Չինաստան. աճող գործոն Ադրբեջանի էներգետիկ ոլորտում

Չինաստանի էներգետիկ պահանջարկի կտրուկ աճը վերջին տարիներին կարևոր է գործոն միջազգային տնտեսական և քաղաքական զարգացումներում։ Ըստ ամերիկյան RAND կորպորացիայի հետազոտությունների՝ հիմնականում նավթի և գազի աճող պահանջարկն է ստիպում Չինաստանին խառնվել իր համար բավական անցանկալի մերձավորարևելյան քաղաքական և տնտեսական զարգացումներին, որտեղ ԱՄՆ-Չինաստան շահերի բախումը սկսում է ստանալ միանգամայն որոշակի տեսք։ Սակայն միայն Մերձավոր Արևելքը չէ, որ գտնվում է Պեկինի էներգետիկ շահերի ոլորտում։ Կասպից ծով, Կենտրոնական Ասիա, Հյուսիսային Աֆրիկա և Հարավային Ամերիկա. սրանք են այն տարածաշրջանները, որտեղ նկատվում է չինական նավթագազային ներդրումների զգալի աճ։ Տվյալ պարագայում կարևոր է Չինաստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցության հիմնախնդիրը, քանզի հենց այդ համագործակցությունն է հիմք հանդիսանում Ադրբեջանում և, որոշակի վերապահումներով, Վրաստանում Պեկինի տնտեսական և քաղաքական ակտիվացման համար։
2004 թվականը՝ Չինաստանի կտրուկ ակտիվացման տարի
2004-ը դարձավ այն տարին, երբ Չինաստանն անցավ բավական լուրջ և որոշ պարագաներում՝ ագրեսիվ ներդրումային քաղաքականության Կենտրոնական Ասիայում և Կասպյան ավազանում։ 2004-ի հունիսին չինական նավթային հսկան՝ China National Petroleum Corp. (CNPC)-ը, պայմանագիր կնքեց «Ուզբեկնեֆտեգազ» պետական նավթային ընկերության հետ Ուզբեկստանի տարածքում նավթի որոնման և արտահանման համատեղ աշխատանքներ կատարելու մասին։ Նույն 2004-ի հունիսին մի որիշ չինական ընկերություն, այս անգամ Great Wall Drilling Company-ն, պայմանավորվածություն է ձեռք բերում կանադական CanArgo Energy Corporation ընկերության հետ Վրաստանի Մանավի նավթավայրում համատեղ հորատման և արտահանման աշխատանքների կատարման շուրջ1։ Հենց նույն ժամանակ Պեկինում կնքվում է էներգետիկ համագործակցության ղրղզա-չինական միջպետական համաձայնագիրը, որը չինական ընկերություններին Ղրղըզստանում ապահովում է առավելագույն հարմարավետության ռեժիմ (режим наибольшего благоприятствования). 2004-ի հուլիսին Չինաստանի և Ղազախստանի միջև կնքվեց Աթասու-Ալաշանկոու նավթատարի կառուցման համաձայնագիրը։
Եթե վերլուծենք 2004-ին Չինաստանի ակտիվացման պատճառները, կհանգենք այն եզրակացության, որ դրանք, չնայած որոշակի տնտեսական և կարևոր էներգետիկ հիմքերին, հիմնականում բացատրվում են քաղաքական նշանակության երևույթներով.
- 2004-ին համեմատաբար նախանձելի էին թվում Վաշինգտոնի հաջողությունները Իրաքում, որտեղ զարգացումները դեռևս չէին թևակոխել քաղաքացիական պատերազմի փուլ։ Այս առումով շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքական նպատակներն իրագործվում են հաջողության մեծ չափաբաժնով։ Հենց այս տպավորությունը Լիբիային ստիպեց 2003-ի վերջին հրաժարվել իր միջուկային ծրագրից, իսկ Իրանին՝ 2004-ին դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները։ Չինաստանն էլ հենց 2004-ին սկսեց ակտիվացնել ոչ մերձավորարևելյան նավթի և գազի որոնման աշխատանքները։ Նշենք, որ 2004-ին է կնքվել չին-վենեսուելական էներգետիկ առաջին խոշոր պայմանագիրը, ըստ որի՝ նախատեսվում է չինական $1,5 մլրդ-ի ներդրումների իրականացում Վենեսուելայի գազային սեկտորում։
- 2003-2004-ին ԱՄՆ-ի կողմից «թավշյա հեղափոխությունների» արտահանման քաղաքականության ակտիվացումը բավական լուրջ սպառնալիք դարձավ Չինաստանի համար։ Չինաստանի Սինցզյան նահանգի թյուրքական մահմեդական բնակչությունը Չինաստանի ներքաղաքական կայունությունն ազգայնականության կամ կրոնամոլության գաղափարախոսության հիման վրա խարխլելու բավական մեծ ռեսուրս ունի։ Այս ռեսուրսի ակտիվացումը կարող էր խթանվել հնարավոր «թավշյա հեղափոխությունների» միջոցով, որոնք կապակայունացնեն իրավիճակը Կենտրոնական Ասիայում:
Այս երկու գործոնները պայմանավորեցին Չինաստանի ակտիվացումը Կենտրոնական Ասիայում և Կասպյան ավազանում, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում, որը, բացի Չինաստանի համար տնտեսական և քաղաքական կենսական նշանակությունից, ապահովում է նույն Չինաստանի ակտիվ ներգրավումը տարածաշրջանային զարգացումներում՝ սահմա-նափակելով ԱՄՆ բացարձակ ազդեցության հաստատումը, այդ թվում «թավշյա հեղափոխությունների» արտահանման միջոցով։
Ադրբեջանը Չինաստանի էներգետիկ քաղաքականության կենտրոնում
Անդրադառնալով Ադրբեջանին՝ հարկ է նշել, որ այս պետությունը կարևոր հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի քաղաքական և տնտեսական շահերի համար՝ հիմնականում հաշվի առնելով մի քանի կարևոր հանգամանքներ.
- Ադրբեջանը Ստամբուլից մինչև չինական Սինցզյան ձգվող թյուրքական էթնիկական գոտու կարևորագույն հատվածն է, որը Վրաստանի միջոցով միավորում է այս գոտու Առաջավոր և Կենտրոնական Ասիայի մասերը: Ներկայությունն այս պետությունում Չինաստանի համար կենսական նշանակություն ունի` հաշվի առնելով թյուրքական գործոնի կարևորությունը տարածաշրջանային զարգացումներում:
- Ադրբեջանը Չինաստանի գլոբալ մակարդակում հիմնական հակառակորդ ԱՄՆ-ի Կովկաս-Կասպից-Կենտրոնական Ասիա տարածաշրջանային ռազմավարության կենտրոնական պետությունն է: Այս ռազմավարության կարևորագույն նպատակներից մեկը հենց Չինաստանի տնտեսական և ռազմաքաղաքական աճի սահմանափակումն է:
- Ադրբեջանը այն հիմնական էներգետիկ դարպասն է, որն իրական մրցակցություն է ներկայացնում ղազախական և թուրքմենական էներգակիրների՝ Ռուսաստան և Չինաստան արտահանման գործում:
- Եվ, վերջապես, Ադրբեջանն ինքը նավթագազային կարևոր գործոն է:
Վերջին հանգամանքը, թերևս, միայն առաջին հայացքից կարող է այնքան էլ կարևոր չհամարվել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը բավական հեռու է տեղակայված Չինաստանից և անգամ հեռանկարում դժվար թե վերածվի Չինաստան նավթ արտահանող տերության: Սակայն հարկ է նշել, որ Չինաստանի էներգետիկ քաղաքականությունն ուղղված է ոչ միայն սեփական էներգետիկ պահանջարկն ապահովելուն, այլ նաև նպատակ ունի Չինաստանին և պետական China National Petroleum Corp. (CNPC)-ին՝ իր դուստր ձեռնարկություններով, դարձնել համաշխարհային նշանակության էներգետիկ գործոնի, որը համապատասխան պայմանների առկայությամբ պետք է ծառայի Չինաստանի պետության արտաքին քաղաքական և տնտեսական շահերին:
Չինաստանի էներգետիկ քաղաքականությունն Ադրբեջանում
Չինաստանի մուտքը Ադրբեջանի նավթագազային սեկտոր տեղի ունեցավ 2001թ., երբ չինական CNPC-ն գնեց Salyan Oil ընկերությունը, որը հիմնվել էր ամերիկյան Frontera Resources և ամերիկա-սաուդյան համատեղ Delta Hess ընկերությունների կողմից ադրբեջանական Կյուրսանգլի/Կարաբագլի նավթավայրերից նավթարդյունահանման համար: Ամերիկյան և սաուդյան սեփականատերերը հրաժարվեցին նախագծից՝ հաշվի առնելով, ինչպես իրենք էին հիմնավորում, նավթավայրի անհեռանկարայնությունը, սակայն բավական լուրջ չինական ներդրումների արդյունքում նավթարդյունահանումն այս հանքավայրից նշանակալիորեն աճեց:
Աղյուսակ 1
Salyan Oil ընկերության արտադրանքը (տոննա նավթ)
Տարին | Արտադրանքը |
2000 | 516 |
2002 | 800 |
2004 | 1100 |
2006 | 1800 |
Հետագա տարիների ընթացքում, մանավանդ 2004-ին, չինական նավթային ընկերություններն էլ ավելի ակտիվացան Ադրբեջանում, ինչի արդյունքում չինական կապիտալի մասնակցությամբ գործող նավթագազային նախագծերի թիվը հասավ 6-ի:
Աղյուսակ 2
Նախագծեր չինական ընկերությունների մասնակցությամբ
Նախագիծ | Ծավալը (մլն տ) | Ներդրումներ ($մլն) | Բաժնետերեր (%) |
---|---|---|---|
Գարաչուխուր | 5.65 | 220 | չինական Sheng Li - 37,5,
Middle East Petroleum (MEP) - 37,5, Ադրբ. պետ. նավթ. ընկ. - 25 |
Պիրսագատ | 7 | 300 | Sheng Li - 50, MEP - 30,
Ադրբ. պետ. նավթ. ընկ. - 20 |
Կյուրսանգլի/Կարաբագլի | 100 | 1000 | CNPC - 50,
Ադրբ. պետ. նավթ. ընկ. - 50 |
Հարավարևմտյան Գոբուստան | 8 | 470 | չինական Smart Asses - 31,41,
CNPC - 31,41, բրիտանական Arawak Energy - 13,16, Ադրբ. պետ. նավթ. ընկ. - 20 |
Քելամեդին/ Միշովդագ | 10 | 150 | CNPC - 85,
Ադրբ. պետ. նավթ. ընկ. - 15 |
Պադար/Խարամի | 25 | 500 | CNPC - 80,
Ադրբ. պետ. նավթ. ընկ. - 20 |
Վերը նշված աղյուսակում նշված ընկերություններից բավական լուրջ ուշադրության է արժանի Middle East Petroleum (MEP( ընկերությունը, որը երկու կարևոր նախագծերում հանդես է գալիս որպես չինական CNPC-ի գործընկեր: MEP-ը անվանապես արաբական ընկերություն է և գրանցված է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում: Սակայն, ինչպես նշվում է որոշ ռուսական և արևմտյան աղբյուրներում, ընկերության բաժնետերերն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք երկրում ազատ բիզնես իրականացնելու համար ստեղծել են MEP ընկերությունը, որի ղեկավարության լծակները տվել են արաբ կառավարիչների: Բացառված չէ, որ չինացիների գործընկեր MEP ընկերությունը պատկանում է ադրբեջանական ղեկավարությանը, որը Ադրբեջանական պետական նավթային ընկերության առկայության պայմաններում ստիպված է իր կիսալեգալ նավթային բիզնեսը տեղափոխել փոքր նախագծերի իրագործման մակարդակ, որտեղ ստվերային և չանձնավորված շահույթների ստացումն ավելի հեշտացված է: Հարկ է նշել, որ նույն Աբու Դաբիում է գրանցված չինական Noble Sky նավթային ընկերությունը, որը 2004-ից MEP-ի հետ պայմանագիր կնքեց Գարաչուխուր հանքավայրի համատեղ շահագործման մասին: Կարո՞ղ է արդյոք չինական և ադրբեջանական ղեկավարության հետ կապված ընկերության միջև համագործակցությունը լինել միջպետական հատուկ պայմանավորվածությունների կամ գոնե շահագրգռվածության արդյունք` պարզ չէ: Սակայն կասկածելի է, որ տվյալ պարագայում չինական նավթային ընկերությունները խախտել են Չինաստանում ընդունված մի բավական կարևոր սկզբունք, այն է՝ էներգետիկ ոլորտին վերաբերող ցանկացած գործարք արտասահմանյան ընկերությունների հետ կարող է իրականանալ միայն Չինաստանի բարձրագույն ղեկավարության համաձայնության դեպքում:
Նշենք, որ MEP ընկերությունն այսօր ղազախական «ՂազՄունայգազ» ընկերության հետ հիմնական բանակցողն է ղազախական նավթի` Բաքու-Ջեյհան նավթատարով արտահանման հարցում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Միայն առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, թե ինչ կապ ունի դուբայական ընկերությունը ղազախական նավթի՝ Ադրբեջանի տարածքով տարանցման հիմնախնդրի հետ: Սակայն հաշվի առնելով հնարավոր տարանցումից ստացվող շահույթի նշանակալի չափերը՝ կարելի է հասկանալ, որ ադրբեջանական ղեկավարությունն այս շահույթի մի մասն ուզում է պարզապես ուղղել «արտասահմանյան» MEP ընկերության, այսինքն՝ իր սեփական գրպանը:
Միամիտ կլինի կարծել, թե չինական ներդրողները չեն գիտակցում, որ իրենք համագործակցում են ադրբեջանական ստվերային տնտեսության հետ: Հնարավոր է, որ հենց այս գիտակցումն է դրդում չինական ղեկավարությանը խրախուսել սեփական ընկերություններին ակտիվորեն ներգրավվել տնտեսապես ոչ այնքան շահավետ ադրբեջանական նախագծերի մեջ: Այնքան էլ շահավետ չլինելով` դրանք միևնույն ժամանակ սերտ փոխշահավետությամբ իրար են կապում չինական նավթային ընկերությունները և նավթային ոլորտում պտտվող ադրբեջանական բյուրոկրատիայի կապիտալը: Սա, անկասկած, քաղաքական նշանակություն և հնարավոր հետևանքներ ունեցող փոխկապակցվածություն է:
Հարկ է նշել, որ Ադրբեջանն այսօր միջազգային ատյաններում աջակցում է Չինաստանին բոլոր այն հարցերում, որոնք առնչվում են Տիբեթի հիմնախնդրին, Թայվանի կարգավիճակին, չինական Սինցզյանում տեղ գտած զարգացումներին: Այստեղ գործող թյուրքական անջատողական ջոկատները 2005թ. Իլհամ Ալիևի կողմից Պեկինում բնութագրվեցին որպես «ահաբեկչական»: Այսպիսի գնահատականից խուսափում են թե՛ Վաշինգտոնում և թե՛ Անկարայում:
2004-ը ոչ միայն էներգետիկ ոլորտում ադրբեջանա-չինական կապերի ակտիվացման տարի էր, այլ նաև բեկումնային եղավ երկու պետությունների առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար: Վերջին տարիներին կտրուկ աճ է ապրել չին-ադրբեջանական ապրանքաշրջանառությունը:
Աղյուսակ 3
Ադրբեջան-Չինաստան ապրանքաշրջանառություն | |||
---|---|---|---|
2000 | 2001 | 2004 | 2006 |
$6,17 մլն | $15,04 մլն | $183,96 մլն | $368,66 մլն |
Հայաստանի համար կարևոր է, թե որքանով են չին-ադրբեջանական հարաբերությունները պայմանավորված Պեկինի էներգետիկ պահանջներով, և որքանով՝ քաղաքական նկատառումներով: Համատեղ չին-ադրբեջանական էներգետիկ և նաև տնտեսական նշանակության բազմաթիվ այլ նախագծեր իրենց շահութաբերությամբ և կարևորությամբ մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում Չինաստանի համար: Վերջինս, կարծես թե, ուղղակի ակտիվացնում է իր քաղաքականությունը և ներկայությունը Կասպիցի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում: Հարավային Կովկասը Չինաստանի համար «սահմանամերձ» գոտի է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում՝ սեփական շահերի պաշտպանության անհրաժեշտության տեսակետից: Այս «սահմանի» ամրապնդումը Ադրբեջանի համատեքստում տեղի է ունենում էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման հիման վրա: Հայաստանի հնարավոր տեղը Չինաստանի տարածաշրջանային ռազմավարությունում պետք է գնահատել ոչ թե տնտեսական կամ էներգետիկ տերմիններով, այլ զուտ ռազմաքաղաքական առումով: Այստեղ, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը, կա դեռևս բավարար չափով չօգտագործված համագործակցության հսկայական ռեսուրս:
1 Նավթն այս հանքավայրից առաջին անգամ արտահանվել է 2007թ. մայիսի 2-ին (65 հազար տոննա)։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]