
«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ»,- «ԳԱ»-ի հետ հարցազրույցում ասում է «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆԸ
- Պրն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի էներգետիկ անվտանգության վիճակը։ Ո՞րն է «ՀայՌուսգազարդի» դերը դրա ապահովման գործում։
- Էներգետիկ անվտանգությունը՝ որպես Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս, առհասարակ, մշտական և սևեռուն ուշադրություն է պահանջում։ Ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությունների բարձր դինամիզմը մեր տարածաշրջանում և աշխարհում, անկայունության աճն էներգակիրներ արտահանող պետություններում հարկադրում են հարցին շատ լուրջ մոտենալ։ Ներկայում ազգային անվտանգության այս ուղղությանն ուղղված անմիջական սպառնալիքներ չկան։ Այնուամենայնիվ, արվում է հնարավոր ամեն բան ինչպես Հայաստան էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացման, այնպես էլ ատոմային և հիդրոէներգետիկայի զարգացման համար, որոնք ամենաքիչն են ենթարկվում արտաքին տնտեսական ու ռազմաքաղաքական ռիսկերի ազդեցությանը։ Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումներն իրականացվում են Վրաստանի տարածքով, և «ՀայՌուսգազարդը» գտել է մեխանիզմներ, որոնք ապահովում են խողովակաշարի աշխատանքի կայունությունը՝ անկախ տարածաշրջանի քաղաքական կոնյունկտուրայից։
- Իսկ ի՞նչ դեր է խաղում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի տնտեսական զարգացման ապահովման գործում։
- «ՀայՌուսգազարդի» դերն, անկասկած, խիստ զգալի է, քանի որ ընկերությունն ապահովում է դեպի Հայաստան ամենակարևոր տնտեսական ռեսուրսի մատակարարումը, առանց որի չի գործի ոչ տնտեսական, ոչ էներգետիկ համակարգը։ Հայաստանի արդյունաբերության և բնակչության բնական գազի կարիքը բավարարելու համար 2011թ. Ռուսաստանից դրա մատակարարման ծավալն ավելացել է 11,73%-ով և կազմել 1,6 մլրդ մ3։ Միայն վերջին մի քանի տարիներին ընկերության ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են ավելի քան $820 մլն, որի մոտ 450 մլն-ն ներդրվել է Հրազդանի ՋԷԿ 5-րդ էներգաբլոկի կառուցման համար։
Բացի այդ, «ՀայՌուսգազարդն» ամենախոշոր ինստիտուցիոնալ ընկերությունն է Հայաստանում, որը մեր երկրում աշխատանքի երկար տարիների ընթացքում իրեն դրսևորել է ոչ միայն որպես բնական գազի հուսալի մատակարար, այլ նաև խոշոր գործատու. «ՀայՌուսգազարդն» աշխատանքով ապահովում է մոտ 7 հազ. մարդու։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այն նաև խոշոր հարկատու է։ Միայն 2012թ. առաջին եռամսյակում ընկերությունը ՀՀ բյուջե է փոխանցել 12 մլրդ դրամ։ Թեև «ՀայՌուսգազարդը», ըստ էության, բնական մոնոպոլիա է, այն Հայաստանում և տարածաշրջանում ամենաթափանցիկ ընկերություններից մեկի կարգավիճակն ունի։
- Ինչպիսի՞ն են գազի գների աճի համաշխարհային միտումները վերջնական սպառողի համար։
- Գների աճ այսօր հիմնականում նկատվում է այն երկրներում, որոնք կամ սուբսիդավորել են գազի գները վերջնական սպառողի համար, կամ, բնական գազի զգալի պաշարներ ունենալով, այն վաճառել են ներքին շուկայում ոչշուկայական գներով։ Օրինակ, 2012թ. հուլիսի 1-ից «Գազպրոմը»՝ աշխարհում բնական գազի ամենախոշոր արտադրողը, ներքին՝ ռուսական շուկայում 15%-ով բարձրացրել է գինը։ Այս միտումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ ներքին գները չեն մոտենա համաշխարհայինին, հասկանալի է՝ հանած տրանսպորտային և այլ ծախսերը։
Ընդհանուր առմամբ, տեղի է ունենում Ռուսաստանի և նրա էներգակիրներն սպառող բոլոր պետությունների հարաբերությունների փոխարինում շուկայական փոխհարաբերություններով։ Չնայած այն բանին, որ այս հարցում չարժե սպասել այսպես կոչված շոկային թերապիայի կիրառման, եվրոպական սպառողների և ԱՊՀ երկրների, նշանակում է՝ նաև Հայաստանի համար հենց գազի գների հավասարեցման տեմպերն են որոշելու սակագների աճի դինամիկան։
Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այնտեղ ամեն բան հասկանալի է. գազի գներն այնտեղ միշտ շուկայական են եղել, ուստի գների զգալի տատանումներ եվրոպական շուկայում չկան։ Եվրոպայում 1000 մ3 բնական գազը ֆիզիկական անձանց համար միջինն արժե մոտ 550 եվրո, այսինքն՝ մոտ 280.000 դրամ։ Ինչպես տեսնում եք, հայկական գինը՝ 132.000 դրամ, հեռու է եվրոպականից, բայց մենք պետք է պատրաստվենք այն բանին, որ այդ մակարդակին այն չի մնա և դանդաղ, բայց կայուն կերպով կբարձրանա։
- Իսկ իրանական գազն ավելի էժա՞ն է ռուսականից։
- Շատ հետաքրքիր, թեև բարդ հարց է։ Կապված է այն բանի հետ, թե ինչպես ենք մենք գնահատում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժ-ի արժեքը։ Ինչպես գիտեք, իրանական գազի համար մենք վճարում ենք էլեկտրաէներգիայով՝ 1մ3 գազի դիմաց՝ 3 կվտ/ժ էլեկտրականություն։ Եվ այստեղ հարց է ծագում. ի՞նչ արժե 1 կվտ/ժ էլեկտրաէներգիան Հայաստանում։ Իսկ այն խիստ տարբեր արժեքներ ունի։ Օրինակ, Որոտանի ՀԷԿ-ում և Մեծամորի ԱԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան շատ էժան է, քանի որ այդ հզորությունները Հայաստանին բաժին են մնացել ԽՍՀՄ-ից և կառուցվել են խորհրդային բյուջեի հաշվին։Դրանք ներդրումների վերադարձման հետ կապված խնդիրներ չունեն։ Ինչ վերաբերում է նոր հզորություններին, ապա այստեղ պատկերը միանգամայն այլ է։ Փոքր հէկերը, նոր ջերմաէներգետիկ հզորությունները ստեղծվում են ի հաշիվ ներդրումների, որոնք անհրաժեշտ է վերադարձնել, բացի այդ, հարկավոր է նաև շահույթ ապահովել ներդրողի համար։ Այսինքն՝ նոր կայաններում արտադրված էլեկտրաէներգիան շատ ավելի թանկ է հներում արտադրվածից։ Հաշվի առնելով այն, որ հին հզորությունները վաղ թե ուշ պետք է շարքից դուրս բերվեն, կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի արժեքը Հայաստանում կբարձրանա, նշանակում է՝ կբարձրանա նաև իրանական գազի արժեքը, որի համար մենք հենց էլեկտրաէներգիայով ենք վճարում։
- Ինչպե՞ս կանդրադառնա գազի գների բարձրացումը Հայաստանի և վերջնական սպառողի վրա։
- Մենք, անշուշտ, դա կզգանք։ Բայց թե որքան՝ դժվար է ասել, քանի որ դա կախված է ոչ այնքան գազի գներից, որքան ակտիվ սոցիալական քաղաքականությունում պետության հնարավորություններից, ինչպես նաև Հայաստանի սոցիալ-տնեսական իրավիճակից։ Ինչպես գիտեք, սահմանվել են տարբերակված սակագներ արդյունաբերական սպառողների և բնակիչների համար։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունն արդեն մոտ 2 տարի սուբսիդավորում է գազի արժեքը բնակչության չունևոր խավերի համար։
Դրա հետ մեկտեղ, նաև դոլարի փոխարժեքն է ազդում գազի սակագների վրա։ Հայաստանը Ռուսաստանին գազի համար վճարում է դոլարով, իսկ բնակչությանը վաճառում է, բնականաբար, դրամով։ Այնպես որ, դոլարի փոխարժեքի տատանումներն այսօր արդեն պայմաններ են ստեղծել սակագնի բարձրացման համար՝ անկախ այն բանից, թե որքանով կբարձրանա ռուսական գազի գինը։ Սակայն վերջնարդյունքում ամեն ինչ կախված է երկրում ընդհանուր տնտեսական իրավիճակի բարելավումից։ Բնակչությունն այն ժամանակ կդադարի զգալ գազի արժեքը, երբ սկսի ավելի շատ վաստակել։
- Դուք ասացիք, որ կա էներգակիրների համաշխարհային գների աճի հստակ և կայուն միտում։ Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս իրավիճակում։
- Գազի գների աճը Հայաստանի համար, անկասկած, պետք է հանգեցնի հայկական տնտեսության էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի։ Այն 10 տարիների ընթացքում, երբ գազի գինը Հայաստանի համար ցածր էր, հայկական բիզնեսը գրեթե ոչինչ չի արել էներգակիրների ծախսերը նվազեցնելու համար։ Հայկական շատ ձեռնարկություններ, եթե ոչ դրանց մեծամասնությունը, էներգետիկ առումով արդյունավետ չեն։ Օրինակ, ջերմոցային տնտեսությունները։ Դուք միայն մտածեք. Թուրքիայում, որտեղ գազի գինն ավելի բարձր է, քան Հայաստանում, ջերմոցային տնտեսություններն արտադրում են գյուղատնտեսական արտադրանք, որը ներկրում են Հայաստան, վճարում ոչ քիչ փողեր տրանսպորտի համար՝ գումարած մաքսային ծախսերը։ Բայց այդ արտադրանքն ավելի էժան է վաճառվում, քան հայկական տնտեսություններում արտադրվածը, ընդ որում՝ թուրքերը հաջողացնում են շահույթ ստանալ։ Թուրքիայում մասամբ սուբսիդավորվում է գյուղատնտեսական արտադրանքը, բայց բանն այլ է։ Թուրքական ջերմոցային տնտեսություններն ավելի քիչ գազ ու էլեկտրականություն են ծախսում միավոր արտադրանքի արտադրման համար, քան հայկականները։ Ուստի, որպեսզի հայկական ջերմոցային տնտեսությունները դիմանան գազի գների բարձրացմանը, պետք է արդիականացվեն՝ էլ ավելի մեծ էներգաարդյունավետության նպատակով։ Ես բերեցի ջերմոցային տնտեսության օրինակը, բայց իրավիճակը նույնն է գրեթե բոլոր ոլորտներում։
Եվ իհարկե, Հայաստանը պետք է զարգացնի էներգիայի այլընտրանքային աղբյուրները, որոնց տակ մեզ մոտ, չգիտես ինչու, հասկանում են բացառապես փոքր հիդրոէներգետիկան, որի արդյունավետությունը ցածր է և հաճախ բացասաբար է ազդում փխրուն էկոհամակարգի վրա։ Բայց չէ՞ որ այլ հնարավորություններ էլ կան...
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԻՐԱՆ. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁ[30.06.2015]
- ՎՈՒԱՄ-Ը ՎԵՐԱԾՆՎՈ՞ՒՄ Է[01.09.2014]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ. «ՀԱՆՈՒՆ ՍՐՏԵՐԻ ԵՎ ՄՏՔԵՐԻ» ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ[20.03.2014]
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 2013Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ[22.12.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ[17.09.2013]
- ԹՈՒՐՔԻԱ. ԱՇԽԱՐՀԻԿ ԿԱՐԳԻ ՀՈԳԵՎԱՐՔ[31.07.2013]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ (ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[03.06.2013]
- ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ[25.02.2013]
- ՎՐԱՍՏԱՆ. ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՓՈՐՁ ՆԵՂ ԿԱԾԱՆՈՒՄ[14.01.2013]
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[02.08.2012]