ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Այն, որ վերջին ժամանակաշրջանի հիմնական էներգետիկ զարգացումները սերտորեն կապված են մեր տարածաշրջանի հետ, վկայում են միանգամից երկու կարեւոր իրադարձություն։ Ապրիլի 24-25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հրավիրված «Բնական գազը Եվրոպայի համար. հուսալիություն եւ գործընկերություն» գագաթաժողովի հիմնական երկու թեմաները դարձան «Նաբուկկո» եւ «Հարավային հոսք» գազատարների նախագծերը։ «Նաբուկկոն» նաեւ մայիսի 8-ին Պրահայում ԵՄ «Հարավային միջանցք. նոր մետաքսյա ճանապարհ» գագաթաժողովի հիմնական թեմաներից մեկն էր։
Սոֆիայի գագաթաժողովը
«Բնական գազը Եվրոպայի համար. հուսալիություն եւ գործընկերություն» գագաթաժողովը, որն անց էր կացվել Բուլղարիայի նախագահ Գ.Պիրվանովի հովանավորությամբ, դեռեւս կազմակերպման ընթացքում գաղափարական որոշակիություն էր ստացել. գագաթաժողովի ընթացքում քննարկման հիմնական թեման պետք է լիներ Ռուսաստանից ԵՄ էներգետիկ կախվածության նվազումը։ Սա ակնհայտ երեւում էր Բուլղարիայի նախագահի` գագաթաժողովի կայքում զետեղված ողջույնի խոսքից, որտեղ նշվում էր բնական գազի ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացման մասին, առանց որի հնարավոր չէ ԵՄ կայուն զարգացումը։ Բացի այդ, մարտ–ապրիլ ամիսների ընթացքում բուլղարա-ռուսական հարաբերություններում նկատվեցին բացասական զարգացումներ` կապված, հիմնականում, «Հարավային հոսք» հեռանկարային գազատարի հետ։ Բուլղարիայի խորհրդարանում մի շարք պատգամավորներ երկարատեւ եւ զգայուն քննարկումներ սկսեցին այն մասին, թե ռուսական կողմը գազատարի կառուցմամբ ցանկանում է «ձեռք գցել» Բուլղարիայի գազատրանսպորտային համակարգը։ Նման քննարկումները պատահական լինել չէին կարող։ Ամենայն հավանականությամբ, դրանք միտված էին քար նետելու Ռուսաստանի ուղղությամբ` դրական տեղեկատվական եւ քարոզչական դաշտ ստեղծելով գալիք գագաթաժողովում բնույթով հակառուսական «Նաբուկկո» նախագծի քննարկումների համար։ Բացառված չէ, որ նման զարգացումները բուլղարական քաղաքականության մեջ պայմանավորված էին ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի եւ Բուլղարիայի ղեկավարության բանակցություններով, որոնցում քննարկվել են նաեւ էներգետիկ անվտանգության հարցեր։
Ռուսաստանի վարչապետ Վ.Պուտինի` Սոֆիայի գագաթաժողովին չմասնակցելու որոշումը կարելի է բացատրել հենց այս գործընթացներով։ Չսպասելով գագաթաժողովին, ապրիլի 21-ին Ռուսաստանը հրապարակեց «Ռազմավարական մոտեցում էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցության իրավական բազայի մասին» փաստաթուղթը, որը հակադրվում է եվրոպական մոտեցումներին, որոնց հիմքում ընկած է գազ արտահանող եւ գազ տարանցող երկրների իրավասությունների սահմանափակումը` ի շահ գազ սպառող պետությունների։ Ռուսական կողմի փաստացի դեմարշը խոր ազդեցություն թողեց Սոֆիայի գագաթաժողովի ողջ ընթացքի վրա, քանի որ այն անցավ գազ արտահանող հիմնական պետության բարձրաստիճան ղեկավարության բացակայության պայմաններում (գագաթաժողովին Ռուսաստանը ներկայացնող էներգետիկայի նախարար Ս.Շմատկոյի կարճ ելույթը հիմնականում քննադատական էր)։
Այս գործոնն իր հետքը թողեց ոչ միայն գագաթաժողովի ընթացքի, այլ նաեւ արդյունքների վրա։ Մոսկվայի կողմից բացասական եւ կոշտ գնահատականներ ստանալով` Բուլղարիայի նախագահ Գ.Պիրվանովն առաջարկեց գագաթաժողովի հռչակագրում ամրագրել ոչ թե «Նաբուկկոյի», այլ «բոլոր նոր նախագծերի», այդ թվում նաեւ «Հարավային հոսքի», գերակա կարեւորությունը ԵՄ-ի համար։ Բուլղարիայի նախագահն իր մամլո ասուլիսի ժամանակ ընդգծեց նաեւ, որ «Նաբուկկոն» այլընտրանք չէ «Հարավային հոսքին», եւ իր երկիրը փորձելու է կյանքի կոչել այս երկու նախագծերը միաժամանակ։
Միեւնույն ժամանակ, Սոֆիայի գագաթաժողովը ի հայտ բերեց մի շարք այլ հակասություններ, որոնք առաջ են եկել էներգետիկայի ոլորտում միջազգային եւ տարածաշրջանային համագործակցության մակարդակներում։ Առաջին հերթին աչքի է ընկնում Վրաստանի դիրքորոշումը, որը գագաթաժողովին արտահայտեց երկրի վարչապետը։ Պաշտոնական Թբիլիսիի հիմնական առաջարկները կապված էին ոչ թե «Նաբուկկոյի», այլ «Սպիտակ հոսք» գազատարի կառուցման հետ, որը պետք է Կասպիցից Ադրբեջանի, Վրաստանի տարածքով եւ Սեւ ծովի հատակով ձգվի դեպի Ուկրաինա եւ Եվրոպա։ Վրաստանի մոտեցումները կարելի է ավելի քան տարօրինակ համարել ոչ թե նախագծի անիրատեսականության, այլ այն պատճառով, որ «Սպիտակ հոսքն» ուղղակիորեն հակասում է բուն «Նաբուկկո» նախագծին եւ Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարի ողջ իմաստին։
Չնայած Ադրբեջանի մասնակցությանը գագաթաժողովին` Բաքվի իրական էներգետիկ շահերը եւ էներգետիկ քաղաքականությունը նույնպես կարեւոր քննարկումների տեղիք են տալիս։ Նախ` Բաքուն դեռեւս շարունակում է բանակցությունները Մոսկվայի հետ գազի արտահանման ողջ ծավալները Ռուսաստանին վաճառելու վերաբերյալ։ Երկրորդ` «Նաբուկկո» գազատարը լինելու է Ադրբեջանից անկախ։ Գազատարի կառուցման եւ սեփականատերերի մեջ ոչ մի ադրբեջանական ընկերություն ընդգրկված չէ, ի տարբերություն Բաքու–Ջեյհան եւ Բաքու-Էրզրում խողովակաշարերի։ «Նաբուկկոն» թեեւ Ադրբեջանի համար ձեռնտու նախագիծ է, սակայն եթե Բաքուն սկսի խաղալ ԵՄ-ի կողմից թելադրվող կանոններով, ապա կարող է կորցնել կարեւոր քաղաքական լծակներ, որոնք ունեն էներգիա արտահանող պետությունները։ Երրորդ` դեռեւս անհասկանալի է, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը ինչպես կազդի Բաքվի եւ Անկարայի հարաբերությունների վրա։ Համաձայն բրիտանական հեղինակավոր «The Daily Telegraph»-ի մայիսի 7-ի «Էներգետիկ անվտանգության հետ կապված մտահոգություններ հայ-թուրքական բանակցություններից» հոդվածի, Բաքուն կարող է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին հայացքը դեպի Մոսկվա թեքել, ինչը կվտանգի «Նաբուկկոյի» ապագան։
Պրահայի գագաթաժողովը
Պրահայում անցկացված «Հարավային միջանցք. նոր մետաքսյա ճանապարհ» գագաթաժողովը Սոֆիայի գագաթաժողովի ուղղակի շարունակությունը հանդիսացավ` նվիրված միայն մեկ նախագծի` «Նաբուկկոյին»։ Գագաթաժողովի կարեւոր իրադարձություններից մեկը կարելի է համարել «Նաբուկկոյի» կառուցման մասին հռչակագրի ստորագրումը։ Այն կարեւորում է գազատարի նշանակությունը եւ հռչակում, որ մինչեւ հունիսի վերջը պետք է ստորագրվի միջպետական համաձայնագիր գազատարի կառուցման վերաբերյալ։ Սակայն ամենակարեւոր նշանակությունն այս դեպքում ունի ոչ թե այն, որ ստորագրվել է հռչակագիր, այլ այն, որ այդ հռչակագիրը ստորագրել են ընդամենը 4 պետություններ` Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Եգիպտոսը։ Այն ստորագրելուց հրաժարվել են Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը։ Փաստորեն, Կենտրոնական Ասիայի երկրների եւ Իրանի գազը ստանալու համար ստեղծված «Նաբուկկո» նախագիծն իրականանում է առանց այս պետությունների մասնակցության։ Իրան–Արեւմուտք հարաբերությունների` վերջին շրջանում սկսված կարգավորման նշույլները կարող են հանգեցնել նրան, որ Իրանը միանա նախագծին։ Սակայն կարող է եւ այդպես չլինել։ Ի վերջո, Իրանի էներգետիկ քաղաքականությունն արդեն 30 տարի հիմնված է ամբողջական ինքնիշխանության վրա, եւ խիստ կասկածելի է, թե Թեհրանը պատրաստ է խաղալ եվրոպական կանոններով ու սահմանափակել վերահսկողությունը սեփական էներգակիրների արտահանման վրա, ինչպես նաեւ հրաժարվել այն հսկայական քաղաքական շահաբաժիններից, որոնց տիրապետում են սեփական էներգակիրները լրիվ անկախ արտահանող պետությունները։
«Նաբուկկոյի» կառուցման մասին հռչակագրի ստորագրումը սկիզբն է այն գործընթացի, որը պետք է անցնել այս նախագծի իրականացման համար։ Հայտնի կամ երաշխավորված չէ, որ այդ գործընթացը դրական ավարտ կունենա։ Սակայն պետք է նշել մի շարք էական գործոններ, որոնք կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Դրանք են.
1. «Նաբուկկոյի» ներկայիս տարբերակը, համաձայն որի` գազատարի մի ճյուղը կառուցվելու է Թուրքիա–Իրան, իսկ մյուսը` Վրաստան–Ադրբեջան ուղղությամբ, Հայաստանի համար դրական չի կարող համարվել, քանի որ այն էներգետիկայի ոլորտում նոր բաժանարար գծերի գոյացման հիմք է ստեղծում։
2. Միեւնույն ժամանակ, գազատարի նախագիծը վերջնական չէ եւ կարող է փոխվել։ Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է սկսել գործընթաց նախագծին մասնակցելու համար։ Հայ-ադրբեջանական հակամարտության չկարգավորվածությունը չի նշանակում, թե Հայաստանն ինքնաբերաբար զրկվում է գազատարի կառուցմանը մաս դառնալու հեռանկարից։ Կարեւոր է ներգրավել բոլոր այն ռեսուրսները, որոնք կարող են ստեղծվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում, ինչպես նաեւ նրանք, որոնք կան Հայաստան–Իրան հարաբերություններում։
3. Գազատարի նախագծի հնարավոր իրականացումը հիմք է ստեղծելու տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ակտիվացման համար եւ թեժացնելու է էներգետիկ ռեսուրսների համար մղվող պայքարը Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում ու Մերձավոր Արեւելքում։ Տվյալ պարագայում Հայաստանի համար կարեւոր է դառնում տարածաշրջանում էներգետիկ ակտիվների ձեռքբերման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը` իբրեւ ազգային մրցունակության ապահովման երաշխիք։ Թուրքմենստանի, Ղազախստանի, Իրաքի եւ անգամ Իրանի էներգետիկ ոլորտները գնում են ազատականացման եւ այդպիսով բաց դառնում արտասահմանյան ներդրումների համար։ Հայաստանի համար նման հնարավորություններից օգտվելու հեռանկարն անիրական չի թվում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]