• am
  • ru
  • en
Версия для печати
22.10.2007

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ ՍԵԿՏՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

Руский

   

Արմեն Մանվելյան

picture (medium)Նավթային սեկտորի զարգացումը և միջազգային շուկաներում այդ հումքի գնի աննախադեպ աճը Ադրբեջանի տնտեսությանը զարգացման ֆանտաստիկ տեմպ են հաղորդել, ինչն էլ մի շարք միջազգային կառույցների կողմից այդ երևույթի ու նրա հետևանքների ուսումնասիրման պատճառ է դարձել: Այս կառույցների ուսումնասիրություններն էականորեն տարբերվում են այն բարձրագոչ հայտարարություններից, որոնք հնչում են Ադրբեջանի ղեկավարության կողմից երկրի զարգացման ու նրա հզորացման մասին: Այսպես, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է Ադրբեջանում ոչ նավթային սեկտորի վրա նավթային սեկտորի աճի ու տնտեսական բարձր ցուցանիշների ունեցած ազդեցության մասին: Ըստ ՎԶԵԲ-ի՝ նավթային սեկտորի ծավալը Ադրբեջանի Ներքին համախառն արդյունքի (ՀՆԱ) մեջ կազմում է մոտ 54%, իսկ արդյունաբերության արտադրության մեջ՝ 3/4-ը1: Նկատենք, որ դեռ 2006թ. նավթարդյունաբերության չափաբաժինը Ադրբեջանի Համախառն ներքին արդյունքի մեջ կազմում էր 41.3%, իսկ 2005-ին՝ 39.3%2: Այս թվերը պարզորոշ ցույց են տալիս Ադրբեջանի տնտեսության կախվածության մեծացումը նավթային սեկտորից, իսկ դա էլ, իր հերթին, հանգեցնում է ողջ երկրի կախվածությանը միջազգային նավթային սակարաններում գների տատանումներից: Այս պայմաններում, ըստ ՎԶԵԲ-ի մանագետների, խախտվում է երկրի մակրոտնտեսական կայունությունը: 2006թ. Ադրբեջանում ինֆլյացիան կազմել է 11.4% և մոտ 16% 2007թ. մարտի տվյալներով: Ադրբեջանում ընթացող նավթային բումին ակտիվ կերպով հետևում են նաև Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ), որի ներկայացուցիչներն այս տարվա սեպտեմբերին պաշտոնական այցով գտնվում էին Բաքվում և մի շարք հանդիպումներ են ունեցել այդ երկրի տնտեսական ղեկավարների հետ: Ըստ ադրբեջանական մամուլի՝ քննարկումների հիմնական թեման է եղել պետական ներդրումային ծրագրերի կատարումը, պետական ներդրումների կառավարումը և սպառողական սղաճի հարցերը: Նկատենք, որ չնայած պետական ապարատը կանխատեսում էր տարեկան 9% սպառողական սղաճ, սակայն, ըստ միջազգային կառույցների, այն տարեկան կտրվածքով կկազմի մոտ 20-21%3: Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Վիտալի Կրամարենկոն հույս է հայտնել, որ 2008թ. Ադրբեջանը կկարողանա նվազեցնել սղաճը երկրում: ՎԶԵԲ այս տարվա զեկույցում նշվում է, որ ադրբեջանական դրամի` մանաթի փոխարժեքի տարեկան իրական աճը, արդեն երկրորդ տարին անընդմեջ, կազմում է մոտ 10%, որը սպառնում է երկրի տնտեսության ոչ նավթային սեկտորի զարգացմանը, ինչը նաև Ադրբեջանում հոլանդական հիվանդության ախտանշան է: Ըստ բանկի փորձագետների՝ «Մենաշնորհ ունեցող ընկերությունները շարունակում են ճնշել մրցակցության ցանկացած փորձ, իսկ պետության՝ ոչ նավթային սեկտորում ներդրումների գործընթացում դերակատարում ունենալու փորձն անվստահություն է առաջացնում մասնավոր ներդրողների մոտ»4: Ադրբեջանում գրանցվել է սպառողական ամենաբարձր սղաճը ԱՊՀ-ում, ըստ ԱՊՀ Վիճակագրական վարչության՝ 2007թ. առաջին կիսամյակում գնաճն այդ երկրում կազմել է 8.8%: Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանում այն ընդամենը 5.7% է, նրան հետևում են Ղազախստանը և Ղրղըզստանը, համապատասխանաբար՝ 4.6-ական տոկոս, ապա Ուկրաինան` 4.2%, Վրաստանը` 4.1%, Հայաստանը և Մոլդովան` 3.9-ական տոկոս և այլն5: Այս վիճակագրությունը պարզորոշ հուշում է, որ Ադրբեջանում առկա են հոլանդական հիվանդության բոլոր ախտանշանները: Նման տեսակետ կիսում են նաև ադրբեջանցի մասնագետները։ Մասնավորապես՝ Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանի կարծիքով, «հոլանդական հիվանդության նշանները ոչ թե Ադրբեջանի տնտեսության շեմին են, այլ ներսում, և մենք բոլորս այն զգում ենք»6: Ըստ նրա՝ Ադրբեջանի տնտեսության համար օր օրի ավելի դժվար է դառնում մրցակցել երկրի ներքին շուկայում, որտեղ ներմուծվող ապրանքները դուրս են մղում տեղական արտադրողին, իսկ տեղական ապրանքները դառնում են ոչ մրցունակ դրսում: Ադրբեջանցի մեկ այլ փորձագետի` Ֆարհադ Օմարովի կարծիքով, ստեղծված իրավիճակի պատճառով, ամառային գնանկման փոխարեն այդ երկրում հակառակ միտումն է նկատվում: Նա նշում է, որ եթե այս տարվա օգոստոսին սղաճը կազմել է 0.8%, ապա գնաճը մթերային շուկայում՝ 1.3%, իսկ ոչ մթերային շուկայում՝ 0.4%7: Անցած տարվա օգոստոսի համեմատ՝ սղաճը կազմել է մոտ 16.1%, պնդում է Օմարովը: Այս պայմաններում Ադրբեջանը, որը դեռ Խորհրդային Միության գոյության տարիներին համարվում էր բանջարաբոստանային մշակաբույսեր արտահանող երկիր, վերածվում է նման մթերքներ ներմուծող երկրի: Այս իրավիճակը հատկապես պարզորոշ երևում է, երբ հետևում են այդ երկրի ոչ նավթային սեկտորի արտահանման ծավալներին: Այսպես, եթե 2004թ. Ադրբեջանի արտահանման ծավալում նավթագազային սեկտորը կազմել է ընդհանուրի 47.5%-ը, ապա 2005-ից այս իրավիճակը կտրուկ փոխվել է՝ հասնելով 90%-ի8: Ըստ այլ աղբյուրների՝ այս թիվը 2005թ. կազմել է 93%, և կանխատեսվում է, որ այն դեռ կշարունակի աճել9: 2004թ. Ադրբեջանի արտահանման ծավալում ոչ նավթային սեկտորը կազմել է մոտ $2 մլրդ, սակայն 2005թ. այն արդեն գնահատվում էր $766 մլն (տարբերությունը՝ 2.5 անգամ): Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանի տնտեսության և ընդհանրապես այդ պետության կախվածությունը նավթային հատվածից դառնում է կրիտիկական: Այդ երկրի պետական բյուջեի 50%-ը հավաքագրվում է ընդամենը նավթային երկու` Պետական նավթային և Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերություններից: Այս ընկերությունները միասին մուծում են նաև պետական հարկերի 75%-ը10: Երկրում առկա են հոլանդական հիվանդության բոլոր ախտանշանները, որի հաղթահարումը, ըստ արևմտյան փորձագետների դժվար է նաև այն պատճառով, որ Ադրբեջանում նավթային բումը կարճ կտևի և կավարտվի 2012-ին, որին կհետևի տնտեսական լուրջ ճգնաժամ11: Բացի այդ, երկրի ողջ տնտեսության կախվածությունը նավթի գներից և մի քանի ընկերություններից Ադրբեջանը խոցելի է դարձնում ոչ միայն տնտեսապես, այլ նաև քաղաքականապես:

1Р.Оруджев, Азербайджан на грани экономического краха. http://www.echo-az.com/archive/2007_08/1623/ economica01.shtml

2ИА REGNUM., Ашот Егиазарян: Азербайджан - нефтяной бум и макроэкономические тенденции.. www.regnum.ru/news/750542.html 05.12.2006

3Р. Алиев, Итоги летней инфляции в Азербайджане и похвала МВФ. «Новости-Азербайджан», 13 сентября 2007. http://www.newsazerbaijan.ru/

4Р.Оруджев, Азербайджан на грани экономического краха. http://www.echo-az.com/archive/2007_08/1623/ economica01.shtml

5ИА "Тренд" Статкомитет СНГ 10.08.2007

6Р.Оруджев, Азербайджан на грани экономического краха. http://www.echo-az.com/archive/2007_08/1623/ economica01.shtml

7Р.Алиев, Итоги летней инфляции в Азербайджане и похвала МВФ. «Новости-Азербайджан», 13 сентября 2007. http://www.newsazerbaijan.ru/

8ИА REGNUM., Ашот Егиазарян: Азербайджан - нефтяной бум и макроэкономические тенденции.. www.regnum.ru/news/750542.html 05.12.2006

9The Economist Intelligence Unit.,Azerbaijan economy: Gone Dutch., March 7th 2007 http://www.viewswire.com/article881982473.html?pubtypeId=930000293&text=azerbaijan

10ИА REGNUM., В 2007 году в бюджет Азербайджана от нефти поступит 3,059 млрд. долларов., www.regnum.ru/news/780393.html 09.02.2007

11The Economist Intelligence Unit.,Azerbaijan economy: Gone Dutch., March 7th 2007 http://www.viewswire.com/article881982473.html?pubtypeId=930000293&text=azerbaijan


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր