• am
  • ru
  • en
Версия для печати
26.05.2014

ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան
«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ.

Վերջին շրջանում ակտիվացել են միջազգային նշանակության տրանսպորտային նախագծերի իրականացման աշխատանքները։ Սա վերաբերում է նաև Հարավային Կովկասի և Կասպյան տարածաշրջաններին, որտեղ ավարտական փուլ կարող են մտնել մի քանի նախագծեր։ Դրանք, ցավոք, որոշակի իմաստով բացասական ազդեցություն կարող են ունենալ ՀՀ տարածաշրջանային շահերի համար։

Ղեզվին-Ռեշտ-Աստարա. ավարտական փո՞ւլ

Մայիսի սկզբին ակտիվացան քննարկումներն Իրանի և Ադրբեջանի երկաթգծերն իրար հետ կապող Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հեռանկարների մասին։ Դրանց հատուկ զարկ տվեց Ադրբեջանի նախագահի՝ ապրիլին Թեհրան կատարած այցը, որի նշանակությունը բարձր գնահատվեց թե՛ իրանական, թե՛ ադրբեջանական կողմերից։

Ասել, թե Ի.Ալիևի այցը ռազմավարական փոփոխություններ մտցրեց Իրան-Ադրբեջան հարաբերություններում, սխալ կլինի, քանի որ այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը ռազմավարական նշանակություն չունեն և վերաբերում են նեղ և ոչ մեծ ոլորտներին։ Միևնույն ժամանակ, իրանա-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները կոտրեցին այն սառույցը, որը ձևավորվել էր միջպետական հարաբերություններում վերջին տարիներին։ Սա պարզ երևաց նաև իրանական պաշտոնական լրատվամիջոցների հաղորդագրություններից, որոնցում ղարաբաղյան թեմայով տեղի ունեցած Ալիև-Ռուհանի քննարկումներն ավարտվում էին հակամարտության մասին կարճ տեղեկությամբ, որը գրեթե բառացիորեն կրկնում էր ադրբեջանական տեսակետը՝ 20% օկուպացված տարածքներ, հայկական ռազմամիավորումներ և 1 միլիոն փախստական։

Ինչևէ, Իրանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններից հետո ակտիվացան երկու պետությունների միջև համատեղ իրականացվելիք նախագծերի կենսագործման քննարկումները։ Այդ նախագծերից արդեն մայիսին առաջին պլան մղվեց Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը, որը կկապի ոչ միայն Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները, այլև հնարավորություն կտա ուղիղ տրանսպորտային ուղղություն ստեղծել Պարսից ծոցից մինչև Բալթիկ ծով։ Իր բնույթով նախագիծը գլոբալ նշանակության է, որի իրականացումը կանգնեցված էր Իրանի մեկուսացման և իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների պատճառով։ Սակայն երկու ուղղությամբ էլ վերջին շրջանում որոշակի բարելավման գործընթացներ կան։

Եվ այսպիսով, արդեն մայիսին, Իրանի Գիլան նահանգի ղեկավար Ալի Նեջեֆին իրանական պաշտոնական Irna լրատվական գործակալության հարցին ի պատասխան հայտարարեց, որ Իրանի նախագահը կառավարության բոլոր պրոֆիլային նախարարությունների ղեկավարներին հանձնարարել է ամենակարճ ժամկետում ավարտել Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության աշխատանքները։

Գիլանի նահանգապետի պատասխանը, միգուցե, մեծ ուշադրության չարժանանար, քանի որ Իրանում շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում խոշոր նախագծերի իրականացման ֆինանսավորման համար պետական միջոցներ չկան։ Սակայն արդեն մայիսի 7-ին Աստանայում ԱՊՀ երկաթուղիների ղեկավարների հանդիպմանը դիտորդի կարգավիճակով մասնակցող՝ Իրանի երկաթուղիների տնօրեն Մոհսեդ Աղային հանդիպեց Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիների տնօրենների հետ, և եռակողմ հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց, որ Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթգիծը կառուցելու է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ն։ Սա մեկ օր անց պաշտոնապես հաստատվեց Վլադիմիր Յակունինի կողմից, որը նախագիծն անվանեց կարևոր և հեռանկարային։

Ռուսաստանի հետաքրքրվածությունը նախագծով կարելի է բացատրել թե՛ ռազմավարական և թե՛ մարտավարական նկատառումներով։ Ռազմավարական առումով սա բավական ձեռնտու հեռանկար է ստեղծում Ռուսաստանի համար, քանի որ այն Մոսկվային տալիս է միջազգային տարանցիկ կենտրոնի վերածվելու հնարավորություն։ Մարտավարական առումով սա նույնպես կարևոր նախագիծ է, քանի որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող Իրան-Ռուսաստան «նավթային գործարքին» կենդանի շունչ է հաղորդում։ Հիշեցնենք, որ համաձայն հնարավոր գարծարքի, Իրանը մոտ $15 մլրդ-ի նավթ է արտահանելու Ռուսաստան, որի դիմաց ստանալու է ծառայություններ և ապրանքներ։ Հաշվի առնելով արտահանմանն ուղղված ռուսական տնտեսության սահմանափակվածությունը՝ նման արտահանում իրականացնելը դժվար է պատկերացնել։ Սակայն ծառայությունների առումով (օրինակ՝ երկաթուղու կառուցումը) Մոսկվայի հնարավորություններն այդքան էլ սահմանափակ չեն։ Այս առումով Ղեզվին-Ռեշտ-Աստարան և՛ ռազմավարական, և՛ մարտավարական առումներով Ռուսաստանին ձեռնտու նախագիծ է։

Կասպյան երկաթուղային շղթա

Սակայն Իրանի ակտիվացումը տրանսպորտային ոլորտում չի սահմանափակվում միայն Ղեզվին-Ռեշտ-Աստարայով։ Իրանի նախագահի մյուս հանձնարարականով արագացվել են Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղու կառուցման աշխատանքները, որոնք, համաձայն Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբաս Ախունդիի, կավարտվեն ընթացիկ տարվա հոկտեմբերին։ Խոսքը վերաբերում է ոչ միայն երկաթգծի իրանական հատվածին, այլև դրան՝ ընդհանրապես։ Այսինքն՝ նախատեսվում է, որ առաջիկայում Իրանի երկաթուղիները Ղեզվին-Ռեշտ-Աստարայի միջոցով կկապվեն Ադրբեջանի և Ռուսաստանի, իսկ երկրորդ նախագծով՝ Թուրքմենստանի և Ղազախստանի հետ։ Առաջինի դեպքում Իրանը հնարավորություն կստանա նաև Ադրբեջանի միջոցով միանալ Վրաստանի երկաթգծին և Փոթի նավահանգստին, իսկ երկրորդի դեպքում նաև Ղազախստան-Չինաստան երկաթգծի կառուցման միջոցով Իրանի և Չինաստանի երկաթուղիները կապելու հնարավորություն է բացվում։

Իրանի կողմից այս երկու նախագծերի ուղղությամբ տարվող աշխատանքների արագացումը մեծ մասամբ պայմանավորված է նրանով, որ Թեհրանը փորձում է օգտագործել Արևմուտքի հետ հարաբերությունների մասնակի կարգավորման միջոցով ձեռք բերված «հնարավորությունների պատուհանը»՝ հարևան երկրների հետ տնտեսապես և քաղաքականապես ավելի փոխկապակցվելու նպատակով։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Ղեզվին-Ռեշտ-Աստարայի կառուցումը զգալիորեն նվազեցնում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հեռանկարը, քանի որ երկու նախագծերն աշխարհագրական տեսանկյունից նույն խնդիրն են լուծում՝ Հարավ-Հյուսիս տրանսպորտային միջանցքի ստեղծում։ Իսկ այս պայմաններում մեկի իրականացումը նվազեցնում է երկրորդի իրագործման շանսերը։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր