• am
  • ru
  • en
Версия для печати
20.07.2006

Զարգացումներ Կասպիցի էներգակիրների շուրջ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան

Այս տարվա հունիսին Ղազախստանը համաձայնեց միանալ Բաքու–Ջեյհան գծով նավթի արտահանման ծրագրերին: Դրան հետևեցին թուրքմենական նոր մոտեցումները Ռուսաստանին վաճառվող գազի գների վերաբերյալ:

Ղազախստան և Բաքու–Ջեյհան

Միջազգային փորձագետներն ի սկզբանե հայտարարում էին, որ Բաքու–Ջեյհանը տնտեսական գործոն դարձնելու նպատակով անհրաժեշտ է, որ նավթամուղով թուրքական Ջեյհան նավահանգիստ արտահանվի ղազախական նավթը: Ի տարբերություն Ադրբեջանի` նավթի արտադրությունը Ղազախստանում աճում է սրընթաց տեմպերով: Միայն անցած տարի Ղազախստանում այն կազմել է ավելի քան 60 միլիոն տոննա: Ըստ «ՂազՄունայԳազ» ընկերության տվյալների` տասը տարի հետո այս ցուցանիշը կարող է հասնել 150 միլիոնի: Վերը նշված թվերը խոսում են այն մասին, որ Ղազախստանն աստիճանաբար վերածվում է էներգակիրների շուկայում գլոբալ խաղացողի:

Ղազախստանի միացումը Բաքու-Ջեյհանին, իհարկե, անակնկալ չէր: Որ Ղազախստանը կմիանա նավթամուղին, պարզ էր բոլոր այն փորձագետների համար, ովքեր զբաղվում էին ղազախական նավթի արտահանման ռազմավարության ուսումնասիրությամբ: Այդ ռազմավարությունը պայմանականորեն կարելի է անվանել «նավթային կոմպլիմենտարիզմ», որի հիմնական սկզբունքն է` բոլոր գլոբալ ուժերի քաղաքական և տնտեսական նշանակություն ունեցող նավթային շահերի իրագործմանը մասնակի աջակցություն, ինչն, իր հերթին, կարող է ապահովել Ղազախստանի քաղաքական և տնտեսական շահերի պաշտպանությունը:

Բաքու–Ջեյհանն, այս տեսանկյունից, այն հիմնական արևմտյան էներգետիկ գործոնն է, որը Ղազախստանի ղեկավարությունն անտեսել չի կարող: Արդեն իսկ գոյություն ունեցող նավթամուղերը դեպի Ռուսաստան և Չինաստան, ավելացրած Բաքու–Ջեյհանը, կազմում են այն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական էներգետիկ եռանկյունին, որի հետ հաշվի նստելով էլ զարգանում է Ղազախստանը:

Հարկ է նշել, սակայն, որ այս տեսակ խաղի արդյունավետությունը կարող է ժամանակավոր լինել Ղազախստանի համար: Դա կապված է, առաջին հերթին, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետագա հզորացման հետ: Այս կազմակերպության անդամ Ղազախստանի էներգետիկ կոմպլիմենտարիզմը կարող է մոտ հեռանկարում անհամաձայնության մեջ մտնել, առաջին հերթին, Չինաստանի տնտեսական և քաղաքական շահերի հետ: Չինաստանի` Կասպիցի էներգակիրների շուկայում սեփական դիրքերի ամրապնդման քաղաքականությունը վաղ թե ուշ կստիպի այս գերտերությանն ավելի լայն հակամարտության մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, որն իր հերթին խստորեն շահագրգռված է ղազախական նավթի վերահսկմամբ։ Այսինքն` վաղ թե ուշ Ղազախստանը ստիպված կլինի ավելի հստակ կողմնորոշվել սեփական նավթային քաղաքական գիծն իրագործելիս։

Հարկ է նաև նշել, որ նույն ՇՀԿ-ն կարող է զարգանալ և վերափոխվել այնպես, որ ստիպի Ղազախստանին սահմանափակել իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներում: Խոսքն այս դեպքում այն մասին է, որ հեռանկարում ՇՀԿ կարող են ընդունվել պետություններ, որոնց ռազմաքաղաքական և տնտեսական պոտենցիալը կարող է սահմանափակել Ղազախստանի գործուն դերը կազմակերպությունում: Սա վերաբերում է հիմնականում երեք պետությունների. դրանք են` Հնդկաստանը, Պակիստանը և Իրանը: ՇՀԿ վերջին գագաթաժողովին հենց Ղազախստանը հանդես եկավ ՇՀԿ հետագա ընդլայնման դեմ, առաջին հերթին Իրանի անդամակցության կտրվածքով: Ռուսական լրատվական և վերլուծական շրջանակներում հայտարարվեց, որ Ղազախստանի վրա Իրանին մերժելու պարտավորությունը դրվել էր Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Դա, իհարկե, այդպես է: Սակայն ակնհայտ է, որ Ղազախստանի այս դիրքորոշումը պայմանավորված է նաև հենց Ղազախստանի և, ինչու ոչ, ԱՄՆ շահերով:

Վերջերս այցելելով Ղազախստան` ԱՄՆ փոխնախագահ Դ.Չեյնին հիացական կարծիքներ արտահայտեց ղազախական տնտեսական և քաղաքական բարեփոխումների մասին: Ակնհայտ է, որ այցի շրջանակներում քննարկման հիմնական հարցերից մեկը եղել է Բաքու– Ջեյհանին Ղազախստանի միացման խնդիրը: Բայց ոչ միայն դա: Դ.Չեյնիի այցից հետո Ղազախստանում ծավալվեց «անկախ» լրատվամիջոցների վերացման ակտիվ քաղաքականություն: Հունիսին այդ քաղաքականության զոհ գնացին մի քանի թերթեր` հիմնականում ամերիկյան և ռուսական ֆինանսներից սնվող: Այն, որ ամերիկյան կողմը ոչ մի կերպ չի արձագանքում Նազարբաևի այս քաղաքականությանը, կարող է անուղղակիորեն խոսել այն մասին, որ ԱՄՆ-ի կողմից Ղազախստանին տրվել է գործողությունների որոշակի «ազատություն»: Կասկածելի է, որ այն տրվել է միայն Ղազախստանի` Բաքու–Ջեյհանին միանալու պայմանով: Բացառված չէ, որ ձեռք են բերվել տարածաշրջանային և ՇՀԿ գործունեության շուրջ ամերիկա-ղազախական որոշակի պայմանավորվածություններ:

Այս առումով, մեծ նշանակություն ունի նաև Թուրքմենստանի գազային քաղաքականության էվոլյուցիան, որը, թերևս, լավ մշակված և հետևողականորեն իրագործվող ընդհանուր քաղաքական կուրսի անքակտելի մասն է:

Թուրքմենստան–Ռուսաստան

Թուրքմենական ղեկավարի որոշումը` վերանայել գնային քաղաքականությունը «Գազպրոմի» հետ, սպասելի էր: Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական գազային պատերազմը չէր կարող վրիպել նախագահ Նիյազովի ուշադրությունից: Պարզ է նաև, որ նրան չէր կարող չանհանգստացնել այն փաստը, որ թուրքմենական գազն այսօր «Գազպրոմի» կողմից գնվում է չնչին` 50 դոլարով:

Սակայն գնային քաղաքականության վերանայման որոշումը նախապես Թուրքմենստանից պահանջեց մի քանի առաջնային հարցերի լուծում Ռուսաստանի հետ հարաբերություններում: Կարևորագույն հարցն այստեղ երկքաղաքացիության խնդիրն էր: Այս խնդիրը Թուրքմենստանի ղեկավարության կողմից կապվեց գազային համաձայնագրի կնքման հետ և սկզբունքորեն ձևակերպվեց հետևյալ կերպ. Ռուսաստանը հրաժարվում է ռուս-թուրքմենական երկքաղաքացիության մասին համաձայնագրից, և «Գազպրոմը» ստանում է թուրքմենական գազի գնման և վերավաճառման լրացուցիչ հնարավորություններ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը պետք է «փակեր աչքերը» երկքաղաքացիների հիմնախնդիրների լուծման` Թուրքմենստանի քաղաքականության նկատմամբ: Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, ընդունեց թուրքմենական պահանջները, ինչի արդյունքում`

  • «Գազպրոմը» ստացավ այն համաձայնագիրը, որն ուզում էր ստանալ Թուրքմենստանից,
  • Թուրքմենստանի մեծ թվով քաղաքացիներ` ռուսներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, սպիպված եղան հրաժարվել ռուսական անձնագրերից, քանի որ դրանց առկայությունը բարդացնում էր նրանց գոյությունն այդ երկրում:
  • Կենսաթոշակային ռեֆորմի արդյունքում հազարավոր նախկին ռուսաստանցիներ` Թուրքմենստանի քաղաքացիներ, զրկվեցին գոյատևման վերջին միջոցներից և մատնվեցին չքավորության:

Ինչպես տեսնում ենք, հետևանքներից միայն առաջինը դրական արդյունք ունեցավ Ռուսաստանի համար, այն էլ` կարճաժամկետ: Այսօր թուրքմենական ղեկավարությունն աստիճանաբար սկսել է զրկել Ռուսաստանին այս առավելությունից ևս` ի ցույց հանելով ռուսական «ինչը լավ է «Գազպրոմի» համար, լավ է Ռուսաստանի համար» քաղաքականության անկատարությունը: Գազի գների մասնակի բարձրացումը Թուրքմենստանի` ռուսական ազդեցությունից ձերբազատման և տարածաշրջանում Ռուսաստանի վտարման հետևողական քաղաքականության մասն է կազմում: 2010 թվականին, երբ գազի արտադրությունը Թուրքմենստանում կհասնի 100 մլրդ խմ-ի, այս երկիրը, հավանաբար, կլինի ավելի ազատ գազային խաղացող, քան այսօր է: Թուրքմենական հեռանկարները, սակայն, կապված են մի շարք հնարավոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տեղաշարժերի հետ, որոնցից առավել տեսանելին երկուսն են:

Իրանի ապաշրջափակում. Ակնհայտ է, որ այսօր կա իրանա-արևմտյան հարաբերությունների լավացման հնարավորություն, որը կիրականանա միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում: Այն, որ հարաբերությունների լավացումը կբերի Իրան–ԵՄ էներգետիկ երկխոսության հաստատմանը, ակնհայտ է: Դա է ենթադրում նաև Իրանին ներկայացված առաջարկությունների փաթեթը: Սակայն իրանական գազի հեռանկարներից կախված է նաև թուրքմենական գազի հեռանկարը: Կարելի է ասել, որ եթե տեղի ունենա իրանական գազի Եվրոպա արտահանման ծրագրերի իրագործում, ապա հնարավորություն կստեղծվի, որ թուրքմենական գազը դուրս գա եվրոպական շուկա իրանական և թուրքական և/կամ հարավ-կովկասյան հեռանկարային գազատարների միջոցով:

Գազամուղ դեպի Պակիստան և Հնդկաստան. Իրանական հարցի թե՛ քաղաքական-խաղաղ, թե՛ ռազմական լուծման հետաձգումը կարագացնի ամերիկյան քայլերը` ուղղված թուրքմենական գազի Պակիստան և Հնդկաստան հնարավոր արտահանմանը: Այս նախագծի իրագործումը, որ, թերևս, կոչված է խոչընդոտելու Իրան–Պակիստան– Հնդկաստան գազատարի կառուցմանը, հնարավորություն կտա Թուրքմենստանին շրջանցել Ռուսաստանը համաշխարհային գազի շուկա դուրս գալու ճանապարհին:

Այսօր քննարկվում է նաև դեպի Չինաստան Թուրքմենստանից գազատար կառուցելու հեռանկարը, սակայն դրա իրագործումը մոտակա տարիներին կասկածելի է թվում: Ներկայումս Չինաստանի քայլերն ուղղված են ռուսական և ղազախական գազի ստացմանը:

Այսպիսով, Ռուսաստանի ռազմաքաղաքական դիրքերի մասնակի ամրապնդումը Կենտրոնական Ասիայում և Կասպիցի շրջանում ուղեկցվում է այս տարածաշրջանում նրա էներգետիկ և տարանցիկ հատուկ դերի կորստով, որն արդյունք է`

  • բուն ռուսական քաղաքականության թերացումների,
  • ամերիկյան դեռևս նշանակալի ազդեցության և էներգետիկ ծրագրերի իրագործման,
  • տարածաշրջանային պետությունների հավասարակշիռ կամ ուղղակի հաջող քաղաքականության:

Միևնույն ժամանակ, սեփական էներգետիկ դիրքերի ամրապնդման անհրաժեշտությունն օբյեկտիվորեն պետք է ստիպի Ռուսաստանին ակտիվացնել իր քաղաքականությունն իրանական զարգացումներում` ոչ միայն միջուկային, այլ նաև էներգետիկ ուղղություններով։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր