նոր աշխարհակարգ ստեղծելու ուղղությամբ, որովհետև ստացվում է այնպես, որ, փաստորեն, եթե մաղենք Թրամփի եւ Պուտինի ասածները, ապա կարող ենք ասել, որ խոսքն այն մասին է, որ ինչ-որ մի նոր աշխարհ են ստեղծել, որն իր մեջ ներառում է Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանը։ Ընդ որում՝ բազմաբևեռ աշխարհն այս երեքով չի սահմանափակվում: Կան նոր ուժեր, որոնք ցանկանում են դառնալ այդ բազմաբևեռի անդամ։ Այս ամենում մենք շատ լավ տեսնում ենք, որ ներառված չէ մահմեդական հանրությունը, և այդ դերակատարումը բոլոր տվյալների համաձայն՝ իր վրա է ուզում վերցնել Թուրքիան, որը ցանկանում է ստեղծել նոր Թուրանը, որն ինչ-որ տեղ ուղղված է Չինաստանի և Ռուսաստանի դեմ, և, իհարկե, առաջին հերթին մեր դեմ։ Միևնույն ժամանակ կա նաև ևս մի կայսրություն, որը սակայն սահմաններ չունի: Դա Իսրայելն է: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի կողմից կատարած վերջին հայտարարությունների ուղղությամբ, որոնք վերահաստատեցին, որ այժմ՝ Իսրայելի համար անգամ հիմնական հակառակորդը ոչ թե Իրանն է, այլ՝ Թուրքիան։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ հրեաները, փաստորեն, նույնպես կայսրություն են: Նրանք ամբողջ աշխարհով մեկ ունեն մեծ ազդեցություն գրեթե բոլոր կառավարությունների և տնտեսական խնդիրների վրա։

Միևնույն ժամանակ Թուրքիան միշտ համարվում էր Միացյալ Նահանգների, այսպես ասած, կծան շունը, որին իր շղթաներից բաց էին թողնում նրանց վրա, ում որ հարկ էին համարում: Հիմա Թուրքիան որոշել է մի փոքր ավելի ինքնուրույն խաղ խաղալ և նրա վրա դրել են ևս մի հսկիչ, և դա Իսրայելն է, որի մասին Նեթանյահուն ասաց, որ այժմ իրենց հիմնական թշնամին հանդիսանում է Թուրքիան: Այս ամենի ֆոնին, բոլոր դեպքերում, պետք է շատ դրական նայենք Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին: Այստեղ մի մեծ վտանգ կա, որ, այսպես կոչված, խորքային, գլոբալ կառավարությունը, որոնք ոչ միայն Միացյալ Նահանգներում են շատ ազդեցիկ, այլ ամբողջ աշխարհով մեկ, կարող է ևս մեկ մահափորձ կատարել Թրամփի դեմ։ Մինչդեռ դատելով նրա ելույթներից՝ կարելի է ասել, որ նա շատ խելամիտ և հասկացող անձնավորություն է։ Համենայն դեպս նման տպավորություններ ստեղծվում, և դա դրական է, քանի որ, փաստորեն, Թրամփը լինելով բիզնեսմեն եւ քաղաքական գործիչ՝ փորձում է մի փոքր կարգավորել բոլորովին քաոտիկ իրավիճակում գտնվող աշխարհը, որից USAID – ի նման կազմակերպություններն էին օգտվում։ Նա փորձում է մի փոքր ավելի ընդունելի դարձնել այս աշխարհը:

— Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ԱՄՆ նորընտիր նախագահը պաշտոնավարման առաջին իսկ օրերին հայտարարություններ արեց կոնկրետ Կանադայի դեմ։

— Այն հայտարարությունները, որոնք Թրամփը արեց՝ ուղղված Կանադայի դեմ, ուղղված են նաև Գրելանդիան վերցնելուն և Մեքսիկայի դեմ: Դրանք վկայում այն մասին, որ այժմ Միացյալ Նահանգների նոր իշխանությունները, որոնք ունեն 33 տրիլիոն դոլարիցից ավել պարտք և գտնվում են տնտեսապես բավական ծանր վիճակում, փորձում են առավել իրատես լինել և հիմնականում կենտրոնանալ իրենց աշխահագրական տարածքների վրա՝ հսկողությունը ուժեղացնելու և այլ հարցերի համար: Սա ավելի ակտիվ պաշտպանողական քաղաքականություն է, որը Թրամփը վարում է, և Ռուսաստանը դրան դեմ չէ, քանի որ այդպիսով նա դառնում է Եվրասիական, այսպես ասած, կայսրություն, և որպես այդպիսին վերականգնում է իր բոլոր իրավունքները։ Նկատենք, Ռուսաստանը միակ բազմազգ կայսերությունն է, մնացած բոլորը շատ միատար են այդ առումով, բայց կարողանում է քաղաքակրթորեն բոլորին միաբանել, և այդ թվում նաև, օրինակ, մահմեդականներին, բուդդիստներին և այլն: Մնում է տեսնենք, թե ինչով այս ամենը կավարտվի: Բայց, ամեն դեպքում, կարծես թե, դրական քայլեր էին եւ այս շաբաթվանից արդեն սկսելու է Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել խնդիրները առանց Ուկրաինայի նախագահ Զելենսկու: Տեսնենք, թե ինչպիսի արդյունք դա կտա:

ԻՐԱՎՈՒՆՔ


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր