• am
  • ru
  • en
Версия для печати
18.06.2009

«ՆԱԲՈՒԿԿՈ» ԳԱԶԱՏԱՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան

1 (medium)«Նաբուկկո» գազատարը ամենահավակնոտ էներգետիկ նախագծերից է։ Այն ենթադրում է խոշոր գազատար ցանցի կառուցում Կենտրոնական Ասիայից մինչև Իրան ու Ադրբեջան, որի միջոցով ԵՄ երկրներին կարող է մատակարարվել տարեկան մինչև 80 մլրդ մ3 բնական գազ։

2009թ. ապրիլը և մայիսը բավական հարուստ էին իրադարձություններով՝ կապված նոր խոշոր էներգետիկ նախագծերի հետ։ Ապրիլի 24-25-ին Սոֆիայում կայացած «Բնական գազը Եվրոպայի համար. անվտանգություն և գործընկերություն» գագաթաժողովը դրեց Եվրոպայի համար ռազմավարական համարվող «Նաբուկկո» գազատարի նախագծի իրականացման առաջին իրական հիմքերը։ Իսկ մայիսի 8-ին Պրահայում, ԵՄ «Հարավային միջանցք. նոր մետաքսե ճանապարհ» գագաթաժողովում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները ստորագրեցին համատեղ հռչակագիր «Նաբուկկո» գազատարի շինարարության վերաբերյալ։

Սույն հռչակագրի ստորագրումը Հայաստանի համար հետաքրքրություն է ներկայացնում մի քանի պատճառով։

Նախ՝ գազատարի նախագիծն իրականացվում է մեր տարածաշրջանում և կստեղծի նոր ենթակառուցվածքային առնչություններ դեպի եվրոպական շուկա կասպյան և իրանական գազի արտահանման համար։

Երկրորդ՝ գազատարն անմիջականորեն կապված է տարածաշրջանային քաղաքական հարաբերությունների հետ, որոնք, անկախ այն բանից՝ անցնո՞ւմ է գազատարը Հայաստանի տարածքով, թե՞ ոչ, շոշափում են մեր երկրի շահերը։

Երրորդ՝ հայ-թուրքական երկխոսության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացների ակտիվացման պայմաններում կարող է տպավորություն ստեղծվել, թե հնարավոր է, որ «Նաբուկկոն» անցնի Հայաստանի տարածքով։

Վերոնշյալ բոլոր խնդիրների, այդ թվում և Հայաստանի համար ամենակարևոր՝ վերջին խնդրի դիտարկման համար անհրաժեշտ է անդրադառնալ «Նաբուկկո» գազատարի էությանը, ինչպես նաև Պրահայում ստորագրված հռչակագրի ստորագրմանը։

«Նաբուկկոյի» որոշակիությունն ու անորոշությունը

Մի բանում «Նաբուկկոն» միանշանակորեն որոշակի է, և դա այն է, որ նախագիծն ուղղված է Ռուսաստանի՝ որպես Եվրոպային հիմնական բնական գազի մատակարարի, դերի նվազմանը։ Սա է, կարելի է ասել, նախագծի հիմնական և գրեթե միակ նպատակը։

Գազատարի անցկացման` 2003-ին ծագած գաղափարը սերտորեն կապված էր էներգափոխադրումների երկու այլ խոշոր նախագծերի՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Հարավկովկասյան գազատարի (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) իրականացման տրամաբանության ու ոգու հետ։ Այս երկու նախագծերը կոչված էին Ռուսաստանի տարածքը շրջանցող այլընտրանքային երթուղի ստեղծել կասպյան նավթը և գազը համաշխարհային շուկա ուղղելու համար։ Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նոր խողովակաշարերը ոչ մի կերպ չէին կարող և չեն կարող ազդել միջազգային էներգետիկ հաշվեկշռի վրա, դրանք որևէ կերպ չեն ենթադրում նավթի և գազի արդյունահանման կամ արտահանման ծավալների աճ։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը և Հարավկովկասյան գազատարը ստեղծված են բացառապես ածխաջրածինների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման նպատակով։ Ադրբեջանական նավթը և կենտրոնաասիական ածխաջրածինները հեշտությամբ էին հայտնվում և այսօր էլ կարող են հայտնվել սպառման համաշխարհային շուկաներում առանց նոր խողովակաշարերի, բայց Ռուսաստանի տարածքով, որի միջազգային և տարածաշրջանային ազդեցության նվազմանն էլ հենց պետք է հասնեին Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը և Հարավկովկասյան գազատարը։ Այս տրամաբանությունը, մեկ առանձնահատկությամբ, դրված է նաև «Նաբուկկոյի» հիմքում։ Իսկ «Նաբուկկոյի» այդ միակ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն Հարավային Կովկասում կառուցված նոր խողովակաշարերի, այն դուրս է գալիս դեպի Իրանի նոր, խոշոր և չյուրացված գազահանքավայրեր։ Բնական գազի պաշարներով աշխարհում 2-րդ տեղը գրավող Իրանն առայժմ զգալի ծավալով գազ չի արտահանում, իսկ Հայաստան և Թուրքիա ձգվող գազամուղները դեռ չեն ազդում ոչ համաշխարհային էներգետիկ հաշվեկշռի, ոչ ԵՄ էներգետիկ անվտանգության վրա։

Նման պայմաններում «Նաբուկկոն» կարող էր դառնալ իրական և նշանակալի նախագիծ, եթե գազատարում «հայտնվի» իրանական գազը։ Բայց (և դա տարածաշրջանային բոլոր էներգետիկ նախագծերի հիմնական խնդիրն է) «Նաբուկկոն» ոչ միայն պարզապես էներգետիկ, այլ նաև քաղաքական նախագիծ է։ Իսկ քաղաքական հարաբերությունների զարգացումը տարածաշրջանում, առճակատման խորացումը Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում հարկադրեցին արդեն 2004թ. բացառել Իրանը «Նաբուկկոյի» գերակայություններից։ Արդյունքում՝ արդեն 2004-ին «Նաբուկկոն» նախագիծ էր, որը կողմնորոշված էր բնական գազ ստանալու Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայից (այդ նպատակի համար պետք է կառուցվեր Անդրկասպյան գազամուղը), Եգիպտոսից և Իրաքից։ 2005թ. արդեն Իրաքն է դուրս մնում նախագծից, քանի որ այդ երկրում ծայր առած քաղաքացիական պատերազմը ցույց տվեց երկրի՝ որպես երկարատև էներգետիկ գործընկերոջ, անհուսալիությունը։ Հաջորդ երկու տարիներին նախագիծն ակտիվորեն քննարկում էին Կենտրոնական Ասիայում եվրոպական արտաքին քաղաքականության ակտիվացման համատեքստում։ Թուրքմենբաշիի մահը և Թուրքմենստանի նոր ղեկավարի ընտրությունը հույս ստեղծեց, որ այդ երկիրը շուտով կարող է միանալ նախագծին։ 2008-ին ակտիվացան Բաքվի և Աշգաբադի շփումները, Թուրքմենստանի նախագահն առաջին անգամ այցելեց Ադրբեջան։ Դա, հավանաբար, պատրանքներ ծնեց, թե Անդրկասպյան գազատարի նախագիծը, առանց որի թուրքմենական գազը Ադրբեջանում և «Նաբուկկոյում» հայտնվել չի կարող, շուտով կիրականանա։ Բայց հետագա իրողությունները ցույց տվեցին, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ ճեղքման չեն հասնի։

Անցյալ տարի Իրանը կրկին «վերադարձավ «Նաբուկկո» ծրագիր։ Բ.Օբամայի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը և նրա հայտարարած՝ Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղեգիծը քաղաքական ազդանշան հանդիսացան այն բանի, որ Թեհրանի հետ կարելի է կրկին բանակցություններ սկսել «Նաբուկկոյի» վերաբերյալ։ 2009թ. սկզբից Թուրքիան, հանձին վարչապետի, սկսեց ակտիվորեն լոբբավորել Իրանի միացումը «Նաբուկկոյին»։ Ռ.Թ.Էրդողանը նույնիսկ Բրյուսելում հայտարարեց, թե առանց Իրանի գազամուղը որևէ իմաստ ունենալ չի կարող։

Եվ իսկապես, Իրանի միացումը նախագծին կարող է հիմք հանդիսանալ դրա իրագործման համար։ Բայց «Նաբուկկոյի» շուրջ Թեհրանի հետ պաշտոնական մակարդակի բանակցություններ դեռ չեն սկսվել, և չի էլ կարելի պնդել, թե սկսվելով հանդերձ՝ դրանք կհանգեցնեն դրական և արագ արդյունքի։ Իրանը շատ բարդ բանակցող է, և վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ երկիրը ոչ մի հարցի շուրջ արագ որոշում կայացնելու մեջ աչքի չի ընկնում։ Իրան-Հայաստան գազատարի շինարարության վերաբերյալ բանակցությունները տևեցին մոտ 8 տարի, իսկ Իրան-Պակիստան-Հնդկաստան գազատարի շուրջ բանակցությունները սկսվել են 1995-ին և առայժմ, բացի հռչակագրի ստորագրումից, ոչնչի չեն հանգեցրել։ Իրանի նավթի նախարարի պաշտոնական հայտարարություններն այն մասին, թե երկիրը հետաքրքրված է «Նաբուկկոյով», իրական քաղաքականության հարթությունում ոչինչ չեն նշանակում։ Հետաքրքիր ու ցայտուն օրինակ. մարտի սկզբին Իրանի նավթի նախարարը հայտարարեց, թե Իրանը պատրաստ է բանակցություններ սկսել «Նաբուկկոյին» միանալու շուրջ, իսկ մարտի վերջին նույն նախարարը հայտարարեց, թե Իրանի համար ավելի առաջնահերթ է Իրան-Իրաք-Սիրիա գազատարի անցկացումը և Սիրիայում բնական գազի հեղուկացման գործարանների շինարարությունը, այն դեպքում, երբ «Նաբուկկոն» Իրանի համար առանձնապես կարևորություն չի ներկայացնում»։

Հռչակագիր շինարարության մասին

Վերադառնալով Պրահայում ստորագրված փաստաթղթին՝ կարող ենք արձանագրել, որ «Նաբուկկոյի» շինարարության մասին հռչակագրի տակ չկան ոչ Իրանի, ոչ Ղազախստանի, ոչ Թուրքմենստանի, ոչ Ուզբեկստանի ստորագրությունները։ Հռչակագիրն ստորագրած գազարդյունահանող երկու պետություններ՝ Ադրբեջանը և Եգիպտոսը, էական դերակատարություն գազի համաշխարհային արդյունահանման գործում չունեն։ Եվ ոչ միայն։ Ադրբեջանի ստորագրությունը հռչակագրի տակ ևս մեկ կարևոր առանձնահատկություն ունի։ Բանն այն է, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա արդեն կառուցված է Հարավկովկասյան գազատարը, որն ադրբեջանական գազը մինչև Թուրքիա է հասցնում առանց էական դժվարությունների։ Տարեկան 25-30 մլրդ մ3 թողունակություն ունենալով՝ Հարավկովկասյան գազատարն առանց որևէ խնդրի կկարողանա ադրբեջանական նավթը մղել Թուրքիա։ Սրանից հետևում է, որ Ադրբեջանի ներկայացուցչի ստորագրությունը հռչակագրի տակ և «Նաբուկկոյին» Բաքվի միանալը կոնկրետ նոր ու էական ոչինչ ոչ նախագծին, ոչ էլ եվրոպական էներգետիկ անվտանգությանը չեն տա։ Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ մի քանի եզրահանգում անենք.

  • «Նաբուկկոն», ընդհանուր առմամբ, իր քաղաքական էությամբ հակառուսական նախագիծ է,
  • նախագիծը բավական անորոշ է, վերջին տարիներին ամեն տեսակ փոփոխությունների է ենթարկվել և, հավանաբար, դեռ էլի կփոփոխվի,
  • ընդհանուր առմամբ, «Նաբուկկո» նախագիծը ներկա փուլում հազիվ թե կարելի կլինի հաջող անվանել, իսկ ստորագրված հռչակագիրը էական ոչինչ չի փոխի համաշխարհային էներգետիկ անվտանգության մեջ։

Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ առաջիկա տարիներին նախագծին Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միացման լոբբավորումն ավելի է ինտենսիվանում, ինչը, բնականաբար.

  • առաջ կբերի Ռուսաստանի ուժգին դիմակայությունը,
  • էական խթան կհանդիսանա տարածաշրջանի քաղաքական հարաբերությունների համար,
  • կշարունակի ազդել նախագծի վրա, փոխել նրա ձևը՝ գուցե նրան մեծ կոնկրետություն հաղորդելով։

Հայկական հեռանկարներ

Վերոշարադրյալ գործոններն էլ հենց պետք է հիմք ընդունվեն «Նաբուկկոյին» Հայաստանի միանալու հեռանկարների քննարկման համար, իսկ դրանք հաշվի չառնելը չափից ավելի սուբյեկտիվ և իրականությունից կտրված է դարձնում գազատարի շինարարությանը մեր մասնակցության վերաբերյալ ամեն տեսակ կանխատեսում և նախագիծ։ Եվ դա պակաս կարևոր չէ. չի կարելի գազատարին Հայաստանի միանալու խնդիրը ուղղակիորեն ու կոպիտ կերպով ածանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից։ Թուրքիայի հետ սահմանի բացումը, իսկապես, սերտորեն կապված է մեր երկրի էներգետիկական քաղաքականության ապագայի հետ: Թուրքիայի հետ միջպետական նորմալ հարաբերությունների հաստատումը դրական խթան կհանդիսանա Հայաստանի էներգետիկ սեկտորի զարգացման համար: Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման կարգավորումը Հայաստանում էներգիա արտադրող հզորությունների զարգացման խոշոր նախագծերի իրագործման անհրաժեշտ հիմք կստեղծի. նոր հզոր ԱԷԿ-ի կառուցում, Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 5-րդ բլոկի կառուցման ավարտ, Երևանի ջերմաէլեկտրակայանի արդիականացում, Իրան-Հայաստան գազատարի լիարժեք կիրառություն, ՀԷԿ-ի կառուցում և այլն: Բայց խոսել այն մասին, թե Հայաստանն ավտոմատ կերպով կներառվի «Նաբուկկո» նախագծում, ճիշտ չէ: Այդ նախագծին մասնակցության համար անհրաժեշտ է ուժերի հատուկ համախմբում, քանի որ զուտ աշխարհագրորեն Հայաստանն ամենահարմար երկիրը չէ Եվրոպա գազ արտահանելու համար: Սակայն քաղաքական ակտիվությունը և քաղաքական գործոնները, այնուամենայնիվ, կարող են խաղալ իրենց, այն էլ` կարևոր, դերը: Խոսքն այս դեպքում հայ-իրանական միջպետական համագործակցության և բնական գազի երթուղիների դիվերսիֆիկացման իրանական քաղաքականության մասին է: Չի բացառվում, որ հանգամանքների բերումով և Հայաստանի ակտիվ քաղաքականության շնորհիվ Իրան-Հայաստան գազատարը կարող է ընդլայնվել մինչև այն ծավալների չափով, որ հնարավոր լինի իրանական գազը Թուրքիա կամ էլ Վրաստան վերարտահանել` հետագայում դրա` «Նաբուկկոյում» հայտնվելու հեռանկարով: Կարող է թվալ, թե նման քաղաքականությունը կհակասի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ոգուն, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի համար, եթե Իրանն, իհարկե, որոշի միանալ «Նաբուկկոյին», կարևոր կլինի, որ իրանական գազի թեկուզև մի մասն արտահանվի հայկական գազատրանսպորտային համակարգի միջոցով, որը պատկանում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին: Էլ չենք խոսում այն մասին, որ հենց այս ընկերությունն է ապահովելու Իրան-Հայաստան գազատարի թողարկային կարողության ընդլայնումը, կառուցելու նոր խողովակաշարեր, որոնք այսպես թե այնպես գտնվելու են նրա հաշվեկշռում:

Մենք կարծում ենք, որ ներկա փուլում կարելի է խոսել և մտածել «Նաբուկկո» գազատարին Հայաստանի միանալու հեռանկարների մասին: Բնականաբար, հնարավորություն կա, որ միանալու հեռանկարը մեզ համար երբեք էլ իրական չդառնա, բայց ակտիվ քաղաքականությունը կարող է հանգեցնել դրական արդյունքների:

Հայաստանը հասել է էներգետիկ համակարգի կայունության բարձր մակարդակի, ինչն արդյունք է ինչպես կառավարության, այնպես էլ հանրապետության խոշորագույն էներգետիկ ընկերության` «Հայռուսգազարդի» իրական և երկարատև աշխատանքի: Այսօր հարկավոր է պահել այդ կայունությունը, ստեղծել օտարերկրյա ներդրումների հոսքի պայմաններ և, ինչը միանգամայն իրական է, մտածել հայկական ներդրումների մասին արտասահմանի էներգետիկ ակտիվներում: Միևնույն ժամանակ, այն պայմաններում, երբ Կենտրոնական Ասիայի երկրները զրկված են համաշխարհային շուկաների հետ ուղղակի էներգափոխադրումային կապերից, իսկ Իրանը հիմնականում փակ է մնում օտարերկրյա ներդրումների համար, այդ պետություններում էներգետիկ ակտիվների ձեռքբերումը ավելի շատ է հնարավոր, քան այն ժամանակ, երբ ամեն ինչ փոխվի: Իսկ Հայաստանը, մեր կարծիքով, դատապարտված է ձեռք բերելու նման ակտիվներ, քանի որ առանց դրանց հանրապետության էներգետիկ համակարգի երկարատև կայունությունը կարող է հայտնվել սպառնալիքի տակ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր