• am
  • ru
  • en
Версия для печати
28.09.2006

Զարգացումներ Իրանի և նրա միջուկային ծրագրի շուրջ

Руский

   

Սևակ Սարուխանյան 

«Հիզբալլահի» պայմանական հաջողությունը Իսրայելի հետ պատերազմում որոշակիորեն ամրապնդեց Իրանի դիրքերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ իր միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում։ Միևնույն ժամանակ, Իրանը մերժեց միջազգային «վեցնյակի»` միջուկային հիմնախնդրի լուծման առաջարկությունները, որը մատնանշում է նոր միջազգային զարգացումներ այս երկրի շուրջ։

Իրանը և մերձավորարևելյան պատերազմը

Պատերազմը «Հիզբալլահի» և Իսրայելի միջև սկսվեց Իրանի կողմից «վեցնյակի» առաջարկությունների մերժումից մեկ օր առաջ, որը, փաստորեն, կաշկանդեց միջազգային հանրությանը` Իրանի միջուկային հիմնախնդիրը որպես առաջնային հարց ներկայացնել Սանկտ Պետերբուրգում ընթացող Մեծ ութնյակի գագաթաժողովում, ապա և ՄԱԿ ԱԽ նիստում։ Ըստ էության, պատերազմը Մերձավոր Արևելքում Իրանի միջուկային հիմնախնդիրն իր հրատապությամբ մղեց միջազգային հանրության ուշադրության երկրորդ պլան։ Այսինքն` պատերազմի սկիզբը որոշակի դրական հետևանք ունեցավ Իրանի համար, որի միջուկային հիմնախնդրի լուծման ժամկետը տեղափոխվեց մինչև օգոստոսի 31։ Սակայն կասկածից վեր է, որ «Հիզբալլահի» լիակատար ջախջախումը կարող էր Իրանին ավելի մեծ հարված հասցնել, քան միջուկային հիմնախնդրի վերաբերյալ Մեծ ութնյակի կողմից համապատասխան կոշտ հայտարարության ընդունումը։ Սակայն պատերազմի արդյունքները մեծ մասամբ դրական հետևանքներ ունեցան Իրանի համար.

  1. Ընդհանուր շիական ճակատի ձևավորման ավարտ. Մինչ ԱՄՆ կողմից Աֆղանստանի և Իրաքի վրա հարձակումը, շիաներն իրենց քաղաքական ազդեցությամբ բավական փոքր մասնակցություն ունեին տարածաշրջանային զարգացումներում. Իրանը սեղմված էր թալիբանյան Աֆղանստանի և սադամյան Իրաքի միջև, Իրաքի շիա մահմեդականները ճնշված էին սուննի փոքրամասնության կողմից, Լիբանանում «Հիզբալլահը» աստիճանաբար նմանվում էր քաղաքական հարթակում գործող ոչ մեծաքանակ կուսակցության։ Վերջին 5 տարիների ընթացքում, իբրև հետևանք ԱՄՆ քաղաքականության, տարածաշրջանի հիմնական դերակատարն է դարձել Իրանը: Իր հերթին, շիական համայնքը տիրապետում է հիմնական քաղաքական և ռազմական լծակներին Իրաքում։ Վերջին մերձավորարևելյան պատերազմը «Հիզբալլահին» վերածեց Լիբանանի ամենաազդեցիկ և մարտունակ ուժի։ Փաստորեն, 2006-ին ավարտվեց ընդհանուր շիական և իրանամետ ռազմաքաղաքական առանցքի ձևավորումը տարածաշրջանում, որն Իրանին ավելի քան անհրաժեշտ է թե՛ Արևմուտքի հետ իր բանակցություններում, թե՛ առավել ևս ԱՄՆ/Իսրայելի հետ հնարավոր բախման պարագայում։
  2. «Հիզբալլահի» ռազմականացում. Առնվազն վերջին տասը տարում «Հիզբալլահը» հիմնականում դադարեցրել էր ահաբեկչական ակցիաների իրականացման քաղաքականությունը և զբաղված էր, առաջին հերթին, ներքաղաքական գործունեությամբ, ինչպես նաև իրանական աջակցությամբ սեփական ռազմուժը զարգացնելով։ «Հիզբալլահի» վերջին հակամարտությունը Իսրայելի հետ հանդիսացավ ապացույցն այն բանի, որ ծախսված գումարների1 և ստացված զինատեսակների արդյունավետությունը բավական մեծ է։ Միևնույն ժամանակ, Իսրայելի հետ պատերազմը հնարավորություն տվեց «Հիզբալլահին» վերադառնալ ռազմական և խափանարարական գործունեությանը, որը նույնպես Իրանին անհրաժեշտ կլինի ԱՄՆ/Իսրայելի հետ ռազմական բախման կամ էլ այդ բախումից խուսափելու համար։
  3. Սեփական վարկանիշի բարձրացում. Պատերազմի ժամանակ և դրանից հետո ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ը և ցանկացած այլ պետություն, այդ թվում նաև տարածաշրջանային, գրեթե ոչ մի լծակ չունեն, որոնք կարող են օգտագործվել լիբանանյան կողմի վրա ճնշում գործադրելու համար։ ԱՄՆ սերտ կապերը Ծոցի մի շարք երկրների և Եգիպտոսի հետ, փաստորեն, անզոր եղան թե՛ «Հիզբալլահի» հետ պայմանավորվածությունների ձեռքբերման և թե՛ այս կազմակերպության ֆինանսավորումը և արտաքին աջակցությունը դադարեցնելու համար։ Իրանն այսօր, փաստորեն, այն միակ պետությունն է, որը կարող է անմիջականորեն ազդել Լիբանանում ընթացող գործընթացների վրա։ Այս իրողությունը վաղ թե ուշ կստիպի միջազգային հանրությանը, այդ թվում և ԱՄՆ-ին, բանակցություններ սկսել Իրանի հետ, եթե, իհարկե, ամերիկա-իսրայելական տարածաշրջանային քաղաքականության եզրաքարը լինի ոչ թե «կառավարվող քաոսի», այլ «կառավարվող խաղաղության» քաղաքական գիծը2:

Ձեռքբերումներ միջուկային ծրագրի հիմնախնդրում

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրանը նշանակալիորեն ամրապնդեց սեփական դիրքերը միջուկային հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություններում, ինչպես նաև կարևոր գիտա-տեխնիկական քայլ կատարեց իր միջուկային ծրագրի զարգացման ուղղությամբ.

  1. Միջուկային ծրագրի շուրջ վերջին բանակցությունները հաջողությամբ չավարտվեցին։ Սակայն ամերիկյան և եվրոպական արձագանքը Իրանի դիրքորոշման կարծրացմանը ավելի մեղմ էր, քան սպասվում էր։ Սա հիմնականում պայմանավորված էր Իսրայելի հետ կոնֆլիկտում «Հիզբալլահի»` որպես Իրանի «ասիմետրիկ զինատեսակի» հաջողությամբ։ Միևնույն ժամանակ, իրանամետ և ազգությամբ պարսիկ իրաքյան ծայրահեղական այաթոլլա Մ. Աս-Սադրի կողմից Բաղդադում կազմակերպված` Լիբանանի պաշտպանությանն ուղղված հանրահավաքին մասնակցեց ավելի քան 400000 մարդ։ Ինչպես նշեց ամերիկյան փորձագետներից մեկը` «հարկավոր էր Սադրի մեկ կոչը, և այս ամբոխը մեկ օրում Բաղդադը կմաքրեր ամերիկացիներից»։ Իրանական այս երկրորդ «ասիմետրիկ զինատեսակը» նույնպես մատնանշեց միջազգային հանրությանը, թե ինչ ուժով կարող է բախվել Իրանը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, եթե միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցություններն ավարտվեն Իրանի դեմ ռազմական ակցիա իրականացնելու հնարավորության քննարկումներով։
  2. Օգոստոսի վերջին Իրանը հրաժարվեց ընդունել միջազգային հանրության առաջարկն ուրանի հարստացման կասեցման մասին։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ ԱԽ անդամները և Գերմանիան որոշեցին հետաձգել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը։ Այս որոշումը պայմանավորված է ոչ այնքան Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումներով, որքան այն իրողությամբ, որն առաջ է եկել մերձավորարևելյան հակամարտությունից հետո։ Պատերազմը և Իրանի դիրքորոշման էլ ավելի կարծրացումը, փաստորեն, փակուղի են մտցրել միջազգային հանրությանը, որից դուրս գալը լինելու է ԱՄՆ-ի և Արևմուտքի իրանական քաղաքականության հիմնական խնդիրը գալիք ամիսների ընթացքում։
  3. Օգոստոսին Իրանը բացեց «ծանր ջրի» արտադրության ձեռնարկությունը, որը հնարավորություն կընձեռի Թեհրանին քայլ կատարել դեպի պլուտոնիումային միջուկային զենքի ստեղծումը։

Զարգացումներն Իրանի ներքաղաքական կյանքում

Իսրայելա-լիբանանյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ և դեռ կունենա Իրանի ներքաղաքական կյանքում։ Պատերազմն ամրապնդեց Իրանի ներկայիս նախագահ Մ.Ահմադինեժադի և Իսլամական հեղափոխության պահապանների բարձրագույն ղեկավարության դիրքերը երկրի ներքաղաքական դաշտում։ Տուժեցին նախագահի գահընկեցության այն կողմնակիցների դիրքերը, որոնք պնդում էին, որ ծայրահեղականությունն արտաքին քաղաքականությունում կարող է կորուստներ բերել Իրանին։ Իսրայելա-լիբանանյան պատերազմը և ԱՄՆ հայտարարությունների մեղմացումը մասնակիորեն վկայում են ծայրահեղական կուրսի արդյունավետության մասին։ Այսպես կոչված «չափավոր» պահպանողականները սկսեցին հանդես գալ Մ.Ահմադինեժադի դեմ հիմնականում նրա հակաիսրայելական հայտարարություններից հետո։ Այս թևը իրանական ղեկավարությունում հիմնականում ներկայացված է մարդկանցով, որոնք, բացի քաղաքականից, վարում են նաև ակտիվ տնտեսական կյանք։ Նրանց մեծ մասն այսպես թե այնպես կապված է նավթի նախարարության հետ, որի դիրքերի թուլացման հաջող քաղաքականություն է վարում Իրանի նախագահը` մանավանդ վերջին երկու ամիսների ընթացքում։ Իրանում առկա «բենզինային ճգնաժամը», փաստորեն, մեծ հարված կհասցնի կոռումպացված իրանական նավթային կլաններին` զրկելով նրանց հսկայական եկամուտներից։ Մեջլիսում տապալված բենզինի գների ազատականացման օրենքը մատնանշեց, որ նավթի նախարարությունն աստիճանաբար կորցնում է ազդեցության լծակները իրանական օրենսդիր մարմնում, իսկ դա նշանակում է, որ նվազել են նավթային կլանի` քաղաքական և հոգևոր կառույցներում ունեցած լոբբիստների դիրքերը։

Զարգացումներ Իրան–ԱՄՆ հարաբերություններում

Իսրայելա-լիբանանյան կոնֆլիկտից հետո ավելացել են իրանական կառավարությանը մոտ կանգնած փորձագետների հայտարարությունները և տեսակետներն այն մասին, որ արդեն իսկ եկել է ժամանակը, երբ ԱՄՆ-ը պետք է փորձ կատարի Իրանի հետ անմիջական երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Այս տեսակետներն են արտահայտում հիմնականում Աբբաս Մալեքին, որը Իրանի հոգևոր առաջնորդի և նախկին ԱԳՆ ղեկավար Ա.Ա. Վելայաթիի խորհրդականն է, ինչպես նաև Քավեհ Աֆրասիաբին, որն ապահովում է իրանական ղեկավարության տեսակետների տարածումն ամերիկյան փորձագետների շրջանում։

Իրանի նախկին նախագահ Մ.Խաթամիի և ԱՄՆ նախկին ղեկավար Ջ.Քարտերի հանդիպումը նույնպես կարող է վկայել ԱՄՆ–Իրան ուղղակի կապերի հաստատման մասին։ Հարկ է նշել, որ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Խաթամիին ուղեկցում էր 2 տասնյակից ավելի մարդ, որոնց միայն մի մասն է Խաթամիի շրջապատի ներկայացուցիչ։ Բացառված չէ, որ Խաթամիի պատվիրակության մեջ ընդգրկված են եղել Իրանի ներկայիս ղեկավարության ներկայացուցիչները, որոնց ԱՄՆ այցելության հիմնական նպատակն է եղել ամերիկյան իշխանության ներկայացուցիչների կամ այդ իշխանություններին մոտ կանգնած անձանց հետ բանակցությունները։

Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադի հայտարարությունը ԱՄՆ ղեկավարի հետ հեռուստատեսային բանավեճ վարելու իր պատրաստակամության մասին կարող է որոշակի շրջանում վերափոխվել երկկողմանի պայմանավորվածության` բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման մասին։ Դժվար թե այդ հանդիպումն անցնի նախագահների մակարդակով, սակայն ԱԳՆ ղեկավարների հանդիպման հնարավորությունը բավական մեծ է։

Ամփոփելով վերը նշվածը` կարելի է ասել, որ իսրայելա-լիբանանյան պատերազմը մատնանշեց մի նոր փուլի սկիզբ, որում ավելի ամուր կլինեն իրանական դիրքերը և որում կմեծանա իրանա-ամերիկյան անմիջական կապերի հաստատման հնարավորությունը։ Այս կապերի հեռանկարները հիմնականում կախված են ներամերիկյան զարգացումներից, ինչպես նաև նրանից, թե ԱՄՆ փոխնախագահ/ պաշտպանության նախարար և ԿՀՎ/հին պահպանողականներ ներքին հակամարտությունում ում մերձավորարևելյան նախագիծը ամերիկյան քաղաքականության հիմք կընդունվի։

1 Իրանի կողմից «Հիզբալլահի» ֆինանսավորումը վերջին տասնամյակի ընթացքում կազմել է տարեկան մոտավորապես 100 մլն ԱՄՆ դոլար։ Պատերազմից հետո «Հիզբալլահը» հայտարարեց, որ ռմբահարումներից տուժածներին գալիք 4 ամիսների ընթացքում բաժանվելու է ավելի քան 800 մլն ԱՄՆ դոլար։ Սա միայն «հումանիտար» ծախսերն են։ Ակնհայտ է, որ հսկայական գումարներ հատկացվելու են նաև ռազմական պոտենցիալի վերականգնմանը։ Միևնույն ժամանակ, անկասկած է, որ վերը նշված հատկացումների մեծ մասը ստացվելու է հենց Թեհրանից։ Հաշվի առնելով, որ նման գումարների հատկացումն անհնար է միայն Մ.Ահմադինեժադի որոշմամբ, առանց հոգևոր ղեկավարության համաձայնության և աջակցության, կարելի է ենթադրել, որ «Հիզբալլահի» հետագա վերազինումը և դրա սպասվելիք օգտագործումը հնարավոր իրանա-ամերիկյան/իսրայելական կոնֆլիկտում, արդեն իսկ ընդհանուր իրանական արտաքին քաղաքական գծի անքակտելի մասն են։

2 Ըստ որոշակի տեղեկատվության, վերջին երկու ամիսների ընթացքում Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի տարածքներում կազմակերպվել են 5 իրանա-իսրայելական միջպետական գաղտնի բանակցություններ։ Դրանց ընթացքում հիմնականում քննարկվել է մեկ հարց. կոնֆլիկտի վերացման համար Իրանն «աշխատում» է «Հիզբալլահի» հետ, իսկ Իսրայելը` ԱՄՆ իր համայնքի հետ, որը պետք է ամերիկյան ղեկավարությանը «տեղեկացնի», որ Իրանի հետ պատերազմը Իսրայելի համար անընդունելի և վտանգավոր է։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր