Բաքու-Էրզրում գազատարը և Վրաստանի էներգետիկ քաղաքականության հիմնախնդիրը

Ենթադրվում է, որ 2006թ. վերջին կավարտվի Բաքու-Էրզրում գազատարի կառուցումը, որը հնարավորություն կտա ադրբեջանական գազը Շահ-Դենիզ հանքավայրից հասցնել Թուրքիա։ Գազատարի տարածաշրջանային նշանակությունը հիմնականում պայմանավորված է նրանով, թե որքանով նորակառույց խողովակաշարը կբավարարի Վրաստանի էներգետիկ պահանջները։
Վրաստանին ադրբեջանական գազի հաշվին գազով ապահովելու հարցի կարևորությունը տարածաշրջանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
- Այլընտրանքային գազի ստացումը Վրաստանին հնարավորություն կտա նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, ինչը սկզբունքորեն կարող է ազդել Վրաստանի տարածաշրջանային, ինչպես նաև «աբխազական» և «օսական» քաղաքականության վրա։
- Ադրբեջանից այլընտրանքային գազի ստացումն էլ ավելի կամրապնդի Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա առանցքը։
- Եվ, վերջապես, Ադրբեջանից բավարար չափով գազի ստացումը որոշակիորեն կսահմանափակի Իրանից գազ ստանալու հնարավորության Վրաստանի ջանքերը։
Այս բոլոր հնարավոր հետևանքների հեռանկարները դիտարկելու համար անհրաժեշտ է համառոտ անդրադառնալ Վրաստանի՝ Ադրբեջան-Թուրքիա գազատարում գտնվելու տեխնիկական և իրավական խնդիրներին.
- Բաքու-Էրզրում գազատարը հնարավորություն է ունենալու Ադրբեջանից Թուրքիա արտահանել 20 մլրդ մ3 գազ։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, Վրաստանը տարանցման համար գումար գանձելու փոխարեն ստանալու է անվճար արտահանվող գազի 5%-ը։ Սա, մոտավորապես, կկազմի տարեկան 500 մլն մ3։ Այն էլ այն դեպքում, եթե գազատարն աշխատի ողջ հզորությամբ, ինչը կասկածելի է առնվազն մինչև 2008թ.։ 2005-ին Վրաստանի գազի պահանջարկը կազմել է 1,3 մլրդ մ3։ 2008-ին այս ցուցանիշը կարող է հասնել 3 մլրդ-ի։
- Վրաստանի էներգետիկայի նախարարի լավատեսական հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Վրաստանին լրացուցիչ գազ վաճառել ցածր գնով՝ $56-64 հազար մ3-ի համար, առայժմ չի արձանագրվել միջպետական վրաց-ադրբեջանական որևէ պայմանագրում։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է լինելու նվազեցնել Վրաստանի կախվածությունը ռուսական գազից։ Եվ այս տեսակետից հարկ է սպասել, որ Վաշինգտոնն, իր կողմից, կփորձի «համոզել» Բաքվին ընդառաջել էժան գազ գնելու Վրաստանի խնդրանքին։ Սակայն Վաշինգտոնի այս մոտեցումը խարխլում է Հարավային Կովկասում ամերիկյան էներգետիկ քաղաքականության հիմնաքարերից կարևորագույնը. գազա- և նավթատարները կոչված են խաղալու ոչ այնքան նեղ տարածաշրջանային, որքան միջազգային նշանակալի դեր։ Ադրբեջանի հեռանկարային գազի մի մեծ մասի «նստեցումը» Վրաստանում չի համապատասխանում ԱՄՆ տարածաշրջանային մեծ մարտավարության էներգետիկ բաղադրիչներից մեկին. նվազեցնել Թուրքիայի՝ Ռուսաստանից և Իրանից գազ ստանալու շահագրգռվածությունը։ Այս տեսանկյունից Վրաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը և այս երկրում Ռուսաստանի դերի նվազեցումը կարծես թե խրախուսելու են «երկրորդ Երկնագույն հոսք» ռուս-թուրքական գազատարի կառուցումը, ինչպես նաև ազդելու են Իրան-Թուրքիա էներգետիկ երկխոսության վրա։
Ինչ վերաբերում է Վրաստանի սպասումներին, նշենք, որ վերջին իրադարձությունները Վրաստան-Իրան կապերի զարգացման ուղղությամբ վկայում են, որ բուն վրացական ղեկավարությունը սկսել է կասկածել Բաքու-Էրզրումի՝ Վրաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ունենալիք հնարավոր դերի մասին։
Ակնհայտ է, որ եթե անգամ Վրաստանը հրաժարվի ռուսական գազից, ապա դա երբեք չի բերի Ռուսաստանից նրա էներգետիկ կախվածության վերացմանը։ Սա բացատրվում է նրանով, որ գազային կախվածությունն ընդհանուր էներգետիկ կախվածության ընդամենը մեկ, թեկուզ և կարևոր, մասն է։ Վրաստանի ՋԷԿ-երի թույլ հզորությունը դեռևս երկար ժամանակ Վրաստանին թույլ չի տա հրաժարվել ռուսաստանյան էլեկտրաէներգիայի ներկրումից, որն ապահովում է Վրաստանի էլեկտրաէներգիայի կարիքների մոտավորապես 21%-ը։ Էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման վերաբերյալ հայ-վրաց-իրանական հռչակագիրը հավանաբար Վրաստանի՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածության վերացման փորձերից է, որի հաջողությունը կասկածելի է։ Հնարավոր անհաջողության պատճառներ կարող են համարվել.
- Վրաստանը գտնվում է Իրան-Ռուսաստան և Հայաստան-Ռուսաստան միջպետական համագործակցության և Իրան-ԱՄՆ հակամարտության առանցքի վրա։ Ամերիկյան ռազմակայանների տեղակայումը Վրաստանում կարող է Վրաստանը դարձնել իրանա-ամերիկյան հնարավոր բախման անուղղակի մասնակից։ Այս տեսանկյունից Վրաստանը, իր սահմանափակ էներգետիկ շուկայով և քաղաքական անկայունությամբ, կարող է Ռուսաստան-Իրան հնարավոր էներգետիկ պայմանավորվածությունների, Իրան-ԱՄՆ հարաբերությունների էլ ավելի լարման զոհ դառնալ։
- Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում, որն էլ ավելի կմեծանա ՀրազդանՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցումից հետո, անուղղակիորեն հայ-վրացական էներգետիկ համագործակցության մասնակից կդարձնի նաև ռուսական ընկերություններին, որոնք բավական հաջող գնային քաղաքականության շնորհիվ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում կարող են հարաբերական հաջողությամբ պահպանել ռուսական ազդեցությունը Վրաստանում։ Այս ազդեցության պահպանման համար մեծ նշանակություն կունենա նաև Հայռուսգազարդի կողմից Իրան-Հայաստան գազատարի գնումը։
- Ռուսաստանյան գազի մատակարարումից Վրաստանի հրաժարումը և ռուս-վրացական հարաբերությունների հետագա լարվածությունը կարող են հանգեցնել նրան, որ Վրաստանը կասեցնի ռուսական գազի մատակարարումը Հայաստանին, ինչը կարող է հետևանք լինել Ադրբեջանի, Թուրքիայի և անգամ ԱՄՆ մոտեցումների։ Սակայն այս դեպքում արդեն իսկ Վրաստանի համար հիմնախնդրային կդառնան թե՛ Հայաստանից էլեկտրաէներգիայի գնումը, թե՛ Հայաստանից իրանական գազի ստացումը. այն և դրանից ստացված էլեկտրաէներգիան արդեն ամբողջությամբ կարող են օգտագործվել զուտ հայկական էներգետիկ պահանջների բավարարման համար։
- Եթե անգամ հաջողվի Հայաստանի տարածքով իրանական էլեկտրաէներգիա ստանալ, ապա կասկածելի է, որ այն ամբողջովին կարող է ուղղվել դեպի Վրաստանի այն տարածքները, որոնք առավել կախված են ռուսական էլեկտրաէներգիայի մատակարարումներից։ Խոսքը էթնիկական և մշակութային առանձնահատկություններ ունեցող Սվանեթիայի և Մենգրելիայի մասին է. այստեղ տնտեսական և էներգետիկ անկայունությունը դժգոհությունների մեծ ալիք կարող է հարուցել։
Այսպիսով՝ ակնհայտ է, որ Բաքու-Էրզրում գազատարը և հայ-վրաց-իրանական պայմանավորվածությունները չեն կարող լուծել Վրաստանի՝ Ռուսաստանի էներգակիրներից կախվածության վերացման հարցը։ Սա կարող է Վրաստանի համար բավական վտանգավոր հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ, չնայած այն բանին, որ Հայաստանը կարող է տուժել ռուս-վրացական քաղաքատնտեսական հակամարտությունից, Երևանի համար լավ հնարավորություն է բացվում Իրանի հետ երկրորդ գազատարի կառուցման մասին բանակցությունների հաջող ավարտի համար։ Նոր գազատարը, անկասկած, հետագայում կարող է օգտագործվել Վրաստանի հետ հարաբերություններում, մանավանդ հաշվի առնելով, որ ռուս-վրացական հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Բաքու-Էրզրում գազատարը չեն լուծում Վրաստանի էներգետիկ անվտանգության հարցը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]