• am
  • ru
  • en
Версия для печати
20.11.2008

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

English

   

Արմեն Մանվելյան

Nabucco (original) Հարավօսական պատերազմից հետո Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, ինչն ազդել է նաև էներգետիկ փոխադրումների անվտանգության վրա: Այսինքն՝ տարածաշրջանը կորցրել է էներգետիկ փոխադրումների հնարավորությունների մասին Արևմուտքում նախկինում առկա կարծիքը: Տարածաշրջանի մի շարք երկրներ, որոնց համար էներգետիկ փոխադրողի կարգավիճակը ռազմավարական նշանակություն ունի, սկսում են նոր ուղիներ փնտրել իրենց նախկին դիրքն ամրապնդելու համար: Էներգետիկ փոխադրումների անվտանգության խնդիրը հրատապ է դարձել նաև Եվրոպայի համար, որը մտածում է Կասպից ծովի ավազանից էներգակիրների տարհանման նոր ուղիների ստեղծման մասին: Աճում է Իրանի նշանակությունը, որը, փաստորեն, միակ երկիրն է, որ տիրապետում է համապատասխան քանակության էներգակիրների ու միակ այլընտրանքը կարող է լինել Եվրոպայի համար Ռուսաստանից էներգետիկ կախումը թուլացնելու գործում:

Ստեղծված նոր պայմաններում Թուրքիան փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել՝ կարևորելով իր դերը որպես Արևելքից Արևմուտք էներգետիկ տարանցման երկիր: Այս պայմաններում Եվրոպայի կողմից հովանավորվող NABUCCO ծրագիրը նոր իմաստ է ձեռք բերում, քանի որ վերջինիս գործարկման համար հայտնվել են նոր խոչընդոտներ: Հիշեցնենք, որ Եվրամիության մի շարք անդամ երկրների կողմից ֆինանսավորվող այս ծրագրի համաձայն՝ գազամուղ պետք է կառուցվի Իրանից և Միջին Արևելքից գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրելու համար: Ադրբեջանը վաղուց արդեն հետաքրքրված է այս ծրագրով, և նրա նպատակն է միանալ նախագծին ու այդ խողովակաշար ուղղել նաև իր գազը Շահդենիզ հանքավայրից: Նշենք, որ հինգ մլրդ դոլար արժողությամբ գազամուղի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2007թ. Վիեննայում, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Ավստրիայի էներգետիկայի նախարարների կողմից1: Սպասվում է, որ գազամուղի կառուցումը կսկսվի արդեն այս տարի, իսկ 2011-ից այն կգործի ողջ հզորությամբ:

Ծրագիրը որոշակի հակասություններ ունի ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ քաղաքական շահերի հետ: Վերջինս ակտիվորեն հանդես է գալիս ընդդեմ Իրանից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի առաքման ծրագրերին և այս առումով նախընտրում է «գործ ունենալ» ադրբեջանական գազի հետ՝ փորձելով համոզել իրենց եվրոպացի գործընկերներին գազ գնել Ադրբեջանից: Հիշեցնենք, որ 2007-ի ձմռանը «Բրիթիշ փեթրոլիում» և «Սթաթօյլ» ընկերությունները հայտարարեցին Շահդենիզ հանքավայրից գազի արդյունահանումը սկսելու մասին2: Գազի արդյունահանման ծավալները, ըստ ադրբեջանցի մասնագետների, մինչև այս տարեվերջ կհասնեն օրական 22 մլն մ3-ի, որից 14 մլն-ն կարող է արտահանվել: Թեև այս ծավալները բավարար չեն, սակայն միաժամանակ սա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է միանալ ծրագրին:

Հարավօսական պատերազմն էականորեն փոխեց էներգետիկ խնդիրների նկատմամբ եվրոպացիների կարծիքը. մասնավորապես, պարզ է, որ ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին ոչ միայն փոքր ծավալների, այլ նաև Վրաստանում առկա անկայունության պայմաններում:

Այսօր NABUCCO ծրագրի իրականացման համար նոր առաջարկներ են հնչում և տեսակետներ հայտնվում. մասնավորապես, ըստ «The Christian Science Monitor»-ի՝ NABUCCO ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Ռուսաստանը, որը պատրաստ է այդ գազամուղ մղել ռուսական գազը3: Ըստ հանդեսի՝ սա ավելի պրագմատիկ այլընտրանք է, քան մինչ օրս առաջարկվող ծրագրերը, սակայն այս դեպքում չի լուծվում հիմնական խնդիրը` ռուսական էներգակիրներին այլընտրանք ստեղծելու հարցը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ կապվում է «Երկնագույն հոսք» կոչվող գազամուղով, որը, սակայն, չի աշխատում ողջ հզորությամբ, այսինքն՝ ցանկության դեպքում այս գազամուղը կարելի է կապել NABUCCO-ին, և ռուսական գազը կհոսի դեպի Եվրոպա: Սակայն, ինչպես նշեցինք, այս պայմաններում միայն կաճի Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից: Հետևաբար, վերանում է NABUCCO-ի կառուցման քաղաքական իմաստը: Ռուսական գործոնի չեզոքացման միակ հնարավորությունը, ըստ նախագծի հովանավորների, ծրագրին Իրանի միացումն է:

Շատ փորձագետների կարծիքով՝ վերջին շրջանում թուրք-իրանական հարաբերությունների նկատելի բարելավումը կապված է հենց այս խնդրի հետ: Իրանի նախագահ Ահմադինեժադի այցն Անկարա և ամենաբարձր մակարդակով նրան ընդունելը ոչ միայն Վաշինգտոնի չթաքցրած դժգոհությունն առաջացրին, այլ նաև Արևմուտքում կարծիք ստեղծվեց, թե Թուրքիան ցանկանում է արագացնել NABUCCO ծրագրի իրականացումն ու այդ ծրագրում, որպես գազի հիմնական մատակարար տեսնում է Իրանին: Բացի դրանից, Թուրքիայի ներկա ղեկավարությունն իր տարածաշրջանային քաղաքականությամբ ցանկանում է ընդգծել անկախությունը Վաշինգտոնից և էներգետիկ կարևորությունը Եվրոպայի համար՝ որպես Ռուսաստանին այլընտրանքային ուղու: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակից հնարավորինս փորձում է օգտվել նաև Իրանը, որի համար Կովկասյան վերջին պատերազմից հետո հնարավորություն է ստեղծվել առավելագույնս կարևորել սեփական նշանակությունը՝ որպես էներգետիկայի մատակարարման այլընտրանքային երկիր: Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ իր երկրի նպատակն է հնարավորինս ընդլայնել կապերը ռուսական էներգետիկ հսկայի` «Գազպրոմի» հետ: Իրանի էներգետիկայի նախարար Գհոլամ Նոզարին առաջարկում է կատարել գազի փոխանակում` ստանալ այն հյուսիսում և փոխարենը համապատասխան քանակի գազ բաց թողնել Իրանի հարավում գտնվող հանքավայրերից4: Հիշեցնենք, որ ժամանակին նույնպես առաջարկվել էր Իրանի կողմից կառուցված Նիկա-Ռեյ խողովակաշարով, որը Կասպից ծովի Նիկա նավահանգիստը կապում էր Թեհրանի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանի հետ, նմանատիպ փոխանակում կազմակերպել, սակայն նավթի համար: Այժմ Իրանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում է կարևորել սեփական երկրի նշանակությունը Կասպից ծովի ավազանից էներգակիրների տարհանման գործում: Նշենք նաև, որ Բաքու-Ջեյհանի չգործելու և Վրաստանում առկա ճգնաժամի պայմաններում ադրբեջանական նավթը նույնպես սկսեց հոսել դեպի Հարավ` Իրանի տարածքով դեպի միջազգային շուկա:

Այսպիսով, Իրանը փորձում է որքան հնարավոր է շատ դիվիդենտներ շահել սեփական տարածքը որպես այլընտրանք առաջարկելու և իր տարանցիկ առավելությունից օգտվելու համար: Իրանը նաև ակտիվորեն պայքարում է եվրոպացիների համար ռազմավարական նշանակություն ձեռք բերող NABUCCO ծրագրում սեփական դերն ակտիվացնելու համար: Սակայն հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս այս ծրագրին Իրանի միանալու դեմ և որպես այլընտրանք առաջարկում է ադրբեջանական գազը: Սեպտեմբերի առաջին օրերին տարածաշրջանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին Բաքու կատարած այցի ժամանակ ակտիվորեն քննարկել է այս հարցը: Եվրոպա մեկնելուց հետո վեջինս հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես, առաջարկելով նոյեմբերին սպասվելիք Եվրամիության էներգետիկ գագաթաժողովին Ադրբեջանի և Վրաստանի հետ միասին հրավիրել նաև Հայաստանը5: Այսինքն՝ հարավօսական հակամարտությունից հետո Արևմուտքում Հայաստանը դիտարկվում է որպես այլընտրանքային էներգետիկ միջանցք, որի տարածքով, Վրաստանում իրավիճակի նոր սրման դեպքում, կարելի է էներգակիրներ մատակարարել Արևմուտք: Այս խոսակցությունն էլ ավելի որոշակիացավ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցից հետո, երբ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման հարցը կարծես էլ ավելի իրական դարձավ: Հիշեցնենք նաև, որ Երևան կատարած այցից հետո Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Ռոյթըրզ գործակալությանը տված հարցազրույցում նույնպես կարևորել էր Հայաստանի դերը՝ որպես էներգետիկ տարանցման համար հնարավոր այլընտրանքային երկիր:

1ИА REGNUM «Новости», Строительство газопровода NABUCCO начнется в 2008 году, www.regnum.ru/news/663612.html 27.06.2006.

2ИА REGNUM «Новости», BP и «Статойл» объявили о начале добычи коммерческого газа на «Шахдениз» (Азербайджан), www.regnum.ru/news

3ИА REGNUM «Новости», Война в Южной Осетии перевела проект Nabucco в русло прагматизма: The Christian Science Monitor, Постоянный адрес новости: www.regnum.ru/news/1043813.html 19.08.2008.

4MIGnews.com Иран предложил себя вместо Грузии. 27.08.

5ИА REGNUM «Новости», Дик Чейни предложил пригласить Грузию, Армению и Азербайджан на заседание ЕС по энергетической политике. www.regnum.ru/news/1051710.html 08.09.2008.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր