• am
  • ru
  • en
Версия для печати
17.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

EnglishРуский

   

Սերգեյ Սարգսյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը, դիվանագիտորեն և վերամբարձ ոճով հայտարարելով այն մասին, թե հակասություններ չկան Եվրոպական և Մաքսային միություններին Հայաստանի ինտեգրման գործընթացներում, այնուամենայնիվ, հասկանալ են տալիս, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման և Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներում կարող են լինել և, ամենայն հավանականությամբ, կան (ընդ որում՝ ո՛չ մեկ հատ) անհաղթահարելի հակասություններ, որոնք փաստորեն ՀՀ-ին և ԼՂՀ-ին կանգնեցնում են հայկական հանրապետությունների համար վճռորոշ ընտրություն կատարելու առջև։

Իսկապես, հարցը պաշտոնապես դրված չէ «կամ-կամ» տարբերակով, բայց արմատական խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի իր ինտեգրման հիմնական վեկտորի հարցում, այն դեպքում, երբ քաղաքական և, առաջին հերթին, տնտեսական համագործակցության հավելյալ վեկտորը ձևավորվելու է արդեն մնացորդային սկզբունքով։

Միևնույն ժամանակ, այժմ, թերևս, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ Մոսկվան և Երևանն այնքան էլ չեն հասկանում Հայաստանի ինտեգրացիոն մտադրությունների անգամ փոխադարձ արձագանքը։ Դա, մեր կարծիքով, պայմանավորված է երկու կարևոր տարակարծությամբ։

Առաջին. ներկայում գրեթե անհնար է 1990-ականների և 2000-ական թթ. սկզբի իրավիճակի կրկնությունը, երբ Հայաստանի ռազմական անվտանգությունն ապահովում էր Ռուսաստանը, իսկ տնտեսական և քաղաքական ոլորտներում խիստ բարձր էր Արևմուտքի դերը։ Փոխվել է ինչպես այդ երկրների և ուժի կենտրոնների տնտեսական և քաղաքական իրավիճակը, այնպես էլ ինքը՝ Ռուսաստանը, նրա քաղաքական կշիռը. Մոսկվան այժմ դաշնակցային հարաբերություններն ընկալում է սոսկ իբրև միասնական ռազմաքաղաքական և տնտեսական համալիր։

Երկրորդ. Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը դիտարկում է որպես իր կոմպլեմենտար արտաքին քաղաքականության ամրապնդմանն ուղղված հերթական քայլ, իսկ Մոսկվան նույնպես դա քայլ է համարում, բայց արված սահասանդուղքի առաջին աստիճանին, որին կանգնելով՝ Երևանն արդեն «հետ դառնալու» քիչ հնարավորություններ կունենա, և Հայաստանն անխուսափելիորեն կհայտնվի Եվրամիության դաշնակցի ու գործընկերոջ իրավիճակում։ Այսինքն, եթե Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդն էլ չէ, ապա գոնե մրցակիցն է դառնալու, ինչ էլ ասելու լինեն դիվանագետներն ու քաղաքական գործիչները։

Ուստի, Ռուսաստանը, տեսնելով, թե ինչպես է աշխուժանում եվրոպամետ շեշտադրումը Հայաստանի փորձագիտական հանրության եթե մեծամասնության մեջ էլ չէ, ապա գոնե նրա ակտիվ մեդիա-ներկայացուցիչների տրամադրություններում, խիստ աշխուժացրել է իր քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ միանգամից մի քանի ուղղություններով։ Ռուսաստանը մասնավորապես՝

• ավելի եռանդուն է դարձրել իրագործման տարբեր փուլերում գտնվող համատեղ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական նախագծերի ուղղությամբ վարվող բանակցությունները,

• Ադրբեջանի Զինված ուժերին մատակարարել է հարձակողական ծանր սպառազինություն մոտ $1 մլրդ-ի չափով, որի մասին տեղեկացվել է ս.թ. հունիսին։ Սա, մի կողմից, նշանակում է իր հարաբերությունների մակնիշավորման գործընթաց ոչ միայն Բաքվի, այլև տարածաշրջանում իր ռազմաքաղաքական դաշնակից Երևանի հետ, մյուս կողմից՝ ուժեղացնում է Հայաստանի կախվածությունը ՌԴ ռազմատեխնիկական, առավել ևս՝ ռազմաքաղաքական աջակցությունից հայ-ադրբեջանական դիմակայության մեջ։

Ռուսաստանն ամենևին էլ միակ երկիրը չէ (բայց հիմնականներից մեկն է), որ զենք է մատակարարում Հայաստանին և Ադրբեջանին։ Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (խումբ, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով և կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը) համանախագահ երկրի կողմից մեծ խմբաքանակով զենքի վաճառքի փաստը բոլոր ցանկացողներին դիվանագիտական, և ոչ միայն, մտավարժանքներ անելու լայն հնարավորություն է տալիս, բայց իրավիճակը դրանից չի փոխվում. տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը վաղուց է սկսվել։ Եվ Ադրբեջանին ուժեղացված կերպով զինել ու շարունակում է զինել ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Թուրքիան, որն, ի դեպ, նույնպես այդ նույն ԵԱՀԿ ՄԽ անդամ է։

Բայց այս դեպքում Ռուսաստանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամն է զենք մատակարարում Հայաստանին, որը նույնպես մտնում է ՀԱՊԿ-ի մեջ, և Ադրբեջանին, որն այդ կազմակերպության անդամ չէ և պատերազմի մեջ է գտնվում Հայաստանի հետ։ Իհարկե, համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-ի՝ «մասնակից պետությունները խորհրդակցելու են միմյանց հետ միջազգային անվտանգության՝ իրենց շահերին առնչվող բոլոր կարևոր հարցերի շուրջ և համաձայնեցնելու են այդ հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները», ոչ ավելին։

Որպես համաշխարհային փորձի նման օրինակներ կարելի է նշել սպառազինության և ռազմական տեխնիկայի վաճառքը ՆԱՏՕ անդամ երկիր Թուրքիային, որը դաշինքի անդամ պետություն է, և Կիպրոսին, որը ՆԱՏՕ-ի մեջ չի մտնում և որի տարածքի մի մասը զավթված է այդ նույն Թուրքիայի կողմից։

Իսկ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը ժամանակին ակտիվորեն զինում էին Պակիստանին՝ СЕАТО (South-East Asia Treaty Organization, 1955-1977թթ.) գծով իրենց դաշնակցին և նրա ռազմական հակառակորդ Հնդկաստանին՝ նրանց բազմամյա հակամարտության սրումների միջև ընկած ժամանակաշրջաններում, և երկու կողմերի համար էլ զենքի մատակարարման էմբարգո էին մտցնում լիածավալ մարտական գործողությունների վերսկսման ժամանակ (Երկրորդ քաշմիրյան պատերազմ, 1965թ. և Երրորդ հնդկա-պակիստանյան պատերազմ, 1971թ.)։

Մոսկվայի համար սա ևս «երկուսը մեկում» է՝ և՛ բիզնես, և՛ քաղաքականություն։

Որպես բիզնես.

• Մոսկվան չի կորցնում վճարունակ Ադրբեջանին իբրև իր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի շուկա,

• լիցքավորում է իր ռազմարդյունաբերական համալիրի հզորությունները ոչ միայն արտադրության, այլև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման, նորոգման, մոդիֆիկացիոն վերասարքավորման, համալրող մասերի, զինամթերքի մատակարարման գծով,

• հավելյալ ֆինանսական դիվիդենդներ է ստանում զենքի արդիական համակարգերի օպերատորների ուսուցանումից։

Որպես քաղաքականություն Մոսկվան իր դիրքերն ամրապնդում է.

• Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական (առնվազն) համագործակցությունում,

• Հայաստանի հետ ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական և ռազմատնտեսական համագործակցության բոլոր ոլորտներում։ Ադրբեջանին $1 մլրդ-ի զենքի մատակարարումներից հետո սպասվում է ինչպես ՀՀ-ում 102-րդ ռուսական ռազմակայանի, այնպես էլ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունների և ռազմական տեխնիկայի վերազինում և թարմացում։ Մասնավորապես, արդեն հայտարարվել է ՀՀ ՌՕՈւ-ն մարտական ինքնաթիռներով համալրելու ծրագրի իրագործման մասին։ Բացի այդ, սպառազինությունների, ռազմական տեխնիկայի, դրանց բաղադրիչների մի մասն արտադրվելու է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում։ Հասկանալի է, որ սպառազինության վերազինումն ու թարմացումը կատարվելու են ընթացիկ պահանջների և Ադրբեջան մատակարարված (կամ մատակարարվելիք) տեխնիկայի ընդլայնված տեսականու հաշվառմամբ։

Ռուսաստանն ուժեղացնում է իր ռազմական և քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում առհասարակ. Հայաստան են այցելել ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ն.Պ. Պատրուշևը (ս.թ. հունիսի 23-25) և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ն.Ն. Բորդյուժան (ս.թ. հունիսի 26-27)։ Այցելությունների ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, գործարկվել են մի քանի նախագծեր, որոնք նպաստելու են ոչ միայն երկկողմանի ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդմանը, այլև խթանելու են Հայաստանի տարածաշրջանային նշանակության աճը։

Հայաստանում, մասնավորապես, ստեղծվելու է հայ-ռուսական համատեղ պաշարների տարածաշրջանային ենթակառուցվածք՝ «ՀայՌուսռեզերվ»։ Այս նախագծի կարևորությունը պայմանավորվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերական համագործակցության արդյունավետության և մակարդակի բարձրացմամբ։ Այն թույլ կտա լուծել Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն, առաջին հերթին՝ տնտեսական խնդիրները, բայց կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, քանի որ դրա ենթակառուցվածքը նախատեսված է, հիմնականում, քաղաքացիական նշանակության պաշարների (մթերք, տեխնիկա և այլն) կուտակման համար։

Իր այցելության ընթացքում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ն.Ն. Բորդյուժան ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի հետ ստորագրեց 20 կետից բաղկացած արձանագրություն, որոնցով նախատեսվում է ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության խորացում մի շարք ուղղություններով, որոնք ունեն երկկողմանի և բազմակողմանի բնույթ։ Ենթադրվում է ստեղծել.

• հատուկ փրկարար ստորաբաժանումներ,

• ոստիկանության մարմինների միջև փոխգործակցության մեխանիզմներ, մշտական երկխոսություն հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների միջև,

• նոր համատեղ ձեռնարկություններ ռազմարդյունաբերության ոլորտում։

Բացի այդ, կազմակերպության զորքերի ստեղծման մասին ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշման համատեքստում կազմավորվելու է հավաքական օդուժ Հայաստանի ՌՕՈւ և 102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումներից։ Նրանց խնդիրն է լինելու ապահովել.

• խմբավորումներն այս կամ այն տարածաշրջան հասցնելը ՀԱՊԿ-ի կողմից գործողություն իրականացնելու դեպքում,

• ՀԱՊԿ գործողությունների օդային պաշտպանությունը։

Իսկ ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ հավաքական օդուժն աջակցելու է կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերին նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ժամանակ։

Այցի ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ ՌՕՈւ, Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանի ավիացիոն բաղադրիչի հետագա ուժեղացման և արդիականացման, Հայաստանի ՀՕՊ համակարգի արդիականացման և վերազինման հարցերը։

Այսօր ՀՀ ռազմական անվտանգության հիմքն են կազմում.

• Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը և ԼՂՀ Պաշտպանության բանակը,

• անդամակցությունը ՀԱՊԿ-ին և, առաջին հերթին, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ, ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը և ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի «Արմենիա» զորախումբը,

• ինժեներա-տեխնիկական կառույցների համալիրի առկայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում դիմակայության գծի ողջ երկայնքով, դրա բարձր պատրաստական վիճակի պահպանումն ու կատարելագործումը։

Միևնույն ժամանակ, ինչպես XIXդ. վերջին ասում էր Ալեքսանդր III-ը, «Ռուսաստանը միայն երկու հավատարիմ դաշնակից ունի՝ իր բանակն ու նավատորմը», այնպես էլ Հայաստանն, ըստ էության, երկու նման դաշնակից ունի՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը։ Եվ ղարաբաղյան հակամարտության շախմատի տախտակի երկարատև պարտիայում այս երկու խաղաքարերը վճռական նշանակություն ունեն։

Օգոստոս, 2013թ.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 8, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր