Ադրբեջան. զարգացման հավանական սցենարներ

Եթե 2003թ. ուժերի հարավկովկասյան փոխդասավորվածության վրա զգալի ազդեցություն ունեցան նույն տարվա աշնանը Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց զարգացման տրամաբանությունը մասամբ պահպանվեց 2004թ., ապա այս տարվա սկզբին արդեն իսկ ակնհայտ էր, որ «վրացական գործընթացն» այլևս կորցրել է իր գաղափարախոսական, աշխարհաքաղաքական ռեսուրսը, և այդ առումով հանգուցային կետ է դառնում Ադրբեջանը։
Կարելի է միանշանակորեն պնդել, որ այն, ինչ այսօր կատարվում է Ադրբեջանում, և այն, ինչի կհանգեցնեն զարգացումներն այդ երկրում, հարավկովկասյան տարածաշրջանի համար կունենան էական նշանակություն, որոնք իրենց ուղղակի ազդեցությունը կթողնեն եվրասիական աշխարհաքաղաքական դաշտի հանգուցային կետեր համարվող՝ Եվրամիության, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի և Չինաստանի միջև ընկած Հարավային Կովկաս (Հյուսիսային Կովկաս)– Կենտրոնական Ասիա ռազմավարական գծի վրա։ Եվ այս ամենի առումով որպես «հանգուցալուծման» սկիզբ հանդես են գալիս սույն թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, իսկ ավելի ճիշտ՝ այդ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը։
Իրավիճակային վերլուծություն
Եթե փորձենք առկա իրավիճակի վերաբերյալ կատարել որոշակի վերլուծություն, ապա կարելի է առանձնացնել հետևյալ կետերը.
- 2004թ. երկրորդ կիսամյակում և 2005թ. առաջին ամիսներին Ադրբեջանի ուժային կառույցներում ընթացան ակտիվ վերադասավորումներ, որոնց հիմնական նպատակն էր Իլհամ Ալիևի իշխանության ամրապնդումը երկրի ուժային համակարգում,
- միևնույն ժամանակ, որևիցե լուրջ փոփոխություն չգրանցվեց Ալիև-կրտսերին սատարող քաղաքական համակարգում,
- երկրի ընդդիմադիր դաշտում տեղի ունեցավ առաջնորդի փոխարինում. Իսա Ղամբարը փոխարինվեց Ալի Քերիմլիով, որի շուրջ էլ համախմբվեցին հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ադրբեջանի ազգային ճակատ. բարեփոխականներ» կուսակցությունը, «Մուսավաթը», Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցությունը, կազմելով «Ուղուր» (հետագայում վերանվանվեց «Ազադլիգ») նախընտրական դաշինքը,
- 2005թ. առաջին կիսամյակում գրանցվեց ադրբեջանական ընդդիմության զգալի ակտիվացում,
- ժամանակաշրջանը բնորոշվեց ամերիկյան և եվրոպական կառույցների կողմից ադրբեջանական ընդդիմությանը (առաջին հերթին` Ալի Քերիմլիի գլխավորած դաշինքին) ցուցաբերած զգալի քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական և բարոյական աջակցությամբ,
- Ադրբեջանի արտաքին քաղաքականության առումով ԱՄՆ (ս.թ. ապրիլի 12-ին կնքված Ռամսֆելդ–Աբիև պայմանագրի տեսքով) և Եվրամիության (ԵԽԽՎ պայմանների ընդունման միջոցով) օգտին կատարած որոշ զիջումների հետ միաժամանակ տեղի ունեցավ մերձեցում Ռուսաստանի և Իրանի հետ. վերջինիս պարագայում հատկապես կարևորվում է ս.թ. մայիսի 16-ին կնքված «չհարձակման մասին» պայմանագիրը,
- ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նշված գործընթացներից, ըստ էության, հետ մնաց Թուրքիան. Անկարան փորձեց «շտկել իրավիճակը» միայն ս.թ. հունիսին՝ կազմակերպելով Ալի Քերիմլիի այցը Անկարա և Էրդողանի ժամանումը Բաքու։
Ընդհանուր առմամբ պետք է եզրակացնել, որ թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Եվրամիությունը ամեն կերպ ձգտում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների միջոցով էականորեն մեծացնել իրենց ազդեցությունը Ադրբեջանում, ինչն, անշուշտ, պետք է առաջին հերթին ընկալել որպես ազդեցության մեծացում Հարավային Կովկաս (նաև Հյուսիսային Կովկաս)– Կասպյան ավազան ռազմավարական գծում։
Այդ համատեքստում, ըստ ամենայնի, նրանց առավելագույն ծրագիրն է Իլհամ Ալիևի վարչակարգի փոխարինումը նոր՝ զուտ արևմտամետ վարչակարգով (տվյալ պարագայում, ըստ էության, խոսքը Ալի Քերիմլիի մասին է), նվազագույն ծրագիրն է հնարավորինս թուլացնել, հեղինակազրկել Ալիև-կրտսերի վարչակարգը, նրանից կորզել շոշափելի զիջումներ (ինչպես, օրինակ, Ռամսֆելդ–Աբիև պայմանագիրը)՝ վերջինիս ավելի զիջող դարձնելու և միաժամանակ նրա իսկ վերջնական անկումը նախապատրաստելու համար։
Նման հեռանկարը չի կարող խոսել Ռուսաստանի, Իրանի և անգամ Թուրքիայի օգտին, այլապես բոլոր երեք երկրներն էլ զգալիորեն կորցնում են իրենց ազդեցությունը վերոհիշյալ ռազմավարական գծում։ Այդ պատճառով բոլոր երեքն էլ իրենց հաշվարկները, ըստ ամենայնի, առաջին հերթին կապում են Իլհամ Ալիևի վարչակարգի հետ (այստեղ կարելի է նշել, օրինակ, Արցախի հարցում վերջին ժամանակներս Մոսկվայի, Թեհրանի և Անկարայի ադրբեջանամետ հայտարարությունները)՝ միևնույն ժամանակ որոշակի աշխատանք տանելով նաև ադրբեջանական ընդդիմության հետ։
Մյուս կողմից` ռուս-ադրբեջանական, իրանա-ադրբեջանական և թուրք-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող այդ տեղաշարժերը Ալիև-կրտսերը փորձում է օգտագործել Արևմուտքի հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։
«Փոխզիջումային» սցենար
Զարգացման «փոխզիջումային» սցենարը ենթադրում է, որ այս տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիևը կպահպանի իր իշխանությունը, կձևավորվի նրան հիմնականում հնազանդ մի խորհրդարան, Ադրբեջանում, ընդհանուր առմամբ, կպահպանվի գործող համակարգը։
Ներքին քաղաքականության առումով այս սցենարը նշանակում է, որ ադրբեջանական խորհրդարանում, թերևս, զգալիորեն ներկայացված կլինի ալիևամետ ընդդիմությունը։
Այս սցենարը ենթադրում է ներիշխանական հակասությունների զգալի աճ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կարող են ավարտվել գերազանցապես արևմտամետ «երիտասարդ բարեփոխականների» հաղթանակով։
Արտաքին քաղաքականության առումով Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կպահպանեն ազդեցության իրենց չափաբաժինները Ալիև-կրտսերի նոր համակարգում, սակայն բաժնետոմսերի մեծ փաթեթները, ըստ ամենայնի, կգտնվեն Վաշինգտոնում և Բրյուսելում. այս հետևությանն է բերում 1991թ. ի վեր Բաքվի բռնած քաղաքական ու տնտեսական ռազմավարությունը, որի արդյունքում Արևմուտք-Ադրբեջան ինտեգրումն արդեն իսկ պարունակում է համակարգային ինչ-որ տարրեր։
«Փոխզիջումային» սցենարի դեպքում Միացյալ Նահանգները ռազմական առումով իր ներկայությունն է հաստատում Ադրբեջանում, ինչը, սակայն, կարող է որոշակի առումով սահմանափակվել Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պաշտոնական Բաքվի ստանձնած ինչ-ինչ պարտավորություններով։
Սցենար առանց զիջումների
Այս տարբերակի համաձայն, Ադրբեջանում տեղի է ունենում «համակարգի փոփոխություն»՝ Վրաստանի և Ուկրաինայի օրինակներով։ Այդ առումով հարցը միգուցե սոսկ ժամանակի մեջ է։
Ներքաղաքական տեսանկյունից պատկերը պետք է որ հնարավորինս մոտ լինի վրացական և ուկրաինական տարբերակներին, սակայն` ավելի սուր առանձնահատկություններով։
Արտաքին քաղաքականության բնագավառում հաստատվում է գրեթե միանշանակ արևմտամետություն (այդ առումով ուշագրավ է, որ մինչ օրս Ալի Քերիմլին չի այցելել Ռուսաստան կամ Իրան), որի առաջին արդյունքներից մեկը կարող է հանդիսանալ Ադրբեջանում ամերիկյան ռազմական անխոչընդոտ ներկայության հաստատումը, ինչպես նաև Ռուսաստանին պատկանող Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի ապամոնտաժման հարցի մուտքը ռուս-ադրբեջանական օրակարգ։ Այս ամենին, անշուշտ, պետք է գումարել նաև իրանա-ադրբեջանական հարաբերությունների հավանական սրումը։
Ամփոփում
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քիչ հավանական է համարվում «ոչ արևմտյան նախաձեռնությամբ» սցենարի ներկայացումը։ Առավելագույնը, ինչ կարող են անել ռուսական կամ իրանական կողմերը, ղրղըզական սցենարի տարրերով «փոխզիջումային» ինչ-որ իրավիճակի հասնելն է, ընդ որում` այդ իրավիճակը անգամ միջին ժամանակահատվածի կտրվածքով չի կարող կայուն համարվել։ Այս հանգամանքի գլխավոր պատճառն, անշուշտ, Հարավային Կովկասում Մոսկվայի աշխարհաքաղաքական և գաղափարախոսական ազդեցության անկումն է անցած առնվազն մեկ տարվա ընթացքում։ Հետևաբար, քիչ հավանական է զուտ ռուսական կամ ռուս-իրանական սցենարի իրականացումը։
Նման պարագայում ամենահավանական քաղաքականությունը, որ կփորձի վարել Իլհամ Ալիևը, իրեն հնարավորինս շահավետ պայմաններով պայմանավորվածություն ձեռք բերելն է առաջին հերթին Արևմուտքի հետ՝ միաժամանակ կապը չկտրելով Մոսկվայից ու Թեհրանից, և այդ կապը կարող է ծառայել որպես յուրահատուկ երաշխիք նույն Արևմուտքի հետ հարաբերություններում։
Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հավանական ապամոնտաժման (իբր ի պատասխան Վրաստանից Հայաստան ռուսական ռազմական տեխնիկայի տեղափոխման) հարցի շուրջ վերջերս ադրբեջանական մամուլում հայտնված հրապարակումները։ Բացառված չէ, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանին առնչվող զարգացումները ներկայումս հանդիսանում են Արևմուտք–Ադրբեջան–Ռուսաստան–Իրան բարդ խաղի երևացող կողմը։
Անցած շուրջ մեկ տարվա ընթացքում Ալիև-կրտսերի ջանքերի կենտրոնացումը գլխավորապես ուժային կառույցներում կարող է վկայել, որ նա միտված է` որպես իր իշխանության պահպանման հիմնական ռեսուրս, ավելի շատ տեղ հատկացնել ոչ թե հորից ժառանգություն մնացած քաղաքական համակարգին (նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի գլխավորությամբ), այլ «երիտասարդ բարեփոխականների» վերահսկողության ներքո գտնվող ուժային կառույցներին։ Հետևաբար՝
- Ադրբեջանի որոշումների կայացման համակարգում, ըստ ամենայնի, սկսվել է ազդեցությունների վերաբաժանման գործընթաց,
- սույն նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո (Ալիև-կրտսերի իշխանական համակարգի պահպանման դեպքում) շատ հավանական է, որ վերը նշված գործընթացը ձեռք բերի նոր արագություն,
- գործընթացի արագացման արդյունքում պետք է սպասել հակասությունների աճ ադրբեջանական վերնախավում,
- զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ ելնելով արտաքին ճնշումից` Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի, կփորձի վերաձևել Ադրբեջանի քաղաքական համակարգը՝ «երկիրը բարեփոխելու», «հին կոռումպացված կադրերից ազատվելու և նրանց նոր՝ երիտասարդ բարեփոխականներով փոխարինելու» և այլ կարգախոսներով։
Այսպիսով, եթե առկա ռեսուրսները հնարավորություն են տալիս Արևմուտքին հանդես գալ միակ նախաձեռնողի դերում, ապա քիչ հավանական է, որ «փոխզիջումային» տարբերակը (հատկապես երկարատև ժամանակահատվածում) ձեռնտու լինի Վաշինգտոնին կամ Բրյուսելին, որոնց ռազմավարական շահերի մեջ քիչ տեղ չի հատկացված նաև աշխարհայացքային գործոնին։ Հետևաբար երկրորդ սցենարի տրամաբանությունից դուրս է` ժամանակ և միջոցներ ծախսել ինչ-որ կարճատև իրավիճակի ձևավորման վրա։ Արդյունքում` թե՛ Վաշինգտոնը և թե՛ Բրյուսելը փորձելու են ձևավորել ադրբեջանական այնպիսի ընտրանի, որն առավելագույնս դուրս կգտնվի զարգացումների հետխորհրդային տրամաբանությունից, ինչն էլ, իր հերթին, կարող է մեխանիկորեն նշանակել, թե այդ ընտրանու գաղափարախոսությունը պետք է սահմանափակվի «Մեծ Մերձավոր Արևելք» կամ «Ընդլայնված Եվրոպա, նոր հարևաններ» նախագծերով։
Եզրակացություն
Հարավային Կովկասում ուժերի առկա փոխդասավորվածության և այդ առումով ընթացող զարգացումների պայմաններում, հատկապես երկարատև ժամանակահատվածի կտրվածքով, ամենից հավանականը երկրորդ սցենարի իրականացումն է, որի հիմնական նպատակն է նոր ռազմավարական համակարգերի ձևավորումը եվրասիական աշխարհաքաղաքական դաշտում։
Վերջերս Եվրամիությունում տեղի ունեցած գործընթացների արդյունքում քիչ հավանական է, որ առնվազն կարճատև ժամանակահատվածի կտրվածքով Հարավային Կովկասում լուրջ հակասություններ առաջանան Վաշինգտոնի և Բրյուսելի միջև։
Նման պայմաններում առկա գործընթացի միակ այլընտրանք կարող են հանդիսանալ Շանհայի համագործակցության կազմակերպության ռեսուրսները։
«Հանրապետական», թիվ 7 (27), 2005թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]