• am
  • ru
  • en
Версия для печати
19.03.2007

Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցումը էներգետիկ անվտանգության համատեքստում

   

Սևակ Սարուխանյան

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքների մասին նախագահների համատեղ մամլո ասուլիսում հնչեց տեղեկատվություն այն մասին, որ ռուսական «Գազպրոմի» նավթային մասնաճյուղը քննարկում է Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման հարցը: Գործարանի աշխատանքների համար հումք պետք է հանդիսանա իրանական նավթը, որը ՀՀ տարածք հասցնելու համար Իրան-Հայաստան նավթամուղ պետք է կառուցվի: Վերամշակված նավթը, ըստ եղած սուղ տեղեկատվության, պետք է արտահանվի Իրան-Հայաստան-Իրան երկաթգծով, որը նույնպես ենթադրվում է կառուցել մոտակա տարիների ընթացքում:

Թե՛ նավթավերամշակման գործարանի հեռանկարային կառուցման մասին հայտարարությունը, թե՛ Հայաստանի և Իրանի երկաթուղիների միացման նախագիծը հայաստանյան և ռուսաստանյան լրատվամիջոցներում մեկնաբանվեցին հիմնականում երկու իրարամերժ տեսակետներով.

  1. Նախագծերը լուրջ են և իրատեսական. հարցին այսպես անդրադարձան հիմնականում հայաստանյան և ռուսաստանյան պետական լրատվամիջոցները։
  2. Նախագծերն անիրագործելի են և մտացածին. հարցին այս տեսանկյունից փորձեցին մոտենալ հիմնականում հայաստանյան ընդիմադիր լրատվամիջոցները:

Միևնույն ժամանակ, տարածաշրջանային տնտեսական և քաղաքական զարգացումների ընդհանուր տրամաբանությունը ստիպում է ավելի լուրջ մոտենալ նավթավերամշակման գործարանի հիմնախնդրին՝ այն դիտարկելով որպես Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հարավային Կովկասի զարգացումներում ընդգրկված տերությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող հարց: Մանավանդ որ գործարանի և երկաթգծի նախագծերը այնքան էլ նոր չեն, որքան կարելի է կարծել:

Նախապատմություն. Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման մասին առաջին բանակցությունները սկսվել են 60-ականներին: 1967թ. խորհրդա-իրանական առևտրատնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի արդյունքում որոշվել է «նպատակահարմար համարել Աստարայում և Մեղրիում նավթավերամշակման գործարանների կառուցման մասին բանակցությունների շարունակումը», ինչը վկայում է բարձրաստիճան հանձնաժողովում տվյալ հարցի քննարկման մասին: Տվյալ պատմական շրջանում նավթավերամշակման գործարանի կառուցման հիմնախնդիրը երկուստեք կարևոր էր թե՛ Իրանի, թե՛ ԽՍՀՄ-ի համար: Մոսկվան փորձում էր տնտեսապես ավելի սերտորեն համագործակցել Իրանի հետ` նվազեցնելով շահական Իրանի բացարձակ կախվածությունն Արևմուտքից և արևմտյան տեխնոլոգիաներից: Թեհրանն, իր հերթին, հետաքրքրված էր ԽՍՀՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, ինչը, նախ` հնարավորություն կտար Իրանին ստանալ խորհրդային առաջատար արդյունաբերական տեխնոլոգիաներ, քանզի ԱՄՆ-ը բավական պասիվ էր աջակցում Իրանին նավթի վերամշակման նախագծերում` հետաքրքրված լինելով հում նավթի արտահանման մեջ։ Երկրորդ` քաղաքական առումով մասնակիորեն կփոխհատուցվեին ԽՍՀՄ տարածաշրջանային կորուստները` կապված իրանա-ամերիկյան լայնածավալ ռազմաքաղաքական համագործակցության հետ:

Այս շրջանում, սակայն, թե՛ Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման նախագիծը, թե՛ խորհրդա-իրանական այլ նախագծեր հիմնականում չիրականացան, քանզի արդեն 70-ականների սկզբին իրանա-ամերիկյան դաշինքը և Իրանի կախվածությունը ԱՄՆ-ից հասան այն մակարդակին, որ Թեհրանը խափանեց Մոսկվայի հետ երկկողմանի նախագծերի մեծ մասի իրագործումը:

Ժամանակակից փուլ. Կասկածից դուրս է, որ Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության համար, այդ թվում նաև էներգետիկ, բավական կարևոր է Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման նախագծի վերակենդանացման հարցը: Կարևոր է գոնե այն տեսակետից, որ նախագիծը, ինչպես և 40 տարի առաջ, կարող է հանդիսանալ որպես Հայաստանի կարևոր գործընկերներ Ռուսաստանի և Իրանի համատեղ տնտեսաքաղաքական ծրագիր, որի իրագործման նպատակահարմարությունը ներկա փուլում որոշակիորեն բխում է Թեհրանի և Մոսկվայի ոչ այնքան նախանձելի տարածաշրջանային դիրքերից:

Ռուսաստանի համար նավթային ձեռնարկությունների արտասահմանյան ներդրումների պետական խրախուսումը բավական նոր երևույթ է, ինչը պայմանավորված է հիմնականում երկու կարևոր հանգամանքներով. առաջին` մինչև ՅՈՒԿՕՍ-ի գործը և ՍԻԲՆԵՖՏ-ի գնումը պետական վերահսկողությամբ խոշոր նավթային ընկերություններ չկային, երկրորդ` «էներգետիկ գերտերության» կարգավիճակը ստիպում է Ռուսաստանին ավելի ակտիվ քաղաքականություն վարել հետխորհրդային տարածաշրջանում: Իսկ այստեղ Ռուսաստանի համար ձևավորվել է բավական հետաքրքիր իրավիճակ. Մոսկվան հետխորհրդային տարածքի համար հիմնական գազային գործոն է հանդիսանում, սակայն որպես նավթային գործոն իր տեղը զիջում է արևմտյան ընկերություններին: Որպես օրինակ կարելի է բերել հետևյալ փաստը. Ռուսաստանի հետխորհրդային տարածաշրջանում նավթային ներդրումները ծավալով զիջում են անգլո-ամերիկյան «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության ներդրումներին: Տվյալ պարագայում անհնար է խոսել Ռուսաստանի «էներգետիկ գերտերության» կարգավիճակի մասին, չնայած նրան, որ ՌԴ-ն տարածաշրջանի հիմնական գազամատակարարն է, ինչպես նաև հիմնական գազ արտահանողը տարածաշրջանից: Այնպես որ, Ռուսաստանի ակտիվացումը հետխորհրդային նավթային շուկայում օբյեկտիվ անհրաժեշտություն է ՌԴ-ի` «էներգետիկ գերտերության» վերածվելու գործընթացում: Սակայն այստեղ ևս կան որոշակի հիմնախնդիրներ Ռուսաստանի համար, որոնցից հիմնականը կարելի է համարել հետևյալը. հետխորհրդային նավթային ակտիվների մեծ մասն արդեն իսկ գտնվում է արևմտյան ընկերությունների վերահսկողության տակ, իսկ Բաքու-Ջեյհան և Ղազախստան-Չինաստան նավթատարներն արդեն իսկ զրկել են Ռուսաստանին նավթի նավթատարային արտահանման մենաշնորհից: Ինչպիսին կլինի ռուսական նավթային կապիտալի մուտքը ԱՊՀ. սա կարևորագույն հարց է Ռուսաստանի համար:

Այս հարցի պատասխաններից մեկը պետք է համարել հենց Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման նախագիծը, որը բնորոշվում է հետևյալ հանգամանքներով.

  • Գործարանը կառուցվելու է արևմտյան նավթային ընկերություններից ազատ գոտում։
  • Գործարանն օգտագործելու է արտատարածաշրջանային հումք, որի ներկրումն իրագործվելու է հավանաբար ռուսական ներդրումներով կառուցվող նավթատարի միջոցով։
  • Նավթի արտահանման համար կառուցվելիք երկաթգիծը, ինչպես նաև ռուսական РЖД-ի կողմից հայկական երկաթգծի կոնցեսիոն կառավարման ձեռքբերումը Մոսկվան դարձնելու են Հարավային Կովկաս-Մերձավոր Արևելք հաղորդակցային կապերի ակտիվ գործոն:

Վերը նշվածը հարցի միայն տնտեսական կարևորությանն էր վերաբերվում: Քաղաքական տեսանկյունից Ռուսաստանի տնտեսական և էներգետիկ ինովացիոն ներգրավումը Հայաստան բավական կարևոր է, քանզի Վրաստանի մասնակի հաջողությունները եվրաինտեգրման ճանապարհին և հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին վերջին շրջանում ակտիվացած քննարկումները կարող են ազդել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշման վրա: Տվյալ պարագայում սա այնքան էլ կարևոր չէ. Հայաստանի համար ավելի կարևոր է տեղեկատվական դաշտում նման գաղափարի տարածումը, քանի որ այն կբերի թե՛ Ռուսաստանի տնտեսական ակտիվացմանը Հայաստանում, թե՛ ամերիկյան ճնշումների ուժեղացմանը Թուրքիայի վրա՝ Հայաստանի հետ սահմանի բացման նպատակով:

Իրանի համար Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման տնտեսական նպատակահարմարությունը կապված է իսլամական հանրապետության նավթավերամշակման ընդհանուր հիմնախնդրի հետ: Նավթավերամշակման հիմնական հզորություններն Իրանում ստեղծվել են 35-50 տարի առաջ և նպատակ են ունեցել ապահովել Իրանի վերամշակված նավթի պահանջները: Պարզ է, որ վերջին տասնամյակների ընթացքում Իրանի նավթավերամշակման գործարանները մաշվել են թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես: Արևմտյան ուղղակի էներգետիկ ներդրումների բացակայության պայմաններում ժամանակակից նոր գործարանների կառուցումն Իրանի տարածքում բարդ է, իրանցիներն իրենք չունեն սեփական մշակման ժամանակակից վերամշակման տեխնոլոգիաներ և հզորություններ, իսկ վերամշակված նավթի պահանջն Իրանում աճում է, ինչը պայմանավորված է ոչ միայն երկրի տնտեսական զարգացմամբ, այլև նրանով, որ իսլամական հանրապետության բնակչությունն ավելի քան կրկնապատկվել է 40 կամ 50 տարի առաջվա համեմատ, երբ ստեղծվել էին վերամշակման գործարանները: Այսօր Իրանը հում նավթ արտահանող և վերամշակված նավթ ու բենզին ներկրող պետություն է: Այս իրավիճակի դեմ Իրանի ղեկավարությունը նպատակ է դրել պայքարել մոտակա տարիների ընթացքում: Սակայն Իրանում առկա իրավիճակն օբյեկտիվ բնույթ է կրում և պայմանավորված է, ինչպես նշեցինք, վերամշակման հզորությունների և նոր տեխնոլոգիաների բացակայությամբ: Այդ հզորությունների ստեղծումը սեփական ուժերով Իրանում գրեթե անհնար է, իսկ արտասահմանյան ներդրումներ այս ոլորտում չեն արվում, քանի որ.

Ա. արևմտյան ներդրողների համար երկրում գայթակղիչ տնտեսական պայմաններ չեն ստեղծված, իսկ միջազգային ասպարեզում առկա է հակազդեցություն ամերիկյան քաղաքական ներդրումներին իրանական նավթավերամշակման և ընդհանրապես նավթային ոլորտում,

Բ. ամերիկյան վերահսկողությունից և ԱՄՆ-ից ուղղակի կախվածություն չունեցող միակ պետությունը՝ Չինաստանը (որը տիրապետում է անհրաժեշտ ֆինանսական միջոցների Իրանում վերամշակման գործարանների ցանց կառուցելու համար), պարզապես շահագրգռված չէ դրանց ստեղծմամբ, քանի որ հետաքրքրված է Իրանից հում նավթ ստանալով, որի ծավալները կարող են կրճատվել, եթե իսլամական հանրապետությունը սեփական տարածքում զարգացնի նավթի վերամշակման ոլորտը:

Այս համատեքստում Իրանի համար բավական շահավետ պետք է երևա Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը, որը, ըստ ամենայնի, հանդիսանալու է ռուս-իրանական համատեղ նախագիծ և իրագործվելու է ռուսական՝ բնույթով արևմտյան, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Չնայած վերամշակման գործարանը գտնվելու է Իրանի տարածքից դուրս, նրա աշխարհագրական դիրքը և ռուս-իրանական համատեղ ներդրումային բնույթը նվազեցնելու են հնարավոր տնտեսական և քաղաքական կորուստներն Իրանի համար: Իր հերթին, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեկ ընդհանուր գծով կմիավորի Իրանի երկաթուղին Հայաստանի երկաթուղու հետ, ինչը (եթե Մեղրին էլ միանա մեկ գծով Հայաստանի ընդհանուր երկաթուղային ցանցին` շրջանցելով Նախիջևանը) հնարավորություն կտա իսլամական հանրապետությանն ավելի ապահով և ձեռնտու ելք ապահովել Վրաստանի սևծովյան նավահանգիստներ:

Քաղաքական առումով նավթավերամշակման գործարանն ավելի կամրապնդի հայ-իրանական կապերը: Սակայն Իրանի և Ռուսաստանի համար նավթավերամշակման գործարանի կառուցումը Մեղրում կարող է ունենալ նաև մի շատ կարևոր տնտեսաքաղաքական հետևանք:

Չնայած Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ընթացող բանակցություններում Մեղրու շրջանի հարցը չի քննարկվում, այնուամենայնիվ, այս տարածքի հնարավոր հանձնումն Ադրբեջանին դեռ երկար ժամանակ անհանգստացնող հեռանկար է հանդիսանալու և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի համար: Անգամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հնարավոր իրավական կարգավորումը չի վերացնի ռուսական և իրանական կողմերի մտահոգությունը Մեղրու հիմնախնդրի շուրջ: Որպես սպառնալիք Իրանի և Ռուսաստանի համար կարող է համարվել տարածքի հետագա հայաթափումը` կապված տնտեսական և սոցիալական բարդ իրավիճակի հետ: Մեղրու շրջանի տնտեսական հետընթացը և սոցիալական բարդ իրավիճակը խնդրահարույց կդարձնեն այս տարածքի միջթյուրքական աշխարհագրական դիրքի կարևորությունը Ռուսաստանի և Իրանի համար և ռազմավարական տեսակետից կսպառնան այս երկու պետությունների շահերին: Այստեղ ևս, ինչպես և հայ-թուրքական սահմանի վերաբացման հետևանքների դեպքում, կարևոր է այն հնարավոր տեղեկատվական գործընթացը, որը պետք է սկսի հայկական կողմը. Մեղրու բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը և ռազմավարական նշանակությունը կարող են բավական հաջող օգտագործվել տեղեկատվական դաշտում՝ Մեղրիում տնտեսական նոր և ժամանակակից նախագծեր իրականացնելու քարոզչության համար: Սա կարող է Թեհրանին և Մոսկվային անուղղակիորեն հուշել կամ էլ ստիպել հասկանալ, որ Հայաստանի հարավում նավթավերամշակման գործարանի և այլ ժամանակակից հզորությունների ստեղծումը զուտ տնտեսական նախագիծ չի հանդիսանում:

Որոշ եզրակացություններ. Հաշվի առնելով վերը նշված իրողությունները՝ կարելի է գալ որոշակի եզրակացությունների.

  1. Նավթավերամշակման գործարանի կառուցումը Հայաստանի հարավում ունի իրագործվելու օբյեկտիվ նախապայմաններ և համապատասխանում է ՀՀ էներգետիկ և ազգային շահերին։
  2. Հայկական կողմի համար բավական կարևոր է կազմակերպել լավ մշակված տեղեկատվական գործընթաց՝ նախագիծը և դրա աշխարհաքաղաքական կարևորությունը քարոզելու համար։
  3. Դա, իր հերթին, Ռուսաստանին և Իրանին կարող է մղել ավելի ակտիվ և շահագրգիռ մասնակցություն ունենալ նախագծի իրագործման մեջ։
  4. Վերջինն էլ, իր հերթին, կարող է հարուցել ԱՄՆ քաղաքականության էլ ավելի ակտիվացումը թուրք-հայկական հարաբերությունների կտրվածքով՝ ուղղված հայ-թուրքական սահմանի վերաբացմանը։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր