ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Կաշագանյան հանքավայր: Առանձին անդրադարձը Ղազախստանի ափամերձ շրջանում հայտնաբերված, այսպես կոչված, Կաշագանյան հանքավայրին, ոչ այնքան նպատակաուղղված է ցույց տալու, թե ինչքան մեծ է այս հանքավայրը, այլ նկարագրելու նավթի արդյունահանման այն կենտրոնը, որը հետագայում որոշակի քաղաքական ազդեցություն կունենա` կարևորելով տարածաշրջանը որպես նավթային կենտրոն և առանցքային դեր կատարելով թե´ Բաքու-Ջեյհան և թե´ մյուս նավթամուղների կառուցման գործում:
Հետազոտությունները Ղազախստանի ափամերձ շրջաններում սկսվեցին 1997թ., երբ արտասահմանյան նավթային մի շարք ընկերություններ կնքեցին նոր կոնսորցիումի ստեղծման պայմանագիր (ընկերությունը սկզբում կոչվում էր OKIOC, սակայն ավելի ուշ վերանվանվեց Agip KCO)1: Այս ընկերությունը Ղազախստանի կառավարությունից լիցենզիա ստացավ, որը նրան իրավունք տվեց 40 տարվա ընթացքում հետազոտություններ կատարել և շահագործել հեռանկարային համարվող մի քանի շրջաններ: Agip KCO կոնսորցիումի մեջ մտնում են համաշխարհային նավթային հսկաներ Total, ExxonMobil և Shell ընկերությունները, որոնց են պատկանում ընկերության ամենամեծ փայաբաժինները` 18.52-ական տոկոս: Իրենց փայաբաժիններն ունեն նաև ConocoPhillips (9.26%), Inpex (8.33%) և Կազմունայգազ (8.33%)` ղազախական պետական նավթային ընկերությունները: Առաջին իսկ նախնական հետազոտական հորատումները ցույց տվեցին, որ հայտնաբերվել է վերջին մի քանի տասնամյակների ամենախոշոր նավթահանքը: Ըստ Agip KCO կոնսորցիումի պաշտոնական հաղորդագրության` նավթահորի ծավալը կազմում է 7-9 մլրդ բարել, կամ մոտավորապես 0.96-1.23 մլրդ տոննա նավթ: Ենթադրվող պաշարները, ըստ կոնսորցիումի, կազմում են մոտ 36 մլրդ բարել նավթ, ինչը կազմում է 4.92 մլրդ տոննա: Ղազախ երկրաբանները մի փոքր այլ տվյալներ են հաղորդում. ըստ նրանց` Կաշագանի պաշարներն ավելի քիչ են` 21.6-23.4 մլրդ բարել (2.95-3.21 մլրդ տոննա): Կաշագանի նավթահանքի հայտնաբերումը Ղազախստանի համար կարևորագույն քաղաքական նշանակություն ունեցավ. որպես նավթով հարուստ երկիր այն հայտնվեց տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության կենտրոնում: Եվ եթե մինչ այդ Բաքու-Ջեյհանին տնտեսական գրավչություն տալու համար մտածում էին Թուրքմենստանին ներգրավել այս ծրագրում, ապա արդեն պարզ էր, որ կենտրոնական դերը նախատեսված էր Ղազախստանի համար: Աստանան շահագրգռված է նավթահանքի շուտափույթ շահագործմամբ, քանի որ այն ոչ միայն առաջ կմղի նրան որպես տարածաշրջանային նավթային երկրի, այլ նաև կարևորագույն հաղթաթուղթ կհանդիսանա Նազարբաևի համար Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ վարած իր բազմաշավիղ քաղաքականության մեջ: Ինչևէ, Կաշագանյան առաջին նավթի արդյունահանումը նախատեսված էր 2008թ., և սպասվում է, որ կարդյունահանվի տարեկան 7.5 մլն տոննա նավթ, մոտավորապես 2.2 մլրդ խմ գազ (ըստ վերջին տվյալների՝ Կաշագանի շահագործման սկիզբը հետաձգվել է մինչև 2010թ.): Նախատեսվում է, որ շահագործման իր հզորությանը, տարեկան 22.5 մլն տոննա նավթ և տարեկան 4.4 մլրդ խմ գազ, այն կհասնի 2016թ.: Նախատեսվում է նաև, որ ընդհանուր առմամբ Կաշագանի նավթային շրջանում Agip KCO-ի կողմից կներդրվի 30 մլրդ դոլար գումար: Սպասվում է, որ Ղազախստանը 2015թ. նավթի արդյունահանման ծավալը կհասցնի օրական 3 միլիոն տոննայի, ինչը մի փոքր է զիջում Ռուսաստանի արտահանման հզորություններին: Օրինակ, 2005թ. Ռուսաստանն օրական արտահանել է մոտ 4 մլն բարել նավթ: Կաշագան նավթադաշտի շահագործման օրինական իրավունք ունեցող Agip KCO-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, 40 տարիների ընթացքում 60 մլրդ դոլարի եկամուտ է ակնկալվում:
Այսպիսով, կարող ենք ասել, որ Ղազախստանի նավթի ու գազի պաշարները ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական կշիռ են տալիս այդ երկրին` հատկապես կարևորելով նրա դերը տարածաշրջանի նկատմամբ նկրտումներ ունեցող Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի քաղաքականության համար: Ղազախական նավթով շահագրգռված է նաև Եվրոպան, որը Ղազախստանի նավթի սպառման հիմնական շուկան է: Ղազախստանի էներգետիկ պաշարների նկատմամբ լուրջ հետաքրքրություն ունի նաև Չինաստանը, որը համառորեն շարունակում է ուժեղացնել դիրքերը տարածաշրջանում: Հասկանալի է, որ Ռուսաստանը ևս չի կարող հետ մնալ այս գործընթացներից` ցանկանալով վերահսկել տարածաշրջանում ընթացող գործընթացները և հատկապես էներգակիրների շուրջ ընթացող զարգացումները: Եվ այս պայմաններում պաշտոնական Աստանայի համար Կաշագանի նավթահանքի հայտնաբերումն իսկական նվեր էր, որը Նազարբաևին հնարավորություն է տալիս կարևորել Ղազախստանի դերակատարումը տարածաշրջանում և հատկապես Կասպից ծովի ավազանով շահագրգիռ ԱՄՆ-ի համար: Այս նավթահանքը նաև Նազարբաևների կլանի պահպանման կարևոր գրավականն է և միաժամանակ «հուշում» է, որ ակնկալել, թե Ղազախստանը կդառնա ժողովրդավարական երկիր, անիմաստ է:
Գազի պաշարները Կասպից ծովի ափամերձ երկրներում: Ադրբեջանի համար ամենահաջող` այսպես կոչված, դարի պայմանագրից հետո երկրորդը, թերևս, Շահդենիզ հանքավայրի շահագործման պայմանագիրն էր: Հիշեցնենք, որ այստեղ հայտնաբերվեց մոտ 1 տրլն խմ գազ2: Ասենք, որ այս հանքավայրի գոյության մասին հայտնի էր, թերևս, դեռ ԽՍՀՄ տարիներին, սակայն իրական հետախուզում և շահագործում սկսվեց միայն 90-ական թվականների երկրորդ կեսին: Այս հանքավայրը կարևոր նշանակություն ունի Բաքու-Էրզրում գազամուղի կառուցման գործում, որն, ըստ նրա հեղինակների, պետք է հետագայում դառնար ոչ միայն և ոչ այնքան ադրբեջանական գազի առաքման հիմնական խողովակաշար, որքան միջինասիական երկրների` Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի գազի առաքման հիմնական ուղին: Ըստ ամերիկյան աղբյուրների` Ադրբեջանում գազի ապացուցված պաշարները կազմում են մոտ (30 Tcf) 1.07 տրլն խմ, Ղազախստանինը` մոտ 2.321, Թուրքմենստանինը` 2.535, իսկ Ուզբեկստանինը` 2.364 տրլն խմ3: Ինչևէ, 90-ական թթ. առաջին կեսին այս երկրներում, բացառությամբ Թուրքմենստանի, գազի արդյունահանումը և շահագործումը բավական ցածր մակարդակի վրա էր գտնվում, ինչը նույնիսկ չէր բավարարում սեփական կարիքները հոգալու համար: Այսպես, 1992թ. Ադրբեջանն արդյունահանում էր ընդամենը 1 մլրդ խմ գազ, Ղազախստանը` 1.10 մլրդ, Ուզբեկստանը և Թուրքմենստանը` համապատասխանաբար 5.30 և 7.20 մլրդ խմ: Այսինքն, եթե այս թվերը համեմատենք ԽՍՀՄ տարիներին գազի արդյունահանման հետ, կտեսնենք, որ նորանկախ պետություններում գազի արդյունահանման լուրջ անկում էր գրանցվել, որը դեռ որոշ ժամանակ շարունակվեց: Դրա պատճառներից մեկը ոչ միայն գազի արդյունահանման, այլ նաև առաքման խնդիրն էր:
Ռուսական գազի մենաշնորհատեր «Գազպրոմ» ընկերությունը, որն ամբողջովին վերահսկում էր գազի խողովակները, 90-ական թթ. թույլ չէր տալիս կասպյան և միջինասիական գազի մեծաքանակ առաքումը, ինչը նրան տնտեսապես ձեռնտու չէր գազի ցածր գների պայմաններում, իսկ այդ տարածաշրջաններից գազի առաքման բոլոր ուղիներն անցնում էին Ռուսաստանի տարածքով: Այս քաղաքականության արդյունքում, գազի արտահանումը տարածաշրջանի թիվ 1 գազ արտադրող երկրից` Թուրքմենստանից նվազեց 5 անգամ՝ 1998թ. կազմելով ընդամենը 1.664 մլրդ խմ: Միայն 1999թ. գազի և ընդհանրապես էներգակիրների գների բարձրացման պայմաններում Ռուսաստանը և Թուրքմենստանը ստորագրեցին նոր պայմանագիր, որով Աշգաբադը կարողացավ արտահանման հզորությունները հասցնել 20.8 մլրդ խմ-ի, 2000թ. այս թիվը հասավ արդեն տարեկան 50.9 մլրդ խմ4 (ներկայումս Թուրքմենստանը «Գազպրոմին» տարեկան վաճառում է 50 մլրդ խմ գազ ու, չնայած խոստումներին, չի կարողանում այս ծավալն ընդլայնել)5: Ինչևէ, ռուսական գազի մենաշնորհի դեմ պայքարելու համար հենց այդ տարիներին ամերիկացիներն առաջ քաշեցին գազի այլընտրանքային խողովակաշարի, այսպես կոչված, Անդրկասպյան գազամուղի կառուցման հարցը, որը հետագայում լուրջ խաղաքարտ դարձավ ԱՄՆ-ի ձեռքին տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար: Թուրքմենստանից հետո տարածաշրջանում նավթով հարուստ հաջորդ երկիրն Ուզբեկստանն էր, որը նույնպես լուրջ խնդիրներ ուներ գազի արդյունահանման և արտահանման հարցում: 1992-ից մինչև 2000թ. Ուզբեկստանին հաջողվեց ավելացնել գազի արդյունահանման ծավալները` տարեկան հասցնելով մոտ 7 մլրդ խմ-ի (ներկայումս Ուզբեկստանը գազի արտահանման ծավալներով անցել է Թուրքմենստանին և «Գազպրոմին» տարեկան առաքում է մոտ 70 մլրդ խմ գազ): 90-ական թթ. պաշտոնական Տաշքենդը, ցանկանալով նվազեցնել կախվածությունը ռուսական գազամուղներից, սահմանափակում է իր գազի արտահանումը Ռուսաստանի տարածքով` փորձելով այն կոմպենսացնել տարածաշրջանի երկրներին էներգակիրների մատակարարմամբ: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Կենտրոնական Ասիայում գազի նոր շուկա ստեղծելու Տաշքենդի փորձերը դատապարտված էին ձախողման` տարածաշրջանի երկրների բնակչության աղքատության և ցածր վճարունակության պատճառով:
Թե´ Խորհրդային Միության տարիներին և թե´ 90-ական թթ. Ադրբեջանը շատ չնչին քանակությամբ գազ էր արդյունահանում և, հետևաբար, ստիպված էր այն ներմուծել Ռուսաստանից, Թուրքմենստանից և Իրանից: 1999թ., երբ հաստատվեց, որ Շահդենիզում գազի հսկայական պաշարներ կան, Ադրբեջանն արդյունահանում էր ընդամենը 750 մլն խմ գազ, ինչը մոտ 25 տոկոսով ավելի պակաս էր, քան 1992թ.: Ինչևէ, 1999թ. հաստատվեց, որ Շահդենիզում կա մոտ 1 տրլն խմ գազ. այն 1978-ից սկսած` աշխարհում գազի հայտնաբերված ամենամեծ հանքավայրն էր6: Այս հանքավայրի հայտնաբերումն էականորեն փոխեց Ադրբեջանի դիրքը տարածաշրջանում, և հասկանալի էր, որ վերջինս գազ ներկրող երկրից վերածվում էր գազ արտահանող երկրի: Հենց այս շրջանում էր նաև, որ ակտիվացան խոսակցությունները Կասպից ծովի ընդերքով նոր գազամուղի կառուցման մասին: Այս ծրագիրն իր ձևի մեջ պետք է լիներ Բաքու-Ջեյհանի կրկնությունը և հետապնդեր քաղաքական նույն նպատակները` թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում` թուլացնելով Կասպից ծովի ավազանի երկրների էներգակիրների արտահանման նկատմամբ ռուսական խողովակաշարերի մենաշնորհը:
1Морские и нефтегазовые проекты №1/2006 ГЕОГРАФИЯ БИЗНЕСА: Каспий www.mnpglobal.com/journal/2006_1/9
2Нефть Баку, Апрель 12,2007 www.bakunews.info/news/1921.html
3Energy Information Administration. Caspian Sea Region: Survey of Key Oil and Gas Statistics and Forecasts July 2006 www.eia.doe.gov
4Energy Information Administration. Caspian Sea Region. February 2002. www.eia.doe.gov/emeu/cabs/caspian2.html
5ИА REGNUM Новости. Кратчайший путь из Туркмении в Европу лежит через территорию России. www.regnum.ru/news/1027388.html 14.07.2008.
6Energy Information Administration. Caspian Sea Region. February 2002. www.eia.doe.gov/emeu/cabs/caspian2.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]