ԳԱԶԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ
Որոնք են պատճառները, որ վերջին տարիներին գազի հարցը Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում պարբերաբար լարվածության պատճառ է հանդիսանում և որոնք են ներկա ճգնաժամի խնդիրները, հարցերի պատասխանը ոչ միայն երկու երկրների հարաբերություններում առկա հակասությունների մեջ է, այլ նաև գազի համաշխարհային շուկայում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար թիվ մեկ տերության` ԱՄՆ-ի ձգտման մեջ:
Գաղտնիք չէ, որ անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում հավաքվել էին գազ արտահանող երկրների ղեկավարները։ Հանդիպման արդյունքում տեղի ուենցավ այն, ինչն ի սկզբանե թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Եվրամիությունը հայտարարել էին անցանկալի՝ ստեղծվեց «Գազ արտահանող երկրների ֆորումը»: Կազմակերպություն, որն, ըստ արևմտյան շատ վերլուծաբանների, իր ձևի մեջ գազ արտահանող երկրների նոր OPEC է, այսինքն՝ կառույց, որը, վերահսկելով էներգակրի այդ տեսակի շուկան, կարող է մոնոպոլ գներ սահմանել, ինչը կարող է հակասել տվյալ ապրանքի իրական շուկայական արժեքին: Նկատենք, որ եթե OPEC-ը վերահսկում է նավթի համաշխարհային շուկայի 40%-ը, ապա այս նոր կառույցը գազի մոտ 70%-ը, այսինքն՝ այս կառույցի ազդեցությունը համաշխարհային շուկայի վրա շատ ավելի մեծ է: Նշենք, որ կառույցի 3 հիմնական անդամների` Ռուսաստանի, Իրանի և Կատարի գազի ապացուցված պաշարները համապատասխանաբար կազմում են 47.8, 26.4 և 25.7 տրլն մ3: Ռուսաստանից բացի, Եվրոպային գազ մատակարարող այդ շուկայի երկրորդ հիմնական մատակարարը Ալժիրն է, որի գազի պաշարները կազմում են մոտ 4.58 տրլն մ3: Եվ այսպես, գազի OPEC -ի ստեղծումը, կարելի է ասել, արդեն փաստ է, և այդ իրադարձությունը փաստորեն համընկնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի գնի մատակարարման շուրջ և ապա դեպի Եվրոպա գազի առաքման հարցում ճգնաժամի սրմանը: Հիշեցնենք, որ «Գազ արտահանող երկրների ֆորում» կազմակերպությունը պաշտոնապես հիմնվեց 2008թ. դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում: Մինչ այդ նախորդել էր այդ կառույցի շուրջ բանակցությունների երկարատև ժամանակաշրջան՝ սկսած 2001թ.: Պաշտոնապես այս կազմակերպությանը մաս են կազմում Ալժիրը, Բոլիվիան, Բրունեյը, Վենեսուելան, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Կատարը, Լիբիան, Մալայզիան, Նիգերիան, ԱՄԷ-ը, Ռուսաստանը, Տրինիդադ և Տոբագոն: Մի շարք երկրներ, օրինակ՝ Նորվեգիան, Թուրքմենստանը և այլն, չնայած չեն անդամակցում այս կառույցին, սակայն որպես դիտորդ մասնակցում են նրա աշխատանքներին: Ինչևէ, գազ առաքող երկրների այս ֆորումի ստեղծումը, ինչպես նշեցինք, միանշանակ բացասական ընդունվեց թե՛ Եվրամիության և թե՛ ԱՄՆ-ի կողմից: Վերջինս նույնիսկ հայտարարեց, թե դա սպառնալիք է իր ազգային շահերին: Եվ չնայած այս կառույցը շատերն անվանում են գազի OPEC, սակայն իրականում այն չունի այն լիազորությունները, որն ունի OPEC-ը, այն չի կարող ազդել գազի գնի ձևավորման վրա, քանի որ դրա համար միջազգային բորսաներ չկան: Արևմուտքի կողմից ֆորումի ստեղծման բացասական ընկալումը պայմանավորված էր հատկապես սրվող ֆինանսական և տնտեսական ճգնաժամով: Հիշեցնենք նաև, որ 2008թ. դեկտեմբերին Կիևում Ուկրաինայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր կնքեցին, որն, ըստ շատ վերլուծաբանների, ուղղակի առնչություն ունի հետագայում Ռուսաստանի հետ սրվող գազի ճգնաժամի հետ: Այդ պայմանագրում առանձին կետով ասվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ուկրաինայի գազամուղային համակարգի մոդեռնիզացմանը: Եվ թեև ռուսական կողմի մեղադրանքներին, թե ճգնաժամում առկա է Վաշինգտոնի գործոնը, անմիջապես հետևեց ԱՄՆ պետքարտուղարության հերքումը, և վերջինիս ներկայացուցիչ Շոն Մակքորմակը հայտարարեց, թե այդ կասկածները անհիմն են, սակայն շատ վերլուծաբանների կարծիքով, այստեղ հստակ երևում է երրորդ կողմի ներգրավվածությունը, որն ուղղակիորեն թելադրում է Կիևին:
Ինչևէ, հետևելով այս ճգնաժամի հասունացմանը և սրմանը, նկատելի է դառնում, որ այն պայմանավորված է ոչ միայն ներուկրաինական քաղաքական ճգնաժամով, որն իսկապես լրջորեն ազդում է իրավիճակի վրա, այլև երրորդ երկրների ազդեցությամբ: Այստեղ պարզապես փոխվել է ազդեցության ուղղությունը, այսինքն՝ եթե նախկինում ԱՄՆ-ը փորձում էր կտրել Ռուսաստանին կենտրոնաասիական գազից, ինչի համար երկարատև և համառ բանակցություններ էր վարում թե՛ Ղազախստանի, թե՛ Ուզբեկստանի և թե՛ Թուրքմենստանի հետ, ապա այսօր Ռուսաստանին կտրում են գազի սպառման նրա հիմնական շուկայից` Եվրոպայից: Նշենք, որ Եվրամիության սպառման ծավալները 486 մլրդ մ3 է (2006թ. տվյալներով), իսկ 2020թ. այն կհասնի մոտ 640 մլրդ մ3: Սա այն դեպքում, երբ Եվրոպայում գազի արդյունահանման ծավալները կրճատվում են, հետևաբար նրա կախվածությունն առաքող երկրներից կմեծանա: Նշանակում է, որ Ռուսաստանի ազդեցությունը եվրոպական էներգետիկ շուկայի վրա կմեծանա և կախվածությունը Մոսկվայից միայն կավելանա։ Նման պայմաններում ճգնաժամը կարող է լրջորեն խաթարել պաշտոնական Մոսկվայի հեղինակությունը՝ որպես գազ առաքող հուսալի երկրի, և պաշտոնական Բրյուսելն էլ ավելի մեծ թափով կսկսի ռուսական գազին այլընտրանք փնտրել: NABUCCO ծրագիրն ի սկզբանե միտված էր Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գազի առաքման, այսինքն՝ այս շուկայում ռուսական «Գազպրոմի» ազդեցության թուլացմանը և ընդհանրապես այստեղից ռուսական գազի մենաշնորհատերի դուրս մղմանը: Նշենք, որ տարեկան միայն Թուրքմենստանից և Ուզբեկստանից «Գազպրոմը» ձեռք է բերում 120 մլրդ մ3 գազ, և այս գազի մի մասի ուղղումը դեպի NABUCCO խողովակաշար լրջորեն կխաթարի ռուսական ընկերության հեղինակությունը թե՛ Կենտրոնական Ասիայում, որպես գազի հիմնական գնորդի, և թե՛ Եվրոպայում, որպես գազի հիմնական մատակարարի: Ռուս-ուկրաինական ճգնաժամը այս գործը մասամբ արդեն կատարել է: Այն, որ այս գործընթացին Ուկրաինայում վաղուց էին պատրաստվում, հուշում է նաև այն, որ 2008թ. ընթացքում այդ երկրին հաջողվել է իր գազապահեստարանները լցնել հնարավոր առավելագույն գազի պաշարներ` մոտ 32 մլրդ մ3՝ հաշվի առնելով, որ այդ երկրում գազի արդյունահանման ծավալը տարեկան կազմում է մոտ 20 մլրդ մ3, իսկ սպառման ծավալը 46 մլրդ մ3 է, պարզ է դառնում, որ պաշտոնական Կիևը լավ է նախապատրաստվել այս ճգնաժամին և երկիրն ապահովել է մեկ տարվա համար անհրաժեշտ գազով, հետևաբար իրավիճակը ձգձգելու դեռ որոշակի ռեսուրս ունի: Ավելին, այս ընթացքում ուկրաինական պաշտոնական աղբյուրներն արևմտյան մամուլում ակտիվորեն սկսեցին լուրեր տարածել, թե ճգնաժամի իրական պատճառն այն է, որ Ռուսաստանը Եվրոպա գազ մատակարարելու անհրաժեշտ պաշարներ չունի:
Թեև պարզ է, որ սկսված ճգնաժամն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական, հասկանալի է նաև, որ իրականում Եվրոպային, միևնույնն է, չի հաջողվի իրական այլընտրանք գտնել Ռուսաստանին, իսկ կենտրոնաասիական երկրներն էլ, հաշվի առնելով վերջիններիս վարչակազմերի կախվածությունը «Գազպրոմի» գումարներից, չեն կարող հրաժարվել այդ ընկերությանը գազ վաճառելու առաջարկից: Նաև միաժամանակ սկսվել է մի գործընթաց, որը բավական տհաճ է պաշտոնական Մոսկվայի համար: Այս պայմաններում Եվրամիությունը սկսում է արագացնել նոր այլընտրանքային գազամուղի կառուցման ծրագիրը, որը պետք է շրջանցի թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան։ Բրյուսելը կփորձի ուղիղ բանակցությունների մեջ մտնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ, և վերջիններս էլ, ըստ շատ վերլուծաբանների, այս ճգնաժամից հետո ավելի խոր կընկալեն նրանց առաջարկները՝ ցանկանալով նոր, Ռուսաստանը շրջանցող գազամուղի հետ կապված լինել՝ որպես այլընտրանք ռուսական ուղու: Ստեղծված վիճակից դուրս գալու համար Մոսկվան պետք է արագացնի Բալթիկ ծովով կառուցվող «Հյուսիսային հոսք» և Սև ծովով նախատեսված «Հարավային հոսք» կոչվող ծրագրերը: Ինչպես հայտնի է, «Գազպրոմը» և իտալական ENI ընկերությունն արդեն պայմանավորվել են արագացնել «Հարավային հոսքի» նախագծումը և կառուցումը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]