• am
  • ru
  • en
Версия для печати
17.12.2007

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

   

Սևակ Սարուխանյան

shelf_5 (medium)2007թ. նոյեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (ԱՊՆԸ) կարող է դառնալ վրացական մասնավորեցվող 24 շրջանային գազաբաշխիչ ընկերությունների սեփականատերը։ Առհասարակ, վերջին ժամանակներս ԱՊՆԸ-ն ակտիվացրել է իր գործունեությունը Հարավային Կովկասում, եւ Ադրբեջանի էներգետիկ ներդրումները, մանավանդ Վրաստանում, զուրկ չեն քաղաքական նկատառումներից։

Ղազախական մոդելի կիրառումը

Նավթի արտադրության եւ արտահանման ծավալների աճն Ադրբեջանի համար ներդրումային նախագծերի իրականացման բարենպաստ հնարավորություններ է ստեղծել թե՛ Ադրբեջանում, թե՛ երկրի տարածքից դուրս։ 2007-ն աչքի ընկավ ադրբեջանական կողմի ներդրումային քաղաքականության ակտիվացմամբ, ինչը մի շարք առումներով նման է Աստանայի էներգետիկ քաղաքականությանը, որը կարելի է բնորոշել հետեւյալ կերպ. ազդեցիկ ներկայություն այն բոլոր երկրներում, որոնք անգամ տեսականորեն կարող են դառնալ ղազախական նավթի եւ գազի օգտագործող, վերավաճառող, վերամշակող, տարանցող պետություններ։ Այս մոդելի արդյունքում 2005–2007թթ. Աստանայի ներդրումներն այլ երկրների էներգետիկ եւ ֆինանսական ոլորտներում կազմեցին ավելի քան $7 մլրդ։ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւը, ինչպես նշում են մի շարք հետազոտողներ, քանիցս բարձրաձայն հիացմունք է հայտնել Ն.Նազարբաեւի արտաքին էներգետիկ քաղաքականության արդյունավետության առիթով, ինչը, հավանաբար, Բաքվի էներգետիկ քաղաքականության վերիմաստավորման պատճառներից մեկն է հանդիսանում։ Կրկնօրինակելով Աստանայի քաղաքականությունը` Բաքուն վերջին տարվա ընթացքում իրականացրել է մի շարք կարեւոր էներգետիկ էքսպանսիայի քայլեր Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ռումինիայում։

Վրաստանը` էներգետիկ ներդրումների հիմնական դաշտ

2006-ին վրացական Փոթի նավահանգստից ոչ հեռու գտնվող Կուլեւի նավթային տերմինալի գնումով սկսվեց Վրաստանում ԱՊՆԸ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը։ Վրաստանի էներգետիկ շուկայում ադրբեջանական էներգետիկ ներդրումների խթանման նպատակով 2006թ. ԱՊՆ-ն ստեղծեց հատուկ ընկերություն` «SOCAR Energy Georgia»։ Ընկերության ղեկավար Մ.Մամեդովը օգոստոսին հայտարարեց, որ ադրբեջանական կողմը առաջիկա երկու տարվա ընթացքում պատրաստվում է Վրաստանի տարածքում, Կուլեւիից ոչ հեռու, կառուցել 3 խոշոր նավթաբազա եւ մինչեւ 10 մլն տոննա հզորությամբ նավթավերամշակման գործարան։ Նշենք, որ այս ծրագրերի իրականացման համար «SOCAR Energy Georgia» ընկերությունը 2007-ի սեպտեմբերին պաշտոնապես դիմել է Վրաստանի իշխանություններին իրեն Կուլեւիի շրջանում 200 հեկտար տարածք տրամադրելու հարցով։ Միեւնույն ժամանակ, ընկերությունը 2008-ին ծրագրում է Վրաստանում ստեղծել 25 խոշոր ժամանակակից բենզալցակայաններ, որտեղ վաճառվելու են միայն ադրբեջանական նավթային ապրանքներ։ Հարկ է նշել, որ բենզալցակայանների մեծ մասը կառուցվելու է Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքներում, ինչը բավական լուրջ ազդակ կհանդիսանա այս տարածքների` Ադրբեջանի հետ տնտեսական ինտեգրման խթանման համար: Ուշադրության է արժանի նաեւ այն, որ «SOCAR Energy Georgia»-ի ղեկավարների մեծ մասը թեեւ Վրաստանի քաղաքացիներ են, սակայն ազգությամբ ադրբեջանցիներ են։

2007-ին Վրաստանի գազատարների զարգացման ծրագրերի հիմնական իրականացնողը դարձավ ԱՊՆԸ մեկ այլ դուստր ձեռնարկություն` «Նեֆտեգազստրոյ» հատուկ տրեստը։ Այս ընկերությունը նոյեմբերին ավարտեց Վրաստանի ադրբեջանաբնակ Գարդաբանի քաղաքից Նավթլուղ (Թբիլիսիի մոտ) 34,5 կմ-անոց գազատարի կառուցումը, ինչպես նաեւ` Թբիլիսիից Ռուսթավի գազատարի հիմնանորոգման աշխատանքները։ Վերոնշյալ նախագծերն իրականացվել են Բաքու–Թբիլիսի–Էրզրում ծրագրից անկախ եւ զուտ վրաց-ադրբեջանական պայմանավորվածությունների արդյունք են։

Վրաստանում այս տարվա ընթացքում ԱՊՆԸ-ի կողմից իրականացվող ամենամեծ էներգետիկ նախագիծը մասնակցությունն է 24 շրջանային գազաբաշխիչ ընկերությունների սեփականաշնորհմանը: Ըստ պաշտոնական Թբիլիսիի` շրջանային գազաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը պայմանավորված է ոչ միայն տնտեսության հետագա ազատականացման խրախուսմամբ, այլ նաեւ նպատակ ունի խթանել օտարերկրյա ներդրումները Վրաստանի գազի շուկայում, որի պետական ենթակառուցվածքները բավական խարխուլ վիճակում են:

Իրականում Վրաստանն անկարող է սեփական միջոցներով ապահովել երկրի բնակավայրերի գազաֆիկացումը, քանի որ խորհրդային ժամանակներից ժառանգված ենթակառույցը անկախության առաջին տարիներին քայքայվել եւ թալանվել է: Ուստի, փորձ է արվում երկրի գազաֆիկացման ծրագրի իրականացումը հանձնել մասնավոր ընկերություններին: Նշենք, որ ԱՊՆԸ-ից բացի, սեփականաշնորհմանը մասնակցելու հայտ են ներկայացրել միայն երկու վրացական ընկերություններ` «Wissol»-ը եւ «Իվերի-7»-ը, որոնք, սակայն, հավակնում են երկրի կենտրոնական շրջանների եւ Կախեթի գազաբաշխիչ երեք ընկերությունների սեփականաշնորհմանը: Ադրբեջանա-վրացական սահմանից, Վրաստանի հարավով, մինչեւ Բաթում եւ Փոթի ընկած տարածքների (բացառությամբ Ջավախքի) գազաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհման միակ հայտը ներկայացրել է ԱՊՆԸ-ն, որը շուտով կդառնա համակարգի հիմնական սեփականատերը: Նշենք, որ ըստ այս ծրագրի` ԱՊՆԸ վերահսկողության տակ կանցնեն Մառնեուլի, Բաթումի եւ Փոթիի գազամատակարարման համակարգերը:

Ըստ վստահելի աղբյուրների` 2008թ. ԱՊՆԸ-ն մտադրություն ունի ակտիվ գործընթաց սկսել գազատար մայրուղիների սեփականաշնորհման ծրագիր մշակելու գործում Թբիլիսիին խրախուսելու ուղղությամբ: Սա վերաբերում է նաեւ Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան եկող գազատարին: Ակնհայտ է, սակայն, որ Վրաստանի ղեկավարությունն այս նախագծին չի կարող դրական վերաբերվել, քանի որ դրա իրագործումը կարող է վնասել Երեւանի հետ հարաբերություններին:

Բաքու–Նովոռոսիյսկ նավթատարի «ադրբեջանական» ապագան

Բաքու–Ջեյհան նավթատարի շահագործումից հետո զգալիորեն կրճատվեց Բաքու–Նովոռոսիյսկ նավթատարով ադրբեջանական նավթի արտահանման ծավալը: Այս տարվա կտրվածքով` նավթատարով արտահանված նավթի ծավալը, ըստ ռուսական «Տրանսնեֆտ» ընկերության, չի գերազանցի 1,5 մլն տոննան:

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ սույն թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական «Տրանսնեֆտի» հետ ԱՊՆԸ պայմանագիրը Բաքու–Նովոռոսիյսկ նավթատարով նավթի արտահանման վերաբերյալ: Այս կապակցությամբ ադրբեջանական կողմը սկսել է ակտիվ մի գործընթաց` ուղղված Բաքու–Նովոռոսիյսկ խողովակաշարի կառավարման ստանձնմանը: Ռուսական կողմն առաջարկել է խողովակաշարի շահագործումը հանձնել Ադրբեջանին, քանի որ վերջինիս նավթն է արտահանվում այս ճանապարհով: BP-Azerbaijan ընկերության փոխնախագահ Ռ.Ջավանշիրի հայտարարության համաձայն` նախատեսվում է հարցը լուծել մինչեւ դեկտեմբերի վերջը: Եթե «Տրանսնեֆտը» նավթատարի շահագործման ղեկավարումը հանձնի ադրբեջանական կողմին, հնարավոր է, որ Ադրբեջանը գալիք տարի ավելացնի խողովակաշարով նավթի արտահանման ծավալները: Միեւնույն ժամանակ, հարկ է հիշել, որ Մոսկվան շատ խանդոտ է վերաբերվում «Տրանսնեֆտի» մենաշնորհային կարգավիճակին, ինչը կարող է խանգարել Բաքվին` ստանձնել նավթատարի կառավարումը: Բացառված չէ, որ Բաքուն ուղղակի առիթ է փնտրում նավթի արտահանման ռուսական մայրուղուց հրաժարվելու համար եւ այդ պատճառով է պնդում իրեն հանձնել Բաքու-Նովոռոսիյսկի կառավարումը: Չնայած սրան, վերլուծական նյութերը լի են տեղեկատվությամբ, թե ռուսական կողմը պատրաստ է զիջումների գնալ Ադրբեջանին, մանավանդ եթե ղազախական ընկերությունները պատրաստակամություն հայտնեն Բաքվում իրենց նավթով «լցնել» նավթամուղը:

Հարկ է նշել, որ ռուսական կողմի որոշումը մեծապես կախված է նաեւ նրանից, թե ինչ տեմպով կիրականանա Բուրգաս–Ալեքսանդրոպոլիս նավթատարի կառուցումը, որը ենթադրում է ռուսակսն Նովոռոսիյսկի վերածումը սեւծովյան ափի կարեւորագույն նավթատրանսպորտային հանգույցի։

Հետեւություններ

Ադրբեջանի էներգետիկ ներդրումները տարածաշրջանում նպատակ ունեն ադրբեջանական ազդեցության ապահովումն այն շրջաններում, որոնք կարեւոր դեր են խաղում Բաքվի էներգետիկ քաղաքականության մեջ։ Միեւնույն ժամանակ, արտաքին էներգետիկ նախագծերի իրականացումն ապահովում է նավթային փողերի օրինական վերաբաշխումը ադրբեջանական քաղաքական եւ տնտեսական էլիտայի շրջանակում։

Սակայն հարկ է նշել, որ Վրաստանում Ադրբեջանի էներգետիկ ներդրումները հետապնդում են նաեւ մի շարք հեռանկարային քաղաքական նպատակներ, որոնցից ամենակարեւորներն են`

ա. Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքներում Բաքվի ազդեցության տարածումը,

բ. Վրաստանի սեւծովյան նավահանգիստ-քաղաքներում ադրբեջանական ազդեցության ապահովումը,

գ. Հարավային Կովկասի էներգետիկ հոսքերի վրա առավելագույն ազդեցության հաստատումը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր