Եվրամիություն, Թուրքիա և Հայաստան. պատմական աղերսներ և իրական շահեր

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները, երկարատև կոնֆիդենցիալ քննարկումներից ու բազմաթիվ իրարամերժ հրապարակային հայտարարություններից հետո, ս.թ. հոկտեմբերի 3-ին Լյուքսեմբուրգում ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում` այդ երկրի ԵՄ-ին լիիրավորեն անդամակցելու վերաբերյալ: Արդեն հրապարակվել են այդ բանակցությունների ընթացքի շրջագիծը նախանշող սկզբունքները և դրանց ժամանակ քննարկվելիք խնդիրները պարունակող փաստաթղթի վերջնական տեքստը, որն արժանացել է ինչպես ԵՄ, այնպես էլ Թուրքիայի հավանությանը:
Ե՛վ բանակցություններ սկսելու բուն փաստը, և՛ նշված փաստաթուղթը, ինչպես նաև հոկտեմբերի 3-ին նախորդած դիվանագիտական բարդ զարգացումներն ունեն կարևոր քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակություն, և նրանց վերլուծությունն ու մեկնությունը հնարավորություն են տալիս ոչ միայն ավելի հստակ պատկերացում կազմել Եվրոպա–Թուրքիա փոխհարաբերությունների ներկա փուլի առանձնահատկությունների, այլև միացյալ Եվրոպայի այն տեսլականի մասին, որը ներկայումս գերակայում է եվրոպական առաջատար պետություններում:
ԵՄ–Թուրքիա հարաբերությունները Հայաստանի համար ունեն կարևոր նշանակություն, քանի որ եվրաինտեգրումը հայտարարված է մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարական նպատակներից մեկը: Բացի դրանից, շատերը Հայաստանում հույս ունեն, թե Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում ԵՄ-ը ճնշում կգործադրի վերջինիս վրա՝ պահանջելով, որ նա հրաժարվի Հայաստանի նկատմամբ իրականացվող «հարկադրման» քաղաքականությունից, բացի իր սահմանը Հայաստանի հետ ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Անգլո-ամերիկյան դիվանագիտության հաղթանակը
Սկսած 19-րդ դարի 30-ական թվականներից՝ Մեծ Բրիտանիայի դիվանագիտությունը Օսմանյան կայսրության նկատմամբ որդեգրեց նրա տարածքային ամբողջականության հնարավորինս պահպանման քաղաքականություն, քանի որ մտավախություն ուներ, թե վերջինիս տրոհման դեպքում առաջացող նորանկախ պետությունները կարող էին ընկնել նրան սահմանակից ցամաքային եվրոպական պետությունների, ինչպես նաև Ռուսական կայսրության ազդեցության տակ, ինչը կթուլացներ բրիտանացիների դիրքերը: Այդ քաղաքականությունը մտավ դիվանագիտության պատմության մեջ որպես «ստատուս քվոյի» պահպանման քաղաքականություն: Դրա բաղկացուցիչ մասն էին կազմում Օսմանյան կայսրության ներգրավումը եվրոպական պետությունների համակարգի մեջ և նրա ներսում արևմտամետ բարենորոգումների իրականացումը, ինչը թույլ կտար բարելավել հպատակ քրիստոնյա ժողովուրդների դրությունը և կասեցնել նրանց զինված պայքարը թուրքական բռնապետության դեմ:
Ներկա պայմաններում նույնպես բրիտանական դիվանագիտությունը գտնում է, թե անհրաժեշտ է հնարավորինս սերտորեն ներգրավել Թուրքիան Եվրոպայի քաղաքականության ու տնտեսության ոլորտները՝ ընդունելով նրան ԵՄ կազմի մեջ որպես լիիրավ անդամ: Այս դեպքում, գտնում են բրիտանացի քաղաքագետները, հնարավորություն կստեղծվի ճնշում գործադրել նրա վրա և ստիպել շարունակել արևմտամետ բարենորոգումները` այդպիսով ապահովելով մահմեդական բնակչություն ունեցող Թուրքիայի համար բացառիկ կարգավիճակ ժամանակակից աշխարհում: Իր դերն է կատարում նաև մտավախությունը, թե մերժում ստացած Թուրքիան կարող է դառնալ անկանխատեսելի և վտանգ կներկայացնի Արևմուտքի շահերի համար:
Սակայն Մեծ Բրիտանիան հնարավորություն չունի ժամանակակից Եվրոպայում հասնել իր դիվանագիտական նպատակներին` գործելով միայնակ, այդ պատճառով նա սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ, որը կիսում է վերը նշված մոտեցումները: ԱՄՆ կողմից վերջին պահին կիրառված կոշտ ճնշումը տատանվող եվրոպական երկրների վրա փոխլրացրեց բրիտանացիների նպատակասլաց ու ճկուն դիվանագիտությունը և դարձավ որոշիչ գործոն դրական որոշում ընդունելու մեջ:
Ցամաքային Եվրոպայի առաջատար պետությունները հիմնականում համակարծիք էին այդ մոտեցմանը: Դրանցից ոմանք, հաշվի առնելով իրենց երկրներում գոյություն ունեցող բացասական վերաբերմունքը Թուրքիայի անդամակցության նկատմամբ, ինչպես նաև այն բազմաթիվ վտանգները և դժվարությունները, որոնցով հղի է այդ անդամակցությունը, փորձում էին մանևրել. նրանց ղեկավարներն անում էին իրարամերժ հայտարարություններ, սակայն վերջ ի վերջո միացան Մեծ Բրիտանիային:
Հատկանշական է այդ տեսակետից Ֆրանսիայի դիրքորոշումը, որը Լյուքսեմբուրգյան բանակցություններից շաբաթներ առաջ եկավ գաղտնի համաձայնության անգլիացիների հետ և հրաժարվեց իր բոլոր վերապահումներից ու նախապայմաններից, որոնց մասին բազմիցս հրապարակային հայտարարություններ էին արել այդ երկրի ղեկավարները՝ այդպիսով մեծապես կանխորոշելով վերջնական դրական որոշումը` բանակցություններ սկսել Թուրքիայի հետ:
Եվրոպական քաղաքական ուժերից միայն Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատները ի վիճակի գտնվեցին առաջարկել երկընտրանք անգլիացիների մոտեցմանը: Այն ձևակերպվեց Թուրքիայի ԵՄ մերձավոր դաշնակցի կարգավիճակի տեսքով, ինչը պետք է դարձվեր բանակցությունների առարկա այդ երկրի հետ: Այդ առաջարկին միացան նաև համանման ուղղվածության մի շարք այլ եվրոպական հեղինակավոր ուժեր: Սակայն քրիստոնեա-դեմոկրատների համեմատական անհաջողությունը սեպտեմբերյան խորհրդարանական ընտրություններում և միատարր կառավարություն կազմելու նրանց անկարողությունը հնարավորություն չտվեցին այդ տեսակետի կողմնակիցներին հաստատակամ լինել իրենց առաջարկում և այդ ուղղությամբ լուրջ ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա:
Այդ տեսակետի կողմնակից Ավստրիան, մնալով միայնակ, օգտագործեց ստեղծված իրադրությունն իր դիվանագիտության մարտավարական բնույթի խնդիրը լուծելու համար: Սակարկության արդյունքում նա հրաժարվեց իր տեսակետից` Թուրքիայի արտոնյալ դաշնակցային կարգավիճակի վերաբերյալ և փոխարենը հասավ այն բանին, որ ԵՄ-ը որոշում ընդունի վերսկսել անդամակցության վերաբերյալ ընդհատված բանակցությունները Ավստրիայի դավանակից Խորվաթիայի հետ:
Հունական (Հունաստան–Կիպրոս) դիվանագիտությունը Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցն օգտագործեց՝ դրականորեն լուծելու համար իր տեսակետից ավելի կարևոր մի խնդիր` ապահովել Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Նա չկիրառեց վետոյի իր իրավունքը և փոխարենը ստացավ Թուրքիայի բանավոր համաձայնությունը՝ չխոչընդոտել և ԱՄՆ նույնպես բանավոր խոստումը՝ օժանդակել դրան:
Այսպիսով, կարելի է արձանագրել անգլո-ամերիկյան դիվանագիտական հերթական հաղթանակը Եվրոպայում:
Միացյալ Եվրոպայի տեսլականը և Թուրքիան
Թուրքիայի անդամակցության հարցն ավելի պարզորոշ դարձրեց հետզհետե խորացող այն տարբերությունները, որոնք գոյություն ունեն միացյալ Եվրոպայի սկզբնական տեսլականի և նրա ներկայիս մեկնաբանության միջև: Երբ հետպատերազմյան Եվրոպայի քրիստոնեա-դեմոկրատական քաղաքական ուժերը ծրագրում էին եվրոպական ժողովուրդների ապագա միությունը, նրանց հիմնական ելակետն էր կրոնա-հոգևոր միասնության գաղափարը: Հետագայում դրան ավելացավ Դը Գոլի առաջ քաշած «առանձին եվրոպական հայրենիքներից կազմված հզոր միության» տեսլականը: Վերջին տարիներին ԵՄ առանցքային պետությունները` Ֆրանսիան ու Գերմանիան, սկսեցին մտածել այդ կազմակերպությանը ժամանակակից աշխարհում որոշակի աշխարհաքաղաքական ու աշխարհառազմավարական առումներով որոշումներ ընդունող կենտրոնի կարգավիճակ հաղորդելու մասին, ինչը նախատեսում էր մի կողմից` միության ընդլայնում դեպի Արևելք և մյուս կողմից` ինտեգրման ավելի բարձր մակարդակ ու պետական ինքնիշխանության որոշ ատրիբուտների փոխանցում ԵՄ կառույցներին: Այդ ոգով նախապատրաստվեց ԵՄ սահմանադրությունը, որը նախատեսում է, մասնավորապես, միասնական անվտանգության ու արտաքին քաղաքականության իրականացում ԵՄ անդամ պետությունների կողմից: Ֆրանսիայի բնակչության կողմից ԵՄ սահմանադրության մերժումն ուժեղ հարված էր այդ մոտեցման կողմնակիցներին:
Միանգամից ակտիվացան այլընտրանքային մոտեցման կողմնակիցները` Մեծ Բրիտանիայի ղեկավարությամբ, որոնք մինչ այդ փոքրամասնություն էին: Նրանք գտնում են, որ ԵՄ հիմքում պիտի դնել տնտեսական շահի գաղափարը, այդպիսով, ըստ էության, վերածելով այն ազատ առևտրի գոտու, որի մասնակիցները հետևում են խաղի որոշակի կանոնների, մասնավորապես՝ հարգում են օրենքի գերակայության սկզբունքը, մարդու և փոքրամասնությունների իրավունքները: Այդ մոտեցումն անիրատես է համարում միասնական անվտանգության ու արտաքին քաղաքականության իրականացումը և հրաժարվում է ճանաչել հոգևոր արժեքների գերակա դերը: Այս մոտեցման շրջանակներում հիանալի տեղադրվում է Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը:
Չի կարելի հաշվի չառնել մեկ այլ հանգամանք ևս: Բրիտանական դիվանագիտությունը երբեք շահագրգռված չի եղել, որ ցամաքային Եվրոպայում գերիշխի միասնության գաղափարը, քանզի համարել է, որ այդ դեպքում վտանգված կլինի նրա անվտանգությունը: Եթե այս տեսանկյունից դիտարկենք ներկա գործընթացները, ապա պարզ է դառնում, որ Մեծ Բրիտանիայի համար ձեռնտու է Թուրքիայի ներկայությունը ԵՄ-ում, քանի որ այդպիսով նվազում է ֆրանս-գերմանական առանցքի դերն այդ կազմակերպությունում: Ինքնին հասկանալի է, որ այդ մոտեցումը կիսում է նաև ԱՄՆ-ը, որը շահագրգռված չէ, որպեսզի ԵՄ-ը նույնիսկ ենթադրյալ հնարավորություն ստանա հարցականի տակ դնելու միաբևեռ աշխարհի համակարգը, ինչը ենթադրում է` քաղաքական առումով հնարավորինս թույլ ինտեգրված ԵՄ: Բացի դրանից, ունենալով նրա կազմում Թուրքիայի նման դաշնակցի, որը մեծապես կախվածության մեջ է իրենից, ԱՄՆ-ը կարող է ակնկալել ավելի մեծ ազդեցություն ԵՄ-ի վրա: Ամենևին էլ պատահական չէ, որ ԵՄ նորաթուխ անդամ արևելաևրոպական երկրները, որոնք խստորեն հետևում են ԱՄՆ քաղաքականության ուղեծրին, անվերապահորեն պաշտպանում են Թուրքիայի թեկնածությունը:
Թուրքիա. եվրաինտեգրում և ներքին պառակտում
Թուրքիայում վերաբերմունքը ԵՄ-ին անդամակցելու նկատմամբ հեռու է միանշանակորեն դրական լինելուց: Սովորաբար նշվում է, որ համաձայն հարցումների՝ երկրի բնակչության միայն երեք չորրորդն է կողմ դրան, ինչն արդեն հաստատում է վերը նշված պնդումը: Սակայն վերջերս հրապարակվեցին այլ տվյալներ, որոնք վկայում են, որ բնակչության միայն կեսից մի փոքր ավելի հատվածն է գտնում, որ Թուրքիայի համար ավելի գերադասելի է անդամակցումը ԵՄ-ին: Այս տվյալները հնարավորություն են տալիս նույնիսկ խոսել Թուրքիայում այս հարցի վերաբերյալ գոյություն ունեցող որոշակի երկփեղկվածության մասին:
Նույնիսկ բանակը, որն ավանդաբար անվերապահորեն աջակցել է երկրի բոլոր արևմտամետ ձեռնարկումներին, այսօր այս հարցում միակարծիք չէ: Նրա ղեկավարությունը մտավախություն ունի, թե անդամակցելով ԵՄ-ին՝ Թուրքիան ստիպված կլինի սահմանափակել զինվորականների ղեկավար դերակատարումը երկրի քաղաքական կյանքում, ինչպես նաև նրան կարգելվի ուժ կիրառել քուրդ ապստամբների դեմ:
Այս հարցում, ըստ էության, պառակտված է նաև կառավարող իսլամամետ Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), որի ղեկավարությունն իր քաղաքական ապագան կապել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի դրական լուծման հետ: Հոկտեմբերի 3-ին, երբ եվրոպական երկրների արտգործնախարարները լարված մթնոլորտում քննարկում էին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու մասին փաստաթղթի տարբերակները, էլ ավելի շիկացած մթնոլորտ էր տիրում այդ կուսակցության մի խումբ առաջատար անդամների` վարչապետ և ԱԶԿ առաջնորդ Ռ.Թ. Էրդողանի հետ հանդիպմանը: Մասնակիցներից շատերը սպառնում էին դուրս գալ ԱԶԿ շարքերից, եթե Թուրքիան համաձայնի բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ վերը նշված փաստաթղթում առաջադրված սկզբունքների հիման վրա: Միայն կիրառելով քաղաքական ճարպկության իր հարուստ զինանոցը՝ Էրդողանին հաջողվեց փրկել ԱԶԿ-ն պառակտումից: ԱԶԿ շարքերում ԵՄ անդամակցության կողմնակիցները գտնում են, որ այդ դեպքում հնարավոր կլինի առավելագույնս օգտվել նախատեսվող հետագա ժողովրդավարական բարեփոխումներից և վերացնել հանրապետության հիմնադիր քեմալականների կողմից մտցված սահմանափակումները իսլամի նկատմամբ, իսկ նրանց ընդդիմախոսները, ընդհակառակը, պնդում են, որ անդամակցության դեպքում մահմեդական Թուրքիան կհայտնվի քրիստոնեական Եվրոպայի ազդեցության ներքո:
Երկրի այլ խոշոր քաղաքական ուժերից` քեմալականներին ներկայացնող Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նույնպես դեմ է այդ փաստաթղթի հիման վրա բանակցություններ սկսելուն, իսկ ազգայնամոլական ու պանթյուրքիստական Ազգայնական շարժումն ու ծայրահեղ իսլամամետ Երջանկության կուսակցությունն անվերապահորեն դեմ են ընդհանրապես ԵՄ-ին անդամակցելուն: Ազգայնականների բացասական մոտեցումը ԵՄ անդամակցության խնդրին պայմանավորված է մտավախությամբ, թե քրդերը, օգտվելով ԵՄ պահանջած ժողովրդավարական բարեփոխումներից, նախադրյալներ կստեղծեն Թուրքիայից անջատման ու անկախության ձեռքբերման համար: Նրանք չեն բացառում, որ ԵՄ-ը կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա նաև Հայկական հարցում՝ ստիպելով նրան գնալ միակողմանի զիջումների: Ե՛վ բարձրագույն զինվորականությունը, ե՛ւ ազգայնականները դեմ են որևիցե զիջման Կիպրոսի հարցում: Նրանք գտնում են, որ թուրքական զորքերը պիտի մնան այնտեղ, քանի որ այդպիսով Թուրքիան ապահովում է իր գերակշռող դիրքը արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում:
ԵՄ անդամակցության անվերապահ կողմնակիցներն են թուրքական կապիտալի այն հատվածների ներկայացուցիչները, որոնք սերտաճած են եվրոպական կապիտալի հետ: Այն ունի իր բազմաթիվ կողմնակիցները նաև բնակչության ամենալայն շրջաններում, որոնք հույս ունեն, թե իրենց համար հնարավորություններ կբացվեն ապրել ու աշխատել Եվրոպայում:
Ներկայիս իրադրությունը Թուրքիայում վկայում է, որ քեմալականների կողմից առաջ քաշված միատարր պետության ու հասարակության հիմնարար տեսլականը տապալվում է և եվրաինտեգրումը միայն կարագացնի այդ գործընթացը:
Մեր շահերը և ակնկալիքները
Մեր շահերը պահանջում են, որ նախքան ԵՄ անդամ դառնալը Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, բացի սահմանը Հայաստանի հետ և ավելի ընդհանուր առումով` հրաժարվի Հայաստանի նկատմամբ վարվող «հարկադրման» քաղաքականությունից:
ԵՄ անդամ երկրների ղեկավարները, ԵՄ տարբեր կառույցների ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել մեզ համար նպաստավոր հայտարարություններով, Եվրախորհրդարանն ընդունել է մեզ համար նպաստավոր բանաձևեր, սակայն ԵՄ–Թուրքիա բանակցությունների ընթացքը նախանշող փաստաթղթում Հայաստանի հետ ուղղակի առնչություն ունեցող որևիցե դրույթ, ի տարբերություն Կիպրոսի, գոյություն չունի: Այդ տեսանկյունից, թերևս, կարող է մեզ համար նշանակություն ունենալ միայն փաստաթղթի այն դրույթը, որը պահանջում է, որպեսզի Թուրքիան բարելավի հարաբերությունները հարևանների հետ: Դա նշանակում է, որ ԵՄ-ն այդ խնդիրներն այսօր առաջնային չի համարում:
Հետաքրքիր կլիներ համեմատություն անցկացնել 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի Հայկական հարցի դիվանագիտական դրսևորումների հետ: Եվ պիտի խոստովանել, որ զուտ ձևական-վավերագրային տեսանկյունից այն ժամանակվա իրավիճակն ավելի բարենպաստ էր հայության համար, քանի որ Հայկական հարցի լուծման անհրաժեշտությունը, չնայած և խիստ աղճատված ու փաստորեն խեղաթյուրված տեսքով` Արևմտյան Հայաստանում բարենորոգումների անհրաժեշտության հիմնադրույթի ձևակերպմամբ տեղ գտավ մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում` սկսած Սան Ստեֆանոյի ու Բեռլինի պայմանագրերից, որոնց տակ կար նաև Օսմանյան կայսրության ստորագրությունը:
Մեր օրերում գոյություն չունի որևիցե միջազգային իրավական փաստաթուղթ, որի տակ լիներ Թուրքիայի ստորագրությունը և համաձայն որի՝ նա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու որևիցե ուղղակի պարտավորություն ստանձներ: Ցավոք, եվրոպական առաջնորդների հայտարարությունները չարտացոլվեցին նույնիսկ վերը նշված փաստաթղթում, որը, փաստորեն, ԵՄ պահանջների ցանկն է Թուրքիային, իսկ Եվրախորհրդարանի որոշումները ԵՄ անդամ երկրների համար ունեն միայն խորհրդատվական բնույթ:
Սակայն ներկայիս իրադրությունում մենք ունենք կարևորագույն, սկզբունքային բնույթի առավելություն մեր նախնիների նկատմամբ: Դա ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունն է, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել սկզբունքորեն այլ, շատ ավելի բարձր մակարդակի քաղաքականություն միջազգային թատերաբեմում: Եթե սրան ավելացնենք կազմակերպված ու նպատակասլաց գործող եվրոպական Սփյուռքը, ապա կարելի է ակնկալել, որ համապատասխան խոհեմության ու ճկունության, ինչպես նաև արդյունավետ նախապատրաստական աշխատանքի դեպքում, որի կարևոր բաղկացուցիչ մասը պիտի կազմի լոբբիստական աշխատանքը եվրոպական մայրաքաղաքներում, հնարավոր կլինի մեր պահանջները Թուրքիայի նկատմամբ դարձնել ԵՄ պահանջների մի մաս:
Ինչ խոսք, այդ նպատակի իրականացման հավանականությունը թվում է ոչ այնքան մեծ: Սակայն մենք ունենք ամենաքիչը տասը տարի, քանի որ այդքան են առնվազն շարունակվելու ԵՄ–Թուրքիա բանակցությունները, իսկ դա քիչ ժամկետ չէ: Դրա երկընտրանքը` փորձել Թուրքիայի հետ երկկողմանի բանակցությունների միջոցով կարգավորել մեր խնդիրները, կտանի դեպի փակուղի, քանի որ այդ երկրի վերնախավը դեռևս չի ցուցաբերում որևիցե նախանշան՝ փոխելու իր կոշտ, արհամարհական դիրքորոշումը Հայաստանի ու հայության նկատմամբ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[29.09.2008]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՄ (ներկա փուլի նոր միտումներ)[24.07.2008]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[20.12.2007]
- Թուրքիան և Մերձավորարևելյան ճգնաժամի ներկա փուլը[04.10.2006]