
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն,
Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ.
Առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետության հիմնական քաղաքական և տնտեսական խնդիրներից է լինելու Մեծամորի ԱԷԿ նոր էներգաբլոկի կառուցումը։ Մոտ $5 մլրդ արժողությամբ էներգաբլոկը ՀՀ պատմության մեջ ամենաթանկ և կարևոր տնտեսական ծրագիրն է լինելու, որի նշանակությունը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական եզրերով։
Ի՞նչ է էներգետիկ անվտանգությունը
Թեև էներգետիկան կարևորագույն տեղ է զբաղեցնում համաշխարհային տնտեսական և քաղաքական հարաբերություններում, մինչ օրս չկա «էներգետիկ անվտանգություն» եզրի միասնական սահմանում՝ ի տարբերություն, ասենք, ազգային, պարենային կամ տեղեկատվական անվտանգության։ Արևմուտքում դրա՝ որպես շատ թե քիչ ընդհանրական սահմանումը տրված է ԵՄ էներգետիկային առնչվող փաստաթղթերում, ըստ որոնց՝ էներգետիկ անվտանգությունն ունի 3 հիմնական բաղկացուցիչ. անվտանգ մատակարարում (security of supply), գին և ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Ակնհայտ է, որ երեք բաղկացուցիչների համադրությունը կարող է ստեղծել էներգետիկ անվտանգության բավական կայուն համակարգ, որի գործունեությունը չի կարող խափանվել ընթացիկ քաղաքական և տնտեսական գործընթացների պատճառով։ Բայց կարո՞ղ է արդյոք էներգետիկ անվտանգության նկատմամբ նման մոտեցումը հիմք հանդիսանալ ՀՀ էներգետիկ քաղաքականության մշակման և իրականացման համար։ Տեսականորեն՝ այո, իսկ գործնականում՝ ոչ։ Խնդիրն այն է, որ էներգետիկ անվտանգության ապահովման համար կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային միջավայրը։ Եթե Եվրոպայի կամ այլ աշխարհամասի համար տարածաշրջանային փոխգործակցությունն էներգետիկ ոլորտում բնական է և հաստատուն, ապա Հայաստանի համար իրավիճակն ընդհանուր առմամբ հակառակն է։ Հայաստանի ազգային և էներգետիկ անվտանգության ներկա իրավիճակը ստեղծված է ոչ թե տարածաշրջանային փոխգործակցության, այլ տարածաշրջանային հակամարտությունների հիման վրա։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ շրջափակումը բերել է մեր էներգետիկ քաղաքականության այնպիսի իրավիճակի, երբ ՀՀ էներգետիկ հեռանկարները մատնանշելիս առաջնային ուշադրություն պետք է դարձնենք ոչ թե հնարավորությունների, այլ ռիսկերի վրա. վերջիններս առաջիններից շատ են։ Եվ այս տեսանկյունից մեզ համար էներգետիկ անվտանգության ամենակարևոր բաղադրիչն էներգակիրների կայուն և անխափան մատակարարումն է Հայաստան։ Այսինքն՝ մեր դեպքում energy security և security of supply եզրերը որոշակիորեն հոմանիշներ են։ Հենց այս իրողությունն է, որ պետք է հիմք ընդունվի ՀՀ էներգետիկ զարգացման կայունության ապահովման համար, հենց այն նույն իրողությունն է, որ պետք է ձևավորի միջուկային էներգետիկայի զարգացման անհրաժեշտությունը։
ՀՀ էներգակիրների մատակարարման մարտահրավերները
ՀՀ էներգետիկ անվտանգության հիմնական բաղադրիչը բնական գազն է, որն օգտագործվում է թե՛ էլեկտրաէներգիայի արտադրության համար, թե՛ արդյունաբերության մեջ և թե՛ քաղաքացիների կողմից սպառման նպատակներով։ Բնական գազի ներկրումը Հայաստան իրականացվում է երկու ճանապարհով, որոնց կայուն գործունեությունը վտանգված է տարածաշրջանային և միջազգային հնարավոր զարգացումներով։
Հյուսիս-Հարավ գազատարՌուսաստանից Վրաստանի տարածքով ձգվող գազատարը, որը կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակներում, վերջին 20 տարիների ընթացքում լրջորեն չի արդիականացվել։ Անցած 5 տարիների ընթացքում վրացական կառավարությունը հիմնականում ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ստացված միջոցների հաշվին այստեղ որոշակի վերականգնողական աշխատանքներ է իրականացրել, սակայն դրանք կրել են կոսմետիկ բնույթ և վերացրել են խողովակաշարի ամենավտանգված հատվածների թերությունները։ Վրացական կողմը բազմիցս հայտարարել է, որ գազատարի լիարժեք արդիականացումը պահանջում է ԱՄՆ մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ, որոնք վրացական կառավարությունը չի կարող ծախսել։ Միևնույն ժամանակ, գազատարի կայուն գործունեությամբ հետաքրքրված երկու կողմերը՝ ՀՀ-ն և ՌԴ-ն, մի շարք պատճառներով նման ներդրումներ չեն կարող իրականացնել։ Հիմնական պատճառն այն է, որ գազատարը վրացական պետության սեփականությունն է, և արտաքին ներդրումների իրականացման համար անհրաժեշտ է գազատարի գոնե չափավոր մասնավորեցում։ Սակայն այս դեպքում ակնհայտ է, որ վրացական կողմը չի վաճառի գազատարը Ռուսաստանին, իսկ հայկական հիմնական էներգետիկ ընկերությունը՝ «ՀայՌուսգազարդը», անգամ ցանկության դեպքում չի կարող գնել գազատարի չափաբաժինը, քանի որ չի տիրապետում անհրաժեշտ ֆինանսական միջոցների։ Ակնհայտ է, որ ռուսական «Գազպրոմը» զուտ տեսականորեն կարող է գազատարին տիրանալու փորձ կատարել, եթե վրացական կառավարությունը գազատարի բաժնետոմսերը վաճառի միջազգային բորսային հարթակներում։ Բայց սա միայն հնարավորություն է, որը կապված է այն բանի հետ, թե արդյոք Վրաստանը կօգտագործի բորսային հարթակները գազատարի վաճառքի համար։ Իրականում, ինչպես ցույց տվեց այն, որ Վրաստանը 2006-2007թթ. գազատրանսպորտային համակարգը վաճառեց ադրբեջանական «SOCAR»-ին, Թբիլիսին կարող է ուղղակի գործարքի մեջ մտնել հետաքրքրված կողմի հետ՝ կնքելով առք ու վաճառքի մասին պայմանագիր։ Այս պարագայում ցանկացած երրորդ կողմ անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող չափաբաժնի հավակնել։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարությունը բազմիցս հայտարարել է գազատարը գնելու ցանկության մասին, սակայն վրացական իշխանությունների հետ հայկական կողմի բանակցությունների արդյունքում գազատարի վաճառքն ադրբեջանական կողմին կասեցվել է։ Բայց սա կարելի է համարել միայն ժամանակավոր հաջողություն, որը կարող է խարխլվել երկու հիմնական պատճառով։ Առաջին՝ Վրաստանը քաղաքական վերափոխումների ակտիվ շրջան է ապրում. դրա և նախագահի պաշտոնից Մ.Սահակաշվիլու հեռանալու արդյունքում իշխանության կարող են գալ նոր ուժեր, որոնց տարածաշրջանային ռեալ քաղաքականության ուղղությունները կանխատեսել կարելի է միայն պայմանականորեն։ Հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում կունենա վրացական պետական գործիչների հաջորդ սերունդն Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունների առնչությամբ։ Երկրորդ՝ որքան էլ ցավալի է նշել, բայց ներկայումս Ադրբեջանը Վրաստանի հիմնական տնտեսական և քաղաքական գործընկերն է, և այս գործընկերությունն ավելի է խորանալու՝ հաշվի առնելով այն, որ առաջիկա տարիներին Ադրբեջանը դառնալու է Արևմուտք բնական գազի խոշոր արտահանող (տարեկան մոտ 25 մլրդ մ3), և արտահանման միակ ճանապարհն անցնելու է Վրաստանով։ Վրաստանի տնտեսական կախվածությունն ադրբեջանական բնական գազի արտահանման ռենտայից և Վրաստանի համար հաստատված հատուկ ցածր գնից՝ խորանալու է, ինչը կարող է Բաքվին հնարավորություն տալ տիրանալու Հյուսիս-Հարավ գազատարին, ինչի արդյունքում Բաքուն Հայաստանի վրա ազդելու նոր լուրջ լծակ ձեռք կբերի։
Վերը նշվածը հաշվի առնելով՝ պետք է նշել, որ Հյուսիս-Հարավ գազատարի հետագա ճակատագիրը կանխատեսել հնարավոր չէ, և այս հանգամանքը բնական գազի ներմուծումը Հայաստան Վրաստանի տարածքով դարձնում է ռիսկային ու երկարաժամկետ կտրվածքով առնվազն անկայուն։
Իրան-Հայաստան գազատարԻրան-Հայաստան գազատարն անկախությունից հետո ՀՀ-ի կողմից իրականացված ամենակարևոր տնտեսական նախագիծն է, որը բնական գազի ներկրման իրական այլընտրանք է ստեղծել։ Սակայն գազատարի կառուցման ժամանակ տարածաշրջանային իրադրությունն այլ էր, քան այսօր. չնայած մերթ ընդ մերթ ակտիվացող իրանա-ամերիկյան հակասություններին, երկու պետությունների միջև իրական ռազմական բախման մասին խոսակցությունները հիմնականում քարոզչական բնույթ էին կրում։ Այսօր իրավիճակն այլ է. ակնհայտ է, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգներն այսօր էլ ավելի են մոտենում Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու որոշման ընդունմանը, ինչն ավելի իրատեսական կդառնա տարածաշրջանում Իրանի հիմնական դաշնակից Սիրիայի իշխանությունների հնարավոր տապալումից հետո։ Պետք է նշել մի կարևոր հանգամանք, որին ուշադրություն չի դարձվում. ռազմական հարվածն Իրանին իրականացվելու է ոչ միայն միջուկային օբյեկտների, այլ նաև ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ, որը սփռված է ողջ պետության տարածքով, այդ թվում նաև ՀՀ տարածքին հարող հյուսիսարևմտյան Իրանում։ Իսկ Իրանի հնարավոր հակահարվածը կարող է հանգեցնել իսրայելա-ամերիկյան ուժերի կողմից Իրանի տնտեսական խոշոր ենթակառուցվածքների ոչնչացմանը։ Խոսքն, առաջին հերթին, նավթագազահորերի և խողովակաշարերի մասին է, որոնք ապահովում են հումքի արդյունահանումն ու արտահանումը և կազմում են իրանական տնտեսության հիմքը։ Սա կարող է կտրուկ բարդացնել սոցիալ-տնտեսական իրավիճակն Իրանում և իշխանափոխության հիմք ստեղծելու կամ էլ Իրանի վերականգնումը կասեցնելու նպատակ ունենալ։ Հայաստանի համար, բացի բազմաթիվ այլ բացասական հետևանքներից, նման սցենարի զարգացումը ենթադրում է Իրան-Հայաստան գազատարի գործունեության առնվազն կասեցում, ինչի արդյունքում ՀՀ-ն կարող է զրկվել բնական գազի ներկրման երկրորդ աղբյուրից։
Իհարկե, դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ կհամընկնեն Հյուսիս-Հարավ և Իրան-Հայաստան գազատարների գործունեության կասեցումները, բայց դրա (թեկուզև տեսական) հնարավորությունը կա։
Միջուկային էներգետիկան
Մեր խորին համոզմամբ՝ հենց վերը նշված մարտահրավերներն են, որ պետք է դրվեն Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացման հիմքում։ Մնացած բոլոր գործոնները՝ միջուկային էներգետիկայի զարգացման գինը, նոր էներգաբլոկի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի բարձր արժեքը և միջուկային կայանի ռիսկայնությունը, ունեն թեև կարևոր, սակայն երկրորդային նշանակություն։ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության համակարգը ձևավորվել և գոյատևում է եվրոպականից տարբերվող տարածաշրջանային իրավիճակում, որն էլ հենց ձևավորում է այդ քաղաքականությունը։
Ակնհայտ է, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը բավական երկար գործընթաց է։ Տեսականորեն հնարավոր է, որ կայանի կառուցումը չստանա համապատասխան ֆինանսավորում, քանի որ ներդրումային ու տնտեսական առումով նախագիծը շահութաբեր չէ։ Սակայն հաշվի առնելով բնական գազի ներկրման հետ կապված ռիսկայնությունը՝ միջուկային կայանի առկայությունը Հայաստանում անհրաժեշտ է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել տարածաշրջանային իրադրությունը կամ՝ քանի դեռ ՀՀ-ն այլընտրանքային էներգետիկայի տեսակարար կշիռն ընդհանուր էներգետիկ համակարգում չի հասցրել պետության նվազագույն պահանջների բավարարման մակարդակին։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]