
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՄ (ներկա փուլի նոր միտումներ)
Պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ տասնամյակներ շարունակ եղել եւ ներկայումս էլ մնում է Թուրքիայի Հանրապետության կառավարող շրջանների կարեւոր խնդիրներից մեկը` մաս կազմելով Հայկական հարցում պետական քաղաքականության: Սույն հոդվածում կանդրադառնանք այդ քաղաքականության ներկա փուլի ընթացքում վերջին տարիներին ի հայտ եկած մի նոր միտումի քննությանը, որը պայմանականորեն անվանել ենք «միջազգային-իրավական»:
Միջազգային-իրավական միտումը սկզբունքորեն նոր երեւույթ է թուրքական քաղաքականության շրջանակներում: Նրա էությունը հետեւյալն է. օգտագործելով միջազգային իրավունքի հնարավորությունները` փորձել «ապացուցել», որ Հայոց ցեղասպանությունը չի համապատասխանում Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի Կոնվենցիայով ընդունված ցեղասպանության չափորոշիչներին եւ այդպիսով` կասեցնել նրա միջազգային ճանաչման գործընթացը: Այս մոտեցման նորությունն այն է, որ մի կողմից` փորձ է արվում խնդիրը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պատմագիտական քննարկումների ու քաղաքական պայքարի հարթությունից տեղափոխել միջազգային իրավունքի հարթություն, իսկ մյուս կողմից` որդեգրվում է ակտիվ դիրքորոշում, որը ենթադրում է հակազդեցություն հայկական կողմի համապատասխան նախաձեռնություններին եւ «հարձակողական» գործողությունների իրականացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմը նույնպես որոշակի նախապատրաստական քայլեր է ձեռնարկում հարցը միջազգային իրավական ատյաններ տեղափոխելու ուղղությամբ, վերը նշված թուրքական նոր մոտեցման առանձնահատկությունների բացահայտումը, բացի զուտ ճանաչողական հետաքրքրությունից, ունի նաեւ կարեւոր գործնական նշանակություն:
2000թ. աշնանը – 2001թ. ձմռանը Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավը, թերեւս, առաջին անգամ քննարկեց պայքարի միջազգային-իրավական մեթոդներին դիմելու հնարավորությունները: Այդ շրջանում աննախադեպ թափ էր ստացել ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչի արդյունքում վտանգվել էին այդ երկրների հետ Թուրքիայի միջպետական հարաբերությունները: Այս պայմաններում էր, որ Բյուլենթ Էջեւիթի ղեկավարած կոալիցիոն կառավարությունը նախաձեռնեց «հայերի պնդումների» դեմ պայքարի միջոցների քննարկում երկրի կառավարման կարեւորագույն օղակի` Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) մի շարք նիստերում: Առաջին քննարկումը տեղի ունեցավ 2000թ. սեպտեմբերի 29-ին եւ դարձավ ԱԱԽ այդ օրվա նիստի օրակարգի առաջին հարցը: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ԱԱԽ այդ նիստի ժամանակ «ցավով են ընդունվել այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումների հետ առնչվող զարգացումները» եւ որոշվել է նրանց դեմ «փուլ առ փուլ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»: Որոշ լրագրեր ճշտեցին, որ կախված դեպքերի զարգացումից` այդ միջոցները կարող են լինել ավելի «ներգործուն»:
Նմանատիպ խնդիրներ քննարկվեցին նաեւ ԱԱԽ 2000թ. հոկտեմբերի 27-ի եւ 2001թ. հունվարի 22-ի նիստերում: Մասնավորապես, հոկտեմբերի 27-ի նիստի ընթացքում արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմը ներկայացրել է գործողությունների ծրագիր, որը ենթադրում էր դիվանագիտական, քաղաքական ու գիտական բնույթի միջոցառումների իրականացում: Համաձայն մամուլի տվյալների, քննարկվել էին նաեւ պաշտոնաթող դիվանագետ Գյունդյուզ Աքթանի երկընտրանքային բնույթի առաջարկները, որոնք պահվում էին գաղտնի: ԱԱԽ այդ նիստի որոշումների մասին ոչինչ հայտնի չէ:
Հետաքրքիր է նշել, որ հաջորդ օրը Աքթանը մամուլում հանդես եկավ հոդվածով, որտեղ առաջին անգամ կոչ արեց Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում հենվել միջազգային իրավական փաստաթղթերի, մասնավորապես` Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի Կոնվենցիայի վրա: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ նրա առաջարկները ԱԱԽ-ին կապված էին հենց պայքարի միջազգային-իրավական միջոցների հետ:
Արդեն հաջորդ տարի` 2001թ. նրա հեղինակությամբ լույս տեսավ «Հայկական հարցը եւ միջազգային իրավունքը» հոդվածը, որտեղ փորձ էր արվում «հիմնավորել», որ 1915թ. իրադարձությունները միջազգային իրավունքի տեսակետից չեն հանդիսանում ցեղասպանություն, քանի որ նրանց նկատմամբ չի կարելի կիրառել Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի Կոնվենցիայի ցեղասպանությունը որպես հանցագործություն որակող դրույթները: 2002թ. Աքթանը սկսեց համապատասխան հայտարարություններով հաճախակի հանդես գալ մամուլում:
Ի կատարումն ԱԱԽ որոշումների` 2001թ. մայիսին երկրի վարչապետի կարգադրությամբ ստեղծվեց հատուկ մարմին, որի վրա դրվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ մղվող պայքարը ղեկավարելու ու համակարգելու խնդիրը: Այն անվանվեց «Ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդ» (այսուհետ` Ցեղասպանության խորհուրդ–ՑԽ), որի նախագահ նշանակվեց փոխվարչապետը, իսկ կազմի մեջ ներգրավվեցին տարբեր պետական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Նրանց թվում էր նաեւ Արդարադատության առաջին փոխնախարարը: ՑԽ նստավայրն է ԱԱԽ Գլխավոր քարտուղարության շենքը: Այս հանգամանքը պատահական չէ, քանի որ ՑԽ-ն գործում է ԱԱԽ Գլխավոր քարտուղարության անմիջական հսկողության ներքո եւ համաձայն թուրքական մամուլի` մաս կազմում նրա կառույցի: Այդ հսկողությունը պիտի իրականացվեր ԱԱԽ հատուկ ներկայացուցչի կողմից: Այդ պաշտոնում նշանակվեց Գլխավոր շտաբի գնդապետ Մյումին Օնգյորենը: Նա համարվում է թուրքական Զինված ուժերի «ականավոր» սպաներից մեկը, հերոս, որը նախքան այդ պարտականությունները կատարելը, մասնակցել էր Քրդական բանվորական կուսակցության ղեկավարած զինված պայքարը ճնշելու գործողություններին, իսկ հետագայում աչքի ընկել Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ պայքարում:
ՑԽ նիստերը տեղի են ունենում եռամսյակը մեկ: Այն գործում է ցայսօր:
ՑԽ առաջին նիստը, ի թիվս այլ աշխատանքային խմբերի, որոշեց ստեղծել իրավական հարցերի ուսումնասիրման աշխատանքային խումբ, որի վրա դրվեց ցեղասպանության հետ առնչվող իրավական, այդ թվում նաեւ միջազգային-իրավական, խնդիրների մանրակրկիտ հետազոտման պարտականությունը: Այդ խմբի գործունեությունը ղեկավարվում էր Արդարադատության նախարարության ներկայացուցչի կողմից:
Տարիներ շարունակ ՑԽ ստեղծած աշխատանքային խմբերի գործունեությունը հիմնականում ընթանում էր փակ դռների հետեւում, ինչի պատճառով հնարավոր չէ պարզաբանել, թե իրավական բնույթի ինչ խնդիրներ էին գտնվում նրա քննարկումների կենտրոնում: 2006թ. նոյեմբերին այն ժամանակվա Արտաքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Ա.Գյուլը, որն ի պաշտոնե գլխավորում էր ՑԽ-ն, հանդես եկավ հայտարարություններով, որոնք փաստեցին, որ տարիների ընթացքում «մանրակրկիտ» աշխատանք է տարվել «Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների հարցը» միջազգային ատյաններ տեղափոխելու հնարավորությունների ուսումնասիրման ուղղությամբ: Ելույթ ունենալով խորհրդարանում` նա նշեց, որ այդ աշխատանքների մեջ ներգրավված են պաշտոնաթող դիվանագետներ, ինչպես նաեւ թուրք եւ օտարազգի վստահելի իրավագետներ: Նշվեց նաեւ, որ Թուրքիայի կողմից այդ նոր մոտեցման որդեգրումը դրականորեն են գնահատում նաեւ մի շարք պետություններ:
Ա.Գյուլի հայտարարությունը գոհունակությամբ ընդունվեց մի շարք քաղաքական ուժերի եւ առանձին գործիչների կողմից: Երկրի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նույնիսկ պնդեց, որ այդ գաղափարի իրական հեղինակը ինքն է: Իսկ պաշտոնաթող դիվանագետ Գյունդյուզ Աքթանը, որը Թուրքիայում համարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի «միջազգային-իրավական» ուղղության «հոգեւոր հայրը», Գյուլի հայտարարությունը բնութագրեց որպես «չափազանց քաջ»:
Հարցը քննության առնվեց ՑԽ հերթական նիստի ընթացքում, որը տեղի ունեցավ 2006թ. դեկտեմբերի 26-ին Ա.Գյուլի նախագահությամբ: Քննարկվեց երեք տարբերակ.
ա. դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ֆրանսիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության մասին հայտնի որոշումը բողոքարկելու նպատակով,
բ. դիմել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան,
գ. դիմել Հաագայի Միջազգային իրավարար մշտական դատարան:
Քննարկման արդյունքների մասին հաղորդագրություններն իրարամերժ էին: Վերլուծությունը ցույց է տալիս, որ նախապատվությունը տրվել է վերջին տարբերակին, այսինքն` որոշվել է դիմել Հաագայի Միջազգային իրավարար մշտական դատարան: Սակայն այդ որոշումն ունեցել է նախնական բնույթ, քանի որ համարվել է, որ ռիսկերը շատ են եւ արդյունքը` անկանխատեսելի: Այդ պատճառով, նախքան վերջնական որոշում ընդունելը, նախընտրելի է համարվել դիմել թուրք եւ օտարազգի իրավագետների խորհրդատվությանը: Այդ մասնագիտական քննության արդյունքները պահվում են գաղտնի:
Հնարավոր եղավ պարզել նաեւ, թե ինչպես են Թուրքիայում պատկերացնում Հաագայի Միջազգային իրավարար մշտական դատարանի դատաքննության ընթացքը: Ստեղծվում է երեքական հայ եւ թուրք դատավորներից կազմված ժամանակավոր դատական ատյան, որի նախագահ է նշանակվում երրորդ կողմի ներկայացուցիչը: Այդ ատյանը քննության է առնում ՄԱԿ-ի 1948 թվականի Կոնվենցիայով ընդունված ցեղասպանության չափորոշիչներին Հայոց ցեղասպանության համապատասխանության հարցը` իրականացնելով դատաքննություն, ի թիվս այլոց, նաեւ հետեւյալ ուղղություններով.
ա. ստեղծում է մասնագետ-պատմաբաններից կազմված արխիվների ուսումնասիրման խումբ, որը պիտի ուսումնասիրի ինչպես թուրքական եւ այլ երկրների պետական, այնպես էլ Հ. Յ. Դաշնակցության ու Պոլսի Հայոց պատրիարքարանի արխիվները, եւ եզրակացություն ներկայացնի նրանց հաղորդագրությունների վավերականության վերաբերյալ,
բ. ուսումնասիրում է վիճակագրական տարաբնույթ տվյալներ, այդ թվում Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանվածների եւ հիվանդություններից մահացածների, հայերի տեղահանության ընթացքում մահացածների թվաքանակի եւ մահացածության պատճառների վերաբերյալ: Նախատեսվում է նույնիսկ ուսումնասիրել հայտնաբերված զանգվածային գերեզմաններում թաղվածների էթնիկական պատկանելության մասին տվյալները:
գ. ուսումնասիրում է ռազմական գործողությունների ընթացքը, այդ թվում նաեւ հայկական զինված ջոկատների կողմից իրականացված հարձակումները:
Նշվում է, որ Թուրքիան կդիմի Հաագայի համապատասխան դատարան միայն այն դեպքում, երբ համոզված լինի, որ բոլոր այդ հետազոտությունների արդյունքները կլինեն բարենպաստ թուրքական կողմի համար:
Հայտնի դարձած փաստերի հիման վրա կարելի է եզրակացնել, որ Թուրքիայում տարվել ու տարվում է լուրջ նախապատրաստական աշխատանք` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու նպատակով դիմելու միջազգային-իրավական բնույթի քայլերի: Այդ հանգամանքը մեզ պարտադրում է ոչ միայն համակողմանի ուսումնասիրել Թուրքիայի պաշտոնական քաղաքականության այս նոր միտումները, այլեւ ձեռնարկել գործուն քայլեր` անհրաժեշտության դեպքում այդ քաղաքականությանը համարժեք հակահարված տալու եւ մեր իրավունքները միջազգային ատյաններում հաջողությամբ պաշտպանելու նպատակով:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[29.09.2008]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[20.12.2007]
- Թուրքիան և Մերձավորարևելյան ճգնաժամի ներկա փուլը[04.10.2006]
- Եվրամիություն, Թուրքիա և Հայաստան. պատմական աղերսներ և իրական շահեր[21.10.2005]