ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էներգետիկ անվտանգության խնդիրը բոլոր պետությունների ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչն է դարձել: Գաղտնիք չէ, որ առանց էներգետիկ անվտանգության խնդրի լուծման` անհնար է խոսել ազգային անվտանգության լիարժեքության մասին: Էներգետիկ անվտանգությունը ցանկացած երկրի տնտեսության զարգացման, քաղաքական համակարգի և սոցիալական ապահովության կարևոր բաղկացուցիչն է, ինչպես նաև երկրի կայունության պահպանման գլխավոր պայմաններից մեկը: Այսպիսով, հստակ է, որ էներգետիկ անվտանգությունը ցանկացած երկրի ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչն է, և առանց այդ հարցի լուծման անհնար է խոսել երկրի զարգացման հեռանկարի ու նրա ապագայի մասին: Հետևաբար, հարցը ոչ միայն առանձին երկրների, այլև միջազգային մի շարք կառույցների, մասնավորապես՝ Մեծ ութնյակի կամ ՆԱՏՕ քննարկումների ուշադրության կենտրոնում է: Այս հարցերի գիտական հետազոտման համար, օրինակ, ՆԱՏՕ-ն ստեղծել է հատուկ կենտրոն` The Institute for the Analysis of Global Security (IAGS)1, որը զբաղվում է էներգետիկ անվտանգության խնդիրների ուսումնասիրությամբ:
Խոսելով էներգետիկ անվտանգության և հարցի գլոբալացման մասին՝ պետք է նկատենք, որ էներգետիկ անվտանգությունն էներգակիրներ ներմուծող և էներգակիրներ արտահանող երկրների համար տարբեր բնույթ է կրում: Կա այն սխալ կարծիքը, թե էներգետիկ անվտանգությունը միայն ներկրող երկրների խնդիրն է, իրականում այն հավասարապես (եթե ոչ ավելի) կարևոր է նաև արտահանող երկրների համար, և ֆինանսական այս ճգնաժամը մեկ անգամ ևս ապացուցում է, թե որքան խոցելի են էներգակիրներ արտահանող երկրները և որքան կարևոր է էներգիայի համաշխարհային շուկայում կայունության հաստատման խնդիրը թե՛ արտահանողների և թե՛ ներմուծողների համար: Սա է պատճառը, որ միմյանց վրա ճնշում գործադրելու համար արտահանող երկրները փորձում են կրճատել արտահանման ծավալները, իսկ ներմուծողները՝ մեկ երկրից ներկրումների ծավալները: Ներմուծող երկրները արտահանողների վրա ճնշում գործադրելու համար առաջին հերթին սահմանափակում են ներդրումներն այդ երկրների էներգետիկ ոլորտներում: Օրինակ, 1996թ. ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Իրան-Լիբիա պատժամիջոցների ակտ» (Iran-Libya Sanctions Act (ILSA)2 կոչվող օրենքի բանաձևը, որով սահմանափակվում էր այդ երկրներում արտասահմանյան ընկերությունների ներդրումների հնարավորությունը և պատժամիջոցներ էին սահմանվում բոլոր նրանց հանդեպ, ովքեր կփորձեն խախտել այս օրենքը: Օրենքում հատուկ նշվում էր, որ Իրանի էներգետիկայի բնագավառում 20 մլն դոլարից ավելի ներդրումներ կատարող ընկերությունների և արտասահմանյան բանկերի դեմ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ: Իսկ ամերիկյան ընկերություններին ընդհանրապես արգելվում էր ներդրում կատարել Իրանի տնտեսության ցանկացած բնագավառում:
Ներմուծող երկրների անվտանգության որոշ առանձնահատկություններ
Գաղտնիք չէ, որ էներգակիրներ ներմուծող երկրների համար էներգետիկ անվտանգություն ասվածը ներմուծման աղբյուրների բազմազանությունն է և կայունությունը: Այսինքն՝ ներմուծող երկիրը, ինչպիսին է Հայաստանը, անում է հնարավոր ամեն բան` թուլացնելու համար կախվածությունն այլ երկրից և փորձում է դիվերսիֆիկացնել ներմուծման աղբյուրները: Այսինքն՝ այն երկիրը, որը էներգակիրների ներմուծման շատ աղբյուրներ ունի, հնարավորություն ունի ավելի ակտիվ և վստահ քաղաքականություն վարել, քանի որ «էներգետիկ մահակի» վտանգը, թե մի օր արտահանող երկիրը, ինչ-ինչ քաղաքական պահանջներից դրդված, այն կօգտագործի իր դեմ, նրան չի սպառնում կամ ավելի թույլ կազդի նրա վրա: Սրանով է բացատրվում, որ էներգետիկ ներմուծող երկրները, լինի Հայաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, թե Չինաստանը, փորձում են հնարավորինս նվազեցնել իրենց տնտեսության մեջ այս կամ այն երկրի էներգետիկ չափաբաժինը և հնարավորություն են տալիս նոր երկրների մուտքն իրենց էներգետիկ շուկաներ` կրճատելով կախվածությունն էներգետիկ մեկ աղբյուրից: Օրինակ, 1973թ. հայտնի էմբարգոյից հետո ԱՄՆ-ը լրջորեն վերանայեց իր էներգետիկ ներմուծումների խնդիրը, և այսօր նրա շուկայում Սաուդյան Արաբիայի նավթն ընդամենը 9% է կազմում: Ըստ արևմտյան շատ մասնագետների, ներմուծող երկրների համար էներգետիկ անվտանգության լավագույն պայմանն այդ շուկայի ազատականացումն է3: Այսինքն՝ երբ էներգետիկ հումքը հնարավոր լինի ձեռք բերել միջազգային սակարաններից և երբ մեկ կամ մի քանի երկրներ չեն կարողանա ուղղակի ազդել այս կամ այն էներգատեսակի գնի ձևավորման վրա: Օրինակ, եթե նավթի գինը ձևավորվում է հենց այս եղանակով, այսինքն՝ սակարաններում (իհարկե, նավթի գնի ձևավորման մեխանիզմը բավական բարդ է, ինչին հետագայում կարելի է ավելի մանրամասն անդրադառնալ), ապա գազի մասին նույնը չես ասի: Այսօր գազի շուկա` որպես այդպիսին, գոյություն չունի, հետևաբար արտահանող երկրներն են որոշում նրա գինը՝ այդպիսով ազդելով այն երկրների էներգետիկ վիճակի վրա, ուր այն ներմուծվում է: Այսպես, օրինակ, Հայաստանը նավթամթերքների ներմուծման հարցում խնդիր չունի (այստեղ, իհարկե, բացառություն է կազմում միայն Վրաստանով նավթի ներմուծման հարցը, որը գնագոյացման քաղաքականության վրա որոշակի ազդեցություն է թողնում), քանի որ այն գնվում է միջազգային շուկայի գներով, և մեր երկրի ողջ տնտեսությունն ի վիճակի է աշխատել այդ գներով: Դա պարզորոշ երևաց հատկապես գների աննախադեպ բարձրացման ժամանակ: Սակայն նույնը չես ասի մեր գազի շուկայի մասին, քանզի գնային քաղաքականության առումով Հայաստանը լուրջ կախվածություն ունի ռուսական գազից, հետևաբար նաև մեր տնտեսությունը շարունակում է լուրջ կախվածության մեջ մնալ այդ երկրից: Եվ թող պարադոքսալ չհնչի, սակայն Ռուսաստանը որքան բարձրացնում է գազի գինը, այնքան մեր էներգետիկ անվտանգության համակարգն ավելի կայուն է դառնում, և երբ գազի գինը հասնի միջին եվրոպականի, կարող ենք հայտարարել, որ էներգետիկ անվտանգության առումով Հայաստանը լուրջ հաջողության է հասել:
Էներգետիկ վտանգի հարցը արտահանող երկրների համար
Էներգետիկ անվտանգության առումով արտահանող երկրները բախվում են այլ տիպի խնդիրների, որոնք ազդում են ոչ միայն այդ երկրների տնտեսական, այլև քաղաքական համակարգերի վրա: Ըստ շատ փորձագիտական կենտրոնների, առաջիկա տասնամյակներում նավթը և գազը շարունակելու են մնալ էներգիայի հիմնական աղբյուր, և, հետևաբար, այդ պաշարներով հարուստ երկրները, առաջվա նման, կշարունակեն մնալ մեծ տերությունների ուշադրության կենտրոնում՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Օրինակ, դեռ անցած դարի 90-ականների կեսերին ամերիկյան նավթային հսկա Unocal ընկերության գլխավորությամբ ստեղծվեց լոբբիստական կառույց, որում ընդգրկվեցին Ջորջ Բուշ-ավագի և Ջիմի Քարթերի ժամանակաշրջանի հայտնի քաղաքական գործիչներ` նախկին պետքարտուղարներ Լոուրենս Իգլբերգերը և Հենրի Քիսինջերը, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին, նախկին սենատոր Հովարդ Բեյքերը, ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Ջոն Սունունը և պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ռիչարդ Արմիթեջը4: Նման հեղինակավոր և ազդեցիկ քաղաքական գործիչները հավաքվել էին` առաջ մղելու Հարավային Կովկասում, Կասպից ծովի ավազանում և Կենտրոնական Ասիայում ամերիկյան նավթային ընկերությունների և ԱՄՆ քաղաքական շահերը: Նմանատիպ հետաքրքրությունը նավթով հարուստ տարածաշրջանի նկատմամբ միշտ չէ, որ դրական հետևանք է ունենում: Ըստ շատ քաղաքական վերլուծաբանների, տերությունների քաղաքական շահերի և էներգիայով հարուստ երկրների քաղաքական վարչակազմերի միջև «փոխըմբռնման» դեպքում, որպես կանոն, այդ երկրներում հաստատվում են բռնատիրական համակարգեր:
Էներգակիրներով հարուստ երկրները ժամանակի ընթացքում հայտնվում են նաև լուրջ կախվածության մեջ տնտեսության միակ ոլորտից` նավթի կամ գազի արդյունահանումից, ինչը բացասաբար է ազդում այդ երկրների տնտեսության մյուս ճյուղերի վրա, այսինքն՝ տեղի է ունենում միաձև տնտեսության զարգացում, ինչն այդ երկրի գոյությունը և բարգավաճումը կապում է տնտեսության միայն մեկ սեգմենտի հետ: Օրինակ, Ադրբեջանի տնտեսության և ընդհանրապես այդ պետության կախվածությունը նավթային սեգմենտից վաղուց արդեն դարձել է կրիտիկական: Ամենահամեստ հաշվարկներով` այդ երկրի պետական բյուջեի 50 տոկոսը հավաքագրվում է ընդամենը նավթային երկու` Պետական նավթային և Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերությունների վճարներից: Այս ընկերությունները միասին մուծում են նաև պետական հարկերի 75%-ը5: Ըստ շատ տնտեսագետների, նավթի գնի բարձրացման և նավթարդյունահանման աճի շրջանում այդ երկրների ու այդ թվում Ադրբեջանի տնտեսություններում առկա են, այսպես կոչված, հոլանդական հիվանդության բոլոր ախտանիշերը, որի հաղթահարումը, ըստ արևմտյան փորձագետների, դժվար է նաև այն պատճառով, որ Ադրբեջանում նավթային «բումը» կարճ կտևի և կավարտվի 2012-15թթ., որին կհետևի տնտեսական լուրջ ճգնաժամ: Բացի այդ, երկրի ողջ տնտեսության կախվածությունը նավթի գներից և մի քանի ընկերություններից Ադրբեջանը դարձնում է խոցելի ոչ միայն տնտեսապես, այլև քաղաքականապես: Այս թեզն ամբողջովին ապացուցվեց նավթի գների անկման շրջանում: Ադրբեջանն այսօր արդեն լուրջ խնդիրներ ունի իր բյուջեի կատարման և մեծ ծրագրերի իրականացման գործում: Էներգակիրներով հարուստ երկրները նաև հայտնվում են անդրազգային հզոր ընկերություններից լուրջ կախվածության մեջ, քանի որ նրանց մուծած գումարների միջոցով են միայն պահվում այդ երկրների վարչակազմերը: Օրինակ, տարածաշրջանի երկրները՝ թե՛ Ղազախստանը, թե՛ Թուրքմենստանը, թե՛ Ադրբեջանը լուրջ կախվածություն ունեն այն ընկերություններից, որոնք ֆինանսավորում և արտահանում են արդյունահանվող էներգակիրները: Դա հատկապես ցայտուն երևում է Թուրքմենստանի օրինակով, որն իր գազը վաճառում է միայն «Գազպրոմին», և, հետևաբար, ընկերությունը դառնում է ոչ միայն այդ երկրի հիմնական ֆինանսավորողը, այլև լուրջ քաղաքական լծակներ է ձեռք բերում: Նույն վիճակում է հայտնվել նաև Ադրբեջանը, որի կախվածությունն անգլո-բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիում» և նորվեգական «Սթաթօյլ» ու միջազգային այլ գերհզոր նավթային ընկերություններից դարձել է կրիտիկական: Այս ընկերություններն ուղղակիորեն կամ վերահսկողության տակ գտնվող կոնսորցիումների միջոցով իրենց ձեռքերում են կենտրոնացրել Ադրբեջանի նավթային սեկտորի ճնշող մասը: Նրանք ոչ միայն վերահսկում են այդ երկրի ամենաեկամտաբեր նավթահորերը, այլև հսկողության տակ են վերցրել Ադրբեջանից նավթի առաքման հիմնական խողովակաշարերը` Բաքու-Սուփսան և Բաքու-Ջեյհանը: Օրինակ, 2007թ. առաջին 6 ամիսների ընթացքում Ադրբեջանից արտահանվել է 8,66 մլրդ դոլարի նավթ և նավթամթերք: Արտահանվող նավթի առյուծի բաժինն ընկնում է Ադրբեջանական միջազգային օպերացիոն ընկերությանը (ԱՄՕԸ): Վերջինս արտահանել է 7,7 մլրդ դոլարի նավթ և նավթամթերք: Այս արտահանումից Ադրբեջանի ուղղակի եկամուտը կազմել է 1,2 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ընկերության արտասահմանյան բաժնետերերին հասել է 6,5 մլրդ դոլարի եկամուտ6: ԱՄՕԸ կոնսորցիումի հիմնական բաժնետերերը միջազգային 10 խոշոր նավթային ընկերություններն են, որոնցից ամենամեծ փայատերերն են British Petroleum-ը (BP), որն ունի բաժնետոմսերի 34,1%-ը, Unocal-ը` 10,3%, Statoil-ը` 8,6%, ExxonMobil-ը` 8%7 և այլն: Ասենք, որ ԱՄՕԸ ընկերությունը տնօրինում է նաև Ադրբեջանի նավթի ամենաեկամտաբեր հանքավայրը` Չիրաք-Գյունեշլին: Նշենք նաև, որ «Բրիթիշ Փեթրոլիումը» վերահսկում է Բաքու-Ջեյհան նավթամուղը: Բրիտանական այդ ընկերությունը Բաքու-Ջեյհանի հիմնական օպերատորն է, և նրան է պատկանում բաժնետոմսերի 30,1%-ը8:
Նույն վիճակն է տիրում նաև Ադրբեջանի ամենահեռանկարային համարվող գազի միակ հանքավայրում` Շահդենիզում: Այս հանքավայրը շահագործում է «Շահդենիզ հանքավայրի պայմանագիր» ընկերությունը, որի մասնաբաժնի հիմնական անդամներն են «Բրիթիշ Փեթրոլիումը»` 25,5%, վերջինս նաև այս համաձայնագրի օպերատորն է, «Սթաթօյլը»` 25,5%, իսկ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունն ունի ընդամենը բաժնետոմսերի 10%-ը9:
Ադրբեջանական նավթը միջազգային շուկա դուրս բերելու համար կառուցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Այս գազամուղը շահագործում է «Հարավկովկասյան խողովակաշար» ընկերությունը, որի հիմնական բաժնետերը նույնպես բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիումն» է, որը նաև պատասխանատու է այս խողովակաշարի կառուցման և շահագործման համար: Նշենք, որ «Բրիթիշ Փեթրոլիումը» վերահսկում է այս ընկերության ակտիվների 25,5%-ը, նախագծի երկրորդ օպերատորը` նորվեգական «Սթաթօյլը», որը պատասխանատու է ծրագրի առևտրային կողմի համար, նույնպես վերահսկում է ակտիվների 25,5%-ը, իսկ Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը պատկանում է այս խողովակաշարի մասնաբաժնի միայն 10%-ը10: Այսպիսով, բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիումը» և նորվեգական «Սթաթօյլը» վերահսկում են ոչ միայն Շահդենիզի հանքավայրը, այլև այն խողովակաշարը, որով ադրբեջանական գազը պետք է հոսի դեպի Թուրքիա ու Եվրոպա: Տնտեսության այդ ճյուղն աշխատատար չէ, և այն չի ապահովում մեծ թվով աշխատատեղեր: Օրինակ, Ադրբեջանում, որտեղ ներքին համախառն արդյունքում էներգետիկ սեկտորը 54%-ից ավելի է, զբաղված է աշխատունակ բնակչության միայն 1%-ը:
Այսպիսով, էներգակիրներով հարուստ երկրներում անդրազգային ընկերությունների ազդեցության աճը և այդ երկրների կախվածությունը տնտեսության մեկ սեգմենտից այդ երկրները դարձնում է խոցելի, իսկ նրանց կառավարման համակարգը` ոչ լիարժեք: Հարվածի տակ է հայտնվում այդ երկրների տնտեսության ոչնավթային սեկտորը: Բացի այդ, նավթի և գազի ոլորտները բավական ֆինանսատար են, ինչն այդ երկրներին հավերժ կախվածության մեջ է գցում միջազգային ֆինանսական կազմակերպություններից և գերտերություններից:
2Ian Bremmer, Oil Politics: America and the Riches of the Caspian Basin, World Policy Journal, vol 15, no. 1, Spring 1998. Ian Bremmer Oil Politics: America and the Riches of the Caspian Basin.
3К.Робинсон, Э.Маршалл, Энергетическая безопасность: Энергетическая небезопасность 17.07.2006, №129 (1656) www.vedomosti.ru
4А.Рашид, Талибан: Ислам, нефть, и новая Большая игра в Центральной Азии. Часть 2-я 08.01.2005 www.centrasia.org
5ИА REGNUM, В 2007 году в бюджет Азербайджана от нефти поступит 3,059 млрд. долларов, www.regnum.ru
6ИА REGNUM «Новости»: За полугодие Азербайджан экспортировал нефти и нефтепродуктов на 8,66 млрд долл. /www.regnum.ru
7Муталибов А., «Черное золото» так и не превратилось в «нефтедолларовый дождь», журнал «Мировая энергетическая политика», 14 мая 2002 www.opec.ru
8Эмин Махмудов, Михаил Зыгарь, «КоммерсантЪ», С горючим революционным приветом. Каспийская нефть заполняет трубопровод Баку–Джейхан, 2005г.
9ИА REGNUM «Новости»: BP и "Статойл" объявили о начале добычи коммерческого газа на "Шахдениз" (Азербайджан), www.regnum.ru
10ИА REGNUM «Новости»: BP и "Статойл" объявили о начале добычи коммерческого газа на "Шахдениз" (Азербайджан), www.regnum.ru
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]