• am
  • ru
  • en
Версия для печати
31.03.2011

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան

Ս.Սարուխանյան «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու

Արաբական աշխարհում տեղ գտած զարգացումների ֆոնին և 2012թ. խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իրանական ընդդիմությունը շարունակում է ակտիվ հակակառավարական գործունեություն ծավալել։ Իրանի իշխանական վերնախավում շարունակվում են վերադասավորումները, որոնք պետք է ազդեն 2012-ի խորհրդարանական և 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա։

Ընդդիմության գործունեությունը

Փետրվարի 28-ին Agence France-Presse գործակալությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ընդդիմության առաջնորդներ Միրհոսեյն Մուսավիի և Մեհդի Քյարուբիի տնային կալանքը փոխարինվել է ձերբակալությամբ։ Հաղորդագրության համաձայն՝ ընդդիմադիրները և նրանց կանայք ձերբակալվել էին փետրվարի 24-ին և տեղափոխվել Թեհրանի Հեշմիթայե բանտ, որտեղ գտնում են նաև ընդդիմադիր ուժերը ներկայացնող հարյուրավոր ձերբակալված երիտասարդներ։ Սակայն արդեն մարտի 1-ին FARS լրատվական գործակալությանը բանտից տեղեկացրին, որ ընդդիմության առաջնորդները երբեք չեն ձերբակալվել և բերման չեն ենթարկվել, ձերբակալվել է միայն Մ.Քյարուբիի որդի Ալի Քյարուբին՝ հակակառավարական միջոցառումներ հրահրելու և դրանց մասնակցելու պատճառով։ Այս տեղեկատվությունն ավելի ուշ հաստատվեց նաև Իրանի գլխավոր դատախազության կողմից։ Հարկ է նշել, որ Agence France-Presse-ը Մուսավիի և Քյարուբիի ձերբակալության մասին լուրը տարածել էր՝ հղում կատարելով Մուսավիի ոչ պաշտոնական կայքի խմբագրի վրա։

Կարելի է ենթադրել, որ փետրվարի 14-ից տնային կալանքի մեջ գտնվող Մուսավին իր թիմի միջոցով է փետրվարի 28-ին ապատեղեկատվություն տարածել իր ձերբակալության մասին՝ ակնկալելով, որ այն մարտի 1-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքին ավելի մեծաթիվ զանգված դուրս կբերի։ Չնայած ընդդիմության հավաքը մարտի 1-ին տեղի ունեցավ, բայց այն մեծաքանակ չի կարելի համարել, ինչը վկայում էին նաև արևմտյան աղբյուրները։ Առաջիկա ամիսներին կարելի է սպասել ընդդիմության առաջնորդների ձերբակալությունների մասին մեծաքանակ ապատեղեկատվության թե՛ իրանական ընդդիմադիր և թե՛ արևմտյան աղբյուրների կողմից։ Վերջիններս ձգտելու են դրա միջոցով բորբոքել հասարակությանն ավելի ակտիվ փողոցային գործողությունների դիմելու։

Ըստ Մ.Մուսավիի դստեր, ընդդիմադիր առաջնորդը ոչ միայն տնային կալանքի մեջ է, այլև արգելված են նրա շփումներն անգամ սեփական երեխաների հետ։ Մուսավիի «փակված» վիճակը պարարտ հող կստեղծի ապատեղեկատվության համար։ Չնայած, եթե հավատալու լինենք իրանական ընդդիմադիրներին, Մուսավին անգամ իրեն հսկող ոստիկանների միջոցով է կարողանում կապ հաստատել հասարակության հետ, ինչի օրինակն էր նրա կողմից տարածված հայտարարությունը մարտի 8-ին, կանանց միջազգային տոնի առիթով, նոր, հուժկու հանրահավաք կազմակերպելու մասին։

Հարկ է նշել, որ ընդդիմությունը ջանք չի խնայում օգտագործելու բոլոր հնարավոր միջոցներն ու առիթները՝ նոր ցույցեր կազմակերպելու համար։ Օրինակ՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ ընդդիմության առաջնորդներ Մ.Մուսավին և Մ.Քյարուբին կոչ արեցին իրենց համախոհներին դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ կազմակերպել հանուն Իրանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության։ Բողոքի ակցիաները ճնշվեցին և ցրվեցին ոստիկանական ուժերի կողմից, մի քանի տասնյակ մասնակիցներ ձերբակալվեցին։ Հարկ է նշել, որ Մարտի 8-ը, որը տարբեր երկրներում նշվում է որպես կանանց հավասարության պայքարի օր, ոչ շահական Իրանում, ոչ էլ իսլամական հանրապետությունում երբեք որպես պաշտոնական տոն չի նշվել։ Ավելին, ժամանակին Մարտի 8-ին բողոքի ակցիաներ կազմակերպվում էին շահի և իսլամական իշխանությունների դեմ հանդես եկող «Թուդե» կոմունիստական կուսակցության կողմից, որը կառավարության կողմից ջախջախվել է դեռ 1980-ականներին։ Այդ տոնը կարելի է համարել հակակրոնական, քանզի պայքարում է կանանց հավասարության և ազատության համար, ինչն անընդունելի է այն պետություններում, որտեղ իսլամական էթիկան պետական քաղաքականության մաս է կազմում։ Թերևս, այս օրը հակակառավարական միջոցառումներ կազմակերպելու համար օգտագործելու իրանական ընդդիմության փորձերը խորհրդանշում են իրանական հակակառավարական շարժման գաղափարախոսության վերափոխումը. եթե 2009-ին այն հիմնված էր իսլամական արժեհամակարգի և կառավարման ձևի պահպանման անհրաժեշտության վրա, ապա այսօր այն հակահամակարգային շարժում է, որի՝ ներկայումս կասկածելի թվացող հաղթանակի դեպքում կարող է փոխվել Իրանի կառավարման ողջ համակարգը։

Սա, թերևս, վերջին երկու տասնամյակներին իրանական քաղաքական գործընթացների ամենամեծ «ձեռքբերումն» է՝ բացասական իմաստով. Մ.Ահմադինեժադի իշխանության տարիներին ընդդիմադիր հայացքների համար հալածանքները հանգեցրին պետական համակարգի և ընտրությունների արդյունքում ձևափոխման հնարավորության նկատմամբ հասարակական հիասթափության, իսկ ընդդիմադիր շարժումն Իրանում, որը նախկինում իշխանական համակարգի մի թևի պայքարն էր մյուս թևի նկատմամբ, սահուն ձևափոխվում է հասարակության պայքարի իշխանական համակարգի դեմ։ Ցավոք, պետք է նշել, որ կադրային վերադասավորումներն իշխանական ոլորտում (մեղմ պահպանողականները հեռացվում են առանցքային պաշտոններից, նրանց փոխարինում են ավելի կոշտ գծի կողմնակիցներ), հանգեցնելու է քաղաքական ճգնաժամի և հասարակություն-պետություն հակասությունների հետագա խորացման, ընդդիմադիր շարժման հեղափոխականացման։ Այս տեսանկյունից, առանցքային կարող է համարվել Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի (որը սահմանափակ բարեփոխումների կողմնակից է և ծայրահեղականության թշնամի) իշխանությունից սահուն հեռացումը, ինչը կարող է ավարտել իշխանությունն Իրանում ծայրահեղականներին անցնելու գործընթացը։

Վերադասավորումներ իշխանությունում

Մարտի 8-ին Իրանում կայացան Իրանի Փորձագետների խորհրդի նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում նախագահի պաշտոնից հեռացավ Ալի Հաշեմի-Ռաֆսանջանին։ Այդ պաշտոնը բավական կարևոր նշանակություն ունի Իրանի ներքաղաքական կյանքում, քանի որ Փորձագետների խորհուրդն ազդեցիկ սահմանադրական կառույց է, որի հիմնական գործառույթներից է իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդի ընտրությունը։ Հաշեմի-Ռաֆսանջանին զբաղեցնում էր Փորձագետների խորհրդի նախագահի և Նպատակահարմարության խորհրդի ղեկավարի պաշտոնները, որոնք նրան դարձրել էին հոգևոր առաջնորդից և նախագահից հետո ամենաազդեցիկ քաղաքական և տնտեսական գործիչը։ 2009-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Հաշեմի-Ռաֆսանջանին անուղղակիորեն պաշտպանեց հակաահմադինեժադյան ուժերին, նրա իշխանության և ազդեցության դեմ պայքարը դարձավ ծայրահեղ պահպանողական կառույցների քաղաքականության կարևոր նպատակներից մեկը։ Այս պայքարն առաջնորդվել է հիմնականում Իրանի նախագահի անմիջական շրջապատի կողմից, սակայն վերջին շրջանում Հաշեմի-Ռաֆսանջանիի դեմ հնչող քննադատությունները կրում են գրեթե համապետական բնույթ։ Սակայն 2010-ի նոյեմբերին նախկին նախագահի որդու ձերբակալության մասին դատարանի որոշումը ցույց տվեց, որ շարժումը Հաշեմի-Ռաֆսանջանիի դեմ ուղղորդվում է պետության կողմից։

Այսպիսով, մարտի 8-ին Հաշեմի-Ռաֆսանջանին կորցրեց իր երկու կարևոր պաշտոններից մեկը։ Չնայած արևմտյան մամուլում Ռաֆսանջանիի հեռացումը ներկայացվում է որպես նրա կրած պարտություն և ծայրահեղ պահպանողականների հաղթանակ, իրականությունը, սակայն, որոշակիորեն այլ է։ Մինչև Փորձագետների խորհրդի նախագահի ընտրությունները Հաշեմի-Ռաֆսանջանին հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը, եթե նախագահի պաշտոնին հավակնի իսլամական գործիչ Մոհամադ Կանին։ Հարկ է նշել, որ չնայած Կանին ավելի պահպանողական քաղաքական հայացքներ ունի, բայցևայնպես յուրահատուկ հարաբերությունների մեջ է Հաշեմի-Ռաֆսանջանիի հետ. նրանք երկուսով ղեկավարում են պահպանողական Պայքարող հոգևորականության կազմակերպությունը, որը երկար ժամանակ է արդեն, ինչ Իրանի խորհրդարանի ազդեցիկ ուժերից է։ Բացի այդ, Հաշեմի-Ռաֆսանջանիին Կանիի հետ կապում են բավական ջերմ հարաբերություններ, որոնք սկսվել են 1970-ականներից (երբ նրանք պայքարում են շահական իշխանության դեմ) և խորացել 1980-ականներին (երբ այաթոլա Խոմեյնիի ամենամոտ հետևորդներն էին)։ Եվ չնայած Հաշեմի-Ռաֆսանջանին ստիպված եղավ լքել իր երկու կարևոր պաշտոններից մեկը, նա կարողացավ ապահովել այնպիսի հաջորդականություն, որպեսզի Փորձագետների խորհուրդը չվերածվի նախկին նախագահի դեմ տարվող քաղաքականության նոր օղակի։ Նշենք, որ Մոհամադ Կանին, հավանաբար, կկառավարի Փորձագետների խորհրդի աշխատանքները միայն մեկ շրջան՝ 2 տարի, քանի որ 80 տարեկան է. ընտրություններից առաջ նա հայտարարեց, որ ստիպված է ստանձնում կարևոր կառավարչական գործառույթը։

Հաշեմի-Ռաֆսանջանիի համար մոտակա շրջանում կարևոր է այն, որ պահպանի Նպատակահարմարության խորհրդի նախագահի պաշտոնը։ 2012թ. փետրվարին լրանում է խորհրդի ներկայիս կազմի լիազորությունների ժամկետը, որից հետո Իրանի հոգևոր առաջնորդը պետք է կազմի և հաստատի խորհրդի նոր կազմը։ Այս մարմինը, որը փաստացի ստեղծման օրվանից՝ 1989-ից, ղեկավարում է Հաշեմի-Ռաֆսանջանին, կարևոր մարմին է, որն Իրանի խորհրդարանի և Փորձագետների խորհրդի միջև միջանկյալ տեղ է զբաղեցնում և հիմնականում քննարկում է Իրանում ընդունվող նոր օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, հանդես է գալիս դրանք վերանայելու կամ չընդունելու միջնորդությամբ։ Հաշեմի-Ռաֆսանջանիի համար կարևոր նշանակություն ունի Նպատակահարմարության խորհրդի նախագահի պաշտոնը պահպանելը, քանի որ այն կորցնելու դեպքում Իրանի նախկին նախագահը կկորցնի պաշտոնական ազդեցությունն ու դերն Իրանի ներքաղաքական և տնտեսական կյանքում։ Հաշվի առնելով այն, թե ինչ ատելությամբ է տարվում Հաշեմի-Ռաֆսանջանիի դեմ քարոզչությունը ծայրահեղ պահպանողականների կողմից վերահսկվող իրանական մամուլում, կարելի է ենթադրել, որ պաշտոնից և դրա ընձեռած անձեռնմխելիության (ոչ պաշտոնապես) կորստից հետո խոշոր բիզնեսում կարևոր տեղ զբաղեցնող Հաշեմի-Ռաֆսանջանիի ընտանիքի դեմ սկսվելու է իսկական արշավ, որը կործանարար կարող է լինել թե՛ ընտանիքի և թե՛ նրա կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր շարժման համար։

Կարևոր նշանակություն ունի այն, թե ինչպես է Հաշեմի-Ռաֆսանջանին պատրաստվում պահպանել պաշտոնը։ Հնարավոր տարբերակ է այն, որ կարող է համաձայնության գալ Իրանի հոգևոր առաջնորդի հետ իր քաղաքական դիրքորոշման վերաբերյալ և փորձել ստանալ նրա նոր նշանակումն իր պաշտոնին։ Սակայն, կարծես թե, Հաշեմի-Ռաֆսանջանին պատրաստվում է իր շուրջը համախմբել հին պահպանողական ուժերին, որպեսզի նրանց գլխավորելով՝ ազդեցության մեծ չափաբաժին ապահովի Իրանի մեջլիսի նոր կազմում, որն ընտրվելու է 2012-ի մարտին։ Հին պահպանողականների ակտիվացման մասին են խոսում Պայքարող հոգևորականության կազմակերպությունում կատարվող վերադասավորումները և իրանական մամուլում հրատարակվող կարծիքներն այն մասին, որ հենց Հաշեմի-Ռաֆսանջանին է առաջնորդելու այս կազմակերպությունը գալիք խորհրդարանական ընտրություններում։ Նշենք, որ Մուսավիի և Քյարուբիի կողմից առաջնորդվող ընդդիմադիր շարժման հեղափոխականացումն, ամենայն հավանականությամբ, հանգեցնելու է նրան, որ Մուսավիի և Քյարուբիի քաղաքական թևը ներկայացնող գործիչներին Իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդը թույլ չի տա գրանցել որպես պատգամավորության թեկնածուներ՝ նրանց պայքարը վերջնականապես ուղղորդելով դեպի փողոց։ Այս պարագայում հին պահպանողականները՝ Հաշեմի-Ռաֆսանջանիի ղեկավարությամբ, հնարավորություն ունեն իրենց կողմը գրավել գործող նախագահի կոշտ քաղաքական և տնտեսական գծից դժգոհներին՝ ապահովելով լուրջ դիրքեր գալիք խորհրդարանում։

Սա վկայում է այն մասին, որ Հաշեմի-Ռաֆսանջանին և նրա շուրջ հավաքված ուժերն, ամենայն հավանականությամբ, կշարունակեն անուղղակիորեն աջակցել ընդդիմությանը՝ դրանում տեսնելով սեփական դիրքերի պահպանման գրավականը։

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 2, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր