ԿՆԵՍԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Իսրայելի ընտրական համակարգի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ընտրություններին մասնակցում են մեծ թվով կուսակցություններ: Ընդհանրապես, Իսրայելի քաղաքական դաշտն աչքի է ընկնում բազմաթիվ մանր կուսակցությունների առատությամբ: Կնեսետ մուտք գործելու համար նրանք պետք է հաղթահարեն ընդամենը 2%-անոց շեմը: Մինչև 2003թ. այդ շեմը 1,5% էր: Սա հնարավորություն է տալիս 120 հոգիանոց Կնեսետում ընդգրկվել բազմաթիվ մանր կուսակցությունների: Նման ցածր շեմը ժամանակին սահմանվել է առավել մեծ քաղաքական պլյուրալիզմ ապահովելու նպատակով: Չնայած այդ հանգամանքին, այս մոդելը ներկա պահին ունի նաև բազմաթիվ հակառակորդներ, և կուսակցությունների մի մասը հանդես է գալիս այն բարեփոխելու քաղաքական ծրագրերով: Վերջիններս շեշտում են, որ գործող մոդելի արդյունքում, որպես կանոն, ձևավորվում են թույլ կոալիցիոն կառավարություններ, որոնք շատ հաճախ կախված են լինում կոալիցիայի անդամ մանր կուսակցությունների քմահաճույքներից:
2009թ. փետրվարի 10-ին Իսրայելում կայացած Կնեսետի ընտրությունները նշանավորվեցին իշխող քաղաքական կոալիցիայի պարտությամբ:
Չնայած այն հանգամանքին, որ իշխող կենտրոնամետ Քադիմա կուսակցությունը հավաքեց բոլորից շատ` 28 մանդատ, ընտրություններն ավարտվեցին արմատական աջ ուժերի հաղթանակով: Քադիման հիմնադրվել է Արիել Շարոնի կողմից, 2005թ.: Նախագահն է Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպորա (Ցիպի) Լիվնին: Քադիման կողմ է Պաղեստինի հետ բանակցային գործընթացներին, որի արդյունքում չի առարկում Պաղեստինի պետականության կայացմանը, իհարկե, հարկ եղած դեպքում չբացառելով նաև Իսրայելի կողմից միակողմանի կոշտ քայլերը: Կողմ է «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքին, սահմանների վերաձևմանը և վերադարձին դեպի 1967թ. վիճակը:
Կնեսետում երկրորդ տեղը զբաղեցրեց աջ բլոկը ներկայացնող Լիկուդ կուսակցությունը, որը Քադիմայից ընդամենը մեկ մանդատ պակաս ստացավ: Կուսակցության նախագահն է Իսրայելի 1996-99թթ. վարչապետ Բենիամին Նեթանյահուն (Բիբի): Լիկուդը պայքարում է հանուն անբաժան Էրեց-Իսրայելի1: Դեմ է Պաղեստինի պետականության գոյությանը, առավել ևս՝ տարածքները վերադարձնելուն: Ըստ Լիկուդի, եթե բաժանարար գիծը պետք է տեղաշարժվի, ապա այնպես, որ Հորդանան գետի հովիտը հայտնվի Իսրայելի տարածքում: Քաղաքական իրադրությունից կախված` երբեմն մեղմել է իր աջակողմյան դիրքորոշումները՝ հանդես գալով ընդհուպ կենտրոնամետ դիրքերից:
Աջ արմատական Մեր տունը Իսրայելն է (ՄՏԻ) կուսակցությունը, որի հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարն է նախկին խորհրդային քաղաքացի, ծնունդով Քիշնևից Ավիգդոր Լիբերմանը, ստացավ 15 մանդատ՝ դառնալով 3-րդ խորհրդարանական ուժը: Վերջինիս օգտին է քվեարկել Իսրայելի ռուսալեզու բնակչության մեծ մասը: Իր քաղաքական ծրագիրը ՄՏԻ-ն կառուցել է բավական արմատական դիրքերից: Կուսակցությունը մերժում է Պաղեստինյան Ինքնավարության գոյությունը, Իսրայելի սահմանների վերաձևման հարցը, ցանկացած բանակցություն ՀԱՄԱՍ-ի կամ այլ «ահաբեկչական» կազմակերպությունների հետ, որոնց հետ հարաբերությունները բացառապես ուժի դիրքերից կառուցելու կողմնակից է: Արտահայտված սիոնիստական հայացքների հետ մեկտեղ հանդես է գալիս որոշակի կրոնական սահմանափակումների օգտին, որի պատճառով իսրայելական մամուլում երբեմն նրան անվանում են «աշխարհիկ սիոնիստ»:
Թերևս ամենածանր պարտությունը կրեց իշխող քաղաքական կոալիցիայի մաս կազմող, Իսրայելի քաղաքական ներկապնակի ձախ թևը ներկայացնող Ավոդա կուսակցությունը (Աշխատանքային կուսակցություն), որի նախագահն է Իսրայելի 1999-2000թթ. վարչապետ Էհուդ Բարաքը: Վերջինս 2006թ. զբաղեցնում է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը: Նախկին 20 մանդատների դիմաց Ավոդան կարողացավ պահպանել ընդամենը 13-ը: Ավոդայի քաղաքական ծրագրի առանցքը կազմում է «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը:
11 մանդատ ստացավ սիոնիստական և օրթոդոքսալ կրոնական հայացքներ դավանող ՇԱՍ կուսակցությունը, որը նույնպես ներկայացնում է Իսրայելի քաղաքական դաշտի աջ արմատական թևը:
2%-անոց շեմը հաղթահարել և Կնեսետում իրենց ներկայացվածությունն ապահովել են ևս 7 մանր կուսակցություններ, այդ թվում՝ 2 արաբական (ՌԱՀԱՄ-ԹԱԼ, ԲԱԼԱԴ): Ընդհանուր առմամբ, աջ ուժերը, այդ թվում և սիոնիստական կուսակցությունները ձեռք բերեցին 65 մանդատ, իսկ ձախ ուժերը` 44: Կնեսետի մյուս 11 տեղերը զբաղեցրին արաբական և կոմունիստական կուսակցությունները:
Քաղաքական պայքարը սկսվում է ընտրություններից հետո
Իսրայելի քաղաքական համակարգի և գործող խաղի կանոնների պարագայում ընտրություններից հետո քաղաքական պայքարը ոչ թե հանդարտվում, այլ ձեռք է բերում նոր որակ և բովանդակություն: Որպես կանոն՝ դոմինանտ 2-3, երբեմն նաև ավելի շատ կուսակցությունների միջև, որոնք հաճախ քարոզարշավի ժամանակ հանդես են եկել ընդհուպ իրարամերժ դիրքերից, սկսվում են բազմակողմ բանակցություններ քաղաքական կոալիցիա ձևավորելու և կառավարության դիրիժորական փայտիկը ստանձնելու շուրջ: Այստեղ քաղաքական խճանկարը կարող է ձեռք բերել ամենախայտաբղետ երանգներ: Ինչպես ասում են, «քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է»: Հատկանշական է, և այդ մասին նշում են նաև իսրայելական վերլուծական աղբյուրները, որ այդ բանակցությունները բազմիցս վերածվել են պարզունակ քաղաքական առևտրի: Բոլոր կուսակցությունների հետ ունեցած քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում երկրի նախագահն ամենաշատ երաշխավորություններ ստացած և ամենամեծ կոալիցիա կազմելու հնարավորություն ունեցող կուսակցության ղեկավարին լիազորում է ձևավորել կառավարություն:
Փետրվարի 10-ի ընտրություններից հետո պարզ դարձավ, որ կառավարության ղեկը ստանձնելու հնարավորություն ունեն 2 կուսակցություն` Քադիման կամ Լիկուդը: Երկու կուսակցությունների լիդերներն էլ հայտարարեցին իրենց հաղթանակի մասին: Ցիպի Լիվնին պնդում էր, որ իր կուսակցությունը բոլորից շատ ձայներ է հավաքել, իսկ Բ.Նեթանյահուն մատնանշում էր այն փաստը, որ ընտրություններում հաղթանակ են տարել աջ ուժերը, հետևաբար կառավարությունը պետք ձևավորի ինքը: Վերոհիշյալ կուսակցությունների կողմից սկսվեց «կողմնակիցների հավաքագրման» քաղաքական բանակցությունների ավանդույթ դարձած գործընթացը: Փետրվարի 13-ին, բուն բանակցային գործընթացների նախաշեմին, բավական ճկուն քայլ կատարեց ՄՏԻ-ն: Հասկանալով, որ որևէ կոալիցիա չի կարող ձևավորվել առանց իր մասնակցության, կուսակցության լիդեր Ա.Լիբերմանը վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներ Լիվնիին և Նեթանյահուին փոխանցեց որևէ կոալիցիային միանալու իր ուլտրառադիկալ պայմանները: Պայմաններ, որոնք նշանակում էին բոլոր տեսակի բանակցությունների դադարեցում ՀԱՄԱՍ-ի և ահաբեկչությունը խթանող այլ կազմակերպությունների հետ, բոլոր տեսակի խնդիրների լուծում ուժային մեթոդներով, որևէ միակողմանի տարածքային զիջումների բացառում և այլն: Իսրայելական մամուլում Լիբերմանի առաջ քաշած այս դոկտրինը ստացավ «Խաղաղություն տանկային դզոտի միջոցով» անունը: Առաջ քաշված պայմանների թվում էին նաև Իսրայելի քաղաքացիության և պետության նկատմամբ լոյալության վերաբերյալ հարցը2, քաղաքացիական ամուսնությունների մասին օրենքի ընդունումը, պետության կառուցվածքի և քաղաքական համակարգի ռեֆորմների վերաբերյալ այլ արմատական առաջարկություններ և այլն:
Շատ լավ հասկանալով, որ իր առաջ քաշած պայմանները հեշտությամբ կարող են ընդունելի լինել «բնական դաշնակից» աջակողմյան Լիկուդ կուսակցության համար, Լիբերմանն ուղղակիորեն հայտարարեց, որ Լիկուդի առաջնորդ Բենիամին Նեթանյահուին ինքը կերաշխավորի այն դեպքում, եթե վերջինս իր պայմաններն ընդունելու հետ մեկտեղ միաժամանակ ձևավորի «լայն կոալիցիա»՝ կազմավորելով այսպես կոչված «ազգային միասնության կառավարություն», որում ընդգրկված կլինեն նաև ձախ ուժերը, մասնավորապես՝ Քադիման և Ավոդան: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Լիբերմանը կատարեց բացառիկ քաղաքական քայլ: Տիրապետելով ընդամենը 15 մանդատի՝ նա ստիպեց երկու խոշոր կուսակցություններին ոչ միայն հրապարակայնորեն համաձայնել իր սկզբունքներին, այլև «քաղաքական սակարկության» մեջ մտնել իր հետ:
ՄՏԻ կուսակցության նետած այս խայծը կուլ տվեցին թե՛ Քադիման, թե՛ Լիկուդը: Չնայած այն հանգամանքին, որ ՄՏԻ պայմանները հակասում էին Քադիմայի մի շարք առանցքային քաղաքական սկզբունքներին, վերջինիս բանակցային խմբի ղեկավար Հաիմ Ռամոնը 2 օր անց հայտարարեց, թե Քադիման ընդունում է համատեղ կոալիցիա ձևավորելու համար ՄՏԻ ներկայացրած գրեթե բոլոր պայմանները, բացառությամբ «Քաղաքացիություն-լոյալություն» օրենքի: Սա նշանակում էր, որ հանուն իշխանության պահպանման Քադիման և նրա ղեկավար, Իսրայելի արտաքին գործերի նախարար Ցիպի Լիվնին պատրաստ էին տեղավորվել քաղաքական սկզբունքների նոր ձևաչափում: Այս հայտարարությունը տարակուսանք առաջացրեց Իսրայելի քաղաքական դաշտում, հատկապես ձախ ուժերի շրջանում: Ցիպի Լիվնին հավանաբար գերագնահատեց հնարավորությունները խորհրդարանական ձախ ուժերին իր շուրջը համախմբելու հարցում: Ինչպես Նեթանյահուն էր հավակնում ներկայացնել աջ ուժերի, այդ թվում ՄՏԻ 65 մանդատները, ճիշտ այդպես էլ Ցիպի Լիվնին առավել քան վստահ էր, որ ինքն անվերապահորեն կարող է ներկայացնել ձախ ուժերի բոլոր 44 մանդատները: Դրա հետ մեկտեղ, եթե նրան հաջողվեր իր կողմը գրավել նաև Ա.Լիբերմանին և նրա կուսակցությանը` անգամ քաղաքական հայացքների ու սկզբունքների որոշակի զիջումների պայմաններով, ապա թերևս գործընթացը կարելի էր համարել ավարտված:
Սակայն մյուս ձախ կուսակցությունները չուզեցին աջերի խաղը Քադիմայի ղեկավարության ներքո խաղալ: Ավոդա կուսակցության ներկայացուցիչ, Իսրայելի գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմհոնը հայտարարեց, որ «Ավոդան երբեք և ոչ մի դեպքում Քադիմայի գրպանում չէ, ավելին, մեր խմբակցությունն ամենայն հավանականությամբ նախագահ Պերեսի մոտ չի երաշխավորի Ցիպի Լիվնիին նոր կառավարություն ձևավորելու համար: Մենք կարծում ենք, որ Լիվնին վերջին օրերին իրեն ճիշտ չպահեց...»:
Ինչ վերաբերում է Լիկուդ կուսակցությանը, ապա փետրվարի 16-ին վերջինիս կողմից ՄՏԻ-ին առաքված պաշտոնական տեղեկացման համաձայն` Լիկուդի համար ընդունելի են ՄՏԻ առաջ քաշած բոլոր պայմանները:
Ընտրություններից մեկ շաբաթ անց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը սկսեց քաղաքական կոնսուլտացիաներ վարել խորհրդարանական խմբակցությունների հետ` ձևավորվող կոալիցիաների և վարչապետի թեկնածության շուրջ առաջարկություններ լսելու վերաբերյալ: Ինչպես և սպասվում էր, Կնեսետ մուտք գործած բոլոր աջ արմատական և ազգայնական ուժերը ներկայացնող Լիկուդ, ՄՏԻ, ՇԱՍ, Հրեական թորա, Ազգային միասնություն դաշինք, Հրեական տուն կուսակցությունները պատրաստակամություն հայտնեցին ձևավորել նոր քաղաքական կոալիցիա, իսկ վարչապետի պաշտոնում երաշխավորեցին Լիկուդ կուսակցության նախագահ Բենիամին Նեթանյահուին, կամ ինչպես իրենք են անվանում` Բիբիին: Փետրվարի 20-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը պաշտոնապես հանձնարարեց Նեթանյահուին ձևավորել Իսրայելի նոր կառավարություն:
Հայեցակարգերի քաղաքական անհամատեղելիությո՞ւն
Նոր կառավարության ձևավորման համար տրամադրության տակ ունենալով չորս շաբաթ (այս ժամկետը նախագահի կողմից կարող է երկարացվել ևս երկու շաբաթով)՝ Բ.Նեթանյահուն առաջինը ձեռնամուխ եղավ ձախերի հետ «հարաբերությունները կարգավորելու» գործընթացին: Վերջինս ամենայն հավանականությամբ շատ լավ հասկանում էր, որ, հենվելով միայն ծայրահեղական աջ ուժերի վրա, իր ձևավորած կառավարությունը երկար կյանք չի կարող ունենալ: Բարձր տեսակարար կշիռ ունեցող մանր կուսակցությունների առկայությունը կոալիցիայի ներսում, ինչպես և ցույց տվեցին հետագա զարգացումները, իսկական դամոկլեսյան սուր են կառավարության և իր համար, որոնք հարկ եղած դեպքում առանց վարանելու կիրառելու են շանտաժի տակտիկան: Հետևաբար, Լիբերմանի առաջ քաշած թեզը՝ ձևավորել Ազգային միասնության կառավարություն, ավելի շատ ոչ թե պայման, այլ փրկության օղակ է իր համար: Այդ իսկ պատճառով Նեթանյահուի ձեռնարկած առաջին քայլերը ոչ թե կոալիցիոն գործընկերների հետ կառավարության կազմի քննարկումներն էին, այլ բանակցային գործընթացների նախաձեռնությունը վերոհիշյալ կուսակցությունների հետ: Նեթանյահուն միաժամանակ հայտարարեց, որ պատրաստ է Քադիմային զիջել կառավարության երեք ամենաառանցքային պորտֆելներից երկուսը (խոսքը պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունների մասին է):
Ձգտելով չկրկնել նախորդ սխալը՝ Քադիմայի ղեկավար Ցիպի Լիվնին, ելույթ ունենալով կուսակցության խմբակցության առջև, հայտարարեց. «Այսօր Բիբիի գլխավորությամբ հիմք է դրվում ծայրահեղ աջ կառավարության համար: Դա մեր ուղին չէ, և մենք ոչինչ չունենք անելու այդպիսի կառավարության մեջ: Իսրայելի ժողովուրդը մեզ չի ընտրել, որպեսզի մենք գործիք դառնանք աջ ծայրահեղականների համար: Մեր տեղը ընդդիմությունն է, և մենք պետք է ընդդիմադիր դիրքերից պայքարենք հանուն մեր հիմնական քաղաքական գծի` «երկու պետություն երկու ժողովրդի համար»:
Բ.Նեթանյահուի և Ց.Լիվնիի միջև երկու փուլով ընթացած քաղաքական բանակցությունները Իսրայելի քաղաքական դաշտում առկա հայեցակարգային երկու մոտեցումների սկզբունքային բանավեճ էին, հայեցակարգեր, որոնք ունեն արմատական և արժեհամակարգային տարբերություններ: Այդ իսկ պատճառով, ինչպես և սպասվում էր, բանակցությունները չտվեցին շոշափելի արդյունքներ: Բանակցային գործընթացներում հիմնական տարակարծությունները վերաբերում էին Իսրայելի արտաքին քաղաքական դոկտրինին, որի շրջանակներում ձգտում են իրենց քաղաքականությունը կառուցել Քադիմա և Լիկուդ կուսակցությունները: Ինչպես հայտարարեց Ցիպի Լիվնին բանակցությունների ավարտից անմիջապես հետո, «Կոալիցիոն կառավարության ձևավորման խնդիրն առնչվում է մեկ հարցի. խոսքը «խաղաղության» հարցի մասին է»: Ըստ էության, դա այն հարցն է, որը երկու կուսակցություններում տարբեր կերպ են հասկանում: Ըստ Քադիմայի, խաղաղությունը «երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքի կիրառումն է, բանակցային գործընթացները ՖԱԹՀ-ի հետ` ի դեմս Մահմուդ Աբասի, բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ, սահմանների վերաձևումը և վերադարձը 1967թ. վիճակին, Երուսաղեմի բաժանումը և այլն: Մինչդեռ աջ արմատական կուսակցությունները, այդ թվում՝ Լիկուդը, կտրականապես դեմ են վերոհիշյալ հայեցակարգային մոտեցումներին: Բենիամին Նեթանյահուն ինքը բազմիցս հայտարարել է, որ Լիկուդը երբեք բանակցությունների չի գնա ՀԱՄԱՍ-ի հետ, երբեք թույլ չի տա Երուսաղեմի բաժանում կամ հողերի վերադարձ, քանզի, ինչպես նշել է բազմիցս, «…վերադարձված յուրաքանչյուր թիզ հող անմիջապես վերածվում է իրանական բազայի, որտեղից սկսվում է գնդակոծվել Իսրայելի խաղաղ բնակչությունը»:
Մի քանի օր անց` մարտի 2-ին, Քադիմայի խմբակցության նիստը որոշեց դադարեցնել կոալիցիոն բանակցությունները Լիկուդի հետ և հայտարարեց իրեն խորհրդարանական ընդդիմություն: Բանակցություններում Քադիմայի անզիջում և քաղաքական սկզբունքային դիրքորոշումն ամենայն հավանականությամբ պայմանավորված էր նաև Ցիպի Լիվնիի և կուսակցության ղեկավար շրջանակների այն կանխատեսմամբ, որ կոալիցիայում ընդամենը 65 մանդատ տիրապետող նեղ, ուլտրաարմատական կառավարությունը երկար գոյատևել չի կարող: Քադիմայում թերևս համոզված էին, որ վերոհիշյալ կառավարությունը շատ արագ կրախի կմատնվի, որի արդյունքում ռոտացիայի հիման վրա կկազմավորվի նոր կոալիցիա և նոր կառավարություն` այս անգամ արդեն իրենց գլխավորությամբ:
Մոտավորապես նույն սցենարով ընթացան նաև Նեթանյահուի բանակցությունները Ավոդա կուսակցության նախագահ, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ: Դեռևս ընտրություններից անմիջապես հետո Ավոդայի լիդերները հայտարարեցին, որ կրած ծանր պարտությունից հետո իրենք չեն պատրաստվում կոալիցիա կազմել աջ ուժերի հետ և հանդես կգան արմատական ընդդիմության դիրքերից: Նեթանյահուի և Բարաքի բանակցությունների արդյունքում թեև վերջինս փորձեց լրատվամիջոցներով ակնարկել Լիկուդ կուսակցության շուրջ ձևավորվող կոալիցիային Ավոդայի միանալու հավանականության մասին, սակայն իր իսկ կուսակիցների կոշտ դիմադրությանն արժանանալուց հետո մարտի 8-ին հայտարարեց Նեթանյահուի հետ բանակցությունները դադարեցնելու և Ավոդայի կողմից ընդդիմության ճամբարը համալրելու մասին:
Նեթանյահուի բանակցությունների առաջին ռաունդը ձախ ուժերի հետ ավարտվեց անհաջողությամբ, ընդ որում՝ դա պայմանավորված էր ոչ թե ձախ կուսակցությունների համակարգված գործողություններով (իրականում Քադիմա, Ավոդա և Մերեց3 կուսակցությունների միջև գոյություն ունեն խոր մրցակցություն և ոչ պակաս լարված հարաբերություններ), այլև, այնուամենայնիվ, Քադիմա և Լիկուդ կուսակցությունների միջև գոյություն ունեցող արմատապես հակադիր քաղաքական դիրքորոշումներով և սկզբունքային խոր տարաձայնություններով: Կոալիցիոն զարգացումների ողջ տրամաբանությունը համենայնդեպս վկայում է, որ Իսրայելի քաղաքական համակարգում առկա այդ երկու հայեցակարգերը քաղաքականապես անհամատեղելի են:
Ինչպիսի՞ կոալիցիա է ձևավորվում աջ դաշտում
Լիկուդի և կոալիցիա կազմելու պատրաստակամություն հայտնած աջ կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագրերի4 և կառավարության կազմի քննարկումների ժամանակ պարզվեց, որ ոչ միայն ձախերի, այլև աջերի հետ էլ այնքան հեշտ չէ խնդիրներ կարգավորել: Կոալիցիոն գործընկերներն ապագա վարչապետի առջև դնում էին իրարամերժ պահանջներ: Որքան կուսակցությունը փոքր էր, այնքան ավելի ագրեսիվ և ուլտիմատիվ պահանջներ էր ներկայացնում Նեթանյահուին: Վերջինս, ի տարբերություն փոքր կուսակցությունների, անհամեմատ ավելի հեշտությամբ կարողացավ կառավարության կազմի և փոխադարձ պարտավորությունների մասին արագ համաձայնությունների գալ և կոալիցիոն համաձայնագրեր ստորագրել ՄՏԻ և ՇԱՍ կուսակցությունների հետ:
Ըստ Լիկուդի և ՄՏԻ-ի միջև ստորագրված համաձայնագրի, Նեթանյահուի կաբինետում ՄՏԻ-ին կտրամադրվի 5 նախարարական պորտֆել, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունը, որը հետագայում, բնականաբար, զբաղեցրեց Լիբերմանը: ՄՏԻ նախարարներից երեքը կընդգրկվեն Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետի5 կազմում: ՄՏԻ-ն կստանձնի նաև խորհրդարանական մի քանի հանձնաժողովների ղեկավարությունը: Համաձայնագրում արտացոլված են բանակցությունների նախնական փուլում ՄՏԻ-ի առաջ քաշած անխտիր բոլոր պայմանները: Մի հատկանշական հանգամանք. Լիբերմանը հանդես է գալիս ԱՊՀ երկրների և հատկապես Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու օգտին և համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ՄՏԻ ներկայացուցիչները կղեկավարեն նաև ԱՊՀ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբերը6:
Ըստ Լիկուդի և ՇԱՍ կուսակցության միջև ստորագրված համաձայնագրի, վերջինիս կտրամադրվեն 4 նախարարություններ, այդ թվում՝ ներքին գործերի նախարարությունը, որը ղեկավարեց կուսակցության նախագահ Էլի Իշայը: «Ավելի շատ հուդաիզմ» սկզբունքի անվան տակ ՇԱՍ-ը պետական գանձարանից կստանա 1 մլրդ 400 մլն շեքել (մոտ 350 մլն ԱՄՆ դոլար), իր համակարգում գործող իեշիվների7 զարգացման համար:
Շատ ավելի բարդ խնդիրներ ծագեցին Հրեական տուն, Ազգային միասնություն դաշինք և Հրեական թորա կուսակցությունների հետ կոալիցիայի շրջանակներում ընթացող բանակցությունների ժամանակ: 3-5 մանդատ տիրապետող վերոհիշյալ կուսակցություններն, օգտվելով Նեթանյահուի տվյալ պահի «անօգնական» վիճակից, վերջինիս առջև դնում էին ընդհուպ անիրականանալի պայմաններ: Հրեական հոգևորականության առավել ագրեսիվ և ռեակցիոն շրջանակները ներկայացնող Հրեական թորա կուսակցությունը նույնիսկ պահանջում էր չեղյալ հայտարարել կոալիցիոն համաձայնագիրը ՄՏԻ-ի հետ, որն «աշխարհիկ սիոնիզմի» հետ ունի այսպես ասած «խոր, գաղափարական» տարաձայնություններ:
«Ոսպով ապուրը» 21-րդ դարում
Նեթանյահուն շատ լավ հասկանում էր, որ այսպես ինքը երկար գոյատևել չի կարող: Մարտի 20-ին նա Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսից խնդրեց ևս երկու շաբաթ ժամանակ՝ կոալիցիոն կառավարության ձևավորումը վերջնական տեսքի բերելու համար: Որպեսզի ամբողջությամբ կախված չմնա աջ սիոնիստական մանր կուսակցությունների քմահաճույքներից և վերջնականապես հույսը կտրելով Քադիմայի հետ համաձայնության գալու հեռանկարից՝ Նեթանյահուին մնում էր միայն օգտագործել վերջին հնարավորությունը` ցանկացած գնով լեզու գտնել Ավոդա կուսակցության հետ: Որպես հին ու թրծված քաղաքական գործիչ, որը շատ լավ է հասկանում Իսրայելի պետական համակարգի քաղաքական տրամաբանությունը, Նեթանյահուն կարողացավ շատ արագ ու կտրուկ գործի դնել լոբբիստական հզոր մեխանիզմներ, որոնցում ներգրավվեցին Իսրայելի ռազմական, տնտեսական, գործարար և հասարակական ոլորտների շատ կարող շրջանակներ: Այդ օրերին Իսրայել ժամանեցին տարբեր երկրների ազդեցիկ հրեական կազմակերպությունների ու լոբբիստական միավորումների ներկայացուցիչներ, բիզնես մագնատներ: Մամուլում մի քանի կցկտուր ու խորհրդավոր լուրեր շրջանառվեցին, թե դա արվում է հատկապես Ավոդայի վրա ճնշում գործադրելու նպատակով: Որպես հիմնավորում ներկայացվում էր Ավոդայի ղեկավար Էհուդ Բարաքի խոստովանությունն ընկերական շատ նեղ միջավայրում:
Եթե կոալիցիոն գործընթացների մեկնարկային փուլում բավական գրագետ ու հաշվենկատ կեցվածք որդեգրեց Ավիգդոր Լիբերմանը, ապա եզրափակիչ փուլում անչափ ճկուն գտնվեց Էհուդ Բարաքը: Իսրայելական «Նյուզռու» կայքի պատկերավոր բնորոշմամբ. «…ընտրություններում կրած ծանր պարտությունից հետո, երբ թվում էր, թե Ավոդայի համար ամեն ինչ վերջացած է, օգտվելով ստեղծված իրավիճակից` Բարաքը կարողացավ բավական թանկ գնով «վաճառվել» փրփուրներից կախված Բիբիին»: Ավոդայի համար պահը շատ հարմար ստացվեց: Նախ կոալիցիայում ընդգրկվող մանր կուսակցությունները հարկ եղածից ավելի պահանջատիրական կեցվածք որդեգրեցին՝ անցնելով ընդհուպ շանտաժի տակտիկային, իսկ Քադիման բանակցային գործընթացներում իրեն շատ կոշտ ու սկզբունքային պահեց, այնպես որ, Նեթանյահուն արդեն պարտադրված էր Ավոդային կոալիցիա ներքաշելու համար շատ թանկ գին վճարել, ինչից ճարպկորեն օգտվեց Էհուդ Բարաքը:
Կոալիցիայի կազմում Ավոդայի ընդգրկվել-չընդգրկվելու հարցը որոշելու համար մարտի 25-ին նախատեսվեց հրավիրել կուսակցական համաժողով, որը փակ քվեարկությամբ պետք է վերջնականապես որոշում կայացներ վերոհիշյալ հարցի կապակցությամբ: Չսպասելով համաժողովի որոշմանը՝ մարտի 24-ին Բարաքի և Նեթանյահուի միջև կոալիցիոն համաձայնագիրն, այնուամենայնիվ, ստորագրվեց: Ավոդայում այդ փաստը միանշանակ չընդունեցին: Կուսակցական էլիտայի բավական ազդեցիկ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ գլխավոր քարտուղար Էյթան Կաբելը, Կնեսետի պատգամավորներ Օֆիր Պինես-Պազը, Շելի Յահիմովիչը և այլք կտրուկ դեմ արտահայտվեցին այդ գործընթացին: Չնայած ուժգին դիմադրությանը, մարտի 25-ին Ավոդայի համաժողովը փակ քվեարկությամբ, ձայների ոչ շատ մեծ առավելությամբ հավանություն տվեց կոալիցիային միանալու Էհուդ Բարաքի ստորագրած համաձայնագրին:
Նեթանյահուն իսկապես շատ թանկ գին վճարեց Էհուդ Բարաքի մատուցած «ոսպով ապուրի» համար: Բարաքը կլինի փոխվարչապետ՝ միաժամանակ պահպանելով նաև պաշտպանության նախարարի պաշտոնը: Ավոդային տրամադրվեց ևս չորս նախարարական պորտֆել, ընդ որում՝ նախարարներից երկուսը կդառնան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետի անդամներ: Ավոդային հատկացվեց նաև Կնեսետի չորս հանձնաժողով` պաշտպանության և անվտանգության, արտաքին գործերի, լուսավորության, ինչպես նաև ալիայի8 ու աբսորբցիայի: Էհուդ Բարաքը կներգրավվի Իսրայելի կողմից ընթացող անխտիր բոլոր բանակցային գործընթացներին, իսկ անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարները կնշանակվեն և կազատվեն նրա համաձայնությամբ:
Հանուն այս ամենի՝ ընտրություններում պարտված Էհուդ Բարաքը նահանջեց իր քաղաքական համոզմունքներից: Որքան էլ վերջինս ճգնում է ապացուցել, որ իրենք մտան կոալիցիա, որովհետև այդպես էր ցանկանում Իսրայելի ժողովուրդը, որ իրենք չեն հրաժարվում իրենց սկզբունքներից, որ դա արվեց, որպեսզի ծայրահեղ աջ կառավարությանը ներսից կարողանան հակակշիռ հանդիսանալ, այնուամենայնիվ, Իսրայելի քաղաքական և վերլուծական շրջանակները փաստում են, որ Ավոդան հետ կանգնեց իր սկզբունքներից՝ դառնալով գործիք աջ ուժերի ձեռքին: Կոալիցիոն համաձայնագրում թեև նշվում է, որ կառավարությունը Նեթանյահուի գլխավորությամբ կշարունակի վարել խաղաղ բանակցային գործընթաց արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման նպատակով, ինչպես նաև այն, որ Իսրայելի բոլոր նախկին, այդ թվում՝ խաղաղասիրական միջազգային համաձայնագրերն ու ստանձնած պարտավորությունները կառավարության կողմից կպաշտպանվեն9, այնուամենայնիվ, համաձայնագրում որևէ խոսք չկա Պաղեստինի պետականության և «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի մասին:
Ավոդայի կողմից կոալիցիոն համաձայնագիրը ստորագրելուց հետո Հրեական տուն, իսկ մի քանի օր անց նաև Հրեական թորա կուսակցությունները Լիկուդի հետ ստորագրեցին կոալիցիոն համաձայնագրեր, սակայն արդեն առանց վերջնագրային պահանջների:
Կոալիցիոն բանակցությունների նախնական փուլում Ցիպի Լիվնին ենթադրում էր, որ Նեթանյահուն ունի միայն մեկ տարբերակ` ձևավորել նեղ, աջ արմատական կառավարություն, որին բաժին կընկնի ուժեղ և կազմակերպված ընդդիմություն՝ հանձինս Քադիմա, Ավոդա և Մերեց կուսակցությունների: Այդ իսկ պատճառով վերջինս Լիկուդի հետ բանակցությունների ընթացքում որդեգրեց շատ կոշտ ու սկզբունքային դիրքորոշում՝ հրաժարվելով Լիկուդի ղեկավարի բոլոր շռայլ առաջարկություններից` ենթադրելով, որ վերջինիս կառավարությունը նույնիսկ մեկ տարի դժվար թե գոյատևի: Քադիմայում ոչ ոք չէր ենթադրում, որ իրենցից ավելի ձախ Ավոդան հանկարծ կարող է միանալ կոալիցիային, անգամ շատ թանկ գնով: Լիվնին այլևս հասկանում է, որ ինքը հայտնվել է ծուղակում: Ոչ թե Բիբին է ձևավորել նեղ կառավարություն, այլ ինքն է դարձել «նեղ ընդդիմություն», որտեղից չի կարող ունենալ որևէ ռեալ ու գործուն միջամտություն երկրում ընթացող գործընթացների վրա: Ի դեպ, Իսրայելի պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ ամենամեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունը հայտնվում է արմատական ընդդիմության կարգավիճակում: Քադիմայի լիդերներին մնում էր միայն Էհուդ Բարաքին անվանել «սկզբունքների ու արժեքների դավաճան», իսկ Ավոդան` «գաղափարապես սնանկացած կուսակցություն»:
Թեև Ավոդայի ներկայությունը կոալիցիայում որևէ լուրջ ներգործություն չի թողնում կառավարության ընդհանուր քաղաքական ուղեգծի վրա, բայց վերջինիս օգնությամբ Նեթանյահուն ստեղծում է լայն կոալիցիայի և ազգային միասնության կառավարության պատրանք, որն, օգտվելով խիստ ազդեցիկ իսրայելական արհմիությունների (Հիստադրուտ), արդյունաբերողների և խոշոր գործարարների աջակցությունից, կարող է և երկար կյանք ունենալ՝ երկրում ապահովելով ներքաղաքական կայունություն:
Նեթանյահուն ձևավորել է Իսրայելի պատմության ընթացքում ամենամեծաքանակ կառավարությունը` բաղկացած 30 նախարարից, սակայն, ինչպես բնորոշեց հենց ինքը` Նեթանյահուն, դա այն գինն է, որն անհրաժեշտ է երկրում ներքաղաքական կայունություն ապահովելու համար:
Եվ այսպես, չնայած այն հանգամանքին, որ ձախակողմյան Ավոդա կուսակցությունը մաս կազմեց նոր կոալիցիայի, Իսրայելում Կնեսետի 18-րդ գումարման ընտրությունների արդյունքում, ինչպես և սպասվում էր, ձևավորվում է աջ արմատական կոալիցիոն կառավարություն:
Արաբական աշխարհն ու միջազգային հանրությունն Իսրայելի ընտրությունների մասին
Իսրայելում տեղի ունեցած ընտրությունները հայտնվեցին ողջ աշխարհի լրատվամիջոցների և վերլուծական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Հատկապես բուռն էր արաբական աշխարհի արձագանքը: Սաուդյան Արաբիայի մամուլն առանձնահատուկ կերպով անդրադարձավ Նեթանյահու-Լիբերման ալյանսին՝ այն անվանելով «ծայրահեղ աջ սպառնալիք» արաբական աշխարհի համար: Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցներից շատերն էլ առանձնապես մեծ տարբերություն չէին տեսնում կառավարության ղեկավարի երկու թեկնածուների` Ցիպի Լիվնիի և Բենիամին Նեթանյահուի միջև՝ նրանց պայքարը հանուն իշխանության անվանելով Իսրայելի «ազգային սպորտի» հերթական տարատեսակություններից մեկը:
Լոնդոնում հրատարակվող «Ալ-Կուդս-Ալ-Արաբի» պարբերականն իր առաջնորդողում գրեց, որ «…Լիվնիի և Նեթանյահուի մրցակցության արդյունքում տուժելու է բացառապես խաղաղության գործընթացը»: Նույն թերթը հաջորդ օրը, դիմելով միջազգային հանրությանը, կոչ արեց բոյկոտել Իսրայելի ցանկացած կառավարություն, որում ընդգրկված կլինի ՄՏԻ կուսակցությունը Լիբերմանի գլխավորությամբ: Յասիր Արաֆաթի նախկին խորհրդական, դոկտոր Ահմեդ Թիբին Թունիսում տված հարցազրույցում նույնպես կոչով դիմեց միջազգային հանրությանը` բոյկոտել Իսրայելի կառավարությանը, եթե այնտեղ ընդգրկվի Ավիգդոր Լիբերմանը:
ՀԱՄԱՍ-ի «Ար-Ռիսալա» թերթը գրեց, որ «…Կնեսետի ընտրությունների ողջ քարոզարշավը կառուցված էր այն բանի վրա, թե ով ավելի շատ պաղեստինյան արյուն կհեղի, ուստի ով էլ գլխավորի կոալիցիոն կառավարությունը, Պաղեստինի հոգսը չի թեթևանա»: Իսկ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարեց. «Մեզ համար միևնույն է՝ ով կղեկավարի Իսրայելի կառավարությունը: Նեթանյահուի և Լիվնիի միջև որևէ տարբերություն չկա, նրանք երկուսն էլ պատերազմի հանցագործներ են»:
Անհամեմատ ավելի լավատեսական էր սաուդյան հայտնի գործարար Ֆարես Ալ-Ասրի «Արաբ Նյուզ» կայքում զետեղված հոդվածը, որտեղ վերջինս, անդրադառնալով Նեթանյահուի կոալիցիոն կառավարության ղեկավար նշանակվելու փաստին, նշում է, որ «դա թերևս չի կարելի համարել ամենավատ սցենարը… խաղաղությունն արաբների հետ, որպես կանոն, հաստատել են Իսրայելի աջ գործիչները, օրինակ, Մենահեմ Բեգինը, մինչդեռ ձախ գործիչները, մասնավորապես՝ Հոլդի Մեիրը կամ Շիմոն Պերեսն այնքան էլ աչքի չեն ընկել խաղաղասիրական նախաձեռնություններով»:
«Հիզբալլահ»-ի առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան շնորհակալություն հայտնեց իսրայելցիներին «անկեղծության համար» և հայտարարեց. «Բոլոր նրանք, ովքեր նպատակ ունեին վախեցնել Լիբանանի ժողովրդին, վաղուց պարտության են մատնվել` Բեգինը, Շարոնը, Ռաբինը, Նեթանյահուն, Բարաքը, Օլմերթը, Լիվնին…, այժմ հերթը Լիբերմանինն է»:
Ընտրություններին արձագանքեցին նաև Պաղեստինյան Ինքնավարության առաջնորդները: Այսպես` ՊԻ նախագահ Մահմուդ Աբասի մամլո քարտուղար Աբու-Ռուդեյնը հայտարարեց. «Իսրայելի ցանկացած կառավարությունից, ով էլ այն ղեկավարի, մենք կպահանջենք իրականացնել այն խոստումները, որոնք ստացել ենք նախորդ կառավարությունից: Մենք պատրաստ ենք բանակցել Իսրայելի ցանկացած կառավարության հետ, սակայն բանակցությունները կվերսկսենք այն կետից, որտեղ մեզ հաջողվել է համաձայնություն ձեռք բերել նախորդ կառավարությունից»: Ավելի ուշ իր մամլո խոսնակի խոսքերը հաստատեց նաև ինքը` Մահմուդ Աբասը:
Ուշագրավ անդրադարձեր կատարվեցին նաև արևմտյան մամուլի կողմից: Այսպես` «Վաշինգտոն Պոստը», վերլուծելով ընտրությունների արդյունքները, մատնանշեց, որ Իսրայելի հասարակությունում տեղի է ունեցել «աջ տեղաշարժ», բնականաբար, ընդդեմ պաղեստինցիների: Ընդհանուր առմամբ «Վաշինգտոն Պոստի» վերլուծություններն աչքի են ընկել իսրայելամետ դիրքորոշումներով: Մասնավորապես՝ թերթը նաև գրեց, որ «ԱՄՆ-ը և Իսրայելը ՀԱՄԱՍ-ը ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն և գլխավոր խնդիրը վերջինիս զինաթափումն է»:
«Թայմ» շաբաթաթերթը կանխատեսեց, որ ամենայն հավանականությամբ Իսրայելի նոր կառավարությունը հակված չի լինի բանակցությունները շարունակել «երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքով, միաժամանակ պատերազմը Գազայում պաղեստինյան ժողովրդին մղում է միավորվելու ՀԱՄԱՍ-ի շուրջը: Այս երկու գործոնների պայմաններում խաղաղության տեսլականը տարածաշրջանում լավատեսության հիմքեր չի թողնում: Մահմուդ Աբասը շուրջ ութ տարի ապարդյուն ձգտում է բանակցությունների միջոցով կարգավորել խնդիրներն Իսրայելի հետ, մինչդեռ Գազայի պատերազմից հետո պաղեստինցիների միակ և ռեալ լիդեր այլևս ընկալվում է ՀԱՄԱՍ-ը:
«Ասիա Թայմս» կայքում վերլուծաբան Ջիմ Լոուբը բավական մռայլ եզրահանգումներ է կատարել ԱՄՆ-Իսրայել փոխհարաբերություններում` կանխատեսելով երկու դաշնակից պետությունների հարաբերություններում արտահայտված վատթարացում: Լոուբը նշում է, որ ԱՄՆ նախագահ Բ.Օբաման «երկու պետություն երկու ժողովուրդների համար» հայեցակարգի կողմնակից է, մինչդեռ աջ արմատական Նեթանյահուն դժվար թե ընտրի վերադարձի ճանապարհը 1967թ. իրավիճակին: Այս ամենը կարող է փակուղային իրավիճակ ստեղծել ԱՄՆ-Իսրայել փոխհարաբերություններում:
Նեթանյահուի վարչապետ նշանակվելու կապակցությամբ որոշակի անհանգստություն են ցուցաբերում նաև Եվրամիությունում, որտեղ մտավախություններ կան, որ Նեթանյահուն կարող է վիժեցնել բանակցային գործընթացը Պաղեստինի հետ: Մասնավորապես՝ նման անհանգստություն են արտահայտել Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը և Չեխիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վոնդրը:
Ուշագրավ դիտարկում է կատարել «Հերալդ Թրիբյունը»: Վերջինս, անդրադառնալով 2008թ. ամռանը Երուսաղեմում կայացած Նեթանյահուի և դեռևս նախագահության թեկնածու Բ.Օբամայի հանդիպմանը, նշում է, որ հանդիպման ավարտին Օբաման մասնակիցների խմբից մի կողմ է տանում Նեթանյահուին և բառացիորեն ասում. «Մենք ընդհանուր շատ բան ունենք, ես իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ ձախ թևում, հետո տեղափոխվել եմ կենտրոն։ Դուք սկսել եք աջ թևում և նույնպես տեղափոխվել եք կենտրոն: Մենք երկուսս էլ պրագմատիկներ ենք, որոնք գերադասում են կոնկրետ գործերով զբաղվել»: «Հերալդ Թրիբյունը» կանխատեսում է, որ որպես կառավարության ղեկավար Նեթանյահուն, անշուշտ, հանդես կբերի անհրաժեշտ պրագմատիզմ:
Միջազգային հանրության վերաբերմունքն ու ներկայիս մոտեցումներն արաբա-իսրայելյան հակամարտության վերաբերյալ շատ հստակ, կոռեկտ, ընդամենը երկու նախադասության մեջ խտացված կերպով արտահայտեց Բարաք Օբաման մարտի 24-ի մամլո ասուլիսի ժամանակ: «Հնարավո՞ր է արդյոք խաղաղություն Պաղեստինի և Իսրայելի միջև, որի կառավարության ղեկավարը Նեթանյահուն է, իսկ արտգործնախարարը՝ Լիբերմանը» հարցին ԱՄՆ նախագահը պատասխանեց. «Մենք դեռ չգիտենք, թե ինչի նման կլինի Իսրայելի նոր կառավարությունը, չգիտենք նաև, թե իրենից ինչ կներկայացնի Պաղեստինի ապագա ղեկավարությունը: Սակայն գիտենք մի բան, ներկա ստատուս-քվոն կենսունակ չէ և պետք է կարողանալ որոշում կայացնել երկու պետությունների ստեղծման մասին, որի արդյունքում իսրայելցիները և պաղեստինցիները կապրեն կողք կողքի, յուրաքանչյուրն իր պետության մեջ, խաղաղության և անվտանգության պայմաններում»:
Ամփոփում
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իսրայելի քաղաքական կյանքում տեղի են ունեցել նոր վերադասավորումներ, որոնց արդյունքներն, անշուշտ, իրենց հետքը կթողնեն տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացների վրա: Ինչ քաղաքական դիմագիծ կընդունի, ինչ քաղաքական վարքաբանություն հանդես կբերի Նեթանյահուի կառավարությունը, ցույց կտա մոտ ապագան: Ինչպիսին կլինի միջազգային հանրության վերաբերմունքն Իսրայելի նոր ձևավորվող կառավարության այս կամ այն քաղաքական ուղեգծին, նույնպես ցույց կտա մոտ ապագան: Համենայնդեպս, Իսրայելի համար այսօր այնքան էլ հեշտ չէ դիմակայել արտաքին մարտահրավերներին: Իսրայելի ավանդական դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակարգն անհամեմատ ավելի լոյալ վերաբերմունք է հանդես բերում մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող իրադարձությունների նկատմամբ, ինչը ցայտուն կերպով արտացոլվեց նաև ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնի՝ վերջերս տարածաշրջան կատարած այցելության ժամանակ: Կարծես կնճիռներ են առաջանում նաև Իսրայելի մեկ այլ ավանդական դաշնակցի` Թուրքիայի հետ փոխհարաբերություններում: Ամեն դեպքում, Իսրայելի և հրեական լոբբիստական կազմակերպությունների կողմից պահանջվելու են ավելի մեծ ջանքեր գործադրել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացներում իրենց համար շահեկան լուծումներ գտնելու համար:
Եվ ամենևին պատահական չէ, որ նոր կառավարության երդման արարողության նախորդ օրը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը երկօրյա այցով մեկնեց Պրահա (Չեխիան ներկա պահին Եվրամիության նախագահող երկիրն է): Այցի նպատակն է՝ համոզել եվրոպացիներին, որ Նեթանյահուի կառավարությունը «խաղաղ գործընթացի» կողմնակից է և կշարունակի իրականացնել այդ ուղղությամբ սկսված աշխատանքները:
Վերջին 2-3 ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները` պատերազմը Գազայում, Կնեսետի ընտրությունների արդյունքները և միջազգային հանրության ոչ միանշանակ ռեակցիան այդ արդյունքներին, տարածաշրջանում իրադարձությունների զարգացման նոր սցենարներ են խոստանում, ինչին մենք ամենայն հավանականությամբ ականատես կլինենք մոտ ժամանակահատվածում:
Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, Հայաստանի դիվանագիտական և վերլուծական ծառայություններն առաջիկայում պետք է ուշադրության կենտրոնում պահեն Իսրայելում և նրա շուրջ ընթացող զարգացումներն, ըստ մեզ, երկու պատճառով:
Առաջին` հավանաբար արդեն ժամանակն է, որ Հայաստանը կարողանա կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ, հաստատել լիարժեք դիվանագիտական հարաբերություններ և համագործակցության ընդհանուր եզրեր փնտրել ոչ միայն Իսրայել պետության, այլև աշխարհի տարբեր երկրներում ու միջազգային կազմակերպություններում գործող իսրայելական լոբբիստական կենտրոնների հետ, ինչն, անշուշտ, կարող է օգտակար լինել մեզ համար:
Նկատենք, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը Իսրայելի հետ փոխհարաբերություններում առայսօր նախաձեռնություն հանդես չի բերել, և այդ բացը հարկավոր է լրացնել այժմ:
Երկրորդ` Հայությունը Երուսաղեմում ունի անչափ ծանրակշիռ ներկայացվածություն՝ ի դեմս Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանական միաբանության: Ունի նաև ազգային արժեք ներկայացնող պատկառելի հարստություններ, որոնց ոչ միայն զարգացման ու բարգավաճման, այլև պահպանման հարցն այսօր արդեն լուրջ խնդիր է ներկայացնում, որի համար զգացվում է պետական ուղղորդված ռազմավարության մշակում և իրականացում:
Սա արդեն բոլորովին այլ թեմա է, և իր ակտուալությամբ հանդերձ պարունակում է քննարկման հարուստ նյութ, որին, հուսով ենք, ապագայում անպայման լրջորեն կանդրադառնան Հայաստանի քաղաքագիտական, վերլուծական և դիվանագիտական շրջանակները:
1Ըստ Հին Կտակարանի, աստծո կողմից հրեաներին խոստացված ավետյաց երկիրը: Էրեց-Իսրայել անվան տակ հասկանում են նաև պատմական Իսրայելը:
2Լիբերմանի կողմից առաջ քաշված այս դրույթն ունի երկու սայր: Մի կողմից` այն ուղղված է Իսրայելի ոչ հրեա բնակչության և հատկապես արաբների դեմ, որոնց կողմից հրեության և Իսրայելի պետության նկատմամբ հանդես բերված ոչ լոյալ վարքագծի դեպքում վերջիններս դատական կարգով կարող են զրկվել քաղաքացիությունից (սա հիշեցնում է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածը, որը պատիժ է սահմանում թրքությանը, իսկ այժմ արդեն թուրք ազգին հասցված վիրավորանքի համար): Մյուս կողմից` առաջարկվում է քաղաքացիություն չշնորհել բոլոր նրանց, ովքեր չեն ծառայում Իսրայելի բանակում, մինչդեռ ինչպես հայտնի է, բավական ստվար զանգված ներկայացնող հրեական հոգևորականությունն ազատված է զինվորական ծառայությունից:
3Կնեսետում 3 ձայնով ներկայացված ձախ հայացքներ դավանող կուսակցություն: Կուսակցության ղեկավար Խաիմ Օրոնը ղեկավարում է Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբը: Վերջինս 2008թ. մարտին Կնեսետում նախատեսվող Հայկական ցեղասպանության հարցի քննարկման նախագծի հեղինակն է, որը, ցավոք սրտի, այդպես էլ տեղի չունեցավ:
4Իսրայելում կոալիցիա կազմող կուսակցությունները ստորագրում են ոչ թե մեկ համաձայնագրի տակ, այլ դոմինանտ կուսակցությունը, որի կազմից նշանակվում է վարչապետ, առանձին-առանձին համաձայնագրեր է ստորագրում կոալիցիայի մաս կազմող յուրաքանչյուր կուսակցության հետ: Իսրայելի պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ կառավարող կուսակցությունը նույն նստաշրջանի ընթացքում տարբեր կուսակցությունների հետ ստորագրել է իրարամերժ կոալիցիոն համաձայնագրեր:
5«Նեղ կառավարություն», «անվտանգության կաբինետ»: Այլ կերպ` Իսրայելի անվտանգության խորհուրդը: Կառավարական նեղ մարմին, որը որոշում է Իսրայելի անվտանգության, ռազմական և պետական քաղաքականության գրեթե բոլոր առանցքային հիմնահարցերը:
6Հետաքրքրական է, որ վերոհիշյալ ցանկում նշված չէ անդրկովկասյան որևէ հանրապետություն: Կնեսետի նախորդ գումարման ընթացքում Իսրայել-Ադրբեջան պատգամավորական բարեկամական խումբը ղեկավարել է ՄՏԻ անդամ, ծնունդով Բաքվից, արտահայտված հայատյացությամբ աչքի ընկնող Իոսիֆ Շագալը, որն այլևս ներկա գումարման պատգամավոր չէ: Վերջինիս նախաձեռնությամբ և ակտիվ ջանքերով 2007թ. Ա.Լիբերմանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Իսրայելի ստրատեգիական պլանավորման նախարարի պաշտոնը, այցելել է Բաքու և ունեցել մի շարք հանդիպումներ Ադրբեջանի իշխանությունների հետ: Ինչ ճակատագիր է սպասում Իսրայել-Ադրբեջան պատգամավորական բարեկամական խմբին և ով կղեկավարի այն, առայժմ հայտնի չէ:
7Հրեական պատմության ընթացքում իեշիվներ անվանվել են հոգևոր ուսումնական հաստատությունները, որոնք նախատեսվել են «բանավոր օրենքի» (устный закон) և մասնավորապես՝ Թալմուդի ուսուցման համար: 2000 տարուց ավելի իեշիվները հանդիսացել են հրեաների և հրեության պահպանման ու զարգացման հիմնական ինստիտուտներից մեկը:
8Հրեաների հայրենադարձությունը Իսրայել: Մինչև Իսրայելի հիմնադրումը «ալիա» էր համարվում, հրեաների վերադարձը Էրեց-Իսրայել: Սիոնիզմի հիմնական հասկացություններից է: Հայրենադարձված (ալիայի ենթարկված) հրեաներին անվանում են օլիմներ: Այսպես` Իսրայելի հրեա բնակչության մեծ մասն այսօր օլիմներ են կամ նրանց սերունդներ:
9Արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո նույն օրն իսկ Ա.Լիբերմանը հայտարարեց, որ Իսրայելի նոր կառավարությունն ամենևին էլ չի պատրաստվում պատասխանատվություն կրել Անապոլիսյան համաձայնագրի դրույթների համար: Հիշեցնենք, որ այդ համաձայնագրում, որը ստորագրվել է 2007թ. Էհուդ Օլմերթի, Մահմուդ Աբասի և Ջորջ Բուշի կողմից, ամրագրված է երկու պետության սկզբունքը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԻՍՐԱՅԵԼԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱ[10.09.2009]
- ԻՍՐԱՅԵԼ-ԱԴՐԲԵՋԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ [06.07.2009]