ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ

2008թ. հոկտեմբերի 15-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ աշխարհում ծավալված միջազգային ֆինանսական ճգնաժամն ազդարարում է «կապիտալիզմի մահը»։ Խամենեիի հայտարարությունից մեկ օր առաջ արդեն Իրանի նախագահը նշել էր, որ ֆինանսական ճգնաժամը կհանգեցնի ամերիկյան հեգեմոնիայի ավարտին։ Չնայած այսպիսի «լավատեսական» գնահատականներին, ֆինանսական ճգնաժամը և նավթի անկում ապրող գները կարող են լուրջ մարտահրավեր նետել հենց Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Հաջորդ լուրջ մարտահրավերները, որոնց հետ կարող է բախվել Թեհրանը, անկայունության աճն է Հարավային Ասիայում և սեփական «միջուկային դոսյեի» լուծման ձգձգումը։
Նավթի գների անկումը
Իրանի համար նավթի գների անկման նշանակությունը գնահատելու տեսանկյունից կարելի է նշել գոնե միայն այն, որ իսլամական հանրապետության պետական բյուջեի շահութային մասի 85 տոկոսն ապահովվում է նավթային սեկտորի կողմից։ 2008-ի տարեվերջյան գները, որոնք տատանվում են 40-50 ԱՄՆ դոլարի շրջանակներում, կարող են բերել Իրանի մակրոտնտեսական անվտանգության խափանմանը, եթե, իհարկե, այդ գները պահպանվեն հաջորդ ամիսների և առավել ևս տարվա ընթացքում։
Հոկտեմբերի 11-ին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարեց, որ նավթի գները հասել են «տագնապի սուլոցի» աստիճանի, և եթե առաջիկա շրջանում լուրջ փոփոխություններ չլինեն նավթի գների հետ կապված, երկիրը կկանգնի լրջագույն հիմնախնդիրների առաջ։ Նոյեմբերի 15-ին Իրանի նախկին նախագահ Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանին, հավանաբար իր քննադատությունն ուղղելով Մ.Ահմադինեժադի հասցեին, հայտարարեց. «Մենք չպետք է մտածենք, որ աշխարհը կլանած ֆինանսական ճգնաժամը մեր շահերի օգտին է և ուրախանանք։ Նավթի գների անկումը առաջնային սպառնալիք է մեզ համար»։
Հիմնական գործոններից մեկը, որը կարող է օգնել Իրանին նավթի գների անկման հետևանքով առաջ եկող հիմնախնդիրներին որոշակիորեն դիմակայելու գործում, կարող է համարվել վերջին տարիների ընթացքում նավթի բարձր գների շնորհիվ առաջացած գերեկամուտների կուտակումը։ Ամռանն Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման և պատժամիջոցների կիրառման սպառնալիքի առկայության պատճառով Իրանի նախագահի հրամանով իրանական պետական բանկերը և ֆինանսների նախարարությունը եվրոպական բանկերից դուրս են բերել մոտավորապես 50 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող ներդրումները, վաճառել եվրոպական արժեթղթերը, այս քայլերի արդյունքում առաջացած գումարները ներդրվել են բուն իրանական բանկային ակտիվներում։
Այս գումարները կառավարությանը հնարավորություն կտան կարճաժամկետ հեռանկարում կայունացնել մակրոտնտեսական իրավիճակը երկրում և ապահովել պետական բյուջեի սոցիալական ծախսերի հատվածի համեմատաբար լիարժեք կատարումը։ Սակայն միջնաժամկետ և առավել ևս՝ երկարաժամկետ կտրվածքում Թեհրանն իր վրա կկրի միջազգային ֆինանսական ճգնաժամի ողջ ազդեցությունը։
Միջուկային հիմնախնդիրը
Նավթի գների անկումը համաշխարհային շուկայում Իրանի համար պարունակում է ևս մեկ վտանգ. ՄԱԿ ԱԽ-ը ավելի ազատ կարող է գտնվել Իրանի դեմ լուրջ պատժամիջոցներ կիրառելու տեսանկյունից։ Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ը միջազգային հանրությանը ներկայացնում էր իրանական նավթի ներկրումը սահմանափակող պատժամիջներ կիրառելու պահանջ։ Սակայն Վաշինգտոնի այս պահանջը հիմնականում քարոզչական նշանակություն ուներ, քանի որ նավթի բարձր գների պայմաններում նման պատժամիջոցները կարող էին բերել էներգակիրների գնի հերթական աճի, որը լուրջ վտանգ էր ներկայացնում հենց Արևմուտքի համար, սահմանափակում տնտեսական աճը։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ նավթի բարձր գները միջազգային ֆինանսական ճգնաժամի առաջացման հիմնական պատճառներից են։ Այսօր, սակայն, երբ նվազում է նավթի համաշխարհային սպառումը և գների զգալի իջեցում է արձանագրվել, պատժամիջոցներն Իրանի նավթային սեկտորի նկատմամբ համաշխարհային տնտեսական կայունության վրա մեծ ազդեցություն չեն կարող ունենալ։
Նույնը կարելի է ասել նաև Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողության կիրառման վերաբերյալ, որի հետևանքները համաշխարհային տնտեսական համակարգի համար նվազագույն կարող են լինել։ Չնայած Վաշինգտոնում նոր վարչակազմի հաստատումից հետո Իրանի հետ ռազմական ընդհարման հնարավորությունը զգալիորեն նվազել է, Նահանգներում քիչ չեն այն ազդեցիկ վերլուծաբանները, որոնք ռազմական հարվածը Իրանի նկատմամբ համարում են միջուկային հիմնախնդրի լուծման միակ տարբերակը։ Այս տեսակետն էր հիմնականում գերիշխում դեկտեմբերի 3-ին Վաշինգտոնում կայացած մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ Իրանի միջուկային հիմնախնդրին նվիրված քննարկումներում։ Օրինակ, ՄԱԿ ԱԽ-ում նախկին դեսպան Ջ.Բոլթոնը հայտարարեց. «Պատժամիջոցների և բանակցությունների ժամանակն անցել է։ Միակ բանը, որ մեզ մնում է՝ ռազմական հարվածն է»։ Ըստ Բոլթոնի, այն պետք է իրականացվի մինչև հունվարի 20-ը, քանի դեռ նախագահի պաշտոնը չի ստանձնել Բ.Օբաման։
Միևնույն ժամանակ, նոյեմբերի վերջին երկու ազդեցիկ ամերիկյան «ուղեղային կենտրոններ»՝ Բրուքինգսի ինստիտուտը և Միջազգային հարաբերությունների խորհուրդը, հանրությանը ներկայացրին Ս.Թելբոթի և Ռ.Հաասի համատեղ ղեկավարությամբ աշխատող փորձագետների պատրաստած «Վերականգնելով հավասարակշռությունը. հաջորդ նախագահի ռազմավարությունը Մերձավոր Արևելքում» զեկույցը։ ԱՄՆ հաջորդ նախագահին առաջարկվում է Իրանի հետ հարաբերությունները կառուցել այն սկզբունքով, որը Ռ.Նիքսոնը կիրառեց Չինաստանի նկատմամբ. ճանաչել Իրանի առաջատար դերը, կարգավորել հարաբերությունները և համատեղ պայքարել ընդհանուր սպառնալիքների դեմ։ Զեկույցից պարզ չէ, սակայն, թե ինչպես պետք է լուծվի իրանական միջուկային ծրագրի հիմնախնդիրը։
Կասկածելի է թվում, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում անգամ Իրանը հրաժարվի միջուկային զենքի ստեղծման ծրագրերից։ Մանավանդ հաշվի առնելով այն բացասական զարգացումները, որոնք տեղ են գտել հարևան Պակիստանում։ Այս երկրում իշխանությունը զավթելու մեծ հնարավորություններ ունեն ծայրահեղական իսլամիստները, որոնց գաղափարախոսության հիմնական մասերից է շիականության դեմ պայքարը։ Պետական համակարգի կիսախարխուլ պայմաններում ծայրահեղականների հաղթանակը Պակիստանում առավել քան հնարավոր է, իսկ սա նշանակում է, որ միջուկային զենքի ստեղծումն Իրանի համար առավել քան ակտուալ է։ Առանց նման զենքի առկայության անհնար է պահպանել հավասարակշռությունը Պակիստանի հետ։
Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ որոշակի ճգնաժամ է ապրում նաև ԱԷՄԳ քաղաքականությունը։ Դեկտեմբերի 8-ին ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Մ. Էլ-Բարադեյը «Los Angeles Times» թերթին տված հարցազրույցում Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ նշեց. «Մեր քաղաքականությունը ձախողվել է։ Մենք անգամ մեկ սանտիմետր առաջ չենք գնացել հարցի կարգավորման ուղղությամբ»։ Ներկայումս, ըստ Էլ-Բարադեյի, շատ բան կախված է նրանից, թե արդյոք Վաշինգտոնը կգնա ուղղակի բանակցությունների Թեհրանի հետ, թե ոչ։
Ամենայն հավանականությամբ, հիմնախնդրի կարգավորման շուրջ գործընթացները կակտիվանան միայն Բ.Օբամայի՝ նախագահական լիազորություններն ստանձնելուց հետո։
Ներքին զարգացումներ
Միջազգային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունը կունենա նաև կես տարի հետո Իրանում անցկացվելիք նախագահական ընտրությունների վրա։ Սոցիալական ոլորտում սպասվող խնդիրները, որոնք անպայմանորեն կառաջանան նավթի գների անկման հետևանքով կրճատվող պետական եկամուտների պատճառով, կարող են լուրջ հարված հասցնել գործող նախագահ Մ.Ահմադինեժադի հեղինակությանը հասարակության շրջանում։ Նշենք, որ չնայած լուրջ ֆինանսական հիմնախնդիրներին, Մ.Ահմադինեժադի տնտեսական և սոցիալական ծրագրերը գալիք տարվա համար բավական խոշոր են և մեծ գումարնեև են պահանջում։
Բյուջեի քննարկումներն Իրանի խորհրդարանում, որոնք կավարտվեն մինչև հունվարի վերջը, կարող են լուրջ հակասություններ ստեղծել նախագահի և քաղաքական, հոգևոր շրջանակների միջև։ Քիչ չեն կարծիքներն այն մասին, թե նախագահի ծրագրերի զգալի մասը պոպուլիստական է և ուղղված կարճաժամկետ հեռանկարում հասարակության շրջանում Մ.Ահմադինեժադի դիրքերի պահպանմանը։ Իր հերթին, նախկին նախագահ Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանին, որը ղեկավարում է Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհուրդը, կոչ է արել խորհրդարանին մանրակրկիտ զննել ներկայացված ծրագրերը, քանի որ դրանք ընդունելը կամ չընդունելը երկրի համար հղի է լուրջ տնտեսական հետևանքներով։ Հաշեմի-Ռաֆսանջանիի կոչը վերաբերում էր ոչ միայն բյուջեի վերջնական քննարկումներին, այլև մեկ այլ խոշոր նախագծի, որը ցանկանում է իրականացնել կառավարությունը։ Այն վերաբերում է պետական արդյունաբերական հզորությունների մասնավորեցմանը, որի անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել է գործող նախագահը։ Մասնավորեցման գործընթացն իր հերթին նոր հակասություններ է ստեղծում իշխանական համակարգի տարբեր թևերի միջև և հիմք ստեղծում քաղաքական պայքարի հետագա թեժացման համար։
Կարելի է սպասել, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին ներքաղաքական զարգացումներն Իրանում ակնհայտորեն նոր թափ կստանան, ինչն անմիջականորեն կազդի գալիք նախագահական ընտրությունների վրա։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]