• am
  • ru
  • en
Версия для печати
06.07.2009

ԻՍՐԱՅԵԼ-ԱԴՐԲԵՋԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Руский

   

Արտակ Գրիգորյան

Azerbaijan-Israel (medium)Մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական բավական բարդ և հակասական գործընթացներում հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերությունների հարցը: Այս երկու երկրների փոխհարաբերությունները, որոնք Հայաստանի քաղաքագիտական և վերլուծական շրջանակների կողմից դեռևս բավարար չափով չեն ուսումնասիրվել, ԽՍՀՄ փլուզումից հետո կայուն և դինամիկ զարգացում են ապրել: Իսրայելի կողմից հետխորհրդային մի շարք երկրների, մասնավորապես միջինասիական և անդրկովկասյան մյուս հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ հանդես բերված անվստահությունն ու զգուշավորությունը, Ադրբեջանի հանդեպ շատ ավելի մեղմ դրսևորումներ ունեցավ: Իսրայելի քաղաքական համակարգը, հավանաբար մասամբ նաև իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի գործոնով պայմանավորված, Ադրբեջանի նկատմամբ ի սկզբանե որդեգրել է ավելի պատրաստակամ և կառուցողական վարքաբանություն:

Փոխհարաբերությունների պատմությունից

Իսրայելի և Ադրբեջանի միջև պաշտոնական շփումները սկսվել են ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո` 1990-ական թթ. սկզբներին: Բարձր մակարդակով առաջին հանդիպումը կայացել է 1998թ., երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն (որն, ինչպես հայտնի է, ս.թ. փետրվարին կայացած Կնեսետի ընտրությունների արդյունքում 10 տարվա ընդմիջումից հետո կրկին ստանձնեց Իսրայելի վարչապետի պաշտոնը) պաշտոնական այցով ժամանեց Ադրբեջան: Այդ այցը լուրջ խթան հանդիսացավ երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին: Մեկ տարի անց Ադրբեջան այցելեց նաև Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունը: Ադրբեջանը համարվեց Իսրայելի ռազմավարական դաշնակիցը, սկսեցին լայն թափով զարգանալ միջպետական և առևտրատնտեսական հարաբերությունները:

Իսրայելի և Ադրբեջանի միջև միջպետական շփումներն ակտիվացան հատկապես Կնեսետի 2006թ. ընտրություններից հետո, երբ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունն (ՄՏԻ) ընտրվեց Կնեսետ՝ դառնալով խորհրդարանական կուսակցություն, իսկ վերջինիս ղեկավար, նախկին խորհրդային քաղաքացի Ավիգդոր Լիբերմանը նշանակվեց Իսրայելի փոխվարչապետ և ստրատեգիական պլանավորման նախարար: ՄՏԻ-ի շարքերում Կնեսետի պատգամավոր ընտրվեց ծնունդով Բաքվից Իոսեֆ Շագալը, որը 2006-09թթ. ժամանակահատվածում ոչ միայն հանդիսացավ Ադրբեջանի խոսափողը, շահերի պաշտպանն ու արտահայտիչը Կնեսետում, այլև թուրք-իսրայելական եռակողմ Բաքու-Անկարա-Թել Ավիվ ռազմավարական դաշինքի հիմնական լոբբիստն ու գաղափարախոսը: 2006-ից հիմնականում Շագալի ծավալած գործունեության արդյունքում մեկը մյուսի հետևից սկսեցին Ադրբեջան ժամանել ՄՏԻ խմբակցության անդամները՝ Շագալի գլխավորությամբ իրականացնելով ադրբեջանամետ գործունեություն: Շատ արագ Կնեսետում ձևավորվեց Իսրայել-Ադրբեջան պատգամավորական բարեկամական խումբ1, որը գլխավորեց հենց ինքը` Շագալը:

Նույն 2006թ. հունիսին Կասպյան երկրների էներգետիկ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բաքու ժամանեց Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Բենիամին Բեն-Էլիեզերը: Վերջինս, բացի համաժողովի աշխատանքներին մասնակցելուց, հանդիպումներ ունեցավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի և էներգետիկայի նախարարների հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվեցին Իսրայելին՝ ադրբեջանական նավթի և գազի մատակարարման հարցերը: Բանակցությունները տվեցին ցանկալի արդյունքներ և շատ կտրուկ, արդեն ընդամենը մեկ շաբաթ անց, Իսրայելը Ջեյհանից Հայֆայի նավահանգստով սկսեց ադրբեջանական նավթ ներմուծել:

2007թ. օգոստոսին պաշտոնական այցով Բաքու ժամանեց Իսրայելի փոխվարչապետ, ստրատեգիական պլանավորման նախարար, վերը հիշատակված Ավիգդոր Լիբերմանը: Վերոհիշյալ այցը խնամքով նախապատրաստվել և քննարկվող հարցերի շրջանակները հստակեցվել էր նույն Ի.Շագալի կողմից, որն այցի ընթացքում ուղեկցում էր իր կուսակցական ղեկավարին: Այս այցը, որը լայնորեն լուսաբանվեց և՛ իսրայելական, և՛ ադրբեջանական մամուլի կողմից, իր տարողունակությամբ և քննարկվող հարցերի բազմազանությամբ թերևս կարելի էր աննախադեպ համարել իսրայելա-ադրբեջանական երկկողմ շփումների պատմության ընթացքում: Այցելության առանցքը բարձր մակարդակի հանդիպումն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Իսրայելում ադրբեջանական ներկայացուցչության բացման հարցը` սկզբում որպես առևտրական ներկայացուցչություն, իսկ հետագայում` որպես դեսպանատուն: Քննարկվել են նաև ադրբեջանական կառավարության կողմից Իսրայելում բնակություն հաստատած ադրբեջանցիներին թոշակներ տրամադրելու, տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի հարկային օրենսդրությունում փոփոխությունների կատարման հարցը, որը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընթացքում պետք է բացառի կրկնակի հարկման մեխանիզմը, ինչպես նաև ռազմական, անվտանգության, Իրանի միջուկային սպառնալիքի և հակաահաբեկչական պայքարի հետ կապված հարցեր: Հանդիպումից հետո Լիբերմանը նշեց, որ «…առաջին անգամ այս հարցերը բարձրացվեցին պետության ղեկավարի մակարդակով, և ես վստահ եմ, որ դրանց լուծումները կարագացվեն»: Լիբերմանն Իլհամ Ալիևին բնորոշեց որպես արևմտյան տիպի գործիչ, խոր գիտելիքների տեր անձնավորություն, որը լավ է հասկանում տարածաշրջանային հիմնախնդիրները: Լիբերմանը հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի և արտերկրում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքային պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովի հետ:

Իսրայելի փոխվարչապետը մասնակցել է նաև Բաքվի հրեական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ ելույթ ունենալով՝ մասնավորապես նշել է. «Այս մշակութային կենտրոնը հնարավորություն կտա ավելի խորացնել երկու ժողովուրդների բարեկամությունը և կօգնի ադրբեջանցիներին ավելի լավ ճանաչել Իսրայելն ու հրեաներին: Հրեաներն Ադրբեջանում ապրում են լիարժեք պաշտպանվածության պայմաններում, այդպես եղել է նախկինում, այդպես է հիմա, այդպես կլինի նաև ապագայում… Իսրայելը շահագրգռված է ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, և հանուն դրա մեր կառավարությունը կանի ամեն ինչ երկկողմ բարեկամական փոխհարաբերությունները զարգացնելու ուղղությամբ»:

2008թ. մայիսին Ադրբեջան ժամանեց Իսրայելի գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմհոնը, որը հանդիպումներ ունեցավ նախագահ Ալիևի, Ադրբեջանի տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հետ կապված հարցեր:

Դրանից մեկ ամիս անց կրկին Բաքու մեկնեց Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Բենիամին Բեն-Էլիեզերը: Այս այցը լուրջ բեկում առաջացրեց առանց այն էլ աստիճանական զարգացում ապրող Ադրբեջան-Իսրայել էներգետիկ համագործակցության բնագավառում:

Մոտավորապես նույն ժամանակահատվածում պաշտոնական այցերով Իսրայել են ժամանել Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաևը (փետրվար, 2007թ.), արտերկրում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքային պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը (ապրիլ, 2007թ.), տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը (հունիս, 2007թ.), պետական նավթային ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովը (հուլիս, 2007թ.), Ադրբեջան-Իսրայել պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էվդա Աբրամովը (մայիս, 2008թ.):

Ադրբեջանցիներն Իսրայելում

Ադրբեջանում բնակվող հրեաները հիմնականում հանդիսացել են այսպես ասած ինքնուրույն էթնոլեզվական խումբ կազմող լեռնային հրեաներ2: ԽՍՀՄ փլուզումից հետո, ըստ մի շարք տվյալների, Ադրբեջանից Իսրայել տեղափոխվեցին մոտ 40-50 հազար ադրբեջանցիներ: Որոշ աղբյուրներ այդ թիվը նշում են մինչև 70 հազար3: Հրեաների հետ մեկտեղ (կամ լեռնային հրեա անվան տակ) Ադրբեջանից Իսրայել տեղափոխվեցին նաև բավական մեծ թվով էթնիկ ազերիներ (ըստ որոշ տվյալների՝ մոտ 20-25 հազ.), որոնք իրենց հետ Իսրայել տարան նաև ադրբեջանական մշակույթի և մտածողության բավական արտահայտված տարրեր: Նրանց զգալի մասը գիյուրի4 չի ենթարկվել, նախկինի պես դավանում է մուսուլմանություն` իրեն համարելով ադրբեջանցի: Հետաքրքրականն այն է, որ թե՛ իսրայելական և թե՛ ադրբեջանական աղբյուրները, Ադրբեջանից Իսրայել տեղափոխված «հրեաների» մասին արտահայտվելիս բավական հաճախ կիրառում են «Իսրայելի ադրբեջանցիներ», «ադրբեջանական համայնք», «ադրբեջանական սփյուռք» եզրերը:

1990-ականների ընթացքում Իսրայելում արմատավորվելուց և ինտեգրվելուց հետո 2000-ական թթ. սկզբներին այս խավն արդեն կարողացավ ինքնակազմակերպվել, ձևավորել իր կառույցներն ու կազմակերպությունները, ակտիվորեն ներգրավվել ողջ Իսրայելի և հատկապես շուրջ մեկ միլիոն ռուսալեզու բնակչության հասարակական կյանքին: Վերջիններս կարողացան հաջողությամբ ինտեգրվել նաև Իսրայելի քաղաքական համակարգին՝ իրենց շարքերից տալով նաև հասարակական ու քաղաքական գործիչներ: Այս գործընթացում ադրբեջանցիներն օգտվում էին թուրքական կառույցների և լոբբիստական միավորումների արդեն իսկ առկա փորձից և նրանց մեթոդական աջակցությունից, ինչը բավական հեշտացրեց ու արագացրեց նրանց կայացումը:

2007թ. ապրիլին Թել Ավիվում տեղի ունեցավ «Ադրբեջան-Իսրայել ասոցիացիայի» (ԱԶԻԶ) հիմնադիր համագումարը: Ասոցիացիայի նախագահ ընտրվեց նույն Իոսեֆ Շագալը: Վերոհիշյալ կազմակերպության հիմնադրմանն իրենց ներկայությամբ առանձնահատուկ կարևորություն հաղորդեցին Ավիգդոր Լիբերմանը, Իսրայելի տուրիզմի նախարար Իցհակ Ահարոնովիչը և տրանսպորտի նախարար Շաուֆ Մոֆազը: Հիմնադիր համագումարին մասնակցելու համար Ադրբեջանից ևս ժամանել էր խիստ ներկայացուցչական պատվիրակություն՝ արտերկրում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքային պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովի գլխավորությամբ: Դրանից անմիջապես հետո, հղում անելով հայազգի վերլուծաբան Համայակ Նահապետյանի 04.06.2007թ. «Ադրբեջան-Իսրայել համագործակցության խորացման շուրջ» հոդվածին, Իսրայելի մամուլում հրապարակումներ եղան, թե իբր Հայաստանում «խանդով» են վերաբերվում վերոհիշյալ կազմակերպության հիմնադրմանը:

Իսրայելում գործող ադրբեջանական մյուս խոշոր կառույցը «Իսրայելի ադրբեջանցիների կոնգրես» կազմակերպությունն է, որի գործունեության հիմքում ընկած է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմավարական դաշինքին անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը: Վերջինիս գործունեության ձեռագրում հստակ նշմարվում է թուրքական ազդեցությունը, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ «Իսրայելի ադրբեջանցիների կոնգրեսն» իրականացնում է թուրքական լոբբիստական գործառույթներ: Այդ առումով մեջբերում ենք իսրայելյան քաղաքական վերլուծաբան Շիմոն Բրիմանի հետևյալ խոսքերը. «Առկա որոշակի հանգամանքների արդյունքում այլևս ակնհայտ է, որ «Իսրայելի ադրբեջանցիների կոնգրեսն» իրականացնում է թուրքական լոբբիի ֆունկցիաներն Իսրայելում` ուղղակիորեն համագործակցելով հրեական պետության թուրքական դեսպանատան հետ: Այսպիսով, եթե Թուրքիան և Ադրբեջանն Իսրայելում ունեն իրենց շահերի պաշտպան միանգամից երկու լոբբիստական կառույցներ, ապա Հայաստանը չունի նշված որակի որևէ լուրջ կազմակերպություն»5:

Ընդ որում՝ գոյութուն ունի ակնհայտ մրցակցություն վերոհիշյալ երկու կազմակերպությունների միջև: Հայտնի են նույնիսկ սկանդալային պատմություններ: Այսպես` 2008թ. փետրվարի 26-ին Հայֆա քաղաքի «Լոտոս» ռեստորանում ԱԶԻԶ-ի նախաձեռնությամբ կազմակերպված ադրբեջանա-հրեական բարեկամությանը նվիրված մշակութային ծրագրի ժամանակ, որին մասնակցում էին Ադրբեջանից հրավիրված մշակութային խմբեր և կատարողներ, հանկարծ դահլիճ ներխուժեցին մի խումբ ադրբեջանցիներ (ինչպես պարզվեց հետագայում` Կոնգրեսի ներկայացուցիչներ), որոնք, անկարգություններ հրահրելով, մեղադրեցին կազմակերպիչներին «Խոջալուի եղեռնի» 16-ամյակի օրը մշակութային ծրագիր իրականացնելու համար: Այս միջադեպը լայն արձագանքի արժանացավ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Իսրայելում:

Երկու ամիս անց այս երկու կազմակերպությունները մեկը մյուսից առանձին նշեցին Հեյդար Ալիևի ծննդյան 85-ամյակը` յուրատեսակ մրցակցության մեջ մտնելով, թե ով ավելի փքուն ներբողներ կձոնի Ալիև ավագի հասցեին: Ադրբեջանական և Իսրայելի հատկապես ռուսալեզու մամուլը երկու կազմակերպությունների միջոցառումներն էլ մեկնաբանեց ամենայն պաթոսով և մանրակրկտությամբ:

ԱԶԻԶ-ի նախաձեռնությամբ 2008թ. մայիսի 26-27-ին մեծ շուքով և հանդիսավորությամբ տոնվեցին «Ադրբեջանի օրերը» Իսրայելում՝ նվիրված լեռնային հրեաների Էրեց-Իսրայել հայրենադարձման 160, Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության (նկատի ունեն մուսավաթական Ադրբեջանը) 90 և Իսրայելի պետության հիմնադրման 60-ամյակներին: Միջոցառումները սկսվեցին մայիսի 26-ին Կնեսետի ալիայի ու աբսորբցիայի հանձնաժողովի հանդիսավոր նիստով, որին հրավիրված էին Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Կանադայի հրեական համայնքների ու միջազգային հրեական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իսրայելի կառավարության անդամներ, օտարերկրյա դեսպաններ և այլ պաշտոնական հյուրեր: Ելույթներ ունենալով՝ «Ադրբեջանի օրերի» անցկացումը ողջունեցին Իսրայելի աբսորբցիայի նախարար Յակով Էդրին, Իսրայելում Թուրքիայի դեսպան Համիկ Թանը, Մոլդովայի դեսպան Լարիսա Միկուլեցը, Կնեսետի գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները և Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, Ադրբեջան-Իսրայել պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էվդա Աբրամովը: Մշակութային միջոցառումները, որին մասնակցում էին Ադրբեջանից ժամանած բազմաթիվ կատարողներ և մշակութային խմբեր, շարունակվեցին նույն օրը Երուսաղեմում և հաջորդ օրը` Հայֆա քաղաքում: «Ադրբեջանի օրերը» հովանավորել էր ծագումով ադրբեջանական հրեա, մոսկվացի հայտնի գործարար, Ադրբեջանի միջազգային հրեական հիմնադրամի ղեկավար Հերման Զախարյաևը:

Համագործակցության տնտեսական ցուցանիշներ

Ընդհանուր առմամբ 2006-09թթ. ժամանակահատվածում Իսրայելի հետ միջպետական և տնտեսական համագործակցության շրջանակներում Ադրբեջանն իսլամական բոլոր երկրների շարքում զբաղեցրել է առաջին տեղը: Հրեական պետությունն ադրբեջանական նավթի երկրորդ գնորդ պետությունն է Իտալիայից հետո: 2007թ. Իսրայելը ներմուծել է մոտ 2 մլն տոննա ադրբեջանական նավթ, ինչը բավական պատկառելի ցուցանիշ է: Այդ նույն ծավալները պահպանվել են նաև 2008թ. ընթացքում:

Ադրբեջանի և Իսրայելի միջև էներգակիրների ոլորտում տնտեսական համագործակցությունը նոր որակ ձեռք բերեց Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Բենիամին Բեն-Էլիեզերի Բաքու կատարած երկրորդ` 2008թ. այցելությունից հետո: Մոսկվայի, Անկարայի և Բաքվի հետ իրարահաջորդ բանակցություններից հետո Բեն-Էլիեզերը, հիշեցնելով, որ Իսրայելի կողմից ներմուծվող էներգակիրների 45%-ը ադրբեջանական ծագում ունի, հայտարարեց. «Այժմ մենք աշխատում ենք ադրբեջանական գազը Իսրայել տեղափոխելու երկարաժամկետ` մոտ 20-30 տարվա տևողությամբ ծրագրի նախագծի վրա: Ներկա պահին քննարկվում են ծրագրի մանրամասները»: Համաձայն այդ ծրագրի՝ Իսրայելը մտադիր է առաջիկա 10 տարվա ընթացքում Ադրբեջանից ձեռք բերել 12 մլրդ մ3 գազ: Ծրագրի կարևորագույն բաղադրիչը Միջերկրական ծովի հատակով նոր բազմաֆունկցիոնալ խողովակաշարի (Mediterranean Pipeline Project: Medstream) կառուցումն է Թուրքիայից դեպի Իսրայել, որը նախատեսվելու է նավթի, գազի և ջրի տեղափոխման համար6: Խողովակաշարին զուգահեռ կանցնեն նաև էլեկտրահաղորդակցման և բազմակաբելային կապի գծեր: Ծրագրի տեխնիկատնտեսական փորձաքննությունը կտևի մոտ 10 ամիս, որի արժեքը կկազմի մոտ 8 մլն եվրո: Դրանից հետո նոր կիրականացվի խողովակաշարի կառուցումը, որը կտևի մոտ երեք տարի: Նախատեսվում է խողովակաշարի տարանցիկ հզորությունը հասցնել տարեկան մինչև 40 մլն տոննայի: Ինչպես հայտնի է, ադրբեջանական էներգակիրները Թուրքիա են հասնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի միջոցով: Նոր խողովակաշարով, որն ունենալու է մոտ 400 կմ երկարություն, նախատեսվում է Ջեյհանը Միջերկրական ծովով միացնել իսրայելական Աշքելոն նավահանգստային քաղաքին: Իսրայելը պատրաստվում է ադրբեջանական գազի ներմուծումն սկսել արդեն 2012թ.: Բանակցությունների ավարտին Բաքվում Բեն-Էլիեզերը հայտարարեց, որ «Ադրբեջանն ու Իսրայելը թեև փոքրիկ, բայց շատ հզոր երկրներ են»:

2008թ. հուլիսին Բաքվում կազմակերպվեց ադրբեջանա-իսրայելական բիզնես ֆորում, որին մասնակցեցին շինարարական աշխատանքներ իրականացնող իսրայելական ավելի քան 50 ընկերություններ: Ֆորումը կազմակերպվել էր Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան, «Իսրայելի ադրբեջանցիների կոնգրեսի» և Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության ջանքերով, որի նպատակը երկու երկրների գործարար շրջանակների միջև երկխոսության խթանումն էր և մասնավորապես իսրայելական կազմակերպությունների համար Ադրբեջանում գործունեության ծավալման նպատակով տեղեկատվական դաշտի ու համապատասխան հզորությունների ապահովումը: Մասնավորապես` ֆորումի ժամանակ Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց 3,5 մլրդ դոլար ծավալով շինարարական աշխատանքների մասին և իսրայելական ընկերություններին հրավիրեց ակտիվորեն մասնակցել վերոհիշյալ շինարարական ծրագրերի մրցույթներին:

Ինչ վերաբերում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը, ապա համաձայն Ադրբեջանի մաքսային ծառայության տվյալների՝ 2007թ. Իսրայելից Ադրբեջան են ներմուծվել մոտ 80 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանքներ, իսկ Ադրբեջանից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 1,5 մլրդ դոլար: Հասկանալի է, որ այդ ծավալների առյուծի բաժինը կազմում են ադրբեջանական էներգակիրները: 2008թ. այդ նույն ցուցանիշները կազմել են` 130 մլն դոլարի ներմուծում Ադրբեջան և 3,5 մլրդ դոլարի արտահանում Ադրբեջանից:

2007թ. Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկերների շարքում արտահանման ծավալներով Իսրայելը զբաղեցրել է երկրորդ տեղը ԱՄՆ-ից հետո՝ շրջանցելով նաև Թուրքիային և Ռուսաստանին: Իսրայելական վերլուծական աղբյուրները տնտեսական ցուցանիշները գնահատելիս գոհունակությամբ նշում են, որ այդ ցանկում Ադրբեջանի հետ ավելի քան 600 կմ սահման ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունը զբաղեցնում է ընդամենը 6-րդ տեղը: Այս հանգամանքն Իսրայելում գնահատվում է որպես Ադրբեջանի հուսալի գործընկերության ցուցանիշ:

Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործընկերության ճանապարհին լուրջ ուշադրության է արժանի հատկապես ռազմական բնագավառում տեղի ունեցած համագործակցությունը: Այսպես՝ վերջերս` 2008թ. սեպտեմբերին, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվեց պայմանագիր Ադրբեջանի զինված ուժերին իսրայելական արտադրության ռազմամթերքով և ռազմական տեխնիկայով մատակարարումների մասին: Պայմանագրի իրական արժեքը չի նշվում, սակայն իսրայելական մամուլը խոսում է մի քանի հարյուր միլիոն դոլարի կարգի հասնող գումարների մասին: Մասնավորապես՝ ադրբեջանական բանակին կմատակարարվեն ՏԱՐ-21 «Տավոր» ավտոմատներ, «Սոլթամ» հաուբիցային և հրթիռահրետանային համակարգեր իրենց համապատասխան զինամթերքների մեծ խմբաքանակներով, «Թադիրան» կապի համակարգեր և այլն: Այդ կապակցությամբ իսրայելական հեղինակավոր «Հաարեց» թերթը գրեց, որ այս ամենը վկայում է Ադրբեջանի հետ ռազմաստրատեգիական լուրջ դաշինքի մասին: Թերթը նշում էր, որ ռազմական բնագավառում մատակարարումները նոր երևույթ չեն, և Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարել է նաև Ղարաբաղյան պատերազմի տարիներին: Իսկ հոկտեմբերի 2-ին Day.az-ին տված հարցազրույցում Ի.Շագալը դա համարեց շատ բնական գործընթաց և վստահություն հայտնեց, որ այդ զենքը «չար» նպատակներով չի օգտագործվի: Ռազմական բնագավառում տեղի ունեցած վերոհիշյալ գործարքին անդրադարձան նաև հայկական կայքերը (Panarmenian, Armenianow):

Գազայի պատերազմը` որպես Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերությունների փորձաքար: Որքանո՞վ է Ադրբեջանը հուսալի գործընկեր

Արդյո՞ք ամեն ինչ հարթ է ընթացել երկու երկրների փոխհարաբերությունների ճանապարհին: Այդ ճանապարհին իսկական փորձաքար հանդիսացավ վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած Գազայի պատերազմը: Վերլուծելով ԱՊՀ երկրների վերաբերմունքը Գազայում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ՝ Իսրայելի քաղաքական և վերլուծական շրջանակներն ինչ-որ տեղ նաև զարմանքով պարզեցին, որ այս իրադարձությունների նկատմամբ ամենածայրահեղ հակաիսրայելական դիրքորոշումը հանդես է բերվել Ադրբեջանի կողմից: Ուսումնասիրելով ԱՊՀ երկրների վերաբերմունքը Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Իսրայելում հանգել են այն եզրակացության, որ Ռուսաստանը չնայած ներկայացնում է, թե հանդես է բերում հավասարակշռված մոտեցում վերոհիշյալ խնդրին, սակայն վերջինիս դիրքորոշումն իրականում ավելի շատ պաղեստինամետ բնույթ ունի: Ըստ իսրայելական մամուլի և վերլուծական աղբյուրների՝ ամենահավասարակշռված մոտեցումը հանդես է բերվել միայն Բելառուսի կողմից, որն իր պաշտոնական հայտարարության մեջ նշել է նաև Իսրայելի տված զոհերի մասին, մինչդեռ Ուկրաինայի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումներում չկա որևէ խոսք Իսրայելի կրած զոհերի և կորուստների մասին: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությանը՝ իսրայելական մամուլն առանց մեկնաբանությունների նշում է, որ հայ դիվանագետները «խոր մտահոգությամբ» հետևում են «Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին, որի ընթացքում արդեն զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ»:

Իսրայելական մամուլի և քաղաքական մեկնաբանների կողմից, ընդ որում՝ շատերի համար անսպասելիորեն, ռազմավարական գործընկերոջ համարում ունեցող Ադրբեջանի դիրքորոշումը գնահատվեց խիստ միակողմանի, մինչդեռ այդ երկիրը նույնիսկ Իրանի հետ հակամարտության հարցում համարվում էր Իսրայելի չբացահայտված պոտենցիալ դաշնակիցը:

Ադրբեջանի իշխանությունները Գազայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ երկու անգամ հնչեցրին իրենց պաշտոնական տեսակետները: Դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը միակողմանիորեն դատապարտեց Իսրայելի գործողությունները: Վերջինիս հայտարարությունը չէր պարունակում որևէ անդրադարձ Իսրայելի կրած զոհերի և Գազայի օպերացիայի սկզբնապատճառների մասին: Չկար նաև որևէ քննադատություն` ուղղված ՀԱՄԱՍ-ին: Հունվարի 6-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը նույնպես դատապարտեց ՑԱԽԱԼ-ի7 գործողությունները Գազայում՝ հանդես գալով ի պաշտպանություն Պաղեստինի պետականության: Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ, երբ պաշտոնական Բաքուն արաբա-իսրայելյան հակամարտության կապակցությամբ Իսրայելի նկատմամբ հանդես է բերում գրեթե թշնամանքի հասնող, ոչ բարեկամական կեցվածք: Այսպես` մոտավորապես մեկ տարի առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Երուսաղեմի հին քաղաքի տաճարի բարձունք կոչվող հատվածում իրականացվող հնագիտական պեղումները համարեց «ագրեսիա մուսուլմանական սրբությունների նկատմամբ»: Նա կոչ արեց ՄԱԿ-ին «անհապաղ միջոցներ ձեռնարկել Երուսաղեմի պատմական հարստությունները պաշտպանության տակ վերցնելու կապակցությամբ»:

Հունվարի 5-ին Բաքվի Նարդարան կոչվող արվարձանում տեղի ունեցավ հերթական հակաիսրայելական հանրահավաքը, որին մասնակցում էր մի քանի հազար մարդ: Հանրահավաքի հիմնական կարգախոսներն էին` «Մահ ԱՄՆ-ին և Իսրայելին», «Մահ ամերիկյան սիոնիզմին», «Իսրայելն ու ԱՄՆ-ը օկուպանտներ և տեռորիստներ են» և այլն: Հանրահավաքի ժամանակ այրվեցին Ջորջ Բուշի և Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթի խրտվիլակները, ինչպես նաև երկու երկրների պետական դրոշները: Հանրահավաքի մասնակիցները կոչով դիմեցին Ադրբեջանի իշխանություններին` խզել հարաբերություները «սիոնիստական ռեժիմի» հետ:

Սա եզակի երևույթ չէ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում: Բաքվի Նարդարան արվարձանը դարձել է Ադրբեջանի իսլամիստների և հակաիսրայելական հոսանքների թատերաբեմը: Վերջին 2-3 տարվա ընթացքում հակաիսրայելական ու հակասեմիթական բովանդակության հավաքույթներն ու ակցիաներն այստեղ թեև ոչ մեծաքանակ, բայց պարբերական բնույթ են կրում: Վերոհիշյալ ակցիաների հիմնական կազմակերպիչն ու ոգեկոչողն Ադրբեջանի իսլամական կուսակցությունն է: Ընդ որում՝ հետաքրքրականն այն է, որ գրեթե միշտ, նմանօրինակ ցանկացած ակցիայից կամ միջոցառումից հետո իսրայելական մամուլն ում ասես մեղադրել է (վահաբականներին, իսլամական ջիհադին), բացի Ադրբեջանից: Իհարկե, որպես կանոն, այդօրինակ ակցիաներն առաջին հերթին, անկախ հիմնավորվածության աստիճանից, համարվում են պաշտոնական Թեհրանի կողմից հրահրված սադրանք` ուղղված Իսրայելի դեմ:

Գազայի պատերազմի հետևանքով տեղի ունեցած իրադարձությունների այս ողջ շղթան որոշակի տարակուսանք առաջացրեց Իսրայելի քաղաքագիտական և վերլուծական շրջանակներում: «Ադրբեջանը հաշվենկատ խաղ է վարում», «Բաքուն բոլորից խորամանկ դուրս եկավ», «Ադրբեջանցիներն այրում են Օլմերթին», «Ադրբեջանը բացահայտ կիսում է արաբական տեսակետները»` իսրայելական մամուլը ողողվեց այսպիսի վերտառությամբ հոդվածներով: Եթե նախկինում իսրայելական մամուլն ու քաղաքական-վերլուծական շրջանակներն Ադրբեջանի նկատմամբ ավելի լոյալ վերաբերմունք ունեին՝ այդ երկրում տեղի ունեցած ցանկացած հակաիսրայելական երևույթի համար մեղադրելով բացառապես Իրանին, ապա Գազայի պատերազմից հետո վերջին 3-4 ամիսներին նրանք սկսել են մի փոքր ավելի իրատեսական մոտեցումներ հանդես բերել իրենց գնահատականներում: Իսրայելում շատ լավ հասկանում են, որ կրիտիկական իրավիճակներում տեղի իսլամիստների և ընդհանրապես ընդդիմադիր ուժերի հանդեպ պաշտոնական Բաքուն կարող է գործել և շատ կոշտ ու դաժան մեթոդներով: Ադրբեջանի ուժային կառույցների գործողությունները նման իրավիճակներում հայտնի են նաև Իսրայելում: «Այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման մեջ չկա որևէ խոսք պաղեստինյան իսլամիստների մասին: Արդյո՞ք սա երկերեսանիություն չէ…»,- հարց են տալիս իսրայելական լրատվամիջոցները:

Արևելյան երկերեսանիություն, որը պետք է հասկանալ…

Այս և մյուս բոլոր հարցերի պատասխանները փորձեց տալ Իսրայելի թուրք-ադրբեջանական բավական ուժեղ լոբբին: Ադրբեջանի իսլամիստների հակահրեական վարքագիծը կրկին ներկայացվեց որպես իրանական ուղղորդված միջամտության արդյունք, իսկ ադրբեջանական իշխանությունների կեցվածքը` որպես խիստ «հասկանալի» վարքագիծ: Հունվարի 7-ին իսրայելյան մամուլում բավական ծավալուն հարցազրույցով հանդես եկավ անկրկնելի Իոսեֆ Շագալը, որի առանձին հիմնավորումներ ոչ այնքան հեգնանք, որքան ծիծաղ են առաջացնում. «Ավաղ, սա մուսուլմանական արևելքն է, որտեղ ընդունված չէ աչք փակել հավատակից եղբայրների կողմից թափվող արյան վրա, եթե նույնիսկ այդ եղբայրները քո հակառակորդներն են: Առավել ևս պաշտպանել նրանց, ովքեր իրենց հավատակից եղբայրների շրջանում մահ և ավերածություններ են սփռում… Իսկ այն, ինչ դիվանագիտական լեզվով կոչվում է «պետության պաշտոնական տեսակետ», ռեալ իրականության մեջ ոչ միշտ է համապատասխանում իրական տեսակետներին…»:

Ուշագրավ են Շագալի պարզաբանումները «երկերեսանիության» հետ կապված. «Երկերեսանիությո՞ւն է դա, թե՞ ոչ (Ադրբեջանի վարքագիծը), գուցե և այդպես է, բայց դա արևելյան երկերեսանիություն է, բավական թափանցիկ, այն հաշվարկով, որ դիմացինդ քեզ կհասկանա»:

Շագալը «հիմնավորում է», որ «…տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության և բարդ, հակասական շահերի առկայության պայմաններում այնքան էլ նպատակահարմար չէ բարձրաձայն ասել այն, ինչ իրականում մտածում ես, համակրանքը պետք է թողնել երկրորդ պլանում»:

Ըստ Շագալի` «Ադրբեջանում ոչ միայն լավ են պատկերացնում մերձավորարևելյան հակամարտության նրբությունները, այլև այն զգում են «մենթալ», նրանք շատ լավ հասկանում են Իսրայելի գործողությունների իրական դրդապատճառները, շատ լավ հասկանում են նաև, որ ՀԱՄԱՍ-ը արյունարբու կազմակերպություն է: Սակայն երբեք հրապարակայնորեն չեն կիսվի իրենց տեսակետներով ու տպավորություններով»:

«Պաշտոնական Բաքվի ցանկացած հրապարակային քայլ, որն ի պաշտպանություն ՀԱՄԱՍ-ի չէ, միարժեքորեն կթուլացնի Ադրբեջանի դիրքերը իսլամական աշխարհում: Ահա և Ձեզ պաշտոնական դիրքորոշման բացատրությունը»,- վիրավորված տոնով ամփոփում է Շագալը, մեղադրելով իսրայելցի այն լրագրողներին ու քաղաքագետներին, ովքեր այսքան բանը «չեն հասկանում»:

Անդրադառնալով այդ օրերին Իսրայելում շրջանառվող այն տեսակետին, որ Հայաստանը Գազայի պատերազմի կապակցությամբ ավելի կշռադատված դիրքորոշում հանդես բերեց, քան Ադրբեջանը, Շագալը հակադարձեց` ՀՀ ԱԳՆ հայտարարությունն անվանելով ոչ թե կշռադատված, այլ պարզապես չեզոք: Միաժամանակ, հղում անելով Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի տեղեկատվական կայքում հրապարակված` թեմային առնչվող վերլուծական նյութերին, Շագալը գալիս է այն հետևության, որ Հայաստանն իրականում այնքան էլ անկողմնակալ չէ այս հարցում` «մոռանալով», որ ռուսաստանյան «Երկրամաս» թերթի տեսակետները որևէ օրգանական առնչություն չունեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման հետ:

Շագալը հենց իսրայելյան իսկ աղբյուրների վկայությամբ, իր խորհրդարանական գործունեության ընթացքում ոչնչով աչքի չի ընկել որպես Կնեսետի պատգամավոր: Չի մասնակցել և չի ներգրավվել որևէ ներքաղաքական գործընթացում, հանդես չի եկել որևէ նախաձեռնությամբ: Վերջինիս ողջ գործունեությունը սահմանափակվել է բացառապես Ադրբեջանին վերաբերող և հանուն Ադրբեջանի իրականացվող գործունեությամբ: Բացի Ադրբեջանից, չկա մեկ այլ ոլորտ (համենայնդեպս, մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում մեզ չհաջողվեց հայտնաբերել), որտեղ վերոհիշյալ անձնավորությունը որպես պատգամավոր իրականացրած լինի որևէ լուրջ գործունեություն:

Տարեսկզբի իր հարցազրույցներից մեկում, վերոհիշյալ հանգամանքն ամենևին չժխտելով, ՄՏԻ կուսակցության նախագահ Ա.Լիբերմանը Շագալի գործունեությունն արդարացրեց լոկ նրանով, որ «…համենայնդեպս, Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները ևս կարևոր նշանակություն ունեն»:

Կնեսետի նախորդ գումարման պատգամավորների շրջանում կեսկատակ, կեսլուրջ տարածված է եղել մի տեսակետ, ըստ որի` 120 հոգիանոց Կնեսետում 119 տեղ ունի Իսրայելը և մեկ տեղ Ադրբեջանը:

Մեր ուսումնասիրությունների արդյունքում որոշ տվյալներ հիմք են տալիս ենթադրելու, որ ՄՏԻ կուսակցության շարքերում էլ այնքան գոհ չեն եղել նման իրավիճակից: Հավանաբար նաև այս գործոնով էր պայմանավորված, որ 2009թ. փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում Իոսեֆ Շագալն այլևս ընդգրկված չէր ՄՏԻ կուսակցության ցուցակներում: Թողնելով Կնեսետը` նա խոստացել է զբաղվել քաղաքական ժուռնալիստիկայով և հանուն Ադրբեջանի պայքարել այդ բնագավառում:

Հետևություններ: Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում ապագայում

Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերություններում որոշակի խզում կամ ճեղքվածք է առաջացել: Գազայի իրադարձությունների առնչությամբ ադրբեջանական իշխանությունների մեկ-երկու հակաիսրայելական հայտարարությունների արդյունքում հանգել հետևությունների, որ երկու երկրների փոխհարաբերություններում կարող է արտահայտված լարվածություն առաջանալ` իհարկե, միամտություն է: Բայց համենայնդեպս, Իսրայելում արդեն հարցեր են ծագում Ադրբեջանի հուսալի գործընկերության առնչությամբ:

Այս ամենը շատ լավ գիտակցելով հանդերձ, այնուամենայնիվ, Իսրայելի քաղաքական շրջանակները կարծես թե հակված չեն ոչ միայն սառեցնել, այլև նունիսկ թուլացնել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը: Գազայի պատերազմական գործողությունների ընթացքում իսրայելական մամուլի և քաղաքական դաշտի առաջին բուռն արձագանքներն անցնելուց հետո, վերջին 1-2 ամիսների ընթացքում Իսրայելում կրկին սկսել են կարծիքներ ու տեսակետներ շրջանառվել, իսկ մամուլում` հոդվածներ և վերլուծականներ հայտնվել հօգուտ Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործընկերության:

Ադրբեջանը ներկայացվում է որպես աշխարհիկ պետություն, որտեղ քաղաքական էլիտան իրեն համարում է Քեմալ Աթաթուրքի գործի հավատարիմ շարունակողը, այն դեպքում, երբ Թուրքիան, որն ավելի շատ է կոչված այդ գաղափարների իրականացմանը, օր օրի իսլամականացվում է: Ադրբեջանի կեցվածքն արդարացվում է նրանով, որ վերջինիս հյուսիսից «սեղմում» է Ռուսաստանը, հարավից մշտական շանտաժի ու լարվածության մեջ է պահում Իրանը, Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության մասին խոսք անգամ չկա: Դե, իսկ արևմուտքից, որի կողմից Ադրբեջանը կարիք ունի պաշտպանության, պարբերաբար «ապտակներ» է ստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության նորմերի խախտման պատճառաբանությամբ: Այնուհետև հիմնավորվում է, որ Իսրայելի արմատական շահերից է բխում Ադրբեջանի հետ համենայնդեպս կայուն փոխհարաբերությունների պահպանումն ու համագործակցության զարգացումը: Ադբեջանը շեշտվում է նաև որպես անփոխարինելի պլացդարմ իսրայելյան հետախուզական և հատուկ ծառայությունների գործունեության համար:

«Որքանո՞վ է Ադրբեջանը հուսալի ռազմավարական գործընկեր» հարցը ստիպեց արձագանքել նաև Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությանը: Իսրայելի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են նախկին ԽՍՀՄ երկրներով, կարծում են, որ Գազայի իրադարձությունների հետևանքով Բաքվի անհանդուրժողական կեցվածքը այսպես կոչված «մուսուլմանական համերաշխությանն» ուղղված հարկադրական քայլ է և ամենևին չի արտահայտում արևմտամետ կողմնորոշում ունեցող Ադրբեջանի ու նրա նախագահ Ի.Ալիևի իրական տեսակետները: «Արաբա-իսրայելյան հակամարտության շուրջ գնահատականներ տալիս Ադրբեջանը ստիպված է հաշվի առնել մի շարք ներքաղաքական ու տարածաշրջանային գործոններ: Առաջին հերթին դրանք ոչ այնքան դյուրին փոխհարաբերություններն են հարևան Իրանի հետ, որն ունի Ադրբեջանի ներքաղաքական կյանքին միջամտելու որոշակի լծակներ»,- պարզաբանում է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներից մեկը,- «…միաժամանակ Բաքուն ձգտում է հավասար գործընկերային հարաբերություններ պահպանել Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ, ինչպես նաև ինտեգրվել իսլամական միջազգային կառույցներում` հատկապես տնտեսական ուղղվածության: Բայց գործնականում, թեկուզ և առանց բարձրաձայնելու, այս երկիրն իրապես Իսրայելի ռազմավարական գործընկերն է ինչպես անվտանգության, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտներում»: Ակամայից հանգում ես մի «միամիտ» հետևության, թե արդյոք Ադրբեջանն Իսրայելի դիվանագիտական մարմինների հետ նախապես «համաձայնության չի գալիս» հակաիսրայելական որևէ ակցիայից կամ հայտարարությունից առաջ:

Շատ լավ հասկանալով, որ Իսրայելի հետ համագործակցության թուլացումը բոլորովին չի բխում իր շահերից, Ադրբեջանն ինքն էլ ջանքեր է գործադրում կորցրածը հետ բերելու համար: Գազայի պատերազմի օրերին Ադրբեջանը գնաց թեև խորամանկ ու վտանգավոր, բայց իր համար արդարացված խաղի: Վերջինս այդ պահն օգտագործեց իսլամական աշխարհում հեղինակությունն ամրապնդելու և մուսուլմանական համերաշխություն դրսևորելու համար: Իսկ հիմա, երբ արդեն ամեն ինչ թիկունքում է, գործի դնելով «արևելյան երկերեսանիությունը», հարկավոր է ամեն ինչ անել Իսրայելի հետ փոխհարաբերություններում դրությունը շտկելու համար:

Արդեն մի քանի ամիս է, ինչ նախապատրաստվում է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի այցը Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան: Եթե 2-3 ամիս առաջ ադրբեջանական իշխանությունները հասկացնում էին, որ այնքան էլ խանդավառված չեն այդ այցելությամբ և նույնիսկ ձգձգում էին վերջնական համաձայնություն տալ այդ կապակցությամբ, ակնարկելով` որ Պերեսին կընդունեն ընդամենը մի քանի ժամով, այն էլ եթե իր շրջայցի ընթացքում մինչ Ադրբեջան ժամանելը վերջինս այցելած լինի նվազագույնը գոնե երկու իսլամական երկիր, ապա բոլորովին վերջերս Ադրբեջանը ոչ միայն տվեց իր համաձայնությունը, այլև պատրաստակամություն հայտնեց այցը կազմակերպել ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարեց անձամբ ինքը` Իլհամ Ալիևը, մայիսի 6-ին Պրահայում Իսրայելի արտգործնախարար Ա.Լիբերմանի հետ տեղի ունեցած` չնախատեսված, ու նախապես չպլանավորված հանդիպման ժամանակ8: Ինչ խոսք, պատմությունը վաղուց արդեն սովորեցնում է մեզ, որ թուրք-ադրբեջանական երկերեսանիությունն աշխարհում խոր ըմբռնողականության է արժանանում:

Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերությունների հետ կապված մի փոքրիկ դիտարկում ևս. այդ փոխհարաբերությունների ասպեկտում բավական մեծ տեսակարար կշիռ է բաժին ընկնում Իսրայել-Ադրբեջան էներգետիկ ոլորտում ծավալվող համագործակցությանը: Եվ եթե ճիշտ լինեն Իսրայելի մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումները Հայֆա քաղաքից մոտ 90 կմ հեռավորության վրա, Միջերկրական ծովում` Իսրայելին պատկանող տարածքային ջրերում հայտնաբերված բնական գազի խոշոր պաշարների մասին, ապա ըստ Իսրայելի էներգետիկայի ոլորտի փորձագետների` դրանով իսկ խաչ է քաշվում Ռուսաստանի և Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության հեռանկարների վրա: Անշուշտ, այս պարագայում Ադրբեջանի կշիռը որպես ռազմավարական գործընկերոջ` բավական կնվազի:

* * *

Ի՞նչ ապագա է սպասվում Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերություններին` դժվար է միանշանակ գնահատականներ տալ, առավել ևս` կանխատեսումներ անել: Երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունն, անշուշտ, կպահպանվի: Այդ երկրների երկկողմ փոխհարաբերություններն, իրենց զարգացման ներքին տրամաբանության հետ մեկտեղ, պայմանավորված են նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բազմաթիվ գործոններով: Կախված այդ գործոններից` վերոհիշյալ երկու երկրների փոխհարաբերություններում կարող են որոշակի` ընդհուպ արմատական տեղաշարժեր առաջանալ: Այս թեման մշտական ուսումնասիրությունների և հաճախակի անդրադարձների կարիք ունի, ինչին մենք կրկին կանդրադառնանք առաջիկայում:

Հայաստան-Իսրայել փոխհարաբերությունների կառուցումը, կարծում ենք, պայմանավորված չէ Ադրբեջան-Իսրայել փոխհարաբերություններով, բայց այդ փոխհարաբերությունների ուսումնասիրությունը, անշուշտ, կարող է օգտակար լինել առաջիկայում` Հայաստանի և Իսրայելի միջև երկկողմ փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործընթացին:

1Ի տարբերություն ՀՀ ԱԺ միջխորհրդարանական բարեկամական խմբերի, մի շարք երկրներում, այդ թվում նաև Իսրայելում, վերոհիշյալ խմբերը միջպետական փոխհարաբերությունների կազմակերպման ու զարգացման գործում հանդես են բերում առանցքային դերակատարություն:

2Ներկայումս լեռնային հրեաները համարվում են հրեական ինքնուրույն էթնոլեզվական խումբ: Բնակվում են հիմնականում Ադրբեջանում և Դաղստանում: Լեռնային հրեա տերմինն առաջին անգամ գործածվել է 19-րդ դարի կեսերին: Ինքնանվանումը` «ջուխուր»: Խոսում են հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի թաթերեն լեզվի իրար մոտիկ մի քանի բարբառներով (երբեմն նշվում է որպես հրեա-թաթերեն լեզու): Լեռնային հրեաների ծագման մասին միասնական տեսակետ գոյություն չունի: Համարվում է, որ վերջիններս իրանական հրեաների սերունդներ են, որոնք վաղ միջնադարում արտագաղթելով դեպի հյուսիսարևելյան Կովկաս, ժամանակի ընթացքում միախառնվել են արամեախոս քրդական հրեաներին, կովկասաբնակ թաթերին և հնարավոր է` նաև խազարներին: Մեկ այլ տեսակետի համաձայն, լեռնային հրեաները իրանական թաթերի մի քանի ցեղախմբերի սերունդներ են, որոնք իրանական հրեաների ազդեցության տակ դեռևս Իրանում ընդունել են հուդայականություն և հետագայում ներթափանցել Կովկաս:

3Սա բավական լուրջ թիվ է: Համեմատության համար նշենք, որ չնայած Երուսաղեմում հայերի ներկայացվածության պատկառելի ավանդույթներին, ներկայումս այնտեղ հայ համայնքը կազմում է մոտ 4-5 հազ. մարդ, իսկ ընդհանուր առմամբ, Իսրայելում հայերի թվի մասին թեև չկան ճշգրիտ տվյալներ, սակայն, ըստ որոշ աղբյուրների, այն չի գերազանցում 15-16 հազարը:

4Կրոնական ծիսակատարություն հուդաիզմում, որի ժամանակ «ոչ հրեան» ընդունում է հրեություն և դառնում հրեա: Անգամ գենետիկորեն էթնիկ հրեան, քանի դեռ գիյուրի չի ենթարկվել, համարվում է «ոչ հրեա»:

5Համեմատության համար ցանկանում ենք նշել, որ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանական միաբանությունը խիստ օրինաչափ պատճառներով ոչ միայն չի կարողանում կատարել այդ գործառույթը, այլև ինքն ունի Հայաստանի Հանրապետության աջակցության և պաշտպանության կարիքը:

6Վերոհիշյալ խողովակաշարի գործարկմամբ հետաքրքրվում են նաև Հնդկաստանն ու Չինաստանը` որպես ռուսական և հատկապես ադրբեջանական էներգակիրները Կենտրոնական Ասիա ներմուծելու այլընտրանքային ճանապարհ:

7Իսրայելի պաշտպանության բանակը։

8Ալիև-Լիբերման վերոհիշյալ չնախատեսված հանդիպմանը մեկ օր առաջ նախորդել էր Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը, որի արդյունքում հարցը Կնեսետի արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողովից տեղափոխվեց կրթության հանձնաժողով: Չենք բացառում, որ այս հանգամանքը ևս կարող էր նպաստել այդ չնախատեսված հանդիպման կայացմանը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր