ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Հոդվածն անդրադառնում է Հարավային Կովկասում և հարևան երկրներում վերջին շրջանում տեղ գտած էներգետիկ զարգացումներին։ Հիմնական ուշադրությունը հատկացվել է էներգետիկ ոլորտում միջպետական համագործակցության քաղաքական խնդիրներին։
Հայաստանի Հանրապետություն
Վերջին մեկ ամիսը էներգետիկ նախագծերի իրականացման և դրանց հեռանկարների կոնկրետ մատնանշման տեսանկյունից, հավանաբար, ամենակարևորը կդառնա Հայաստանի համար ընթացիկ տարում: Դա պայմանավորված է Հայաստանի նախագահի՝ ապրիլին Իրան կատարած պաշտոնական այցով, որի հետ են կապվում Հայաստանի համար կարևորագույն էներգետիկ նախագծերի հեռանկարները: Դրանք են. Իրան-Հայաստան գազատարը, Իրան-Հայաստան պատրաստի նավթամթերքների համար նախատեսված նավթատարը, Որոտան գետի վրա Մեղրիում հզոր ՀԷԿ-ի կառուցումը, նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև երկաթգիծը, որը ոչ միայն կարևոր տրանսպորտային, այլ նաև էներգատրանսպորտային նշանակություն ունեցող կառույց է հանդիսանալու:
Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունները կարելի է համարել առավել քան արդյունավետ ոչ միայն քաղաքական, այլև էներգետիկ նշանակության տեսանկյունից: Բանակցությունների արդյունքում և դրանցից հետո հայ և իրանական կողմերը կայացրին մի շարք կարևոր որոշումներ.
- Իրանը կֆինանսավորի Մեղրիում, Արաքսի ափին նոր հզոր ՀԷԿ-ի կառուցումը: Իրանական կողմի ներդրումը կկազմի 280 միլիոն ԱՄՆ դոլար, որը Հայաստանը կփոխհատուցի էլեկտրաէներգիայով:
- Ապրիլի 16-ին Հայաստանի և Իրանի տրանսպորտի նախարարները ստորագրեցին համաձայնագիր Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին: Երկաթգծի ընդհանուր երկարությունը պետք է կազմի 470 կմ, որից 410-ն անցնելու է Հայաստանի տարածքով:
Կարելի է սպասել, որ առաջիկա ամիսներին այս երկու ուղղություններով ակտիվ աշխատանք կսկսվի, ինչը կարող է մեծացնել երրորդ կողմերի հետաքրքրվածությունը, համապատասխան ներդրումային հոսք և դաշտ ապահովել նախագծերի լիարժեք իրականացման համար:
Իրան
Իրանի էներգետիկ ոլորտի հիմնական իրադարձությունը ապրիլի սկզբին ծագած ռուս-թուրքմենական գազային վեճն էր: Այն պայմանավորված էր Թուրքմենստանից Ռուսաստան գնացող գազատարում (САЦ-4) տեղի ունեցած պայթյունով, որում թուրքմենական կողմը մեղադրեց ռուսական «Գազպրոմին»: Ըստ թուրքմենական կողմի, ռուսական ընկերությունը որոշ ժամանակով փակել է գազատարը, իսկ Թուրքմենստանից եկող գազի հզոր ճնշման տակ այն պայթել է: Թուրքմենստանի նախագահ Գ.Բերդիմուհամեդովը պայթյունից երկու օր անց կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ռուսական կողմը հրաժարվում է ընդունել մեղքը և չի պատրաստվում փոխհատուցել վնասները, ուստի իր հրահանգով Իրան պետք է մեկնի «Թուրքմենգազ» պետական ընկերության նախագահ Բ.Խոջամուհամեդովը, որը պետք է պայմանավորվածություն ձեռք բերի թուրքմենական գազն Իրանին վաճառելու վերաբերյալ:
Թուրքմենա-ռուսական գազային կոնֆլիկտը որոշ առումով օրինաչափ է և անմիջականորեն կապված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Բանն այն է, որ Եվրոպայում և Ռուսաստանում ճգնաժամի պատճառով գազի սպառումը նվազել է, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ երկարացվելու են ռուս-եվրոպական գազային պայմանագրերի ժամկետները, գազի գինը զգալիորեն կընկնի: Այս պայմաններում Ռուսաստանի համար բավական դժվար է Կենտրոնական Ասիայի բնական գազը վերավաճառողի դերը շարունակելը նույնքան արդյունավետությամբ, որքան նախկինում: Շահույթի կրճատման պայմաններում ռուսական էներգետիկ ընկերություններին, այդ թվում նաև «Գազպրոմին», դժվար է լինելու ապահովել ոչ միայն սեփական, այլև պետության արտաքին քաղաքական շահերը: Իսկ ռուս-թուրքմենական գազային կոնֆլիկտն այս ամենի վկայությունն ու արդյունքն է:
Պաշտոնական Թեհրանը նավթի նախարարի մակարդակով հայտարարեց, որ պատրաստ է վերականգնել թուրքմենա-իրանական էներգետիկ համագործակցությունը նախկին ծավալներով: Միևնույն ժամանակ, իրանական և թուրքմենական կողմերի համար շատ դժվար կլինի դա անել, քանի որ համաձայն «Գազպրոմի» և «Թուրքմենգազի» միջև կնքված պայմանագրի՝ ռուսական կողմը պարտավորվել է գնել թուրքմենական գազի ողջ ծավալը: Բացի այդ, մարտի 15-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ս.Շմատկոն և Իրանի նավթի նախարար Գ.Նոզարին ստորագրել են ռուս-իրանական հռչակագիր, որի համաձայն՝ ռուսական «Գազպրոմը» պետք է թուրքմենական գազ մատակարարի Ւրանի հյուսիսին: Փաստորեն, Իրանն այսօր արդեն թուրքմենական գազը մատակարարող ունի, և այդ մատակարարողը ոչ թե «Թուրքմենգազն» է, այլ ռուսական «Գազպրոմը»: Հարկ է նշել, որ ինքնուրույն դեպի Իրան գազ արտահանելու համար «Թուրքմենգազը» կամ պետք է հրաժարվի «Գազպրոմի» հետ կնքած «մեծ պայմանագրից», կամ էլ «Գազպրոմն» ինքը պետք է պաշտոնապես հրաժարվի գնել թուրքմենական գազը ողջ ծավալով: Այլ դեպքերում գազի արտահանումը Իրան կհամարվի անօրինական:
Ինչևէ, ռուս-թուրքմենական հարաբերություններում Իրան-Թուրքմենստան էներգետիկ համագործակցության զարգացումներ կարելի է գրանցել առաջիկա ամիսների ընթացքում:
Ադրբեջան
Ադրբեջանի համար էներգետիկ քաղաքականության տեսանկյունից անցած ամսվա ամենակարևոր զարգացումն ակնհայտորեն կապված է երկրի նախագահ Ի.Ալիևի` Մոսկվա կատարած այցի հետ: Այցելության ենթատեքստը հիմնականում քաղաքական էր, քանի որ տնտեսական կամ էներգետիկ ոլորտներում համագործակցության մասին լուրջ փաստաթղթեր չկնքվեցին: Սակայն Դ.Մեդվեդևի հետ բանակցություններից հետո Ի.Ալիևը հայտարարեց, որ Բաքուն նպատակ ունի դիվերսիֆիկացնել գազի արտահանման ճանապարհները, իսկ Դ.Մեդվեդևն իր հերթին ասաց, որ ադրբեջանական գազը գնելու՝ Ռուսաստանի պատրաստակամությունն ուժի մեջ է, և կողմերը կարող են համապատասխան որոշման գալ այս հարցի շուրջ:
Ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին Բաքվում սկսել են խոսել, հիմնականում, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ կապված: Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության խորացման սպառնալիքով, որի իրականացումը լուրջ հարված կհասցնի թուրքական շահերին, ադրբեջանական իշխանությունները, կարծես թե, փորձում են ազդել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ Անկարայի քաղաքականության վրա: Սակայն դեռևս պարզ չէ՝ որքանով են անկեղծ թե՛ Անկարայի և թե՛ Բաքվի դիրքորոշումները, և, որ պակաս կարևոր չէ, որքանով են դրանք իրարից անկախ:
Ադրբեջանի տրանսպորտային և էներգետիկ քաղաքականության առումով կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Ադրբեջանի տրանսպորտի նախարարի ապրիլի 1-ի հայտարարությունը, թե Բաքուն գալիք տարի ամբողջովին կֆինանսավորի Ղեզվին-Ռեշտ-Ասթարա երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով: Աշխատանքների ընդհանուր գինը կարող է կազմել մոտ 40 մլն դոլար: Ադրբեջանցի նախարարի հայտարարությունն ուղղակիորեն կապված էր այն բանի հետ, որ նույն օրը Սանկտ Պետերբուրգում Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթգծերի ընկերությունները վերջապես, ութամյա բանակցություններից հետո, հուշագիր են ստորագրել Ղեզվին-Ռեշտ-Ասթարա երկաթգծի կառուցման վերաբերյալ: Թե ինչ ապագա կունենա այս նախագիծը, դժվար է ասել, սակայն պարզ է, որ այն անմիջականորեն կապված է Իրանի գործողությունների հետ, քանի որ հենց Իրանի տարածքում պետք է իրականացվի շինարարության մեծ մասը: Պետք է կառուցվի մոտ 510 կմ երկաթգիծ, որի ընդհանուր արժեքը կարող է անցնել 1.5 մլրդ դոլարից: Իրանական կողմից դեռ չեն եղել հայտարարություններ այն մասին, որ նախագիծը ֆինանսավորվելու է հենց իրանական բյուջեի կողմից: Ֆինանսավորման հնարավոր աղբյուրների մասին հիշատակում չկա նաև Սանկտ Պետերբուրգում ստորագրված հռչակագրում: Սա վկայում է այն մասին, որ շինարարական աշխատանքները, հավանաբար, կարող են դեռ երկար ձգձգվել, ինչը կարող է նվազեցնել նախագծի մրցունակությունը: Միևնույն ժամանակ, բավական կարևոր պետք է համարել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, որը կարող է արդյունավետ և մրցունակ տրանսպորտային հանգույց ստեղծել Պարսից ծոցի և Սև ծովի միջև:
Թուրքիա
Բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Ռուսաստան-Թուրքիա էներգետիկ համագործակցության ոլորտում: Շուրջ 5 տարի է արդեն, ինչ Մոսկվայի և Անկարայի միջև բանակցություններ են ընթանում «Երկնագույն հոսք-2» գազատարի կառուցման վերաբերյալ: Դրանց անհաջողությունը հիմնականում կապված է այն բանի հետ, որ կողմերը չեն որոշել այն հարցը, թե ինչ նպատակով է կառուցվելու գազատարը: Թուրքական կողմը նպատակ ունի վերավաճառել ռուսական գազը, ինչին համաձայն չէ «Գազպրոմը»: Այսպիսին են, կամ ավելի ճիշտ՝ էին կողմերի դիրքորոշումները: Սակայն վերջին շրջանում գազատարի կառուցման հեռանկարներին նոր շունչ է հաղորդել Իսրայելը, որը, կարծես թե, շահագրգռված է այս գազատարի միջոցով ռուսական գազ ստանալ: Այս մասին խոսակցություններ և ոչ պաշտոնական տեղեկատվություն միշտ էլ եղել են, սակայն մարտի 3-ին դրանք պաշտոնական մոտեցման տեսք ստացան: Այդ օրը «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ա.Միլլերի հետ հանդիպմանը Ռուսաստանի վարչապետ Վ.Պուտինն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նորընտիր վարչապետ Բ.Նեթանյահուի հետ, որի ժամանակ կարևորվել է Թուրքիայի տարածքով դեպի Իսրայել գնացող գազատարի ստեղծման հարցը:
Ռուսաստանի վարչապետի հայտարարությունից հետո ռուսական և թուրքական մամուլում վերլուծություններ, հոդվածներ և հարցազրույցներ հայտնվեցին` նվիրված «Երկնագույն հոսք-2» գազատարի կառուցմանը և դրա հեռանկարներին: Ըստ թուրքական մամուլի հաղորդագրությունների, գազատարի կառուցման մասին բանակցություններն ակտիվացել են մարտի վերջին, Ա.Միլլերի և Թուրքիայի էներգետիկայի նախարար Հ.Գյուլերի հանդիպման ժամանակ: Ըստ ռուսական աղբյուրների` գազատարի կառուցման շուրջ բանակցություններ վարելու համար ապրիլի երկրորդ կեսին «Գազպրոմի» ղեկավարը կմեկնի Թել Ավիվ: Ըստ թուրք վերլուծաբան Ն.Պամիրի, ռուսական կողմը մինչև գազատարի կառուցումը պետք է պայմանագիր կնքի Իսրայելի հետ, իր վրա վերցնի պարտավորություններն ու ռիսկերը, քանի որ Անկարան խուսափելու է այս նախագծի իրականացման գործում իսլամական հասարակության առջև որպես ակտիվ խաղացող հանդես գալուց. դա կվնասի նրա հեղինակությանը:
Հոդվածում նշված զարգացումները վկայում են այն մասին, որ տարածաշրջանային էներգետիկ գործընթացները նոր փուլ են թևակոխում, որի ընթացքում հնարավոր են նոր պայմանագրերի կնքում և նախագծերի իրականացում։ Դրանք կարող են լուրջ ազդեցություն ունենալ նաև տարածաշրջանային քաղաքական զարգացումների վրա։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]