• am
  • ru
  • en
Версия для печати
03.11.2008

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ

Руский

   

Սարգիս Հարությունյան

elections in Azerbaijan (original) Թեև հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները որևիցե անակնկալ չմատուցեցին և տեղի ԿԸՀ հրապարակած վերջնական արդյունքների համաձայն՝ Ալիև-կրտսերը ստացավ ձայների 88.73%-ը, սակայն Բաքվի վերնախավի համար ընտրություն կատարելու ժամանակը, թերևս, նոր է գալիս։

Գոյություն ունեն մի շարք ցուցիչներ, որոնք խոսում են Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում ենթադրվող փոփոխությունների մասին։

Այդ փոփոխություններն Ադրբեջանի շուրջ և ադրբեջանական արտաքին քաղաքականությունում, ի վերջո, կարող են ստանալ այնպիսի համալիր բնույթ, որ տեղաշարժ առաջացնեն Ղարաբաղյան հակամարտության շուրջ առկա status quo-ում։ Արդեն նորություն չէ, որ այս պահին ԼՂՀ հարցը Ռուսաստանի և Թուրքիայի կողմից առաջարկված հարավկովկասյան նախաձեռնության առանցքային կետն է։

Իրավիճակային վերլուծություն

Չնայած զարգացումները Վրաստանի շուրջ չեն մարել և այդ ուղղությամբ մենք առաջիկայում դեռ պետք է նորություններ սպասենք, սակայն տարածաշրջանային քաղաքականության մեջ աստիճանաբար ավելի մեծ տեղ է գրավում «ադրբեջանական հարցը»։

«Ադրբեջանական հարցը» նորություն չէ։ Այդ երկրի աշխարհագրական դիրքը և էներգետիկ պաշարները նախորդ դարում էական նշանակություն են ունեցել հարավկովկասյան աշխարհաքաղաքականության համար, և իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավիճակը չի փոխվել նաև մեր օրերում։

Տարօրինակ չէ, որ Ռուսաստանի նախագահ ընտրվելուց կարճ ժամանակ անց Դմիտրի Մեդվեդևն այցելեց Բաքու։ Այդ իմաստով զուգահեռներն այն փաստի հետ, որ Խորհրդային Ռուսաստանը Հարավային Կովկասի խորհրդայնացումը սկսեց հենց Ադրբեջանից, ավելի շատ օրինաչափություն են, քան պատահականություն։ Հետևաբար, մեզ համար անակնկալ չպետք է լիներ այն, որ այսօր Մոսկվան ու Անկարան որոշեցին միասին հանդես գալ տարածաշրջանին առնչվող դիվանագիտական համալիր նախաձեռնությամբ։ Երկու կողմերի այդ քայլը նույնպես պետք է գնահատել որպես աշխարհաքաղաքական օրինաչափ կոնստրուկցիա, ինչպես 20-րդ դարի սկզբին էր, և քանի դեռ չի փոխվել տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությունը, այդ օրինաչափությունն իրեն ժամանակ առ ժամանակ զգալ կտա։

Ներկայացված զարգացումների համատեքստում պետք է նոր իմաստով գնահատել հունիսի սկզբին «Газпром»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի առաջարկությունը Ալիև-կրտսերին, ըստ որի՝ ռուսական ընկերությունը պատրաստ է գնել արտահանման նախատեսված ադրբեջանական ողջ բնական գազը՝ միջազգային բարձր գներով1։ Անշուշտ, առաջարկությունն ինքնին ռազմավարական էր և առաջին հերթին նշանակում է, որ Ռուսաստանը հայտ է ներկայացրել Ադրբեջանի արտաքին քաղաքականության նկատմամբ սեփական ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ (բանաձևը շատ պարզ է՝ ով վերահսկում է Բաքվի էներգետիկ հոսքերը, վերահսկում է նրա արտաքին քաղաքականությունը)։ Բայց գլխավոր հետևությունը պետք է լիներ ոչ թե այն, որ մենք պետք է նորություններ սպասեինք նաև Ադրբեջանի նավթային սեկտորին առնչվող ռուսական նախաձեռնություններում2, այլ այն, որ Միլերի առաջարկությունից հետո կանխատեսելի էր Ղարաբաղյան հարցում ռուսական ակտիվության կտրուկ աճը։ Այս դեպքում նույնպես բանաձևը հստակ է՝ Ադրբեջանում ռազմավարական գերակայության հասնելու համար վերահսկողությունը նրա էներգետիկ պաշարների նկատմամբ բավարար չէ, պետք է վերահսկողություն հաստատվի նաև ԼՂՀ հիմնախնդրի նկատմամբ։

Սակայն, կարծես թե ի տարբերություն նախորդ դարասկզբի, մենք, այնուամենայնիվ, նորություններ ունենք։ Պատահական չէ, որ ռուս-վրացական պատերազմից հետո Վաշինգտոնում որոշեցին փոխնախագահ Չեյնիի մակարդակով պատվիրակություն ուղարկել Ադրբեջան։ Ճիշտ է, ԱՄՆ փոխնախագահն այցելեց նաև Վրաստան և Ուկրաինա, սակայն ուշադրություն գրավեց այն հանգամանքը, որ նրա առաջին հանգրվանը Բաքուն էր (սեպտեմբերի 3)։ Իսկ մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 1-3-ը, Ադրբեջանի մայրաքաղաքում էր ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն։ Հիշեցնենք, որ 2005-2007թթ. Նեգրոպոնտեն զբաղեցրել է նորաստեղծ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը3, ում անուղղակի ենթակայության ներքո են գործում ամերիկյան գրեթե բոլոր հատուկ ծառայությունները, և համարվում է ԱՄՆ ներկայիս վարչակազմի առանցքային դեմքերից մեկը։

Փաստն այն է, որ նշված այցերն ի ցույց են դնում ամերիկյան կողմի մտահոգությունները՝ կապված Բաքվի շուրջ ընթացող զարգացումների հետ։ Օրինակ, Բաքուն օգոստոսին միջազգային շուկա նավթի մի որոշակի չափաբաժին՝ 100 հազ. տոննա, արտահանեց Իրանի միջոցով, իսկ սեպտեմբերին այդ թիվը հասավ 300 հազ. տոննայի4։ Բնութագրիչ է, որ ընդամենը մեկ տարի առաջ անհեռանկարային թվացող այդ տարբերակները (ադրբեջանական նավթի արտահանումը Ռուսաստանի և Իրանի միջոցով5) ուղեկցվեցին պաշտոնական Բաքվի ուշագրավ հայտարարություններով. ս.թ. սեպտեմբերի 25-ին «The Financial Times» պարբերականի հրապարակած հարցազրուցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է, թե Բաքվի արտաքին քաղաքական ռազմավարությունն է՝ լինել բոլորի լավ բարեկամը՝ համաձայն սեփական ազգային շահերի։

Ներկայացվածը նշաններ են, որ Բաքվում, ըստ ամենայնի, ձեռնամուխ են եղել փոփոխություններ մտցնել սեփական էներգակիրների արդյունահանման և արտահանման ռազմավարությունում։ Հնարավոր է, որ դա այդպես չէ, սակայն Չեյնիի ու Նեգրոպոնտեի այցերը վկայում են, որ Վաշինգտոնում հենց այդպես էլ հասկացել են։ Քիչ հավանական է, որ այդ պահին գոյություն ունենար որևիցե այլ հարց, որն ամերիկյան վարչակազմի նման բարձրաստիճան ներկայացուցիչներին կբերեր Բաքու։

Հետևություններ

Ռուսական կողմի նպատակները պարզ են։ Օգոստոսյան հարավօսական պատերազմից հետո վերահսկողության սահմանումը ԼՂՀ հակամարտության նկատմամբ ոչ միայն էապես կբարձրացնի Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում, այլև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար էլ ավելի դժվար, իսկ մի գուցե անիմաստ կդարձնի ներկայության պահպանումը Վրաստանում։

Մինչդեռ, առաջին հերթին, ԱՄՆ-Մեծ Բրիտանիա զույգի համար Մոսկվայի կողմից «ճեղքման» գրանցումը կամ առավել ևս վերահսկողության սահմանանումը Ղարաբաղյան խնդրի նկատմամբ կնշանակի եթե ոչ Ադրբեջանի հիմնական էներգետիկ հոսքերի նկատմամբ ազդեցության կորուստ, ապա գոնե Ադրբեջանի էներգետիկ ոլորտում ներկայության կրճատում։

Մյուս կողմից, հիմնավորված է թվում այն տարբերակը, որ status quo-ն փոխելու առումով Մոսկվան ունի ժամանակային սահմանափակումներ։ Ընթացող ամերիկա-իրանական պայմանավորվածությունները Վաշինգտոնում գործող վարչակազմի փոփոխությունից հետո կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ ամերիկյան կողմը կփորձի վերադարձնել վրաց-ռուսական պատերազմի հետևանքով կորսվածը։ Միևնույն ժամանակ, այդ պայմանավորվածությունները կարող են Թեհրանին նոր հնարավորություններ տալ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում գործելու համար։

Սակայն գլխավոր հետևությունն առնչվում է Ադրբեջանին։ Ավելի հավանական է թվում այն տարբերակը, որ եթե Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում կամ նունիսկ Թեհրանում որոշեն ընդդիմանալ ռուս-թուրքական նախագծին, ապա դրա առաջին նշանները մենք կտեսնենք Բաքվում։ Դրա մասին կարող են վկայել Չեյնիի ու Նեգրոպոնտեի վերոհիշյալ այցելությունները։ Միգուցե դրա օգտին են խոսում նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Բրայզայի՝ Ղարաբաղյան խնդրին վերաբերող ադրբեջանամետ հայտնի հայտարարությունները։ Այսինքն՝ պետք է, որ Բաքվում կանգնեն ընտրության առջև, որի հստակեցումից հետո միայն իմաստ կունենա անդրադառնալ ԼՂՀ հարցին։ Այսօր, սակայն, մի բան պարզ է՝ Ադրբեջանը ներկայում չի կարող իրեն թույլ տալ վարել նախկին՝ մի մեծ մասով Արևմուտքին միտված արտաքին քաղաքականություն։

1Ըստ արևմտյան աղբյուրների՝ Ադրբեջանի միայն «Շահ-Դենիզ» գազահանքը պարունակում է 1.2 տրլն մ3 բնական գազի պաշարներ, և 2011-ից հետո այն տարեկան կկարողանա արդյունահանել մոտ 17 մլրդ մ3 բնական գազ։ Ըստ հունիսին տարածված տեղեկության՝ Միլերը ադրբեջանական հազար մետր3 գազի դիմաց առաջարկել էլ $360։

2Չնայած հետագա զարգացումներն ընթացան հենց այդ ուղղությամբ։ Վրաց-ռուսական պատերազմի հետևանքով, երբ ժամանակավորապես փակվեցին Վրաստանի տարածքով անցնող «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» և «Բաքու-Սուփսա» նավթամուղերն ու անհնար դարձավ ադրբեջանական նավթը միջազգային շուկա տեղափոխել նաև վրացական երկաթգծով, Բաքուն շատ արագ որոշում կայացրեց իր սև ոսկու մի մասը՝ օրական մոտ 100 հազ. բարել, տեղափոխել Ռուսաստանի միջոցով՝ «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով։ Վրաց-ռուսական պատերազմից հետո էլ ռուսական ուղին շարունակում է գործել։

3Ջոն Նեգրոպոնտեն եղել է ԱՄՆ Ազգային հետախուզության առաջին տնօրենը։

4Իրանի միջոցով ադրբեջանական նավթն արտահանվում է, այսպես կոչված, փոխանակման (swap) միջոցով։ Բաքուն իր արդյունահանած նավթն Իրանի կասպյան Նեկա նավահանգստում հանձնում է իրանական «National Iranian Oil Terminals Co» ըկերությանը և նույն քանակությամբ նավթ ստանում Իրանի հարավային՝ Պարսից ծոցի նավահանգիստներում, որտեղից էլ արտահանում է միջազգային շուկա։

5Նախկինում այդ տարբերակներն իրական չէին համարվում, քանի որ ադրբեջանական նավթը բավականացնում է միայն «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» ու «Բաքու-Սուփսա» նավթամուղերով արտահանվելու համար, և պատճառներից մեկն էլ դա էր, որ 2007թ. սկզբից Բաքուն հրաժարվեց իր նավթն արտահանել «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր