ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄՈՒՏՔԸ ԵՎՐՈՊԱ
2008թ. մարտի 17-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ստորագրվեց առաջին միջազգային պայմանագիրը, համաձայն որի՝ Իրանը հնարավորություն կստանա բնական գազ արտահանել Եվրոպա: Պայմանագիրը ստորագրեցին Իրանի գազի արտահանման ազգային ընկերությունը և շվեյցարական Elektrizitaetsgesellschaft Laufenburg ընկերությունը։ Այն ենթադրում է, որ սկսած 2009 թվականից՝ 25 տարվա ընթացքում, իրանական կողմը շվեյցարական ընկերությանը տարեկան մատակարարելու է 5.5 մլրդ մ3 գազ:
Պայմանագրի ստորագրմանը ներկա գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Մ.Մոթաքին իր շվեյցարացի գործընկերուհի Մ.Քալմի-Ռեյի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ ինքը ներկա է «պատմական նշանակության» մի իրադարձության, որը ոչ միայն նախանշում է Իրանի մուտքը եվրոպական գազի շուկա, այլ նաև դրսևորում է այն փոխադարձ հետաքրքրվածությունը, որ ունեն Շվեյցարիան և Իրանը: Մ.Քալմի-Ռեյն իր հերթին ընդգծեց, որ Շվեյցարիան չունի բավարար չափի բնական ռեսուրսներ և այդ պատճառով ստիպված է ավելի ակտիվ և շահագրգիռ էներգետիկ դիվանագիտություն վարել, և այս գործում Իրանը հուսալի գործընկեր է:
Նշենք, որ չնայած պայմանագիրը ստորագրել են իրանական և շվեյցարական ընկերությունները, դրա իրականացմանն ակտիվ մասնակցություն են ունենալու Թուրքիան և Հունաստանը, որոնց տարածքներով դեպի Եվրոպա է հոսելու իրանական գազը, ինչպես նաև Իտալիան, որի հյուսիսում շվեյցարական ընկերությունը կկառուցի 2 հազար Մվտ հզորությամբ ՋԷԿ, որը և կօգտագործի իրանական գազը՝ էլեկտրաէներգիա արտադրելու և Շվեյցարիա արտահանելու համար:
Իրոք, պայմանագրի ստորագրման նշանակությունը չի կարելի թերագնահատել: Այն կարևոր է մի քանի հիմնական պատճառներով.
- Պայմանագիրն էներգետիկ երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող առաջին փաստաթուղթն է, որ Իրանը կնքել է եվրոպական երկրի հետ վերջին 30 տարիների ընթացքում:
- Թուրքիայի հետ իր հարաբերություններում Իրանը հասավ իր հիմնական նպատակին. Անկարան հրաժարվում է նախկինում իր որդեգրած դիրքից, համաձայն որի՝ իրանական կողմը թուրքական ընկերություններին պետք է էժան գնով գազ վաճառի, իսկ թուրքական ընկերությունները այն պետք է ավելի բարձր գնով վերավաճառեն եվրոպական սպառողներին: Իրանա-շվեյցարական պայմանագիրը ենթադրում է Թուրքիայի տարածքի և գազատարների օգտագործում զուտ տարանցման նպատակով, ինչը բխում է հենց Թեհրանի շահերից:
- Իրանը դառնում է բուն Եվրոպայի տարածքում նոր էներգետիկ նախագծի իրականացման մասնակից: Խոսքը Տրանսադրիատիկ նոր գազատարի կառուցման մասին է, որը Հունաստանից ծովի հատակով պետք է ձգվի մինչև Իտալիա: Հենց այս գազատարի միջոցով Իրանը հնարավորություն պետք է ստանա իր գազը հասցնել եվրոպական սպառողներին։ Այդ երկրի համար ավելի քան կարևոր է այն հանգամանքը, որ ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատարը ապրիլի սկզբին «բնական» համարեց իրանական ընկերությունների մասնակցությունն այս գազատարի կառուցման աշխատանքներին:
Ուշագրավ է այն, որ Իրանի իշխանություններն անցած տարի բանակցություններ են վարել նաև Ալբանիայի իշխանությունների հետ հնարավոր էներգետիկ համագործակցության հարցի շուրջ: Նախատեսվում է, որ Տրանսադրիատիկ գազատարի կառուցմանը զուգահեռ պետք է կառուցվի նաև մեկ այլ գազատար` Հունաստանից Ալբանիա, և դրա միջոցով իրանական գազը կարող է արտահանվել ալբանական և բալկանյան ուղղությամբ, ինչն արդեն իսկ մարտահրավեր է ռուսական «Գազպրոմի» համար, որը նպատակ ունի պահպանել մենաշնորհային դիրքերը Բալկանյան թերակղզու գազի շուկայում: Համաձայն Իրանի ԱԳՆ նախարար Մ.Մոթաքիի` արդեն 2012 թվականին Իրանը հնարավորություն կունենա մինչև Հունաստան արտամղել տարեկան մոտ 12 մլրդ մ3 գազ, որի ընդամենը մի մասը կգնի շվեյցարական Elektrizitaetsgesellschaft Laufenburg ընկերությունը, իսկ մնացած մասը կվաճառվի այլ սպառողների:
Իրանա-շվեյցարական պայմանագիրը «Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ» թևավոր խոսքի գործնական իրականացման դրսևորումներից կարելի է համարել: Արդեն 10 տարի է, ինչ սկսվել են իրանա-եվրոպական բանակցություններն էներգետիկ համագործակցության հիմնախնդիրների շուրջ, սակայն քաղաքական նկատառումները հնարավորություն և ազատություն չեն տալիս եվրոպացիներին համաձայնության գալ իրանցիների հետ: Չնայած իրանական գազի ներկրումը կենսական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, եվրոպա-իրանական համագործակցությունը մեծ մասամբ կախված է մնում իրանա-ամերիկյան հարաբերություններից: Թեև ֆրանսիական ընկերություններից շատերը, այդ թվում և նավթային «Total»-ը, իրանցիների հետ արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում են, սակայն նման օրինակները կարելի է մատների վրա հաշվել: Եվ այսպես կարող է այնքան շարունակվել, որքան կտևի ԱՄՆ-Իրան հակամարտությունը: Հենց այս տեսանկյունից իրանա-շվեյցարական պայմանագիրն այն կարևոր ձեռքբերումներից մեկն է, որը հնարավորություն է տալիս իրանցիներին աշխուժացնել եվրոպացիների հետ էներգետիկ կապերը: Նրանք, օգտագործելով շվեյցարական էլեկտրաարտադրողների հետ կնքված համաձայնագիրը, իրենք են մուտք գործում եվրոպական էներգետիկ շուկա և ինքնուրույն ճանապարհ հարթում իրենց գազը Եվրոպա հասցնելու գործում:
Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Խ.Սոլանան իրանա-շվեյցարական պայմանագիրը համարել է «երկու կողմերի ներքին գործը», ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն այն բնութագրել է որպես վտանգավոր, իսկ Շվեյցարիայում ԱՄՆ դեսպանը՝ հայտարարել, որ պետք է քննել, թե շվեյցարական ընկերության ստորագրությունը Իրանի հետ պայմանագրի տակ չի հակասում արդյոք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևերի պահանջներին: Ինչպես կարելի է նկատել, ԵՄ և ԱՄՆ մոտեցումները իրանա-շվեյցարական պայմանագրի նկատմամբ որակապես տարբերվում են:
Առնչությունը Հայաստանի հետ
Որքան էլ տարօրինակ թվա, իրանա-շվեյցարական համաձայնագիրը սերտորեն առնչվում է նաև Հայաստանին: Ստորագրելով պայմանագիրը` Իրանը ստանձնեց մի շատ կարևոր պարտավորություն, որի իրականացումը կարող է դժվարությունների հանդիպել: Իրանա-թուրքմենական սրված հարաբերությունները Թեհրանին ստիպելու են սեփական գազի պաշարների հաշվին բավարարել երկրի այն հյուսիսային նահանգների պահանջարկը, որոնք նախկինում օգտագործում էին Թուրքմենստանից ստացվող գազը: Հենց այդ պահանջարկի բավարարման արդյունքում այս ձմռանն իրանական կողմը ստիպված եղավ սահմանափակել Թուրքիային գազի մատակարարումը` չնայած առկա պայմանագրին: Լինելով գազի պաշարների ծավալով աշխարհում երկրորդ պետությունը՝ Իրանը գազն արդյունահանելու, վերամշակելու և արտահանելու զարգացած միջոցներ չունի, և այս պարագայում շվեյցարացիների հետ կնքված պայմանագիրն էլ ավելի է բարդացնելու Իրանի՝ իր գործընկերների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը: Սա, մեր կարծիքով, վերաբերում է նաև Իրան-Հայաստան գազատարին: Հնարավոր է, որ այս պահին, երբ Իրանը չի հասել գազի արտադրման բարձր ցուցանիշների, եվրոպացիներին գազ մատակարարելը կարող է ազդել Իրանի կողմից այլ ուղղություններով գազի արտահանման կայունության վրա:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]