• am
  • ru
  • en
Версия для печати
07.05.2018

ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Руский

   

Արմեն Մանվելյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ, պ.գ.թ.

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ աշխարհում սկսեցին բուռն զարգանալ միջուկային տեխնոլոգիաները: 1945թ. օգոստոսին ԱՄՆ-ի կողմից ճապոնական Հերոսիմա և Նագասակի քաղաքների նկատմամբ միջուկային զենքի կիրառումը պատճառ հանդիսացավ, որպեսզի ԽՍՀՄ-ն արագացնի նոր միջուկային զենքի ստեղծման ծրագրերը։ 1949թ. օգոստոսի 2-ին Ղազախստանի Սեմիպալատինսկ ռազմավարժարանում ԽՍՀՄ-ն առաջին անգամ փորձարկեց ատոմային ռումբը1:

ԽՍՀՄ-ի կողմից ատոմային ռումբի փորձարկումից հետո սկսվեց միջուկային մրցավազքի նոր շրջան, որը ոչ միայն սրեց հարաբերությունները երկու գերտերությունների միջև, այլև զարկ տվեց զարգացման նոր ժամանակահատվածի, որը կարող ենք կոչել միջուկային դարաշրջան: Ատոմային տեխնոլոգիաներն առաջ բերեցին գիտության և արդյունաբերության զարգացման նոր ուղղություն, որին տիրապետելը նշանակում էր մաս կազմել միջուկային զենքի տիրապետող աշխարհի ամենահեղինակավոր պետությունների ակումբին: Սա ուղղակի արդյունաբերություն չէր, այլ հզորության ցուցանիշ, որը փորձում էին ունենալ բոլոր մեծ տերությունները:

Ատոմային զենքի ստեղծումը և, ընդհանրապես, ուրանի հարստացման տեխնոլոգիան հնարավորություն տվեցին զարգացնել նաև այսպես կոչված խաղաղ ատոմային ծրագրեր: Միջուկային զենքի մրցավազքին զուգահեռ, սկսվեց ատոմային էներգիա ունենալու նոր պայքար, որն ուղեկցվում էր միջուկային կայանների կառուցման գործընթացով: Այս մրցակցությունը նպաստեց այդ նոր տեխնոլոգիաների զարգացմանը և դրա խորքային տիրապետմանը, ինչն արդյունաբերական այդ դարաշրջանում ռազմավարական-անվտանգային նշանակություն ուներ:

Բացի այդ, արդյունաբերության բուռն զարգացումն ուղեկցվում էր էլեկտրաէներգիայի պահանջարկի և սպառման անընդհատ աճով` երկնիշ ցուցանիշներով, ինչը նշանակում էր, որ այդ տեխնոլոգիաները տալիս էին մրցակցային առավելություն շուկայում, որը նույնպես ռազմավարական նշանակություն ուներ մեծ տերությունների համար:

Առաջին ատոմային ռեակտորը ԽՍՀՄ-ում կառուցվեց Օբնինսկ քաղաքում, որտեղ սովետական գիտնականներն իրականացնում էին ուրանի հարստացման և դրա հիման վրա նոր վառելիքի ստեղծման առաջին փորձերը: Առաջին ռեակտորը շահագործման հանձնվեց 1954թ. հունիսի 24-ին, սա ԽՍՀՄ գիտության լրջագույն հաջողությունն էր, և մյուս պետությունները ևս անմիջապես ձեռնամուխ եղան միջուկային ռեակտորների կառուցման գործընթացին2:

1956թ. Մեծ Բրիտանիայում շահագործման հանձնվեց ատոմային առաջին կոմերցիոն ռեակտորը, որի հզորությունը 50 մվտ էր, հետագայում այն հասցվեց մոտ 200 մվտ-ի: Մեկ տարի անց՝ 1957թ. դեկտեմբերին, ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում, շահագործման հանձնվեց ամերիկյան առաջին միջուկային կայանը: Ամերիկյան առաջին պետական կառույցը, որը սկսեց օգտագործել միջուկային էներգիա, ԱՄՆ ռազմածովային նավատորմն էր, որը 1954թ. շահագործման հանձնեց առաջին միջուկային սուզանավը` «Նաուտիլիուսը»: Վերջիններս ակտիվ կերպով սկսեցին կառուցել առաջին ռազմածովային նավերը` ավիակիրները, որոնք նույնպես աշխատում էին միջուկային վառելիքով3:

Միջուկային նոր տեխնոլոգիաների շուրջ սկսված մրցակցությունը մեծ տերություններին ստիպեց նաև ընդհանուր համաձայնության գալ, քանի որ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը, մրցակցելով միմյանց հետ, այնուամենայնիվ, ունեին ընդհանուր շահեր, նրանք չէին ցանկանում, որ այդ տեխնոլոգիաները տարածվեն կամ խաղաղ ատոմի համար նախատեսված ուրանի հարստացման ծրագրերն օգտագործվեն միջուկային զենք ստեղծելու համար:

Միջուկային զենքի տարածման և ընդհանրապես միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողությունն էր պատճառներից մեկը, որը ստիպեց կողմերին փորձել ընդհանուր հայտարարի գալ և ստեղծել կառույց, որը կվերահսկի միջուկային արդյունաբերությունը` կայանների, ռեակտորների կառուցումն աշխարհում: 1953թ. դեկտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահ Դ.Էյզենհաուերը, ելույթ ունենալով Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեայում, առաջին անգամ իր ելույթում խոսեց ՄԱԿ շրջանակներում միջազգային ատոմային հատուկ կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին: Իր ելույթում ԱՄՆ նախագահն անհանգստություն հայտնեց, որ եթե ատոմային խաղաղ տեխնոլոգիաները և արդյունաբերությունը հայտնվեն անբարեխիղճ կառավարությունների ձեռքում, ապա կարող են օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար, ինչն արդեն վտանգավոր է ողջ մարդկության համար: ԱՄՆ նախագահը նաև կոչ էր անում ԽՍՀՄ-ին՝ միանալ այս ծրագրին և պատրաստակամություն էր հայտնում երկկողմ մակարդակով սկսել բանակցություններ այն պետությունների հետ, որոնք հետաքրքրված են այս ծրագրով և ընդհանրապես խաղաղ ատոմի զարգացման հեռանկարով4:

Համարվում է, որ ԱՄՆ նախագահի այս ելույթը հիմք հանդիսացավ, որպեսզի միջուկային զենք և տեխնոլոգիաներ ունեցող պետությունները բանակցություններ սկսեն նոր միջազգային կազմակերպության ստեղծման մասին: 1954թ. ՄԱԿ-ն ընդունեց համապատասխան որոշում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ստեղծման մասին: Գործակալությունը պաշտոնապես սկսեց գործել 1957թ. հուլիսի 29-ին, վերջինիս կանոնադրության հաստատումից հետո5:

Ըստ այդ կանոնադրության, ԱԷՄԳ-ն իրավունք ունի կազմակերպել միջազգային գիտական համաժողովներ միջուկային էներգետիկայի զարգացման հարցի շուրջ, մասնագետներ ուղարկել տարբեր երկրներ այս բնագավառում հետազոտական աշխատանքների իրականացման համար, միջնորդական դերակատարություն ունենալ միջուկային նյութերի և գործիքների փոխանցման կամ փոխանակման հարցում, իրականացնել վերահսկիչ գործառույթներ՝ հսկելու համար, որպեսզի խաղաղ միջուկային էներգիայի զարգացմանը տրամադրված տեխնոլոգիաները չօգտագործվեն ռազմական նպատակներով և այլն:

Գործակալությունն իր գործունեության ընթացքում հատկապես մեծ տեղ է տալիս ատոմային էներգետիկայի անվտանգության խնդիրներին: Այս ուշադրությունը հատկապես ուժեղացավ 1986թ. Չեռնոբիլի աղետից հետո: ԱԷՄԳ կենտրոնական գրասենյակը գտնվում է Վիեննայում (Ավստրիա), այն Տորոնտոյում (Կանադա), Տոկիոյում (Ճապոնիա) նույնպես բացել է տարածաշրջանային անվտանգության երկու գրասենյակ, որոնք զբաղվում են ատոմային էներգիայի անվտանգության խնդիրներով: Բացի այդ, ԱԷՄԳ-ն ունի կապի երկու գրասենյակ, որոնք գտնվում են Նյու Յորքում (ԱՄՆ) և Ժնևում (Շվեյցարիա): Գործակալությանն է պատկանում նաև երեք հատուկ լաբորատորիա, որոնք համապատասխանաբար տեղակայված են Վիեննայում, Սեյբեսդորֆում (Ավստրիա) և Մոնակոյում:

ԱԷՄԳ-ն գործում է որպես միջկառավարական ֆորում` ատոմային էներգիայի բնագավառում խաղաղ նպատակներով գիտական և տեխնոլոգիական համագործակցության իրականացման համար: Այս գործակալության ծրագրերի մեջ է մտնում նաև ողջ աշխարհում միջուկային էներգետիկայի տարածմանը նպաստելը: Այլ կերպ ասած՝ այս կառույցն ընդամենը միջոց է միջուկային տեխնոլոգիաների տարածման վերահսկողությունն իրականացնելու համար: Սա մեծ տերություններին հնարավորություն է տալիս մշտապես տեղեկացված լինել բնագավառում կատարվող իրադարձություններին և, ամենակարևորը՝ վերահսկել այս գործընթացը: Այսօր աշխարհում անհնար է միջուկային կայան կառուցել առանց ԱԷՄԳ հավանության, աշխարհի առաջատար բոլոր պետությունները համագործակցում են այս կառույցի հետ ոչ միայն կայանների կառուցման հարցի շուրջ, այլև միջուկային ռեակտորների անվտանգության խնդրում: ԱԷՄԳ-ն մշտադիտարկում է իրականացնում բոլոր կայաններում, նրա ուշադրության կենտրոնում են հատկապես այսպես կոչված խնդրահարույց ռեակտորները: Այդ տիպի կայանների շահագործումը հնարավոր է միայն միջազգային այս կառույցի հավանության դեպքում:

1 Гончаров Г.А., Рябев Л.Д., О создании первой отечественной атомной бомбы // Успехи физических наук, т. 171, № 1, с. 79—104.

2 A. Semenov, Nuclear power in the Soviet Union, IAEA BULLETIN, vol. 25, No. 2, pp. 47-60. https://www.iaea.org/sites/default/files/25204744759.pdf

3 Benjamin K. Sovacool, The National Politics of Nuclear Power, Routledge, p. 68.

4 Речь президента Соединенных Штатов г-на Двайта Д. Эйзенхауэра на заседании Генеральной Ассамблеи ООН, 8 декабря 1953 года, http://www.un.org/ru/ga/iaea/eisenhower-2.htm

5 IAEA-History, https://www.iaea.org/about/overview/history



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր