Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների շուրջ

Ըստ էության, սույն թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով տրամաբանական ավարտ ստացավ դեռևս 2003թ. ամռանից այդ երկրում սկիզբ առած իշխանափոխության գործընթացը։
Հարավկովկասյան զարգացումների համատեքստում ձևավորված իրավիճակը, թերևս, կարող է վկայել 2003թ. նոյեմբերին վրացական «վարդերի», մեկ տարի հետո ուկրաինական «նարնջագույն հեղափոխություններից» և Վաշինգտոնի ուզբեկական անհաջողությունից հետո աշխարհաքաղաքական ժամանակավոր փոխհամաձայնության մի տարբերակի մասին։
Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ նախընտրական զարգացումներ, որոնց արդյունքում հիմնականում նախանշվեց խորհրդարանական ընտրությունների ելքը, և հետընտրական իրավիճակ, որն ավելի շատ առնչություն ունի խնդրի աշխարհաքաղաքական կողմի հետ։
Հատկանշական է, որ բուն ընտրությունները` նոյեմբերի 6-ին կայացած քվեարկությունը, ըստ էության, ոչինչ չորոշեցին։ Այսինք` արդեն այդ օրվա դրությամբ Ալիև-կրտսերը երկրի ներսում չուներ իրական ընդդիմություն, իսկ Ադրբեջանից դուրս` բոլոր հիմնական դերակատարների հետ, ձեռք էին բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։
Մաս առաջին. նախընտրական զարգացումներ
Հոկտեմբերի երկրորդ կեսին կտրուկ սրվեց նախընտրական իրավիճակն Ադրբեջանում։ Իշխանությունների հետագա գործողությունները, մասնավորապես` ուժային գրեթե ողջ համակարգի խստացված ծառայության ռեժիմին անցնելը, վկայում էր, թե ինչքան լուրջ էր ընդունվել հավանական սպառնալիքը Ալիև-կրտսերի վարչակարգում։
Նշվածը հարկադրում է ենթադրել, որ այդ սպառնալիքն իրականում չէր կարող բխել միայն ադրբեջանական ընդդիմության (հիմնականում «Ազադլիգ», «Յենի սիյասեթ» նախընտրական դաշինքներ) շարքերից։ Այսինքն` Ալիև-կրտսերը խնդիր ուներ թե՛ իր գլխավորած համակարգի ներսում, թե՛ արտաքին որոշ ուժերի հետ։
Նախընտրական զարգացումները հիմնականում ընթացան երկու կետի` ադրբեջանական խորհրդարանի նախկին խոսնակ, Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Ռասուլ Գուլիևի «թռիչքի» և դրան հետևած բարձրանուն ձերբակալությունների շուրջ։
Դեռևս հոկտեմբերի 10-ին Ռասուլ Գուլիևը հայտարարեց, թե հոկտեմբերի 17-ին մտադիր է իննամյա դեգերումներից հետո վերադառնալ հայրենիք` մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Վերադարձն, ինչպես հայտնի է, չկայացավ։ Նույն հոկտեմբերի 17-ին Գուլիևը ձերբակալվեց Սիմֆերոպոլում։ Երկու օրից ազատ արձակվելուց հետո նա մեկնեց Կիև, այնուհետև՝ Լոնդոն, իսկ ներկայումս կրկին հանգրվանել է Միացյալ Նահանգներում, ուր ժամանակին ստացել է քաղաքական ապաստան։
Ակնհայտ է, որ Ռասուլ Գուլիևի Բաքու «վերադառնալու» ակցիան PR-ային բնույթի, ըստ էության, հաջողված գործողություն էր, որը, խոշոր հաշվով, աջակցություն գտավ առնվազն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և Հունաստանի (կապված վերջին ժամանակներս նկատվող Ադրբեջան-Հյուսիսային Կիպրոս հարաբերությունների ջերմացման հետ) կողմից։ Այդ գործողության հիմնական նպատակն էր տեղեկատվական հզոր ճնշում գործադրել Ալիև-կրտսերի վարչակարգի վրա և ադրբեջանական ընդդիմադիր դաշտում բարձրացնել անձամբ Ռ.Գուլիևի ու նրա գլխավորած Դեմոկրատական կուսակցության հեղինակությունը։ Դա, փաստորեն, տեղի ունեցավ. այդ օրերին ադրբեջանական և արտերկրի լրատվամիջոցները լուրջ ուշադրություն էին դարձնում Գուլիևի «թռիչքին» և ընդհանրապես` Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրներին։
Օրինակ, Գուլիևի ձերբակալությունը Սիմֆերոպոլում, իսկ այնուհետև ազատ արձակումը (ընդ որում՝ միջազգային տեղեկատվական դաշտում մոդայիկ և գերազանցապես դրական լուսաբանմամբ հանդես եկող ուկրաինական հանրահայտ «Պոռա» շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ) տեղեկատվական դաշտում ընկալվեց որպես նրա առնվազն բարոյական հաղթանակ Ալիև-կրտսերի վարչակարգի դեմ, ինչը շատ կարևոր էր նոյեմբերի 6-ի ընտրություններից առաջ։ Այդ առումով պատահական չէր ընտրված նաև «վերադարձի» ամսաթիվը` հոկտեմբերի 17. հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանում նշվելու էր երկրի անկախության օրը։
Ըստ ամենայնի, Ի.Ալիևը Ռ.Գուլիևին դիտարկում է որպես իր, թերևս, ամենավտանգավոր հակառակորդ։ Այդ ենթադրության հիմք են ծառայում Գուլիևի անձնական կարողության, Ադրբեջանի իշխող վարչախմբում նրա պահպանվող ազդեցության և Արևմուտքում ունեցած կապերի գործոնները։ Ընդ որում՝ ադրբեջանական իշխող վարչախմբի հատկապես միջին շերտի համար անհրաժեշտության դեպքում շատ ավելի հեշտ ու ձեռնտու է պայմանավորվել ոչ այնքան վաղ անցյալում «իրենց մարդը» համարվող Ռասուլ Գուլիևի, քան, օրինակ, նույն Ա.Քերիմլիի կամ Ի.Ղամբարի հետ։ Պետք է ասել, որ նման երևույթը որոշակի առումով ընդհանրական է հետխորհրդային երկրների համար։ Այդ իմաստով պատահական չէին Գուլիևի «թռիչքին» հաջորդած բարձրանուն ձերբակալություններն Ադրբեջանում։ Չնայած, մյուս կողմից, այդ ձերբակալությունների մեջ զգացվում էր Ի.Ալիևի՝ հարմար պահն օգտագործելու մտադրությունը։
Այսպիսով, Ռ.Գուլիևի «թռիչքի» հետ միաժամանակ, հոկտեմբերի 17-ից Ադրբեջանում տեղի ունեցան մի շարք (մոտ երկու տասնյակ) բարձրաստիճան պաշտոնանկություններ և ձերբակալություններ, որոնք շոշափելի փոփոխություն մտցրին Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի մեջ։
Առկա տեղեկատվության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման այլևս նախկին նախարար Ֆարհադ Ալիևի ձերբակալությունը Ալիև-կրտսերի մերձավոր շրջապատում դիտարկվում է որպես ավելի բարձր իշխանական հավակնություններով, Արևմուտքում և ադրբեջանական ընդդիմության շրջանում սերտ կապեր ունեցող, ինչպես նաև տնտեսական զգալի կարողությունների տեր անձնավորության չեզոքացում։ Այդ հանգամանքը Ի.Ալիևի վարչախմբի կողմից մատուցվեց որպես «պայքար հակապետական դավադրության, կոռուպցիայի դեմ»:
Մի փոքր այլ պատմություն է Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ա.Ինսանովի ձերբակալությունը, ինչը առաջին հերթին, թերևս, պետք է կապել Հեյդար Ալիևի եղբոր՝ Ջալալ Ալիևի և Ի.Ալիևի միջև առկա հակասությունների հետ։ Հ.Ալիևի մահվանից հետո նրա եղբայրը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել «իշխանությունը երիտասարդին փոխանցելու» հանգամանքից։ Այդ առումով՝ Ջ.Ալիև-Ա.Ինսանով հայտնի կապերը, թերևս, վճռորոշ են եղել։ Ա.Ինսանովի ձերբակալությունը նույնպես ներկայացվեց «հակապետական դավադրությունների և կոռուպցիայի դեմ պայքարի» համատեքստում։
Այսպիսով, եթե փորձենք ընդհանրացնել, ապա մոտավորապես ս.թ. հոկտեմբերի սկզբից ակնհայտ դարձավ գերազանցապես Միացյալ Նահանգների ճնշման շեշտակի ակտիվացումը Ալիև-կրտսերի վարչակարգի նկատմամբ։ Հոկտեմբերի 5-ին, ԱՄՆ-ում, 1997-1999թթ. ընթացքում Ադրբեջանի «բարձրաստիճան պաշտոնյաներին» տասնյակ միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ մեղադրվեցին հանրահայտ Կոզենին և նրա ամերիկացի երկու գործընկերները։ Կոզենիի դեպքին հաջորդեց Ռ.Գուլիևի «թռիչքը»:
Այդ տեսանկյունից պետք է առանձնացնել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդի՝ ս.թ. հոկտեմբերի 20-ին Բաքվում արած այն հայտարարությունը, թե պաշտոնական Վաշինգտոնը կճանաչի Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եթե «էքզիթ-փոլի» և ադրբեջանական Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացված տվյալների միջև եղած տարբերությունը չգերազանցի 2%-ը։
Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ձերբակալված նախարարներն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ (այդ թվում՝ երկրի ներքին գործերի համակարգից) առաջին հերթին մեղադրվեցին «պետական հեղաշրջման կազմակերպման մեջ»։ «Կաշառակերության» վարկածն ի հայտ եկավ ավելի ուշ։ Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ «դավադիրներին» վնասազերծելու գործողությունը ողջ ընթացքում գտնվում էր 2004թ. ամռանը Իլհամ Ալիևի կողմից Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի պաշտոնում նշանակված Էլդար Մախմուդովի անմիջական ղեկավարման ներքո, ապա իրականում մեծանում է գոյություն ունեցող վտանգի լրջության աստիճանը։
Եվ վերջապես, վերոհիշյալին պետք է հավելել նաև իշխանական համակարգում մրցակիցներից (ներկլանային խմբավորումներ) ազատվելու Իլհամ Ալիևի մտադրությունը։ Այդ առումով ամենևին էլ պատահական չէ այն վարկածը, ըստ որի՝ 2003թ. հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններն Ալիև-կրտսերը բավական «ծանր» տարավ նաև իր հոր` Հեյդար Ալիևի կողմից ժառանգություն թողնված կլանի ներսից ցուցաբերված որոշ խոչընդոտների պատճառով. նպատակը հնարավորինս թույլ նախագահ ունենալն էր։
Մաս երկրորդ. հետընտրական իրավիճակ
Պետք է ասել, որ «հետընտրական իրավիճակի» առաջին նշաններն ի հայտ եկան դեռևս նոյեմբերի 6-ի ընտրություններից առաջ։ Մասնավորապես, արդեն հոկտեմբերի 27-ին, գտնվելով Գյանջայում, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշն ուղղակիորեն կոչ արեց ադրբեջանական ընդդիմությանը զերծ մնալ բռնությունների կիրառումից, ինչը կարող է խանգարել ընտրությունների ընթացքին։
Ընդամենը մեկ օր անց, Վաշինգտոնում «Heritage» հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ, գրեթե նույն բառերը կրկնեց վերոհիշյալ Դենիել Ֆրիդի տեղակալ Մեթյու Բրայզը։
Սակայն ամերիկյան պաշտոնատար անձանց բարյացակամ վերաբերմունքը կարճ տևեց, և արդեն նոյեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղարությունն իր պաշտոնական համաձայնությունը հայտնեց մեկ օր առաջ հրապարակված Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և Մարդու իրավունքների գրասենյակի ու ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներից կազմված Միջազգային համատեղ դիտորդական առաքելության այն գնահատականին, թե ընտրությունները չէին համապատասխանում ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի առաջարկած չափանիշներին1:
Ի հակակշիռ վերոհիշյալի` Ռուսաստանի գլխավորությամբ աշխատող ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ինչպես նաև թուրքական ու իրանական դիտորդական առաքելությունները ընտրությունները բնութագրեցին որպես ժողովրդավարական։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անգամ շնորհավորեց Ալիև-կրտսերին ընտրությունների անցկացման կապակցությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա առաջիկայում պետք է ժամանի Բաքու:
Տպավորություն է ստեղծվում, թե հատկապես անցած մոտ մեկ ամսվա ընթացքում Վաշինգտոնը կարողացել է զգալի հաջողությունների հասնել Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների լուծման գործում: Հանրահայտ է, որ այդ խնդիրները հիմնականում բաժանվում են չորս մասի` շարժուն զորամիավորումներ (այս պարագայում պետք է ավելացնել Ուզբեկստանից ամերիկացիների հեռանալու հանգամանքը), Ադրբեջանը և Կասպից ծովը՝ որպես տարանցիկ ուղի դեպի Կենտրոնական Ասիա (ընդհանրապես` Ադրբեջանը որպես հարմար հենակետ), կասպյան էներգակիրներ և իրանական հարց: Ներկայացվածի համատեքստում աչքի է զարնում ընտրություններից առաջ` հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիկ Չեյնիի հեռախոսազրույցը Իլհամ Ալիևի հետ:
Իր հերթին, ակնհայտ էր, որ կոնկրետ ընտրությունների հետ կապված՝ Ալիև-կրտսերը լուրջ խնդիրներ չունեցավ ամերիկյան կառույցների (կարելի է ասել, ընդհանուր առմամբ՝ արևմտյան կառույցների) հետ: Դեռ ավելին` Իլհամ Ալիևի վարչակարգի բավական կոշտ պահվածքը միջազգային մի շարք դիտորդների, լրագրողների նկատմամբ (որոշ դեպքերում՝ նրանց վտարումը Ադրբեջանից)2 պարզապես ստիպում է մտածել ընտրություններից առաջ Վաշինգտոն–Բաքու հավանական պայմանավորվածության մասին:
Սակայն այդքանով հանդերձ, հարցը չի կարող փակված համարվել նման «պարզունակ» գործարքով: ԱՄՆ պետքարտուղարության վերոհիշյալ՝ նոյեմբերի 8-ի հայտարարությունը և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշի գործունեության որոշակի փոփոխությունը (հանդիպումներն ընդդիմության ներկայացուցիչների հետ, Ադրբեջանի իշխանություններին ուղղված դեսպանի կոչերը` մի շարք ընտրատարածքներում «վերականգնել արդարությունը» և այլն) կարող են վկայել հետևյալի մասին.
- Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում նոր միջոցների ստեղծման ուղղությամբ, որոնց օգնությամբ հետագայում կկարողանա Ալիև-կրտսերի վարչակարգի նկատմամբ մեծացնել իր ազդեցությունը կամ, որոշ պարագաներում, նաև ճնշումը,
- ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում՝ ուղղված միջազգային հարաբերություններում սեփական հեղինակության պահպանմանը,
- ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքականությունը միտված է Իլհամ Ալիևի վարչախմբի հետագա հեղինակազրկմանը:
Ստեղծված իրավիճակում ուշագրավ է նաև «եվրոպական գծի» պահվածքը: Ըստ ամենայնի, ներկայում Եվրամիությունը որդեգրել է տեղի ունեցած ընտրությունների նկատմամբ ամենաբացասական դիրքորոշումը (օրինակ` Բաքվում Հունաստանի, Նորվեգիայի դեսպանների պահվածքը և այլն): Այն կարող է, առաջին հերթին, կապված լինել նախընտրական պայմանավորվածություններում Բրյուսելի կարծիքը սահմանափակ կերպով հաշվի առնելու հանգամանքով: (Ի դեպ, այդ առումով նկատելի է Հարավային Կովկասում Եվրամիության դիրքերի որոշակի թուլացում. Վրաստանի արտաքին գործերի այլևս նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկության դեպքը, թերևս, կարող է ծառայել որպես ցուցիչ: Ըստ ամենայնի, առաջիկայում պետք է սպասել մեր տարածաշրջանում «եվրոպական ընդհանրական գծի» հետագա թուլացում):
Թերևս, սխալված չենք լինի, եթե նշենք, որ ԱՄՆ-ից հետո իրավիճակից փորձեց առավելագույնս շահեր քաղել Ռուսաստանը: Պուտինի հրապարակավ աջակցությունը Ալիև-կրտսերին, ընտրություններից առաջ ռուսական հատուկ ծառայությունների նախկին ու ներկա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցերը (այդ թվում ս.թ. հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Լեբեդևի ժամանումը Բաքու) Ադրբեջանի մայրաքաղաք, ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության դրական գնահատականը այդ ամենի վկայությունն են:
Առկա իրադրությունում Կրեմլի համար, ըստ էության, ամենից հարմար թեկնածուն Մոսկվայում կրթություն ստացած, այդ թվում հոր` Հեյդար Ալիևի շնորհիվ խորհրդային հատուկ ծառայությունների հետ բավական սերտ կապերի մեջ եղած Իլհամ Ալիևն է: Որպես պահեստային տարբերակ՝ ռուսական կողմը փորձեց խաղարկել ներկայումս Մոսկվայում բնակվող, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի գործոնը` նաև «Յենի սիյասեթ» նախընտրական դաշինքի շրջանակներում:
Ռուսական գործոնի իմաստով ուշագրավ է նաև Ադրբեջանի տնտեսական զարգացման նոր նախարարի նշանակումը: Այդ պաշտոնում նորանշանակ Հեյդար Բաբաևը հայտնի է մոսկովյան գործարար շրջանակների հետ ունեցած բավական լուրջ կապերով (եղել է ռուսական «Մոստբանկի» փոխնախագահը, իսկ այնուհետև՝ ադրբեջանական մասնաճյուղի ղեկավարը և այլն)։
Ամենևին էլ պատահական չէր թուրքական կողմի աջակցությունը Ալիև-կրտսերին: Ավանդական դաշնակցային հարաբերություններից զատ, այս ընտրությունների ժամանակ կարևոր դեր խաղաց նաև Հյուսիսային Կիպրոսի հարցում պաշտոնական Բաքվի նոր՝ ընդգծված թուրքամետ նախաձեռնությունը: Դա էլ, իր հերթին, կարող է նշանակել Ալիև-կրտսերի վարչակազմում Անկարայի դիրքերի զգալի ուժեղացման մասին:
Նկատելի էր իրանական դերակատարության պասիվությունը: Թեհրանի պասիվությունն ու իրանական դիտորդական առաքելության հայտարարությունը, թե ընտրությունները համապատասխանում էին ժողովրդավարության չափանիշներին, կարող են վկայել այն մասին, որ Ադրբեջանի քաղաքական դաշտում ներկայումս Իրանը չունի որևիցե լուրջ ռեսուրս. իսլամական գործոնը դեռ բավական ուժեղ չէ: Հետևաբար, իրանական քաղաքականության, թերևս, գլխավոր նպատակն է լարվածություն չառաջացնել Ալիև-կրտսերի վարչակարգի հետ` նաև հաշվի առնելով ամերիկա-իրանական հարաբերություններում Ադրբեջանին շատ հաճախ հատկացվող դերակատարությունը:
Հետևություններ
Չնայած ներկայումս նկատվող ադրբեջանական ընդդիմության հետընտրական ակտիվացմանը, քիչ հավանական է, որ մինչև 2008թ. նախագահական ընտրությունները Ադրբեջանի իշխանական համակարգում տեղի ունենան լուրջ փոփոխություններ: Անշուշտ, ամեն ինչ պետք չէ բացառել, սակայն հաշվի առնելով ուժեղ ընդդիմության բացակայությունը, իշխող վարչակարգի կողմից արտաքին դերակատարների հետ առժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները և տարածաշրջանային զարգացումների կանխատեսելիության համեմատաբար ընկալելի վիճակը` պետք է ենթադրել, որ լուրջ փոփոխություններ Ադրբեջանի իշխանական համակարգում, ըստ ամենայնի, չեն լինի:
Մյուս կողմից, թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը և թե՛ անգամ Ռուսաստանը, շատ հավանական է, համեմատաբար երկարատև ժամանակահատվածի կտրվածքով, խնդրահարույց համարեն Ալիև-կրտսերի վարչակարգի հետ համագործակցությունը: Մասնավորապես, կարելի է այս հանգամանքով մեկնաբանել Իլհամ Ալիևի վարչակարգի հեղինակազրկմանն ուղղված ԱՄՆ ու ԵՄ տեղեկատվական քաղաքականությունները։
Հայաստանի պարագայում հարկ է նշել, որ նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի գտնվելը թեև առաջին հայացքից մեզ համար չի նվազեցնում այդ երկրի կանխատեսելիության աստիճանը, սակայն, մյուս կողմից` արդեն այսօր նկատելի է, որ իշխանության ղեկին նրա տևական գտնվելը կարող է այդ երկրի համար ռեսուրսների կենտրոնացման կայուն մի ժամանակաշրջան հանդիսանալ:
1Երեքշաբթի` նոյեմբերի 8-ին, Եվրամիության անունից բնույթով նույնատիպ հայտարարություն արեց նաև Մեծ Բրիտանիան, որը մինչև այս տարվա վերջ նախագահելու է ԵՄ-ում: Ուշագրավ է, որ ամերիկա-եվրոպական այդ դիրքորոշմանը միացավ նաև պաշտոնական Կիևը, որը նույնպես իր տեսակետի հիմքում դրեց վերոհիշյալ Միջազգային համատեղ դիտորդական առաքելության գնահատականը: Ուկրաինական այդ դիրքորոշումն, ըստ էության, նոր տարր է ԱՊՀ տարածքին ուղղված Կիևի քաղաքականության մեջ, որի հիմքում ընկած է մերձբալթյան հանրապետությունների, Լեհաստանի ու Վրաստանի հետ «սևծովյան-կասպյան ժողովրդավարությունների» համակարգի ստեղծման մոդելը:
2Դրա ցայտուն օրինակներից մեկն ամերիկյան ազդեցիկ National Democratic Institute-ի (NDI) դիտորդներին արգելելն էր ժամանել Ադրբեջան` մոնիթորինգի ենթարկելու նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունները: Եվ դա այն պարագայում, երբ ընդամենը երկու ամիս առաջ Բաքվում էր NDI-ի ղեկավար, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, որը հանդիպել էր նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]